Գազել պատրանքի
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 109։

Գազել պատրանքի


Էլ չի կանչում ինձ Դնգդնգան ձորը
Եվ իմ մանկության սիրած աղբյուրը։

Մի վերջին ճիգով քարերը լիզել,
Ու... կտրվել է մեղրահամ ջուրը։

Լուռ քարացել է քարերի վրա՝
Քարերին թառած ջրի փրփուրը։

Անհույս նայում եմ լռած աղբյուրին,
(Ինչ ծա՜նր է նրա այդ լռությունը)։

Աչքերս են հանկարծ ծանրանում տխուր,
Ու... ջուր է դառնում աչքերիս հուրը։

Եվ արթնանում են քարերը կարծես՝
Կոտրում աղբյուրի լուռ քարությունը...