Տարորեն երազ Բռնկող իրիկնամուտ

Մատթեոս Զարիֆյան

Եղևնիները


Բռնկող իրիկնամուտ


Կյանքի հույզերն հոգիս նորեն կը փոթորկեն․․․
Նորեն վըսեմ գինո՛վն եմ ես այս իրիկուն․․․
Ամբողջ օրը,
Հոգիս անո՛ւյշ տառապանքի մը շրթներով,
Վարդենիի մը լռությունն է լոկ խըմեր․․․

Ամբո՛ղջ օրը, ամբո՛ղջ օրը,
Ես երազեր եմ, արևուն տակ ծնրադրած,
Վաղվան արյունս, Արշալույսին պես գեղեցիկ,
Զոր ինձ համար՝ ճառագայթները անհունին
Սա օրհնված ցորեններուն մեջ լուռ կ’երկընեն...

Ահա նորե՛ն, ահա նորե՛ն
Հորդո՜ւմն հույսին արքայական աղբյուրներուն՝
Որոնք կ’անցնին, մայրամուտի սա մեծ ժամուն,
Իմ հոգիիս ծաղի՛կ բացող անդունդներեն...
Ի՜նչ հուզումով, դղըրդող ի՜նչ սարսուռներով
Կանշարժանամ՝ մայրամուտի սա մեծ ժամուն,
Ունկնդրելու կյանքի այս մութ փոթորիկին՝
Որ անծանոթ երկինքներե կ’իջնե հանկարծ
Իմ քընացող արյունս այսպես ալեկոծել...
Օ, բյո՛ւր կայծեր կ’ելլեն մտածումս հրդեհելու...
Ու կամքըս որ այս հրդեհեն կը բռնկի
Նո՛ր կատարներ կը նըվաճե հանկարծորեն՝
Դեպի Անտառը երազված...