Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 13, համար 2, 1920)


Հայաստան


Աստծո իմ սիրելի՜ ընկերներ

Եվ նորից կոտորածի մասին տեղեկություններ են հասնում «արյունի և արցունքի երկրից»․ մարդկանց օգնության ճիչը խորը կսկիծով ուժգին հնչում է մեր ականջներում։ Թող այս վշտի ճիչը մեզ մղի սրտագին բարեխոսել նրանց համար, որոնք հանձնվել են մահվանը։ Ի՜նչ հանգստություն է իմանալ, որ Աստված էլ է լսում այս ճիչը և կարող է փրկել։

Ամովս 3, 7—9։ Գիտեմ, որ Աստծո հետ մահվանից ազատվելու միջոցներ կան։ Սաղմոսներ 68, 21։

Երբ այսօր նստեցի այստեղ՝ տխուր, որ բոլոր ընկերներս այնտեղ են, հոգումս այս խոսքերն արթնացան․ «Առանց յոյսի՝ յոյսով հաւատաց»։ Եկեք մենք էլ այսպես անենք, երբ Հայաստանի համար ամեն ինչ անհույս է թվում և սպասենք ու աղոթենք մինչև Աստված վերջ դնի այս ժողովրդի գերությանը։

Վերջերս մի նամակ ստացա Աստծո սիրելի ծառաներից մեկից, որը շատ տարիներ մեծ օրհնություն է եղել հայերի համար։ Նա ուզում է, որ շտապ հավատացյալ քույրեր ուղարկենք, քանի որ նրանց կարիքը կա այնտեղ տիրող հոգևոր դառնության մեջ։ Նա նաև գրում է․ «Ո՞ւր են Ձեր երկրի Աստծո իսկական զավակները։ Նրանք չեն մտածո՞ւմ մեր երկրի խեղճ հոգիների մասին։ Նրանք Աստծո մաքուր ու անաղարտ խոսքը չեն փոխանցի՞ այս բոլոր հոգիներին, որոնք մեղքի մեջ են դեռ։ Ինչո՞ւ չեն Ձեզ կամ ուրիշ հավատացյալների ուղարկում մեզ մոտ։

Մենք քրիստոնյաների կարիք ունենք, որոնք ազատ կտան իրենց (Աստծո) գումարն այս շրջանում հոգևոր գրականություն ունենալու համար։ Կոստանդնուպոլսի մեր բոլոր թերթերն ու ամսագրերը քաղաքական են և աթեիստական։ Չունենք գեթ մեկ «կրոնական» ամսագիր։ Երկրի խեղճ հոգիները մահանում են հոգևոր սննդի պակասից։ Ձեր երկրի քրիստոնյա ընկերները կօգնե՞ն»։

Այս պաստորն այնքան է ուզում, որ օգնենք նրան կանանց համար Աստվածաշնչի դպրոց բացի։ Օգնե՞նք։

Երբ կարդացի այս նամակը, գնալու և օգնելու ցանկությունս ավելի մեծացավ։ Բայց հիմա կարծես ճանապարհը փակ է, և պետք է սպասեմ մինչև Աստված բացի և ցույց տա ինձ ուղին։ Բայց Նրա համար անհնար ոչինչ չկա։

Օրհնյա՜լ Զատիկ։ Հիսուսն ապրում է, և մենք էլ պետք է ապրենք։ Ալելուիա՜։

Ազնվորեն ձեր՝ Հիսուսի սիրով,

Բոդիլ Բյորն

</pages>