Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 1, համար 2, 1908)

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 1, համար 2, 1908)

Հայաստանից


Նամակ քույր Բոդիլ Բյորնից

Մուշ, 22—10—07

(Վերջաբան)

Երկինքն ամպամած էր․ կարծես անձրև էր գալու։ Ստիպված էի Աստծուն խնդրել, որ ամպերը կրկին ցրի, քանի որ ռևմատիզմիս պատճառով շատ վնասակար է անձրևոտ եղանակին ճանապարհ գնալը։ Աստիճանաբար երկինքը պարզվեց, և արևը դուրս եկավ ամպերի հետևից․ օ՜, ի՜նչ շնորհակալ էի ես։ Այդ օրը երկար ճանապարհ ունեինք գնալու․ ժամը 6-ին չարաբանով տեղ հասանք։ Ճանապարհին մի քանի մեծ գնչուական հրոսակախմբերի հանդիպեցինք․ ահասարսուռ տեսք ունեին։ Պետք է որ ահավոր կյանք լինի միշտ այսպես թափառելը․ շատ եմ ցավում բոլոր խեղճ երեխաների համար։ Մի միտք ծագեց․ Հիսուսը նրանց նույնպես սիրում է։ Նա էլ է մահացել հանուն այդ խեղճ կորուսյալ մարդկանց։ Այնտեղ, որտեղ նրա սերը մեծ է, մեր սրտերը նույնպես պետք է լցված լինեն սիրով, որպեսզի մենք սովորենք նրա նման սիրել։ Շատ ուրախացա, երբ այդ գիշեր հայերի հետ գիշերելու տեղ գտանք։ Այնքան եմ հոգնել միշտ թուրքերեն կամ քրդերեն լսելուց։ Այնքան լավ է, որ քեզ հասկանում են։ Միայն թե տեսնեիր մեր կացարանը։ Ի դեպ, վատ տեղ չէր, բայց կարծես ժամանակի մեջ հետ էինք գնացել 1000 տարի․ այո՛, շատ սովորույթներ այստեղ նույնն էին մնացել, ինչ Հիսուսի ժամանակ։ Աստվածաշունչն այնքան կենդանի է դառնում քեզ համար։ Լույս տալու համար փոքր յուղի լապտեր ունեինք, որը բռնել էին «իմաստուն կույսերը»․ վատ չէր լույս տալիս, բայց որոշ ժամանակ անց սովորում էիր մթությանը։ Հայերը շատ լավ էին վերաբերվում մեզ։ Երիտասարդ կանանցից մեկն այնքան շատ օգնեց մեզ, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքրասեր էր․ հսկում էր մեր ամեն մի քայլը, քիթը խոթում մեր գործերի մեջ, որ հետո դուրս գա և ամեն ինչ պատմի դրսի հավաքվածներին։ Մեր կողքի սենյակը գոմի էր նման․ ձիեր, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, գոմեշներ և հավեր կային․ բոլորն էլ համերաշխ էին իրար հետ։ Գնացի այնտեղ ու մի բաժակ համեղ թարմ կաթ խմեցի։

Հաջորդ օրը կեսօրին հասանք այն տեղը, որտեղից պետք է անցնեինք Եփրատը։ Բավականին խորը և շատ լայն տեղ էր։ Ուղեկցողին խնդրեցի ավելի շատ իրեր վերցնի և տանի․ այնուհետև նա տեղափոխեց իմ գրապահարանը, դեղատուփը և ծածկոցաշալը, բայց չցանկացավ վերցնել ձեռքիս ճամպրուկը՝ թեթևացնելու համար բեռներով բարձված կենդանիներից մեկին։ Սաբթին չէր օգնում, դրա համար էլ ամեն ինչ թարս գնաց։ Մի տղամարդ տանում էր իմ ձին, բայց երբ բեռնված կենդանիներից մեկն ընկավ ուժեղ հոսանքի ժամանակ և քիչ էր մնում, որ ջրի տակն անցնի իմ ամբողջ սպիտակեղենի հետ, ստիպված էր ձիս թողնել և օգնության հասնել։ Սկսեցի մենակ ձիավարել․ գեղեցիկ և ուժեղ կենդանի է իմ ձին, ես էլ գլխապտույտ չունեի, այնպես որ ամեն ինչ կարգին էր․ բայց այնքան շփոթեցնող զգացում էր գետի հոսանքով այդքան երկար ձիավարելը։ Պարոն Շչիպկեի կենդանիները հաջողությամբ անցան գետը։ Թեև շատ թրջվեցի և մի քանի իրեր էլ փչացան, պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծուն մեզ այդքան գթասրտաբար ուղեկցելու համար։ Իրերը փոխարինելի են։ Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ․ Եսայիա 43։2։ Օ՜, ինչ հրաշալի է զգալ Նրա առաջնորդող ձեռքը։ Գիշերակացի համար կանգ առանք Մուշից 3 ժամ հեռավորության վրա գտնվող մի փոքրիկ գյուղում։ Այնտեղ էլ չորացրեցի թաց շորերս։ Իհարկե, երեկոյան գյուղի ողջ քրիստոնյա բնակչությունը հավաքվեց մեր շուրջը։ Մենք երգեցինք նրանց համար, իսկ դոկտոր Շչիպկեն քարոզ կարդաց․ միասին շատ լավ ժամանակ անցկացրինք։ Օ՜, ինչքան աղքատ են այս հայերը։ Հացը, որ նրանք ուտում են ու մենք համտեսեցինք, հիշեցնում էր Նորվեգիայի հին օրերի քրծենի հացը․ այդ համն ուներ։ Չեմ կարող նկարագրել այն քարանձավները, որտեղ այդ մարդիկ ապրում էին։ Դոկտոր Շչիպկեն փորձեց վախեցնել ինձ, որ միգուցե այստեղ՝ Մուշում, մենք էլ պետք է մնանք նման մի քարանձավում։ Վերջին գիշերը, որն անցկացրինք Ասուր գյուղում, մնացինք պատվելի քահանայի տանը, մի քահանա, որը շատ բարի էր մեր նկատմամբ։ Բայց վատ գիշեր էր ինձ համար․ ստիպված էի ուղիղ նստած անցկացնել գիշերը, քանի որ ամբողջ հագուստս թաց էր ու չհամարձակվեցի պառկել ինձ տված բարակ ներքնակի վրա․ ի վերջո, հատակը շատ կեղտոտ էր։ Պատվելիի ընտանիքի բոլոր անդամները անհոգ քնած էին մի անկյունում։ Գոմը մեր սենյակից առանձնացված էր ցածր պատով, դուռ չկար։ Երկու հորթ մեզ այցի եկան ու սկսեցին մթության մեջ հոտոտել մեր իրերը։ Նրանք, ովքեր չեն ապրել այս գիշերները, չեն կարող պատկերացնել, թե ինչպես են դրանք անցնում։ Եթե գիշերվա մասը հանենք, ճամփորդությունը, ընդհանուր առմամբ, վատ չէր։ Քուրդիստանով անցնող ճանապարհն այժմ ապահով չէ, բայց երբ մեզ պահապան է հենց Աստված, մենք չպետք է վախենանք չարից։ Հաջորդ առավոտ փնտրում էի Մուշը․ քանի որ այն լեռների հետևում է, չի երևում, եթե կես ժամվա ճանապարհ չի մնում։ Տեղանքն այնքան գեղեցիկ է։ Դժբախտաբար ֆոն Դոբլերսը Բիբլիս էր գնացել, երբ մենք ժամանեցինք, բայց պատվելին մեզ շատ լավ ընդունեց։ Ուրախ կլինեմ մի քանի օրից նրանց կրկին տեսնել․ աղջիկները լավ են հոգ տանում իմ մասին։ Այժմ այնքան լավ եմ ինձ զգում, իսկապես լավ եմ հանգստանում, որովհետև դեռ հոգնած էի։ Վաղը պետք է դեղ պատրաստեմ, քանի որ այստեղի դեղատանը գրեթե ոչինչ չկա։ Քարփութի ամերիկյան դեղատնից եմ վերցրել ինձ հետ։ Կիրակի հրաշալի զբոսնեցինք գինիների բլուրներով․ շատ գեղեցիկ էր և հիասքանչ տեսարան էր բացվում։


Քույր Բոդիլի հետևյալ նամակը պատմում է Հայաստանում տեղի ունեցած վերջին հիասքանչ իրադարձությունների մասին։ Մարդկանց վրա իջած անվերջանալի ուժասպառությունը թվում է՝ միանգամից անհետացավ Կոստանդնուպոլսում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։

Մուշ, 12—8—08

(Հատված անձնական նամակից)

Ի՜նչ ուրախություն էր ստանալ քո թանկագին նամակները։ Շնորհակալ եմ բոլոր աղոթքների և ողջ սիրո համար, որի շնորհիվ հետևում եք ինձ և իմ աշխատանքին այստեղ։ Ճիշտն ասած, Աստված մեզ համար լավ բաներ է արել, և մենք շատ ուրախ ենք։ 126-րդ սաղմոսը պահպանում է մեզ, ավելի լավ պահպանում է բանտարկյալներին և այո՛, այս ժամանակներում նաև ամբողջ հայ ժողովրդին։ Կարծես երազում լինենք և չենք հասկանում այն մեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել Թուրքական կայսրությունում։ Միայն այն փաստը, որ բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այնքան հրաշալի է․ ասում են՝ հայերն ազատ են և նույն իրավունքներն են ունենալու, ինչ որ թուրքերը։ Այժմ դժվար է լինելու նոր սահմանադրությունը գործի դնել մի երկրում, որտեղ տիրել են անարդարությունը, բռնությունն ու սպանությունները և որտեղ գրեթե ամեն մի պաշտոնյա կաշառված է, ու բոլորը մտածում են միայն իրենց օգուտի մասին, բայց աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի։ Մի բան հստակ է․ սա Աստծո ուղարկածն է։ Սա իսկական հրաշք է այստեղ ապրողներիս համար, որոնք քաջատեղյակ են ներկայիս պայմաններին։ Սիրտս լի է գոհունակությամբ առ Աստված, որը լսեց այս խեղճ մարդկանց բազում աղոթքները։ Մեզ համար սա ուղիղ պատասխան է նաև մեր աղոթքներին, որ բանտարկյալներն ազատ արձակվեն։ Ինչքա՜ն ենք աղոթել այն խեղճ մարդկանց համար, որոնք միմյանց սեղմված փակված են այդ սարսափելի փոսերում, հատկապես նրանց համար, ում ճանաչում ենք և որոնք միանգամայն անմեղ են․ ի դեպ, անմեղները մեծամասնություն են կազմում։ Գրեթե 200 մարդ դեռ բանտարկված է, բայց հուսով ենք՝ նրանք էլ շուտով ազատ կարձակվեն։ Այո՛, Աստված, իրոք, մեծ է։

Հավատորիկցի ծեր Մադրասը ևս եկավ, երբ նրան ազատ արձակեցին․ նա նույնպես սա ընդունեց, որպես Աստծո հրաշք։ Հաջորդ օրը մեզ այցելեց Հայ առաքելական եկեղեցու մի քահանա, որը ևս բանտարկվել էր 2 տարով։ Նա այնքան ուրախ էր․ իր ասելով՝ այնպիսի տպավորություն է, կարծես գերեզմանը բացվել է իր առջև, և կարողացել է դուրս գալ սարսափելի քարանձավից։ Մի ուրիշ անգամ կպատմեմ, թե ինչի համար կարող են քեզ ձերբակալել Մուշում․ դրանք անհավատալի են, բայց հիմա ժամանակ չունեմ դրա համար։ Մի քանի անգամ դեղորայք ու փող եմ ուղարկել բանտարկյալներին։ Պարոն ֆոն Դոբլերսը շատերին է օգնել, նաև Աստվածաշունչ է տվել նրանց, ովքեր խնդրել են։

Հուլիսի 29-ին իմացանք, որ բանտարկյալներին պետք է ազատ արձակեն, բայց այդ լուրն այնքան անհավատալի էր, որ չհամարձակվեցինք հավատալ դրան մինչև ավելի շատ բան չիմանայինք։ Բայց պատկերացրու, որ ճիշտ էր։ Օգոստոսի 10-ին Կոստանդնուպոլսից մեզ հասած հայկական ամսագրերն ավետում էին մեծ փոփոխությունները։ Երիտթուրքերը ևս վատ էին վերաբերվում այդ ձերբակալություններին։ Մի քանիսը մեզ մոտ են․ նրանք էլ են այժմ ուրախ։ Այդուհանդերձ, շատ թուրքերի դուր չեն գալիս այս փոփոխությունները։ Նրանք այլևս չեն կարող ղեկավարել և կառավարել, ինչպես կուզեն, այլևս չեն կարող ծեծել, գողանալ և խաբել։ Սպաները և զինվորները խանդավառված են․ հուսով ենք՝ մյուսներն էլ նույն զգացումը կունենան։ Պարոն ֆոն Դոբլերսը երեկ այցելեց գեներալին, որը հրաշալի էր իրեն զգում։ Շատ բարեսիրտ, ազնիվ և շնորհալի մարդ է։ Նա հռչակեց սահմանադրությունը և, իհարկե, ուրախություն էր տիրում ամենուրեք, թեև ոչ նույնչափ, ինչքան Կոստանդնուպոլսում էր։

Այո՛, Աստված գթասիրտ է իր ժողովրդի նկատմամբ․ դա տեղի ունեցավ վերջին րոպեին, հատկապես մի վայրում, որտեղ անսահման դրա կարիքն ունեին։ Մենք աղոթում ենք, որ հացահատիկի գինն իջնի, որպեսզի այս տարին շատ աղքատների համար լավ անցնի։ Այստեղ հացահատիկը շատ թանկ է․ գրեթե բոլորն են սնվում դրանով։ Ինչ վերաբերվում է դպրոցներին, այստեղ ևս պետք է փոփոխություններ արվեն և շատ ուրախ կլինենք, եթե անվերջանալի միջամտություններ չլինեն այս հարցում։ Հետո հնարավոր կլինի ընդլայնել դպրոցները և ավելի շատ առարկաներ ներառել։ Այժմ մեր ձեռքերը կապված են և շատ դժվարություններ կան։ Ասում են, որ բոլոր ներկայիս պաշտոնյաներին պետք է հանեն և նորերին նշանակեն և սա անհրաժեշտ է նրա համար, որ ամեն ինչ չշարունակվի հին ոճով։ Եթե հարկային համակարգում կարգուկանոն լինի, մեծ բաներ կարելի է անել։ Աղոթի՛ր Աստծուն, որ նոր փոփոխությունները կատարվեն Նրա կամքով։