***

Ես ուր էլ գնամ,
ինձ հետ վերցնում եմ մորս օրհնանքը.
թե հանկարծ թուխպը բռնի ինձ ճամփին,
մորս օրհնանքը լույս է մաղելու,
թե ձնաբուքը կտրի իմ ուղին,
մորս օրհնանքը հուր է դառնալու,
թե հանկարծ հոգնեմ վերելքների մեջ,
մորս օրհնանքը կորով է տալու...
Թա հանկարծ հոգուս հույսը մամրի,
մորս օրհնանքը գորով է տալու...
Ես ուր է լ գնամ,
ինձ հետ վերցնում եմ մորս ժպիտը՝
մեր հին հանդերից ժողված ծաղկեփունջ.
թե մեկը հանկարծ ճամփիս ծուռ նայի -
մորս ժպիտը շանթ է դառնալու,
թե ճանապարհս հանկարծ մոլորվի,
մորս ժպիտը լույս է դառնալու,
թե ցավը հանկարծ չոքի դռանն իմ,
մորս ժպիտը հույս է դառնալու
եւ բռնելու է ձեռքս ու տանի...
Ես ուր էլ գնամ,
ինձ հետ մայրիկս իր սիրտն է դնում.
թե հանկարծ նեղն եմ ընկնում, նեղսրտում,
իմ ականջի տակ շշունջն է իմ մոր.
- Սիրտս ասում է՝ լավ է լինելու։
Թե հոգնած, խռով նստեմ մի քարի,
իմ ականջի տակ շշունջն է իմ մոր.
- Սիրտս ասում է՝ վաղ ես հասնելու։
Եվ հավատում եմ, թե սիրտս էլ խաբի,
մայրիկիս սիրտը ինձ չի խաբելու...