Բրոնզե թևերը կարմիր գալիքի
Բրոնզե թևերը կարմիր գալիքի
Շաչում է աշխարհը, զնգում է հիմա,
Շաչում ու զնգում են աշխարհի վրա
Բրոնզե թևերը Կարմիր Գալիքի։
Որպես երկաթե մի մրրկահավ՝
Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
Աշխարհի հեռուն—
Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում։
Փողփողում է վառ արևի առաջ
Մեր կամքը հիմա, որպես վիթխարի
Մի կարմիր դրոշ,
Որի արնագույն, կարմրավառ փայլից
Հնավանդ, զազիր քաղաքները քար,
Ցուլերի նման վիթխարահսկա,
Վախից խելագար,
Կանգնում են հետին ոտքերի վրա,
Փորում են հողը ոտքերի տակի
Ու սարսափահար
Իրենց վայրենի վա՛խն են մռնչում
Աշխարհովը մեկ—
Վա՛խը վայրենի, որ հնչում է մեր
Բոսոր սրտերում, որպես հաղթության
Ու փառքի մի երգ։
Օ՜, բառաչը այդ խելագար վախի,
Օ՜, սարսափահար ճիչը հոգևար
Ու տագնապը սուր՝
Հին, հազարամյա, քա՛ր քաղաքների
Տագնապը զազիր...
Օ, սարսափը այդ հուսահատական,
Մեռնող ցուլերի բառա՛չը վերջին
Կրկեսների մեջ հսկավիթխարի,—
Օ՜, սարսափը այդ նրանց հուսահատ,
Որ մեր սրտերում, կրծքերում երկաթ
Փոխվում է կարմիր, խնդացող հրի...
ճչում են հիմա
Թերթերը բոլոր մայթերի վրա,
Հաղթ կայանները ռադիո-գրի,
Գոց, զրահապատ գնացքներն շտապ
Ու շչակները գործարանների,
Սավառնակների թևերը շաչող,
Աղմուկը մաշվող ավտոշիների,
Թնդանոթների ամբոխները ծույլ,
Որ հիմա արնոտ ռազմադաշտերից,
Գործադուլ արած բանվորների պես
Տուն են շտապում քայլերով տարտամ,—
Ֆանտաստիկական, ահե՛ղ առօրյան
Ճչում է հիմա
Նրանց անամոք, նրանց հոգևար
Տագնապի նման հուսահատական,
Ճչում է խռպոտ իր ձայնով վերջին—
Ու հասնում է այդ ճիչը հուսահատ
Լոնդոնից—Փարիզ—Ցեյլոն—Հնդուչին...
Ձգվել են ցանցեր,
Երկաթե անտես ցանցեր ու ցանցեր
Աշխարհում անծիր,—
Սրտից սիրտ հիմա, քաղաքից քաղաք—
Վառ, կարմիր ցանցեր...
Մեր կա՛մքն է այդպես հզոր շղթայել
Աշխարհը համակ,—
Մեր կամքը՝ թռչող, որպես փոթորիկ,
Ու տոկուն, համառ, որպես ժամանակ։—
Ե՛ս եմ— եղբայրս—ընկերս—օ՜, ո՛չ.
Կա՛մքը իմ, կա՛մքը քո— ու էլի՛, էլի՛
Կամքեր նույնազոր—հազար ու հազար:
Ու էլի՛, էլի՛,
Ու էլի՛, էլի՛,—
Զգո՞ւմ ես՝ հոգիս, հոգիդ ու նրա—
Հեռու, անծանոթ ընկերոջ հոգին—
Նո՛ւյն արեգնական խորհրդով է լի։
Ու էլի՛, էլի՛,
Ու էլի՛, էլի՛,—
Ամեն տեղ հիմա, բոլո՛ր կողմերում՝
Մոսկովից—Փարիզ, Լոնդոնից—Հռոմ...
Մինչև—Հնդուչին...
Թնդանոթների բառաչը վերջին։
Տանկերը արնոտ ռազմադաշտերում՝
Կետերի նման երկաթազրահ...
Գնդացիրների ծարավը ագահ,
Գործարանների շչակները լուռ...
Օրերը՝ երկաթ ու պղինձ հագած
Սավառնակների նման ռմբաձիգ—
Օրերը, որ թեժ ռումբեր են նետում
Եվ թռչում են—
Ո՞ւր...
Անծի՜ր դաշտերում— բանակներ կարմիր։
Քաղաքներ մեռնող ու գյուղեր անմարդ։
Օրերի միգում— տագնապ ու գրգիռ։
Ոսկի ու բռունցք, արյուն ու երկաթ։
Ու տագնապը մութ, անկուշտ ու ագահ,
Հրեշի նման դեղին, հազարաչ,—
Ու բազմամրրիկ աշխարհի վրա—
Բրոնզե կարմիր թևերի շառաչ։
Ու երգը իմ նոր պիտի ավետի
Վաղը աշխարհին առաջին անգամ
Թռիչքի՛ մասին անկուշտ կարոտի
Մեր հավերժական։
Եվ նրանք, որ դեռ աշխարհում չկան,
Որ դեռ նոր պիտի ապրեն աշխարհում,
Դեռ նոր պիտի գան,—
Կարո՞ղ են, թող մեր թռիչքն այսօրվա
Անձկորեն չըզգան...
Նրա՛նք, որ պիտի ապրեն աշխարհում
Կարմիր Ապագան։
Նրանք, որ դեռ նո՜ր, դեռ նո՜ր պիտի գան...