ԲԵՐՔԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

<Հոդված I>

Համամիութենական կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումը[1], որ տպել ենք «Մաճկալի» № 4֊ում, շատ կարևոր նշանակություն ունի։ Դատապարտելի է այն գյուղխորհուրդը, որն այդ որոշումը չի՛ տարածի իր գյուղում և միջոցներ ձեռք չի՛ առնի նրա մեջ հիշած կետերը իրագործելու։

Երևի շատերը կարդացած չեն էլ լինի, այնինչ այդ որոշումը շատ կարևոր է գյուղի համար։

Նախքան որոշում հրատարակելը, կենտրոնական գործադիր կոմիտեն, լավ ծանոթանալով Խորհրդային Միության գյուղատնտեսության ներկա վիճակին, հնարավոր է համարել մոտակա հնգամյակում բերքատվությունը բարձրացնել ամենաքիչը 35 տոկոսով, այսինքն՝ տարին 7 տոկոս:

Եթե մեր գյուղացին մի հեկտարից մինչև այժմ ստանում է 50 փութ ցորեն, ապա հինգ տարուց հետո նա պիտի ստանա 68 փութ: Ահա՛ որոշման իմաստը։

Ի՞նչ միջոցներ են հարկավոր բերքի չափը տարին 7 տոկոսով բարձրացնելու:

Ընտրովի սերմ ցանելը

Որոշման մեջ հիշված բոլոր միջոցներն էլ պարզ ու հասարակ են և մատչելի՝ մանր տնտեսությունների համար։ Այդ միջոցները կարող է գործադրել գյուղական ամեն մի տնտեսություն:

Ամենից առաջ՝ ընտրովի և լավ սերմացուն։ Եթե ճիշտ է այն առածը, թե ինչ որ ցանես, այն էլ կհնձես, ապա ուրեմն՝ մաքուր և ընտրովի սերմացու պիտի ցանես, որ հունձը առատ լինի։ Այս նշանակում է, որ սերմզտիչ մեքենան օր ու գիշեր պիտի աշխատեցնել և հենց գյուղում եղած տեղական ցորենը մաքրել ու ցանել: Շատերը կարող են ասել, թե տեղական սերմացուն լավը չի։ Բայց այդ տեղական ցորենից էլ կարելի է լավ սերմացու ստանալ, միայն թե մաքրեն ու լվանան, ախտահանեն, որ արտը մրիկով չհիվանդանա։

Միջնակների ոչնչացումը, կռիվ մոլախոտերի և վնասատուների դեմ

Արտը արտից բաժանվում է միջնակներով։ Լավ կլինի, եթե ամեն գյուղում հաշիվ անեն, թե քանի՞ հեկտար հող է կորչում միջնակների թմբերի, պարիսպների տակ։ Հողաշինարարության ընթացքում այս միջնակները տեղ֊տեղ վերացան, բայց շատ անգամ նորից են միջնակ սահմանում, որ արտը հարևանի արտից բաժանվի։

Պիտի վերացնել միջնակները: Նրանք պարարտ հողեր են, կարող են և ջրվել: Մի կորցնեք հողը միջնակի տակ:

Միջնակները վնասակար խոտերի և բզեզների ու զանազան հիվանդությունների բույն են։ Արտի սահմանը եթե մաքուր է, արտը քիչ է վարակվում։

Որոշման մեջ հատկապես ասված է, որ ամբողջ գյուղը պիտի կռվի վնասատուների դեմ, լինի «չոռ», թրթուր, մրիկ թե այլ հիվանդություն։ Անխնա պիտի կռվել այն չարիքի դեմ, որ տարեկան մի միլիարդ ռուբլու վնաս է տալիս Խորհրդային Միության գյուղատնտեսությանը: Եթե ցորենի վերածենք, կստանանք մի ահռելի թիվ: Ամեն տարի այդ վնասատաներն ու հիվանդությունները մեզնից խլում են չորս հարյուր միլիոն փութ ցորեն:

Այս թվի վրա ամեն մի գյուղացի լավ պիտի մտածի և իր ձեռքից եկածն անի՝ վնասատուներն ու մոլախոտերը վերացնելու մեր ցանքերից

Աշնանացանն արածացնելուն վերջ տվեք

Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումն այս մասին հատուկ կետ ունի։ Մեզանում տավարը պահելու և դաշտում արածացնելու գործը կանոնավորված չի։ Վարից հետո եզները բաց են թողնում կանաչի մեջ։ Ոչխարները սուրուով են քշում, նախրապանները նախիրը հանդ տանելուց արածացնում են արտը։ «Քոռ» անելը մինչ հիմա համարվում է ղոչաղություն։ Եվ շատ անգամ չքավորի արտն է ոտնատակ գնում։ Պետք է գյուղում խիստ որոշումներ անել և ծլածն ապահովել արածացնելուց։

Աղբով պարարտացնելը

«Մաճկալը» համարյա ամեն համարում գրրել է աղբով պարարտացնելու օգուտի մասին։ Որոշման մեջ հատուկ ուշադրություն է դարձված ոչ միայն գոմաղբի վրա, այլև հանքային պարարտանյութերի վրա։ Կիրը, մոխիրը, ֆոսֆորը պիտի գործադրության մեջ դնել: «Մաճկալի» այսօրվա համարում տպված է մի թղթակցություն Լենինականից, որ ցույց է տալիս, թե ինչքան օգուտ է տվել հանքային պարարտանյութը։

Կանաչ պարարտացումը ևս իր տեղը պիտի բռնի և նպաստի բերքատվության բարձրացմանը։ Պիտի շատ վիկ ցանել, հողն ուժովացնել և բերքն ավելացնել։

Ո՞ւմ վրա է դրվում այս միջոցների գործադրումը

Հողբաժինը, ագրոնոմները, շրջանային և գավառային գործադիր կոմիտեները, գյուղի խորհուրդը և գյուղատնտեսական կոոպերացիան առաջին հերթին պարտավոր են ուժեղացնելու իրենց աշխատանքները՝ այս միջոցները գործադրելու համար։ Գյուղի չքավոր և միջակ տնտեսությունները և, առաջին հերթին, կոլեկտիվը պիտի լծվեն այդ աշխատանքին։

Մյուս անգամ մենք կտեսնենք, թե ի՞նչ պարտականություններ են դրվում այդ մարմինների վրա՝ բերքի բարձրացման օրենքը ճիշտ և լրիվ գործ ապրելու համար։

<Հողված II>

Այժմ տեսնենք, թե Համամիութենական կենտրոնական գործադիր կոմիտեն ի՞նչ գործնական միջոցներ է առաջարկում բերքի բարձրացման համար։

Երեք տարվա ընթացքում ամեն տեղ սերմացուի զտումը պիտի պարտադիր դառնա։ Բոլոր միջոցները ձեռք առնել, որ վարձու կայաններում և վարկային ընկերությունների պահեստներում եղած գործիքներն ու մեքենաներն ամբողջ տարին աշխատեն։

Մեզանում տրակտորները քիչ են, բայց եղածն էլ լրիվ չեն օգտագործում։ Եվ դրա համար էլ օրենքը սահմանել է հետևյալ կարգը տրակտորների մասին։ Տրակտորները պիտի աշխատեն ո՛չ միայն ցանքի, այլև ուրիշ աշխատանքի համար։ Նրանց ուժը պետք է օգտագործել կալի ժամանակ, սղոցելու համար և այլն։

Դաշտային աշխատանքների ամենաեռուն ժամանակ տրակտորները երկու-երեք հերթափոխությամբ պիտի աշխատեն, այսինքն՝ գիշեր ու ցերեկ։

Հանքային պարարտացումը և հողաշինարարությունը

Բերքի բարձրացման համար հանքային պարարտացումը, ինչպես և գոմաղբով պարարտացնելը, շատ մեծ նշանակություն ունի։ Եվ օրենքը առաջադրում է վարկային ընկերություններին՝ հատուկ միջոցներ հատկացնել թե՛ անհատական տնտեսություններին և թե՛ կոլեկտիվներին, հողերը պարարտացնելու համար։

Բերքատվության բարձրացման վրա շատ է ազդում և այն, որ մեզանում դեռ շատ գյուղերում հողը հաճախակի բաժանում են։ Այս հանգամանքը թույլ չի տալիս գյուղացուն իր հողը պարարտացնելու։ Դրա համար էլ որոշման 7-րդ կետն ասում է. «Հողօգտագործման կայունությունն ապահովելու համար հետևել, որ կյանքում խստորեն կիրառվեն հողի հաճախակի վերաբաժանումներն արգելող օրենքները»:

Բայց, միևնույն ժամանակ, բերքատվության բարձրացման համար շատ կարևոր է հողաշինարարությունը։ Եվ դրա համար էլ որոշումն առաջարկում է մոտակա տարիներում հողաշինարարությունն ավարտել, վերացնել հողերի ցրվածությունը, մեծ գյուղերը մանր գյուղերի բաժանել, հողաշինարարության աշխատանքներն ավելի պարզացնելով։

Որոշման մի կետին պիտի հատուկ ուշադրություն դարձնել։ Այն գյուղերը, որտեղ հողագործության ավելի բարձր ձև են կիրառելու, հողաշինարարությունը ո՛չ միայն ավելի արագ պիտի կատարվի, այլև արտոնյալ ձևով։

Ինչ է ասում որոշումը ագրոնոմիական աշխատանքների մասին

Բերքի բարձրացման կամպանիան պիտի տարվի ագրոնոմների ղեկավարությամբ։ Նրանք են ղեկավարելու աշխատանքը թե՛ գյուղում և թե՛ շրջանում։ Սակայն այդտեղ էլ մենք շատ թերություններ ունենք: Ագրոնոմը ծանրաբեռնված է գրագրությամբ և ուրիշ ո՛չ կարևոր աշխատանքով։ Փոխադրական միջոցներ չկան, բնակարանային ծանր պայմաններում են ապրում, կենտրոնը թույլ է ղեկավարում։ Գիտական-փորձնական հիմնարկները հարկավոր չափով չեն սպասարկում նրան իր անմիջական աշխատանքի ընթացքում։

Որոշումը կտրուկ միջոցները է առաջարկում անասնաբույժների և ագրոնոմների դրությունը բարելավելու։

Գիտական-փորձնական հիմնարկները պիտի անմիջական կապ հաստատեն ագրոնոմների հետ։ Որպեսզի կոլեկտիվները, խորհրդային և անատական տնտեսությունները օգտագործեն փորձնական հիմնարկների նվաճումները, այդ փորձադաշտերում պիտի կազմակերպվեն փորձերի արդյունքների գործադրման հատուկ բաժիններ։

Ագրոնոմներին հարկավոր է ազատել գրասենյակային աշխատանքներից, բարվոքել նրանց նյութական դրությունը, պարգևագրություն մտցնել ագրոնոմի այն աշխատանքի համար, որ վերաբերում է բերքի բարձրացման։ Երկու տարում հարկավոր է նրանց ապահովել փոխադրական միջոցներով։

Չպիտի մոռանալ և պիտի կյանքում կիրառել որոշման այն կետը, ըստ որի ագրոնոմը պիտի դառնա գյուղատնտեսական արտադրության բարելաված ձևերի իսկական կազմակերպիչը:

Գյուղացիության մեջ ագրոնոմիական գիտելիքներ տարածելու մասին

Պարզ հայտնի է, որ մեր գյուղացիության մեծ մասը դեռ ծանոթ չի գյուղատնտեսական գիտելիքներին։ Սերմազտիչը տանում են գյուղում, քիչ է մնում դռնեդուռ ման ածեն, բայց էլի օգուտը գյուղացին լրիվ չի հասկանում և խուսափում է ամբողջ սերմացուն մաքրել։ Այժմ մեզանում ընտրական կամպանիա է գնում. գյուղխորհուրդները հաշիվ են տալիս կատարած աշխատանքի համար։ Գյուղատնտեսական սեկցիան էլ պիտի զեկուցի։

Երբեք չպիտի լռությամբ անցկենալ այդ սեկցիաների աշխատանքների զեկուցումը։ Անխնա քննադատեք թույլ աշխատողներին, պատին սեղմեք և ստիպեք, որ լավ աշխատեն։

Ոչ մի գյուղատնտեսական սեկցիա չի մտածել գյուղում ագրոնոմիական գիտելիքներ տարածելու մասին։ Այնինչ այդ նրա առաջին անելիքն է։

Գիտությանն անծանոթ գյուղացին չի կարող բերքը բարձրացնել: Հարկավոր է կարդալ «Մաճկալը», ագրոնոմից գրքեր խնդրել, խրճիթ-ընթերցարանում զրույցներ կազմակերպել և, վերջապես, հետաքրքրվել և աչքով տեսնել այն բոլոր հաջողությունները, որ մենք ունենք մեր փորձադաշտերում, ցուցադրական հողամասերում և այլն։

Ազգաբնակչության մեջ ագրոնոմիական գիտելիքներ տարածելու համար որոշումն առաջադրում է գյուղական դպրոցներում էլ ավելի ուշք դարձնել գյուղատնտեսական առարկաների, գյուղական ուսուցիչներին վերապատրաստության ենթարկել, գյուղի երիտասարդության և ակտիվի համար կազմակերպել դասընթացներ, գյուղացիների համար տպել և տարածել էժանագին բրոշյուրներ՝ կոլեկտիվների կազմակերպման և ագրոնոմիական հարցերի մասին։

Ինչպես պիտի կիրառվի որոշումը

Շատերը կարծում են, թե բերքի բարձրացման մասին եղած որոշումը միայն այս տարվա գարնանացանին է վերաբերում, որից հետո որոշումն իր ուժը կորցնում է։

Այդպես մտածողները կա՛մ չեն հասկացել որոշումը և կա՛մ թե թշնամի են մեր գյուղատնտեսության բարձրացման գործին, ուրեմն և՝ այն քաղաքականության, որ տանում է խորհրդային իշխանությունը։

Բերքի բարձրացման որոշումը քանի գնա, այնքան ավելի գործնական ձևեր է ընդունելու: Հենց այդ որոշման մեջ ասված է, որ առաջիկա հինգ տարում որոշման միայն մի մասն է կատարվելու:

Բայց ամենակարևորը որոշման մեջ հենց այն է, որ այս տարվանից այն բոլոր միջոցները, որոնք պարզ են և կիրառելու հնարավորությունը կա, դառնում են պարտադիր։

Համայնքի հասարակ մեծամասնության որոշմամբ և շրջգործկոմի հաստատությամբ՝ գյուղը իրավունք ունի որոշում հանի աղբը դաշտ տանելու, սերմացուն զտելու, արտի քարերը հավաքելու, միջնակները ոչնչացնելու և նման պարզ միջոցների մասին:

Խորհուրդների շրջանային համագումարները պիտի առանձին ուշադրություն դարձնեն, թե գյուղխորհուրդները և նրանց գյուղատնտեսական սեկցիաները ինչքա՞ն ճիշտ են տարել դասակարգային գիծը գյուղում և ի՞նչ են արել գյուղատնտեսության բարձրացման գործում:

Այսուհետև, ըստ այդ որոշման, գյուղում լինելու են և նոր կատարածուներ, որոնց պարտականությունն է լինելու հսկել, թե ո՞վ ինչպես է կատարում համայնքի որոշումները բերքի բարձրացման համար։ Ագրոնոմիկան այդ կատարածուները լինելու են գյուղատնտեսական սեկցիայի անդամները։

Ահա թե ինչ կարևոր նշանակություն ունի Կենտգործկոմի կողմից հրատարակած օրենքը բերքի բարձրացման մասին։ Ամեն միջոց պիտի գործադրենք, որպեսզի հենց առաջիկա գարնանացանի ընթացքում կատարենք այն, ինչ հարկավոր է բերքն այս տարի 7 տոկոսով բարձրացնելու համար։

  1. 1