Լեռնամասի գյուղատնտեսության կարիքները

ԼԵՌՆԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Սամաղարի շրջանի լեռնամասի 13 գյուղերում, որտեղ տեղավորված են սասունցիները և քրդերը, գյուղատնտեսական աշխատանք մինչև այժմ համարյա թե չի տարված։

Շրջանի ագրոնոմը նստում է Սամազարում, որի դաշտավայրն ունի 30-ից ավելի գյուղ։ Շրջանի ագրոնոմն ինչ աշխատանք որ կատարել է, միայն այդ գյուղերումն է եղել, իսկ լեռնամասի գյուղերը մինչև օրս էլ զուրկ են ագրոնոմի օգնությունից։

Իսկ լեռնամասի գյուղերն այդ օգնության կարիքը շատ են զգում։ Ոչ մի գյուղում երկաթե գութան չկա. վարը մինչև այժմ կատարում են արորով և այն էլ՝ ամենահին տեսակի։

Որովհետև շրջանն անտառազուրկ է, գյուղացիները գնում են Լենինական և այնտեղի արհեստավորներից ձեռք բերում արորները: Փոխադրական միջոցից զուրկ չքավորը Լենինականից մինչև լեռնամասի գյուղը շալակած է բերում արորը, 2 օրվա ճանապարհ կտրելով ոտով:

Պարարտացում չկա․ աղբը վառելիք են անում: Միայն մոտիկ հողամասերը պարարտացնում են մոխրով, որը շատ քիչ արդյունք է տալիս։

Լեռնամասի հողերը վատ որակի են և անընդհատ մշակման հետևանքով ուժասպառ են եղել։ Միջին բերքը մեկին երեք է. հողեր կան, որոնց մշակության մասին լեռնամասի գյուղացին հայտնում է, թե «սերմ կցանենք, սերմ կստանանք»։

Անասնապահության կարիքները

Դաշտավարության վիճակն ունի և լեռնամասի անասնապահությունը: Կերի պակասի հետևանքով` անասունները երկարատև ձմռան ընթացքում կիսաքաղց են մնում։

Բեղմնավորման կամպանիա բոլորովին չի տարված։ Ոչ մի ազնվացեղ ցուլ չի ուղարկված շրջանից։ Անասունների ազնվացման վրա ամենևին ուշադրություն չի դարձվում, և հետևանքը լինում է այն, որ նախրի մեծ մասը նիհար, կաթը պակաս կովեր են, որոնց կենդանի քաշը մի լավ երինջի քաշից պակաս է։

Կաթի մշակման վրա ուշադրություն չի դարձվում։ Մինչև օրս ոչ մի սեպարատոր չեն ուղարկել լեռնամաս։ Երբ մենք այդ մասին հարցրինք գյուղատնտեսին, նա զարմացած հարցրեց. «Մի՞թե լեռնամասի գյուղերն էլ են սեպարատոր պահանջում»։

Կաթի մշակումը կատարվում է պապենական «ձձումով» (կավե խնոցի), ինչպես դարեր առաջ կատարում էին Տաճկաստանում։ Յուղ ստանալու համար շատ գյուղերում գործ են ածում տիկը։

Լեռնամասի գյուղացիներն արդեն հասկացել են թե՛ անասունների ազնվացման, նրանց լավ խնամքի և թե՛ կաթի վերամշակման անհրաժեշտությունը։ Հարկավոր է, որ գավառի ագրոկազմակերպությունը և վարկային ընկերությունը գործնական քայլեր անեն նրանց անասնապահության զարգացման համար։

Կերի պակասն առաջին հերթին պիտի լուծել

Սամաղարի շրջանը լեռնամասի ագրոօգնության ծրագիրը չունի։ Այդ նպատակով ոչինչ չի արել և գավառի ագրոնոմը։ Իրենք՝ գյուղացիները ճիշտ ճանապարհը գտել են. կերի խնդիրը նրանք լուծում են յոնջա (առվույտ) ցանելով։

Բայց սահմանափակ է առվույտին հատկացնելիք հողերի տարածությունը, որովհետև ջրովի հողերը քիչ են, ջրի մեծ մասն էլ հատկացվում է տափարակի գյուղերի այգիներին և բամբակի ու ցորենի ցանքերին։

Անհրաժեշտ է դեմի հողերում փորձեր դնել կորնգանի և աշնանացան վիկայի։ Ղարաջատար գյուղում կորնգանի փորձ կատարել են, սակայն հաջող բերք չի ստացվել։ Բայց մի փորձով խնդիրը չի լուծվում։ Փորձը կատարել են առանց համապատասխան ցուցմունքի, առանց ստուգելու սերմացուի ինչ լինելը։ Հարկավոր է, որ գյուղատնտեսական կազմակերպությունն իր ձեռքն առնի ցանովի խոտերի տարածման գործը և առաջին երկու տարին վարկավորման կարգով խրախուսի գյուղացիներին։

Լեռնամասի հողային պայմանները նպաստավոր են թե՛ կորնգանի և թե՛ աշնան վիկայի համար։ Վերջինիս համար փորձ ամենևին չի կատարվել։

Առանց այս հարցը լուծելու՝ անհնար է այդ գյուղերի տնտեսությունը բարձրացնել։ Խոտով անասուններին ապահովելուց հետո հնարավոր կլինի կատարյալ կերպով օգտագործել այդ գյուղերի հողերը։

Բերքատվության բարձրացման կամպանիան

Անցյալ տարի ամենևին գյուղատնտես չի գնացել այդ շրջանը։ Մի երկու գյուղում եղել է, բայց այն էլ կարկտահարության տոկոսը որոշելու։ Գյուղացիներից ոմանք կարծում են, թե գյուղատնտեսը պետապի աշխատակիցն է, և նրա անելիքը միայն կարկուտի հետ է կապված։

Այս տարվա բերքատվության բարձրացման և գարնանացանի կամպանիան շատ թույլ է տարվել։ Ոչ մի դեսյատին ցանք չի ավելացել այդ գյուղերում։ Ամբողջ տարվա ընթացքում մեկական զեկուցումներ են արվել կամպանիայի նշանակության մասին, սակայն ո՛չ պարարտացման, ո՛չ հողի մշակման և ո՛չ էլ այլ գյուղատնտեսական աշխատանք չի տարվել։

Սերմացուի զտման համար գյուղերն է ուղարկվել 3 մեքենա և այն էլ՝ լավ տեսակի։ Բայց ի՞նչ արդյունք է ստացվել։ Համարյա ոչինչ։ Միայն Ագարակ գյուղում զտել են 120 փութ ցորեն, իսկ մյուս 2 մեքենան՝ Ներքին Աղջաղայում[1] և Ավանում... դարձել են հորթերի շվաքարան:

Մեքենան տեղ հասցնելուց հետո չեն աշխատեցրել, որպեսզի գյուղացիները սովորեն, և հայտնի լինի, թե ինչի կարիք կա։ Միայն մի քանի օրից հետո պարզել են, որ ցորենի սերմազտիչին հագցրած է գարու մաղ: Մինչև գլխի ընկնեն, գրեն ու պատասխան ստանան, ժամանակն անցնում է, և մեքենաները պարապ են մնում, առանց մի փութ սերմացու մաքրելու։ Այս օրինակը ցույց է տայիս, թե ինչ հետևանքի են հանգում, երբ գյուղատնտեսի անմիջական հսկողությունը բացակայում է։ Լեռնամասի գյուղերը պիտի հատուկ գյուղատնտես ունենան։

  1. 1