Տարորեն երազ


Այս իրիկուն, ես ո՛չ մեկուն պիտի ցույց տամ
Իմ այս տարտամ
Աչքերուս մեջ նվաղկոտող երազն անհուն
Իմ տենչերուն․․․

Այս իրիկուն,
Ես ո՛չ մեկուն
Պիտի ըսեմ թե կը սիրեմ ահա նորեն
Անհունորեն՝
Լեյլաներու գիշերային ստվերին տակ․
Աչքերըս փակ,
Նըստիլ երկա՜ր ու մըտմըտալ․․․
Ու հովի՜ն տալ
Խուլ կարոտներըս անհունի՝
Պաղատելով որ տանի
Անո՜ր, Անո՜ր․․․
Ահ, որքա՜ն նոր
Ճամբա մ’ունիմ առջև հիմա․
Անոր վըրա
Ամեն գիշեր
Հոգիս ավեր
Կ’երթա համբույր մ’առնելու մեծ աստղերեն՝
Որոնք վերեն
Լուռ կը ծորեն
Նո՜ր բոցերով Արշալույսի մ’հավատքըն հըստակ
Լեյլաներու գիշերային ստվերին տակ․․․
Ու ես նորեն, ու ես նորեն,
Խաղաղորեն,
Լեյլաներու գիշերային ստվերին տակ
Կը նստիմ լուռ, աչքերըս փակ,
Մըտմըտալու․․․
Ու խենթեցող հովին տալու
Իմ տարորե՛ն կարոտներս անհունի՝
Պաղատելով որ տանի
Անո՜ր, Անո՜ր․․․

Այս իրիկուն,
Ես ո՛չ մեկուն
Պիտի ըսեմ
Թե կը սպասեմ
Քրիստոսի՜ մը հավատքով
Հոգիս գինով՝
Նոր բոցերով Արշալույսին․․․
Անոր հակինթ շողերն արդեն կ’առվահոսին՝
Հստա՜կ, հստա՜կ՝
Լեյլաներու գիշերային ստվերին տակ․․․

Այս իրիկուն, ես ո՛չ մեկուն պիտի ցույց տամ
Իմ այս տարտամ
Աչքերուս մեջ նվաղկոտող երազն անհուն
Իմ տենչերուն․․․

Ինչու որ շա՜տ ես կը վախնամ
Թե կ’արթննամ
Այս մեծ, շքեղ ու տարորեն
Իմ երազեն․․․