Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 7, համար 3, 1914)

Հայաստան


Մուշ 9/6 1914

Ոչ թէ զօրութիւնով,

եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը,

ասում է Զօրաց Տէրը։

Զաքարիա. 4։6

Իմ սիրելի՛, սիրելի՛ ընկերներ,

Սրտագին, ջերմ շնորհակալություն ինձ ուղարկած մեծ նվերի համար․ դա շատ կօգնի, քանի որ այս աշնանը մեծացնելու եմ հիվանդների հետ աշխատանքը և երկու հիվանդանոցների համար սարքավորման և կահավորման կարիք կլինի։

Մեզերեից ինձ 10 մահճակալ և 12 վերմակ ուղարկեցին․ լավ սկիզբ է։ Եթե թույլ տաք, կցանկանայի 100 կրոն ծախսել հիվանդանոցների կահավորման, երկու հարյուր էլ՝ սարքավորման, հիվանդների ու աղքատների վրա։

Աստծո օգնությամբ այս աշնանն էլ երիտասարդական ասոցիացիա կստեղծենք Մուշում։ Ուխտենհագենի երիտասարդական գերմանական ասոցիացիայից 250 մարկ ստացա մի քանի տարի սենյակներ վարձելու համար, լավ սկիզբ է, չէ՞։ Հրաշալի է մի գործ սկսելը, որի կարիքը շատ կա։ Երկար ժամանակ սա է եղել իմ ցանկությունը։ Կարծում եմ միսիոներ Սոմերհագենը հենց այն մարդն է, որը կարող է ղեկավարել այն։ Գրադարանի համար գրքերի կարիք էլ ունենք։ Եթե մեր ընկերներից ոմանք օգնեն մեզ, շատ հաճելի կլինի։ Վերջիվերջո, այնքան կարևոր է երիտասարդների վրա ազդեցություն ունենալ լավ գրքերի միջոցով։

Կարող եմ նաև ուրախ նորություններ հայտնել․ հավաքատան կողքը և հետևի մասում տարածք և երկու փոքր տներ ենք գնել։ Վայրն առողջարանային է, կենտրոնական և հարմար դպրոցի գործերի համար։ Այս տարի մնալու եմ տներից մեծում, որը 4 սենյակ ու մեծ խոհանոց ունի։ Կլինիկան պետք է մեկ այլ վայրում գործի՝ 2 սենյակ է պետք վարձել։ Տները և տարածքը պատվելի Գրիգորի անունով են, բայց ավելի ուշ դրանք կփոխանցվեն միսիոներներից մեկին․ ժամանակատար գործ է։ Անմիջապես քարե պատ կառուցել տվեցի սեփականության մի կողմում, որպեսզի պաշտպանենք սահմանը։ Մի թուրք շատ դժվարություններ ստեղծեց մեզ համար և քանդեց պատի մի մասը, թեև մենք ճիշտ էինք այս հարցում։ Մեր պատվելին բողոք ներկայացրեց, հուսով ենք՝ կառավարությունը արդարությունը կվերականգնի։ Այո՛, բարդ երկրում ենք ապրում։

Կցանկանայի ավելի շատ իմանալ հայրենի Նորվեգիա պաստոր Լոհմանի այցի մասին։ Իմացե՞լ եք, թե արդյոք նա խոսել է ուսանողների հետ։ Ինչպե՞ս է անցել։ Նրանցից որևէ մեկը ցանկություն ունեցե՞լ է գալ և օգնել մեզ։ Թող Աստված շուտով մի բժիշկ ուղարկի․ նրա կարիքը շտապ ունենք։

Բիթլիսում երկար ժամանակ շատ խառն էր․ քրդերն ապստամբել են կառավարության դեմ, բայց հիմա ապստամբությունը ճնշել են, 13 քրդի կախել են, շատերին ձերբակալել, խաղաղությունն ու կարգուկանոնը վերահաստատվել է։ Այստեղ՝ Մուշում, քրդերը ևս հանգիստ չէին այդ ժամանակ, թեև չհամարձակվեցին ապստամբել, քանի որ այստեղ շատ և ուժեղ չեն, ինչպես որ Բիթլիսի շրջանում։

Փառք Աստծու, այս տարի այդքան հոգնած չեմ։ Եթե Աստված կամենա, մտածում եմ հուլիսին գնալ Մեզերե։ Պարոն պաստոր Էհմանն է ինձ այնտեղ հրավիրել և իսկապես ցանկանում եմ գնալ։ Ուզում եմ նաև խոսել պարոն Էհմանի հետ աշխատանքից, դպրոցներից և այլն։ 6-7 օրվա լարված ճանապարհ է, բայց սովոր եմ արդեն։ Առաջին գիշերն անցկացնելու եմ Սուրբ Կարապետ վանքում, որտեղ անցած տարի անց եմ կացրել ամառային արձակուրդս։ Անցած տարի մեզ այցելեց գերմանացի միսիոներ պարոն Բլանկը, որը Մարաշում կառուցել և ղեկավարում է ատաղձագործարան։ Նա հավատացած է, որ տներից մեծում կարելի է որոշ փոփոխություններ անել և աղջիկների համար դպրոց դարձնել, իսկ երբ շինության ներսի կողմը վերաձևավորվի և փոքր հատվածն էլ ներառվի դրա մեջ, 8 դասասենյակ կլինի։ Նրա հետ Մուշում հիվանդանոցի համար տարածք էի փնտրում։ Բավականին դժվար է ոչ շատ հեռու առողջարանային և հարմար տեղ գտնելը, որը ջուր կունենա։ Հուսով եմ՝ պարոն Բլանկը մյուս գարնանը կգա Մուշ և արական դպրոց ու հիվանդանոց կկառուցի։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք դրա համար։ Պարոն Բլանկը պրակտիկ և պարկեշտ մարդ է, որը Մարաշում է գրեթե 9 տարի։ Միասին ենք Հայաստան եկել։

Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ հաճույք են պատճառել նամակներ գրելով։ Լավ մնացեք։ Աղոթելով Աստված մեծ գործեր կանի Մուշում։ Սրտագին բարևներ յուրաքանչյուրին և բոլորին, ջերմ շնորհակալություններ, որ աղոթել եք ինձ և մյուսների համար


ձեր՝ Հիսուսի դաշնակից,

Բոդիլ Բյորն
</pages>