Գազել տատիս
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 108։

Գազել տատիս


Հիմա հուշից քո անգո, ես մրսում եմ, տա՛տ, ների՜ր,
Տե՛ս, կրկին ոտքդ եկել՝ աղերսում եմ, տա՛տ, ների՜ր։

Խոտ է բուսնում քո շիրմին, այնտեղ, հեռո՜ւ մեր գյուղում,
Իսկ ես՝ այստեղ՝ քաղաքում, լուռ տանջվում եմ, տա՛տ, ների՜ր։

Մոռացել ես երևի չարություններս բոլոր,
Դու ներող ես եղել միշտ, այս անգամ էլ, տա՛տ, ների՜ր։

Ասում էիր՝ կզղջաս, երբ մեծանաս դու մի քիչ,
Մեծացել եմ արդեն, տես, ու զղջում եմ, տա՛տ, ների՜ր։

Հաճախ ցավ եմ պատճառել, հաճախ էլ՝ չեմ լսել քեզ,
Հիմա այրող քո ցավից լուռ այրվում եմ, տա՛տ, ների՜ր։

Մնացել է քեզնից արդ անշիրմաքար մի շիրիմ,
Ես ինձ ներել չեմ կարող, դո՛ւ ինձ գոնե, տա՛տ, ների՜ր...

08.03.86, Ստեփանակերտ