Բողբոջում են աստղերն իմ աչքերով

Արեւածաղիկ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Բողբոջում են աստղերն իմ աչքերով)

Վարդան Հակոբյան

Ես ուր էլ գնամ
ԲՈՂԲՈՋՈՒՄ ԵՆ ԱՍՏՂԵՐՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ


Երբ որ նայում եմ մորս աչքերին,
գարնան լույսեր են զարթնում ինձանում...
Ես իմ աչքերով
մորս տանում եմ մանկությունը իմ,
                        հանգցնում լույսեր,
մորս ասում եմ՝ արշալույս ես դու,
ճառագիր, ես էլ
թող բացվեմ՝ որպես դաշտը գարունիդ,
եւ ստվերների միջից դուրս սահեմ.
երբ որ նայում է մայրս աչքերիս,
իմ աչքերի մեջ լույսն է շատանում...
- Որդիս, ինչպե՞ս է հարսս նայում քեզ, -
ասում է մայրս, - ապրեցեք սիրով, -
ապա ժպտում է
ծաղկորեն բարի։
Ես բացված սիրտ եմ
                ափի մեջ ասես,
խոսքերն իմ չասած, չարած քայլերն իմ
մայրս լավ գիտե ու գիտե այնպես,
որ ոչինչ չունեմ չասված պահելու,
թե չիմանա էլ՝ ինչպե՞ս չասեմ ես.
երբ որ նայում է մայրս աչքերիս,
շատրվանում է խինդը աչքերում...
Ձեռքն իր շոյանքով, տաք գորովանքով
տանում է մայրս իմ հոգնած դեմքով։
Այդ շոյանքով է
օրս սազում ինձ,
ես մանկանում եմ
                ձեռքերում իմ մոր,
դառնում մեր այգու ծառիկն այն խոնարհ,
որ մորս երգով ջրվում ամեն օր,
մորս հետ մեկտեղ իմ ճոճքի վրա
խոնարհվում էր եւ ասում էր օրոր.
երբ որ նայում է մայրս աչքերիս,
բողբոջում են իմ աչքերն աստղերով...
Մորս հայացքը երկինք է դառնում,
իսկ ես՝ մի թռչուն, ջինջ եզերքներում։
Բայց թե օրվա մեջ
անմեղ չեմ եղել,
ծուռ աչքերով եմ
                նայել ես մեկին,
թռչել չեմ կարող հայացքում զուլալ,
մնում եմ մոլոր, մեղավոր, շվար...
Կյանքում կարենալ, միշտ ուժ ունենալ
եւ ուղիղ նայել աչքերին իմ մոր.
երբ որ նայում է մայրս աչքերիս,
սրբագործվում եմ նրա աչքերով։