Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 4, համար 1, 1911)

շ

Հայաստանից


Քույր Բոդիլ Բյորն այժմ Գերմանիայում է, որտեղ անց է կացնում իր արձակուրդի մի մասը՝ հաճախելով մանկաբարձուհիների համար դասընթացների։

Ներկայացնում ենք նրա նամակներից մի հատված, որը դեռ տեղ չի գտել «Եռամսյա ողջույններ»-ում, բայց որը կարող է հետաքրքիր տեղեկություններ հաղորդել Հայաստանում նրա պայմանների և աշխատանքի վերաբերյալ։

«Սիրելի՛ ընկերներ, չեք պատկերացնում, թե ինչ ուրախություն ապրեցի որոշ ժամանակ առաջ։ Մի վաղ առավոտ, երբ գնում էի կլինիկա, մի երիտասարդ ցատկեց դեպի ինձ, բռնեց ձեռքս ու սկսեց համբուրել։ Հավատորիկցի Գաբրիելն էր, որն այս ձմռանը պառկած էր իմ կլինիկայի խոհանոցում՝ ոտքին թարախակույտով։ Անճանաչելիորեն գիրացել էր, թխացել ու ամրակազմ դարձել։ Ձմռանը, երբ հիվանդ էր, կմախքի տեսք ուներ․ ես ու Ռուբենը ստիպված էինք նրան գրկել և տանել վիրահատական սեղանի վրա, որ վիրակապենք։ Վերջին անգամ, որ տեսա նրան Հավատորիկում, ձեռնափայտով դեպի ինձ ցատկեց։ Հիմա նա ոտքով Հավաոտրիկից Մուշ էր եկել, որը 2 ժամվա ձիով ճանապարհ էր։ Իսկապես հրաշք է, որ նա ապաքինվել է։ Նախկին աշխատանքը Հավատորիկի անտառներում փայտ կտրելն ու Մուշում վաճառելն էր։ Սա է հավատորիկցիների զբաղմունքը, եթե հովիվ չեն։ Բայց Գաբրիելը դեռ չի կարող նման ծանր աշխատանք անել, դրա համար էլ այժմ նրա փոքր եղբայրն է աշխատում ընտանիքի համար։ Այնուամենայնիվ, Գաբրիելը ժամանակը շատ լավ է օգտագործել։ Երբ նա ինձ հետ էր, Ռուբենը նրան սովորեցրեց այբուբենը, իսկ ես էլ նրան Կտակարան տվեցի, որ տանը կարդա։ Այժմ նա կարդացել է գիրքը և 4 ամիս անց էլ շատ վարժ կարդում է։ Կարծում էր, որ նաև հասկացել է այն, ինչ կարդացել է։

Պետք է պատմեմ նաև երկու գյուղ կատարածս այցերի մասին, որոնք շատ էին տարբերվում իրարից։ Մի գյուղում ես զգացի, թե ինչ է նշանակում հետապնդվել հանուն Հիսուսի, մյուսում էլ, ընդհակառակը, Աստված իմ առջև բացեց դռները և սրտերը։ Մի կիրակի առավոտյան գնացի մի ժամ հեռավորության վրա գտնվող մի գյուղ, որ կանանց հավաքեմ ու խնամեմ հիվանդներին։ Մի հիվանդ կնոջ այցելելուց հետո խնդրեցի նրա բարեկամներից մեկին, որ Հայ առաքելական եկեղեցու քահանայից՝ եկեղեցում կամ դպրոցի դասասենյակում կանանց հավաքելու թույլտվություն խնդրեն, բայց նա սկսեց մեղադրել ինձ ավազակ, գող և սատանա լինելու մեջ, որը գայթակղում էր մարդկանց և այլն։ Փորձեցի ուղիղ խոսել նրա հետ, բայց ապարդյուն։ Աստված ինձ համբերություն է շնորհել, որ լիակատար հանգստություն պահպանեմ։ Նա այն մոլեռանդ քահանաներից էր, որ կարծում է՝ մենք այստեղ ենք եկել հայերին գերմանացի դարձնելու և դրդելու, որ լքեն իրենց եկեղեցին, որը մենք բնավ չենք ցանկանում։

Անցած աշուն նույն գյուղում այցելեցի որոշ հիվանդների, հետո քահանան հիվանդացավ, ու ես նրան դեղ տվեցի, որի համար նա կարծես շնորհակալ էր․ այնպես, որ գաղափար անգամ չունեի, որ նա այդքան թշնամաբար է տրամադրված իմ նկատմամբ։ Իմ ընկեր Ռուբենը շատ էր տխրել, բայց խնդրեցի, որ հանգստանա, քանի որ մեզ չեն կարող ամեն տեղ լավ ընդունել, երբ մեր Աստված այդքան դիմադրության է հանդիպել։ Հետո գնացի մոտակա գյուղը, որտեղ երանելի ժամանակ անցկացրի կանանց հետ։

Մի քանի շաբաթ առաջ Հայ առաքելական եկեղեցու մի ուրիշ քահանա եկավ, որ ինձ տանի մի հիվանդ երիտասարդի մոտ, որը հեռավոր մի գյուղում էր գտնվում։

Նա այն մյուս քահանայի հակապատկերն էր, և ես ուրախությամբ գնացի նրա հետ։ 8 ժամվա ճանապարհ էր․ մենք անցանք մի քանի գյուղերով, որտեղ պետք է խնամեի հիվանդների։ Ամեն տեղ մեզ հյուրընկալեցին թե՛ քահանաները, թե՛ ուսուցիչները։ Հատկապես հաճելի էր, որ ամեն գյուղն իր փոքրիկ դպրոցն ուներ։ Մի կապոց գրքույկ ունեի ինձ մոտ, և քանի որ այս տարածաշրջանի բնակիչները կարողանում էին կարդալ, բաժանեցի նրանց մեջ։ Հաճելի էր տեսնել, թե ինչ խանդավառությամբ են խմբվում շուրջս, որ վերցնեն գրքույկները։ Արդոնք գյուղ հասանք շատ ուշ, քանի որ ճանապարհներն այնքան ցեխոտ էին, որ ստիպված էինք զարտուղի ճանապարհներով գնալ։ Բայց քանի որ լուսնկա գիշեր էր, այլ ճանապարհով գնալն այնքան էլ չօգնեց։ Երբ ժամանեցինք, մեզ տեղավորեցին դպրոցի դասասենյակում, որը բավականին մաքուր էր և 3 լուսամուտ ուներ։ Ինձ համար ձվածեղ և սուրճ պատրաստեցին․ արեցին ամեն ինչ, որ ինձ լավ զգամ։ Ուսուցիչն ու գյուղի մեծահասակները շատ բարի էին իմ նկատմամբ, նույնիսկ ամենահեղափոխականն այնքան ընկերական էր ու բարի, որ մենք իսկապես լավ ընկերներ դարձանք։ Երեկոյան, երբ ուզում էի գնալ քնելու, նա ասաց․ «Կարող ես հանգիստ քնել, քանի որ ես հսկելու եմ գիշերը»։ Այսպես, նա խփեց կրծքին, ցույց տվեց իր հրացանն ու փամփուշտները և ինքն էլ զգաց իր ուժը։ Ես ասացի․ «Պարո՛ն Հութհան, ես ավելի բարձր պաշտպանվածության տակ եմ գտնվում, քան Ձերն է» և ցույց տվեցի երկինքը, «Պետք չէ գիշերը հսկեք։ Ես չեմ վախենում քրդերից»։ «Լավ»,- նա ասաց,- «Բայց Աստված իր միջոցներն ունի, իսկ ես այս գիշեր կհսկեմ, որ Ձեզ ոչ մի բան չպատահի»։ Այս հեղափոխականը հավատում է Աստծուն և կցանկանար մասնակցել հոգևոր զրույցների։ Ես ու ուսուցիչը նստեցինք խոսելու նրա հետ և ի վերջո, աղոթեցի նրանց հետ։ Հաջորդ օրը դպրոցի դասասենյակը կլինիկա դարձրի, որտեղ բուժեցի 50 հիվանդի։ Շատ հոգնեցի և ստիպված էի մի բաժակ թեյ խնդրել։ Հիվանդ երիտասարդի վիճակն անհույս էր․ չէի կարող օգնել նրան, բայց զրուցեցի ու աղոթեցի նրա հետ։ Կեսօրին մի հարուստ քուրդ կին եկավ, որին պետք է զննեի ու դեղ տայի, իսկ երեկոյան էլ ներկա գտնվեցի եկեղեցու պատարագին, որտեղ քահանան խնդրեց խոսել։ Նրան ասել էի, որ ավելի լավ կլիներ, եթե կանանց հավաքեի դպրոցի դասասենյակում, քանի որ կարծում էի՝ նրանց դուր չէր գա, որ ես խոսեի եկեղեցում, բայց պաստորը ցանկացավ այդպես և մի քանի տղամարդկանց հետ մնաց եկեղեցում։ Այդ գիշեր մեր սիրելի, հավատարիմ Աստված ինձ այնպիսի համարձակություն տվեց։ Նա ինձ տվեց նաև իմ խոսելիքը՝ Մատթեոս 6։33։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք։ Մոտ 200-300 կին էր հավաքվել, և բոլորն էլ այնքան ուշադիր էին լսում և թվում էր՝ այնքան լավ են հասկանում, որ ես անչափ շնորհակալ էի և հավատում էի, որ Աստված շատերի համար օրհնեց այդ պահը։ Հետո պարոն Հորդհանն ինձ ասաց, որ Աստված ուրախությամբ լցրեց այդ գիշերը եկեղեցում։ Ես ևս պատվեցի նրան Նոր Կտակարանով, ինչը նա մեծ ուրախությամբ ընդունեց։ Հաջորդ առավոտյան մենք տուն եկանք։ Ստիպված էինք ևս մի քանի գյուղում կանգ առնել՝ հիվանդների խնամելու համար։ Ձիս ճանապարհին կանգնեցնում էին, որպեսզի ես զննեմ նրանց աչքերը կամ խորհուրդ տամ այս կամ այն խնդրի համար։ Մի տղա նույնիսկ եկավ և հարցրեց, թե արդյոք չեմ կարող բուժել գոմեշներից մեկի աչքերը։

Մի գյուղում դպրոցականներն ինձ երգով դիմավորեցին․ ճիշտ է՝ ավելի շատ նման էր գոռգոռոցի, բայց նրանց մտադրությունը բարի էր։ Հետո պետք է գնայի տեսնելու դպրոցի դասասենյակը և ողջունելու գյուղի մեծերին։ Նրանք հավանաբար երեխաների համար գրքեր էին ուզում և կարծես դրանց կարիքը խիստ ունեին։ Շատ կուզեի նրանց գրքեր տալ, եթե միայն ձեռքիս գումար ունենայի։ Այս ուղևորության ժամանակ ես հասկացա դպրոցներ ունենալու առավելությունները․ եթե նույնիսկ երեխաները սովորեն միայն հիմնական բաները, քանի որ հետո ավելի հեշտ կլինի ազդել նրանց վրա։

Այս բոլոր գյուղերում ես հիացած էի նրանով, թե որքան լավ են հասկանում ինձ, այո՛, նույնիսկ կանայք էին հասկանում գրքի լեզուն, այնպես, որ նրանց հետ հեշտ էր խոսել։ Եթե Աստված որևէ մեկի սրտում արթնացնի գյուղերի դպրոցներում վաստակ ունենալու ցանկություն, այն ճանապարհ կբացի դեպի ավետարանը։

Ավելի ուշ՝ մի քանի օր անց, ինձ այցելեցին պարոն Հորդհանն ու Արդոնքի ուսուցիչները, և ես նրանց բազում դպրոցական գրքեր, ավետարաններ և այլ լավ գրքեր տվեցի, ինչի համար շատ շնորհակալ էին։ Ասացին, որ իրենց չմոռանամ, որ պետք է կապ պահպանենք։ Ես ևս կցանկանայի կապ պահպանել․ այնքան երախտապարտ էի այս բացված դռների համար։ Սիրելի՛ ընկերներ, դուք էլ կաղոթեք չէ՞ այս բոլոր գյուղերի համար։ Հակոբոս 5։7։ Հաջորդ օրը Աստծո այս խոսքն այնքան լավ էր հոգուս համար։ Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։ Մի օր այս վայրեր էլ աշնանային օրեր կգան, եթե մենք ցանենք հավատով և աշխատենք հավատով։

Մի ուրիշ գյուղից մեկ այլ ուսուցիչ էլ եկավ, որ օգնի դպրոցում, և պարոն Դոբլերսը ու ես գնացինք այնտեղ։ Այնքան աղետալի էր․ բազում տներ էին փլուզվել։ Բազում մերկ, թշվառ երեխաներ խմբվեցին մեր շուրջ։ Իսկապես ցանկանում էիր դպրոց հիմնել այս բոլոր փոքրիկների համար, որոնք մեծանում են՝ առանց Հիսուսի մասին որևէ բան լսելու։ Գյուղացիներից մեկն իսկապես ուզում էր մի սենյակ հատկացնել դպրոցին, այնպես, որ ուսուցչի կարիք կար․ նրան պետք է տարեկան վճարեին 12 լիրա, որը հավասար է 130 կրոնի։

Հայ առաքելական եկեղեցին ամենայն հավանականությամբ շատ ուսուցիչներ ունի, բայց այնքան գյուղեր կան, որ չեն կարող բոլորն էլ հասնել։ Հատկապես աղոթեք նաև Սասունի ավետարանչականների և ուսուցիչների համար, քանի որ այս շրջանը կարծես անհույս է։ Հավատորիկի մեր պաստորն այս գարնանն այնտեղ էր և շատ բան ուներ պատմելու։ Գյուղում ապրում էին լեռնային կիրճերում, չունեին տներ։ Ձմռանը թափառում էին տարբեր գյուղերով՝ ապաստարան գտնելու հույսով։ Շատ տեղերում նրան չեն հասկացել, թեև խոսել է հնարավորինս պարզ։ Եղել է ամենահեռավոր գյուղերում՝ վայրի լեռնային վայրերում, որտեղ անհնար էր ձիավարել, այո՛, նույնիսկ ոտքով էր դժվար քայլել։ Նրանք բոլորն էլ հյուրընկալ էին, բայց սարսափելի աղքատ․ հաճախ շատ դժվար էր նույնիսկ ինչ-որ բան գտնել վրան պառկելու համար կամ ուտելու ինչ-որ բան գտնել․ շատերը խոտ էին ուտում։

</pages>