Գաղտնիք Ղարաբաղի (Գլուխ Դ)

Դ

Այժմ տեսնենք հայր Բեկնազարյանի—Աբրահամի-գործունեությունը Պարսկաստանում։ Քննելով նրան, մենք քննած կլինենք «Գաղտնիք»-ը։

Պետք չէ մոռանալ, որ Աղա-Մամադ-շահը, Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո, երբ վերադառնում էր Պարսկաատան, հայր և որդի Բեկնազարյաններին տարավ յուր հետ։

«Շահն հայտնեց մելիքին (Մելիք-Մեջլումին), որ ինքն ստիպված էր փութալ Պարսկաստան և յուր հետ տանել և հայրս և զիս»—այսինքն՝ հայր և որդի Բեկնազարյաններին: (եր. 171)։ «Երբ Թավրիզ հասանք[1], - շարունակում է որդի Բեկնազարյանը,- հայրս շահից զորավոր կարգեցավ և 10.000 սարվազ առնելով գնաց Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները զսպելու...» Իսկ շահն հաղթական փառքով մտավ Թեհրան, ուր պարսից աթոռանիստ քաղաքն էր[2]:

«Հայրս վերադարձավ և պատմեց հռտևյալը.

«Սիրելի Ապրես, իսպառ նվաճեցինք Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները: Տեղական ապստամբ խաներն սպանվեցան և հաջորդեցին շահի հրամանով նոցա որդիքն: Շահն բավական մնաց իմ այս ծառայությամբ» (եր. 222): Նա կարծում է, որ Հերաթը և Ղանդահարը առանձին-առանձին երկրներ են, չգիտե, որ երկուսն էլ Աղվանստանի քաղաքներն են: Այդ թողենք:

Հետաքրականն այն է, թե ո՛րքան շուտ են կատարվում «Գաղտնիք»-ի մեջ գործերը: Հայրը գնաց, այն ևս 10.000 սարվազով (հետևակ զինվոր), հզոր Աղվաստանի ապաստամբությունները նվաճեց, տիրող խաներին սպանեց, նրանց որդիներին հաջորդ կարգեց, շահի շնորհակալությունն ստացավ և եկավ սիրելի Ապրեսին պատմեց—և այդ բոլորը կատարվում է մի քանի րոպեում:

«Գաղտնիք»-ի համար որպես շատ օրինակներ կտեսնենք աշխարհագրական տարածությունների և ժամանակների տարբերություններ չկան: Մարդիկ օդի մեջ են շրջում. մի վայրկյան կտեսնենք նրանց Թավրիզում, իսկ մի վայրկյանից հետո Հնդկաստանում: Մինչև Բեկնազայրանցը կգնար Աղվանաստանի ապստաբությունները կնվաճեր և վերադառնար, շահին արդեն սպանված կգտներ և այլևս նրա շնորհակալությունը չէր կարող ստանալ, որովհետև հիշյալ արշավանքից հետո շահը ապրեց մեկ և կես տարի միայն: Այդ տեսանք նախորդ գլխում:

Բայց հարցը դրանում չէ: Մեզ համար հետաքրականն այն է, արդյոք տեղի ունեցե՞լ է մի այսպիսի արշավանք: Այդ հարցը պարզելու համար ես հարկավոր եմ համարըմ բերել «Խամսայի մելիքություններից» մի քանի քաղվածքներ միևնույն արշավանքի մասին և զուգահեռաբար դնել «Գաղտնիք»-ի պատմածների հետ։

Որովհետև Աղա-Մամադ խանը իր հաղթությունով (Թիֆ. վերաբերությամբ) առավել պարտական էր Մելիք-Մեջլումին, Ճանապարհին հենց առաջին իջևանում (Սողանլուխում) հրամայեց իր զորապետներին, որ ավարից նրա մարդիկների համար բաժին հանեն, ասելով.- «Քրիստոնյային պատկանծը քրիստոնային տվեցեք»: Մելիք-Մեջլումի Ձիավրները իրենց լափունջիները տարածեցին գետնի վրա, և պարսից զորքերը որքան խաչեր, եկեղեցական անոթներ և զգեստներ կողոպտել էին Թիֆլիսի եկեղեցիներից, բոլորը թափեցին նրանց յափունջիների վրա: Մելիք Մելջումը այդ բոլորը ետ ուղարկեց Թիֆլիս: («Խամսայի մելիքությունները», եր. 186):

«Շահը շնորհեց Մելիք Մելջումին այդ երեք արտոնությունները. 1. երբ և կամենա, կարող է անարգել կերպով ելևմուտ գործել իր մոտ. 2. ինչ որ խնդրելու լինի, նրա կամքը կկատարվի, արքունի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի» («Խամսայի մելիքությունները», եր. 186): «Բայց Մելիք-Մեջլումը այն աստիճանի հպարտ և անշահասեր մարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ խանին ոչնչացնել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների իշխանությանը» («Խամայի մելիքություններ», եր. 186):

«Շահը հոժարեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ Շուշին գրավելու և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար: Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան և նա ստիպվեցավ շտապել Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար»(«Խամսայի մել.», եր. 187):

«Նա (շահն) հայտնեց Ջավադ խանին և Մելիք—Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա: («Խամս. մել.», եր. 187):

«Ջավադ խանը Մելիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան»: («Խամս. մել.», եր. 187):

«Սողանլու կոչված տեղից, մելիք Մեջլումի միջնորդությամբ գերիներից Տփխիս վերադարձան տասն և երկու հազար վրացի և հայ գերվածներ[3] հանդերձ բոլոր եկեղեցական անոթներով և զարդերով» («Գաղտնիք», եր. 169):

«Շահն նվիրեց Մելիք-Մեջլումին մի առյուծադրոշմ շքանշան[4], երեկու ջորաբեռն ջխտանոց[5] արծաթ և երկիու քսակ ոսկի… նույն չափով և Ջավադ խանին» («Գաղտնիք», եր. 171): «Բայց առաջինն (Մելիք-Մեջլումն) չընդունեց (դրամները), բոլոր ճըռերի[6], Շուշու Իբրահիմ խանի և նրա կուսակիցների ջնջումը գերադաս համարելով, քան թե այդ դրամը, միայն ընդունեց շքանշանը, պատճառելով, թե ինքն բավական կլիներ միայն ճըռերի ջնջելովն և այն: Շահն ինքն անձամբ (այսինքն, որ շահն անձամբ մասնակցեր ճըռերի ջնջման գործին)։ («Գաղտնիք», եր. 172)։

«Եվ մինչդեռ հայ զորականաց սրտերը լցված ուրախությամբ և շահի տված խոստմամբ աճապարում էին Շուշի-հանկարծ շահն մի նամակ ստացավ Պարսկաստանից, որն հայտնում էր շահին, թե զորավոր ապստամբություններ երևան ելած էին Ղանդահարի և Հերաթի կողմերում: Հարկ էր փութալ ի Պարսկաստան: («Գաղտնիք», եր. 170):

«Շահն հայտնեց Մելիքին (Մելիք-Մեջլումին), որ ինքն ստիպված էր փութալ ի Պարսկաստան… և խոստացավ առաջիկա գարնան կրկին գալ գրավել Շուշին և կատարել յուր խոստումները»: («Գաղտնիք», եր. 171):

«Շահն շնորհակալությամբ հանդերձ հրաժարական ողջույն տալով Մելիքին (Մելիք- Մեջլումին) և Ջավադ խանին հեռացավ Գանձակից»: («Գաղտնիք», եր. 172):

Վերևում գրած մի շարք զուգահեռական համեմատություններից պարզ երևում է, որ կամ «Խամսայի մելիքությունների» հեղինակը-ես-գողացել է «Գաղտնիքից» կամ «Գաղտնիք»-ի հեղինակը՝ Աբրահամ Բեկնազարյանը, գողացել է «Խամսայի մելիքություններից»: Ես «Գաղտնիք»-ից գողանալ չէի կարող, որովհետև երբ Աբրահամ Բեկնազարյանը գրում էր հիշյալ տողերը (1795 թ.), ոչ թե ես ծնված չէի, այլ իմ հայրն անգամ ծնված չէր։ Բացի դրանից, «Խամաայի մելիքությունները» լույս է տեսել 1882 թվին, իսկ «Գաղտնիք»-ը այս տարի —1886 թվին։ Առաջինը երկրորդից օգուտ քաղել չէր կարող։

Բայց պետք է խոստովանել, որ Աբրահամ Բեկնազարյանը նույնպես չէր կարող օգուտ քաղել «Խամսայի մելիքություններից», որովհետև նա մեռել է այդ գրքի լույս տեսնելուց 58 տարի առաջ —1828 թվին։

Ուրեմն ո՞վ է գողը…

Գողն ինքն իրան կգտնվի… բայց ես ավելորդ չեմ համարում հիշել մի զրույց։ Մի մարդից փողեր գողացան, նա ծիծաղելով ասաց— թո՜ղ տանե, շատ խեր չի տեսնի, նրանց միջում մեկը ղալբ (կեղծ) էր…

Նույնը կրկնում եմ և ես։ «Խամսայի մելիքություններից» առնված քաղվածքների մեջ մի խոշոր պատմական սխալ կա և այդ սխալը նույնությամբ մտել է «Գաղտնիք»-ի մեջ։ Այն կտորը, թե Աղա-Մամադ-շահը թողեց Շուշի բերդը գրավելու մտադրությունը և շտապեց Պարսկաստան՝ Ղանդահարի և Հերաթի ապստամբությունները զսպելու համար,— դա բոլորովին սխալ էր, այսպիսի ապստամբություններ ոչ տեղի են ունեցել, և ոչ էլ Աղա-Մամադ-շահը գնացել է նրանց զսպելու։

Թե ի՞նչն է սխալացրել ինձ, այդ ես գիտեմ, և իմ սխալը ինքս ուղղում եմ։ Բայց ինչ որ ներելի կարող է լինել ինձ, որ գրել եմ «Խամսայի մելիքությունները» հիշյալ անցքից 87 տարի հետո,— այն չէ կարող ներելի լիներ Աբրահամ Բեկնազարյանին, որ ոչ միայն գրում է հիշյալ երևակայական արշավանքի պատմությունը, այլ ինքը Աղա-Մամադ-շահից զորապետ կարգվելով 10,000 սարվազով գնում է Աղվանստան Ղանդահարի և Հերաթի ապստամբությունները նվաճում է, և տեղային խաներին կոտորում է, նրանց որդիներին հաջորդ է կարգում և այսպիսով, խաղաղացնում է մի ամբողջ երկիր (եր. 221—222)։

(Հիշյալ արշավանքի մասին «Գաղտնիք»-ից առած վկայությունները դրեցինք այս գլխի սկզբում, նորից կրկնել ավելորդ ենք համարում)։

Բայց ինչո՞վ բացատրել այդ հանելուկը։ Ահա ինչով. Մակար վարդապետը ցանկացել է յուր ստեղծած պատմագիրներին—հայր և որդի Բեկնազարյաններին—ուղարկել Պարսկաստան, որ նրանք աղբյուրի հենց մաքուր ակնից քաղեն բոլոր տեղեկությունները և արձանագրեն «Գաղտնիք»-ի մեջ: Այդ նպատակով նա որդի Բեկնազարյանին մտցրել է Աղա-Մամադ-շահի պալատը։ Այնտեղ նա պարսկերեն է սովորում, շահի գաղտնի նամակները, հրովարտակները, շրջաբերականներն է ընդօրինակում և, միևնույն ժամանակ, նրանց օրինակները մտցնում է «Գաղտնիք»-ի մեջ։ (Այդ տեսանք Գ-րդ գլխում)։ Մնում է Բեկնազարյանը։ Մակար վարդապետը մտածել է դրա համար ևս մի նպատակահարմար պաշտոն գտնել։ Եվ կարգել է նրան զորապետ Աղա-Մամադ-շահի մոտ, որպեսզի նրա բոլոր զինվորական գործողությունների գաղտնիքները իմանա և նույնպես մտցնե «Գաղտնիք»-ի մեջ։ Բայց նրան պետք է մի որևէ գործ տալ, որի մեջ հայտնվի, նշանակություն ստանա։ Մակար վարդապետը «Խամսայի մելիքությունների» մեջ կարդացել է, թե ինչ որ Հերաթի և Ղանդահարի ապստամբություններ են եղել։ Եվ այդ զուտ ոսկու տեղ ընդունելով, իսկույն օգուտ է քաղել և Աբրահամ Բեկնագարյանին ուղարկել է Աղվանիստան, որ նույն ապստամբությունները զսպող հերոսը դառնա։

Այժմ, կարծեմ պարզ է, թե ո՞վ է գողը...

Եթե ուրիշ ոչինչ չլիներ, Աղվանստանի երևակայական արշավանքն միայն բավական էր ցույց տալու «Գաղտնիք»-ի կեղծությունը։

Աղա-Մամադ-շահը այնքան զբաղված էր բուն Պարսկաստանի ներքին գործերով, և դեռևս այնքան շատ գործ ուներ տեղային խաների հետ, մինչև կարողանար բոլորին նվաճեր և ի մի ձուլել ամբողջ Պարսկաստանը, որ նա Պարսկաստանի սահմաններից դուրս աշխարհակալություններ անելու ոչ ժամանակ ուներ և ոչ ցանկություն:

Աղա-Մամադ-շահի օրերում Աղվանիստանը նույնքան և գուցե ավելի զորեղ մի իշխանություն էր, որքան Պարսկաստանը, և ամենևին կախում չուներ վերջինից, որ Աղա-Մամադ-շահը ստիպված լիներ կամ ինքը գնալ, կամ Աբրահամ Բեկնազարյանին ուղարկել՝ տեղային ապստամբությունները զսպելու։

Դեռ շատ ժամանակ չէր անցել այն օրից (ընդ. 68 տարի), որ սեֆևիների գահի վրա, Սպահանում, նստում էին աղվանները։ Նադիր-շահի հզոր ձեռքը միայն կարողացավ մաքրել Պարսկաստանը աղվանցիներից։ Այլևս ի՞նչ հարկ կար, որ Աղա-Մամադ-շահը իր զգույշ ձեռքը մխեր օձերի բույնի մեջ…

Բայց մի անցք շտապեցրեց Աղա-Մամադ-շահին, Թիֆլիսի ավերումից հետո թողնել Շուշի բերդը և շտապել Պարսկաստան։

Այդ անցքը ոչ թե Ղանդահարի և Հերաթի ապստամբություններն էին, այլ Բուխարայի թաթարների հարձակումները Աղա–Մամադ-շահի նոր հիմնած պետության սահմանների վրա։ Եթե Մակար վարդապետը գիտենար այդ, տարակույս չկա, որ նա Աբրահամ Բեկնազարյանին այլևս Աղվանիստան չէր ուղարկի, այլ Բուխարա կուղարկեր թաթարներին զսպելու համար։

Թաթարներին պատժելու նպատակով սկսված արշավանքը Աղա-Մամադ-շահը սքողեց Խորասանի ուխտագնացության պատրվակով։ Այդ պատրվակի ներքո թաքնված էր մի այլ նպատակ ևս, այն է՝ ձեռք բերել Նադիր-շահի գանձերը, որ դեռևս մնացել էին նրա ժառանգների մոտ։

Այդ էր պատճառը, որ Թիֆլիսից Պարսկաստան վերադառնալուց հետո, նա անմիջապես դիմեց դեպի Խորասան։

Դեռ կենդանի էր կուրացյալ Շահ-Ռուխը՝ Նադիր-շահի թոռը, երբ Աղա-Մամադ-շահը հասավ Խորասանի սրբազան քաղաքը, Մաշհադ, դժբախտ թագավորը դիմավորեց նրան և, նրա ձեռքից բռնելով, տարավ իմամի սրբավայրը։ Այստեղ Աղա-Մամադ-շահը յուր աղոթքը կատարելուց հետո, սկսեց Շահ-Ռուխից պահանջել Նադիր-շահի գանձերը։ Ծերունի թագավորի բոլոր աղաչանքներն ապարդյուն եղան ամոքելու Աղա-Մամադ-շահի ագահությունը։

Նա սկսեց սարսափելի չարչարանքներով տանջել նրան։ Յուր անգթությունը այն աստիճանի հասցրեց, որ դրեց Շահ-Ռուխի գլխին մի պսակաձև շրջանակ և նրա մեջը հալած արճիճ լցնել տվեց։ Այսպխսով ստացավ նա այն խոշոր հակինթը[7], որ մի ժամանակ զարդարում էր Ովրանգզեբայի թագի ճակատը, և որը բերել էր Նադիր-շահը Հնդկաստանից։ Յուր կրած տանջանքներից Շահ-Ռուխը և նրա հետ հանգավ ավշարների թագավորության վերջին շառավիղը[8]։

Խորասանից Աղա-Մամադ-շահը պատրաստվում էր գնալ Բուխարա թաթարներին պատժելու, երբ լսեց, որ ռուսները նոր զորքեր են ուղարկել Անդրկովկաս։ Այնտեղից ուղղակի դիմեց Շուշի, առանց պատերազմի գրավեց, և այնտեղ սպանվեցավ յուր երկու սպասավորներից (1797 թ.)։

Եվ այսպես Աբրահամ Բեկնազարյանի գործունեությունը Պարսկաստանում սկսվում է մի առասպելից—այն է՝ Աղվանիստանի արշավանքից, որ բնավ պատմական հիմք չունի։ Աղա–Մամադ–շահի օրերում մի այդպիսի արշավանք տեղի չի ունեցել։

Աղվանիստանի արշավանքը տեղի է ունեցել ոչ թե Աղա–Մամադ–շահի օրերում, որ նրա հերոսը երևակայական Աբրահամ Բեկնազարյանը լիներ, այլ նրա հաջորդ Ֆաթալի–շահի օրերում։ Այդ ժամանակ Աղվանիստանի թագավոր Զաման շահը յուր ասպատակություններով սարսափի մեջ էր դրել ամբողջ Հնդկաստանը: Հնդկական թագավորները, մինը մյուսից հետո, ընկնում էին նրա զորության առջև: Եվ որովհետև Զաման շահի տիրապետությունները սաստիկ վնասում էին անգլիացիների շահերին Հնդկաստանում, այդ պատճառով անգլիական քաղաքագիտությունը հաջողեցրեց Թեհրանում Ֆաթալի-շահին յուր զորքերով շարժել դեպի Աղվանիստանի սահմանները, որպեզի Զաման շահը ստիպված լինի թողնել Հնդկաստանը և վերադառնա յուր երկիրը պաշտպանելու պարսիկներից: Այդ արշավանքը կատարելու համար, մի քանի տարի շարունակ, Ֆաթալի-շահը ստանում էր անգլիացիներից օրեկան 1000 թուման ոսկի[9]:

Ո՞ւր մնաց Աբրահամ Բեկնազարյանը, որ մինչև անգամ չգիտե, որ յուր 10.000 սարվազով նվաճած Աղվանիստանի տիրապետողները հասարակ խաներ չէին, այլ սարսափելի Զաման շահն էր:

Ֆաթալի-շահի օրերում Բեկնազարյանները դարձյալ շարունակում են մնալ պարսից ծառայության մեջ, բայց թե ինչ է նրանց պաշտոնը,—այդ մասին որոշ հիշատակություններ չկան «Գաղտնիք»-ի մեջ, միայն մի տեղում կարդում ենք հետևյալ մթին խոսքերը.

«Ֆաթալի շահը յուր նախորդի պես սիրեց զիս (որդի Բեկնազարյանին) և հայրս (հայր Բեկնազարյանին): Վերջինս (հայր Բեկնազարյանը), թեև բազմիցս թախանձանոք ազատության (՞) հրաման խնդրեց առաջինից (Ֆաթալի խանից) հայերնիք վերադառնալու, սակայն անկարելի եղավ զայն ստանալը, քանզի Աբաս Միրզան (թագաժառանգը) Միշտ առարկում էր պատճառաբանելով (ես շատ հարկավորություններ ունեմ քո (հայր Բեկնազարյանի) ներկայության իմ Ղարաբաղում գործ դնելու նպատակներիս համար, իսկ շահական դիվանն քո որդի Ալլահվերդու (Ապրես Բեկնազարյանի) ներկայության, գաղտնի նամակներ գրելու և խորհրդապահության համար» (եր. 245):

«Գաղտնիք»-ի գլխավոր հեղինակը-Ապրես Բեկնազարյանը, արդեն սկսեց մահմեդական անունով Ալլահվերդի կոչվիլ: Այդ անունը պետք է մտքումը պահել, որովհետև դրա մասին կխոսվի հետո:

Իսկ վերևի մթին տողերը պարզելու համար, ավելորդ չէր լինի հիշեցնել ընթերցողին իր հետազոտության Գ-րդ գլխի մի քանի տեղերը:

Մենք տեսանք, որ Բեկնազարյաններին բերեց Պարսկաստան Աղա-Մամադ-շահը: Մենք տեսանք, որ որդի Բեկնազարյանցի պարսկերեն սովորելը հիշյալ շահի պալատում տևեց մի տարի միայն: Իսկ նրա ֆրանսերեն սովորելը բանտարկյալ հայ-կաթոլիկ վարդապետից՝ նույնքան ժամանակ: Մենք ապացուցեցինք և այն, որ այդ բոլորը առակաբանություն է, որովհետև Ապրես Բենազարյանը ոչ շահի պալատում է եղել և ոչ պարսկերեն կամ ֆրանսերեն է սովորել:

Սպանվում է Աղա-Մամադ-շահը և գահակալում է Ֆաթալի շահը:

Այժմ Ֆաթալի-շահի դիվանը կարոտություն ունի՝ մի տարվա մեջ պարսկերեն և ֆրանսերեն սովորած մի քսանամյա պատանու-Ապրես Բեկնազարյանին… (Մակար վարդապետը միշտ մոռանում է նրա հասակը): Շահական դիվանը հարկավորություն ունի նրա ներկայությանը՝ «գաղտնի նամակներ գրելու և խորհրդապահության համար»...Եվ այդ խոսքերը ո՞վ է ասում,-Աբաս Միրզան՝ Պարսկաստանի երևելի թագաժառանգը, որ յուր խորին քաղաքագիտությամբ մատների վրա է խաղացնում յուր ժամանակի թե ռուսաց և թե եվրոպացոց ներկայացուցիչներին, և որի դռանը այդ ժամանակ վխտում էին ոչ միայն երկրի ամենատաղանդներով պարսիկ դպիրները, այլ շատ նշանավոր հայ և եվրոպացի ծառայողներ:

Բայց ի՞նչն է ստիպել Մակար վարդապետին այս տեսակ երեխայական միամտությամբ՝ յուր քսանամյա Ապրես Բեկնազարյանին մտցնել «շահական դիվանի» մեջ և պարսից գաղտնիքները նրա ձեռքը տալ, — այդ հարցին կպատասխանի ինքը Ապրես Բեկնազարյանը։

Բերելով մի շարք նամակներ, որ Ֆաթալի-շահը ստացել է զանազան տեղերից, նա ավելացնում է.

Ցանկալի էր մեզ բոլոր նամակները նույնությամբ արտագրել այստեղ («Գաղտնիք»-ի մեջ), բայց այդ բոլորովին անկարելի էր, վասնզի հարկ էր հատորներ կազմել մեծաթիվ քանակությամբ։ Դիվանական թղթոց կարգադրությունն, գաղտնի նամակաց պատասխաններն, շրջաբերականների գրություններն և արտաքին հարաբերական թղթակցություններն հափշտակում էին մեր ժամանակի ամենամեծ մասը։ Ահա պատճառներն, որոնց ստիպյալ մենք համառոտում ենք հաճախ թղթակցությունները, բայց ոչ սակավ։ Թողնում ենք հիշեցնել այն կասկածելի երկյուղը, որ պաշարում էր զմեզ այսպիսի գաղտնի նամակները (որքա՞ն գործ է ածում գաղտնի բառը «Գաղտնիք»-ի մեջ), մանավանդ պարսկերենը արտագրելու կամ համառոտագրելու ժամանակ («Գաղտնիք»-ի մեջ մտցնելու համար)։ Եթե հայտնվեր մեր այդ գաղտնի ձեռնարկությունն Պարսից կառավարության՝ մահվան վտանգն պատրաատ էր մեզ համար նույն րոպեին: (եր. 275)։

Կարդալով այս տողերը, մարդ չգիտե՝ ծիծաղե՞ թե զարմանա։ Մի՞թե Ֆաթալի-շահը վեզիրներ-վեքիլներ և այլ պաշտոնակատարներ չէ ունեցել, որ յուր կառավարության բոլոր թե ներքին և թե արտաքին գործերը հանձնել է մի որևէ Ապրես Բեկնազարյանի ձեռքը։

Ֆաթալի-շահի օրերից շատ ժամանակ չի անցել. եթե մի այսպիսի անձնավորություն գոյություն ունենար, հարկավ չէր մոռացվիլ ոչ ժողովրդի հիշողությունից և ոչ պատմությունից։ Բավական է կարդալ «Խամսայի մելիքությունների» 347—357 երեսները, այնտեղ կարելի է գտնել Ֆաթալի-շահի և նրա հաջորդների օրերում, Պարսկաստանում հայտնի եղած, բոլոր հայազգի պաշտոնակալների անունները, որ երեսունից անցնում է։ Այդ անունների ցանկում ոչ Ապրես Բեկնազարյանի և ոչ նրա հոր անունը կա։

Եվ, վերջապես ինչպե՞ս եղավ, որ այդ մի զույգ հայր և որդի Բեկնազարյանները, որոնք պարսից երեք թագավորների՝ Աղա-Մամադ-շահի, Ֆաթալի-շահի, Մամադ-շահի և մի

27 Րաֆֆի. Երկերի ժողովածու, հ, X թագաժառանգի՝ Աբաս-Միրզայի մոտ այնքան մեծամեծ պաշտոններ էին վարում, և այդ թագավորների ամենասիրելիներն էին, բայց ոչ մի աստիճան և ոչ մի տիտղոս չստացան: Հայր Բեկնազարյանը ծառայում է 33 տարի (1795-1828), իսկ որդի Բեկնազարյանը 43 տարի (1795-1838), բայց երկուսից և ոչ մեկը որևէ աստիճան չէ ստանում: Պարսից թագավորները տիտղոսներ և աստիճաններ շնորհելու մեջ ժլատ չեն, այլ ընդհակառակն, շատ առատաձեռն են: Հիշյալ թագավորների օրերում հայերը ստացան խիստ փայլուն և խիստ փառավոր տիտղոսներ, ստացան և բարձր աստիճաններ: Ես կհիշեմ մի քանիսի անուններն միայն:

Մանուչար-խանը ստացավ «մոհթամեդ դովլե» տիտղոսը, որ նշանակում է նեցուկ կամ սյուն պետության: Դա Աղա-Մամադ-շահի Թիֆլիսից տարած գերիներից էր, Էնիկոլոփյանների տոհմից: Պարսկաստանում այն աստիճանի բարձրացավ, որ Ֆաթալի-շահի օրերում վարում էր Կասպից ծովի հարավային նահանգներին՝ Գիլանի, Մազանդարանի փոխարքայության պաշտոնը: Իսկ Մամադ-շահի օրերում Սպահանի և ամբողջ պարսկական Արաբիստանի փոխարքան դարձավ: Ռուսաց թագավորը ուղարկեց նրան մի թանկագին, ակնակուռ դաշույն: Եվ մինչդեր ռուսաց Պարսկաստանի լիազոր դեսպանը՝ կոմս Մեդդեմը, պատրաստվում էր այդ ընծան մատուցանել, նա արդեն մեռած էր (1847 թ.)[10]:

Խոսրով խանը ստացավ «վալի» տիտղոսը, որ նշանակում է տիրապետող, իշխան, յուր չափազանց ուժեղության պատճառով, նա կոչվում էր և «շիր», որ նշանակու է առյուծ: Դա նույնպես Աղա Մամադ-շահի Թիֆլիսի տարած գերիներիցն էր, տեր Սամուելի որդին, Ղայթմազյան տոհմից: 1838 թվին կարգվեցավ փոխարքա Ֆարսիստանի և խաղաղացրեց Սպահանի խռովությունները, որ տեղի ունեցան Ֆաթալի-շահի վախճանվելուց հետո[11]:

Սուլեյման-խանը նույնպես Էնիկոփյանների տոհմից էր, ստացավ «սամը-դովլե» տիտղոսը, որ նշանակում է սուր պետության: Դա մի նշանավոր զորավար էր, երկար ժամանակ վարեց Շիրազի, Բակտրիայի, Լոռիստանի, Շուշթերի և Դասֆուլի փոխարքայության պաշտոնները[12]։

Այլևս չեմ հիշում Յուսուֆ խան «ըսփանդիար»—ին (մարզպան), որ Արաղստանի կուսակալն էր և Զոհրապ խան «խազենադար—շահրիար»—ին, որ Ֆաթալի—շահի փեսան և նրա պետական գանձարանի կառավարիչն էր։ Չեմ հիշում և մի քանի տասնյակ այլ հայերի անուններ, որ մեծամեծ պաշտոններ էին վարում և զանազան տիտղոսներ էին կրում,—բայց կհիշեմ մեկին, որ Ամիր դիվանխանա տիտղոսն էր կրում, որ նշանակում է՝ պետական դիվանի գլխավոր կամ պետը։ Դա էր Աղա—Բահրամ ներքինին, որ մահմեդականացած հայ էր։ Ահա դա էր «շահական դիվանի» գլխավորը[13] և ոչ թե երևակայական Ապրես Բեկնազարյանը, որին Մակար վարդապետը զոռով մտցրել է շահի դիվանի մեջ, որպեսզի այնտեղից «Գաղտնիք»—ի համար գաղտնիքներ ժողովե…

Թե հայր և թե որդի Բեկնազարյանները այն աստիճան տգետ են Պարսկաստանի վերաբերությամբ և այն աստիճանի անծանոթ են իրենց ժամանակի անցքերի և անձիքների հետ, որ իրանք իրանց մատնում են, որ այդ մարդիկը Պարսկաստանը բնավ չեն տեսել:

Բեկնազարյանները հիշեցնում են այն հայտնի ստախոսին, որ հիացած պատմում է յուր բարեկամին, թե որպիսի զարմանալի մժղուկներ, փոքրիկ պողոճներ և թիթեռներ տեսավ մուզեոնում։ Իսկ երբ բարեկամը նրանից հարցրեց, դու տեսա՞ր այնտեղ փղին։ Նա պատասխանեց—«մի՞թե նա այնտեղ էր»:

Բեկնազարյանները նույնպես մժղուկներին տեսնում են Պարսկաստանում, իսկ այն հսկա հայ փղերին, որ իրենց հզոր ուսերի վրա էին տանում Պարսկաստանի կառավարության ծանրությունները,—դրանց չեն տեսնում։

Նրանք գիտեն, որ Աղա—Մամադ—շահի կանանոցում երկու վրացի աղախիններ կային, մեկի անունը Էլիզա էր, մյուսինը՝ Թամարա (եր. 230)։ Նրանք գիտեն, որ Աբաս Միրզան մի վրաց լրտես ուներ, անունը Սուլի էր, գիտեն, որ այդ Սուլին կրոնը փոխել էր «Քյապա ուխտի էր գնացած և Քեալպալայի Հայտար էր կոչված» (եր. 247)[14]։ Նրանք գիտեն և այն, որ Ղարաբաղից Պարսկաստան փոխադրված հայ գերյաց մեջ երևելի եղան հադրութեցի Հովսեփ Ներսիսյանցը և Փառուխ Ամիրխանյանցը, որոնք Աբաս Միրզայի հոգատարությամբ ստացան լավ կրթություն և պարսկերեն ուսում և մտան շահական դիվանատունն գրագրության պաշտոնով։ Սոքա հետզհետե այնպես կատարելագործեցին այդ մասնաճյուղը (՞), մինչև անգամ ստացան «Միրզա» տիտղոսը[15] որոնք կոչվեցան Միրզա Յուսուֆ և Միրզա Ֆարուխ (եր. 391)։

Այդ բոլորը գիտեն Բեկնազարյանները, որովհետև ամեն մի ղարաբաղցի գիտե, թե ո՛վ է Միրզա Ֆարուխը, կամ ով է Միրզա Յուսուֆը, գիտե մինչև անգամ Մակար վարդապետը, բայց այն անձիքը, որ իսկապես փառավոր տիտղոսներ ստացան, նրանց մասին տեղեկություն չունի Մակար վարդապետը, և այդ պատճառով նրանց անունները չեն մտնում «Գաղտնիք»—ի մեջ։ Ինչ որ Մակար վարդապետը չգիտե, այն չգիտեն և «Գաղտնիք»—ի մի զույգ հեղինակները…

Դիմենք փաստերին։

Վերևում արդեն հիշեցինք թե Բեկնազարյանների օրերում ինչ նշանավոր հայազգիներ կային Պարսկաստանում, և ինչ բարձր պաշտոններ էին վարում։ Եթե իսկապես Բեկնազարյանները նույնպիսի բարձր պաշտոններ էին վարում պարսից շահերի դռանը, որպիսին իրանք ցույց են տալիս «Գաղտնիք»—ի մեջ, այդ դեպքում շատ տարօրինակ պետք է համարել, որ նրանք մյուս հայազգի ծառայողների հետ հարաբերություններ չունենային և նրանց մասին մի որևէ հիշատակություն չանեին իրանց պատմության մեջ: Առիթներ շատ կային և այդ առիթները ես ցույց կտամ:

Ապրես Բեկնազարյանը յուր մի քանի ամիսների մեջ սովորած պարսկերենով դառնում է Ֆաթալի—շահի դիվանի ոչ միայն ներքին գործերի ատենադպիրը կամ քարտուղարը, այլև նրա «արտաքին հարաբերական թղթակցությունների» խորհրդականն և թարգմանն է դառնում (եր. 275): Դրա համար պետք է գիտենալ եվրոպական լեզուներ: Եվ որովեհետև պարսից արտաքին հարաբերությունների մեջ ընդունված լեզուն ֆրանսերենն է, նա այդ լեզուն դարձյալ մի քանի ամիսներում սովորում է բանտարկյալ հայ—կաթոլիկ վարդապետից հենց բանտի մեջ…(եր.299):

Բայց Ֆաթալի—շահի պալատում այդ պաշտոնը կատարում էր ոչ թե Ապրես Բեկնազարյանը, այլ մի ուրիշ նշանավոր հայազգի, մի կատարյալ եվրոպական կրթություն ստացած դիվանապետ, որ Դռան առաջին թարգմանը և միևնույն ժամանակ, թագավորի արտաքին գործերի խորհրդականն էր: Դա էր Դավիթ խան մելիք Շահնազարյան դե—Շապուրը, որը Նապոլեոն առաջինի օրերում Ֆաթալի—շահի կողմից ուղարկվեցավ Փարիզ, իբրև լիազոր դեսպան[16]:

Դրան չեն ճանաչում Բեկնազարյանները:

Վախաճանվում է Ֆաթալի—շահը և գահակալում է Մամադ—շահը: Այդ մասին հինգ տող միայն նվիրված է երկհատոր «Գաղտնիք»—ի մեջ, այն ևս լի սխալներով:

«1834 թվին վախճանվեցավ Ֆաթալի շահն և հանդիսով թաղվեցավ շահերի հատուկ դամբարանում[17]: Գահակալության կարգն թեև Մահմադ—Միրզային չէր պատկանում (ինչո՞ւ), սակայն հաջողեցավ գահն բարձրանալ, որ և կոչվեցավ Մամադ շահ» (եր. 390): Օրինավոր ժառանգը հենց Մամադ-Միրզան էր, այսինքն՝ թագաժառանգ Աբաս-Միրզայի որդին, նախ՝ այն պատճառով, որ հանգուցյալ Ֆաթալի-շահը յուր կտակի մեջ նրան էր նշանակել գահակալ, երկրորդ, որ Պարսկաստանի թե ռուսաց և թե անգլիացոց ներկայացուցիչները նրան էին ճանաչում իբրև օրինավոր ժառանգ և ամեն կերպով աշխատում էին, որ հանգուցյալ թագավորի կտակը կատարված լինի։

Բայց «Գաղտնիք»-ի հեղինակը չգիտե, թե այդ ժամանակ գահակալության առթիվ ինչ խռովություններ ծագեցան Պարսկաստանում։ Եթե իրավ, նա մի որևէ պաշտոն էր վարում Ֆաթալի-շահի դռանը, այդ խռովությունները պետք է հետաքրքրեին նրան, մանավանդ այն պատճառով, որ հայ պաշտոնակալները այդ միջոցին մեծ դեր կատարեցին։

Ֆաթալի-շահը բազմացնելով յուր կանանց թիվը, բազմացրեց միևնույն ժամանակ յուր որդիների թիվը։ Դեռևս իր կենդանության ժամանակ նրանց Պարսկաստանի զանազան նահանգների փոխարքաներ կարգեց: Երբ վախճանվեցավ, որդիներից յուրաքանչյուրը աշխատում էր թափուր մնացած գահի ժառանգը ինքը լինել» Մի քանիսը իրենց կառավարության ներքո գտնվող նահանգներում իրանց թագավոր հրատարակեցին։ Միաժամանակ զանազան թագավորների անկարգություններից, երկիրը ընկավ կատարյալ անիշխանությունների մեջ։ Ներքին կռիվները, երկպառակությունը հուզման մեջ էին պահել ամբողջ Պարսկաստանը։ Ամեն կողմում տիրում էր արյունահեղություն և ասպատակություն։ Ամեն մի ժառանգ աշխատում էր կաշառքով և խոստումներով իրան թագավոր ճանաչել տալ։ Թեհրանում Ալի-շահ-Միրզան բաց արեց հոր հարուստ գանձերը և մի օրվա մեջ երկու միլիոն թուման բաժանեց զանազան ազդեցություն ունեցող անձիքների, որ իրան թագավոր ճանաչեն։ Պարսից ավագանին, Ռամազանի տոնին, հագցրեց նրան արքայական ծիրանին, նստեցրեց գահը և թագավոր հրատարակեց[18]:

Այդ անկարգությունների միջոցին օրինավոր թագաժառանգը, Մամադ-Միրզան գտնվում էր Թավրիզում, որտեղ վարում էր Ատրպատականի փոխարքայության պաշտոնը։ Ռուսաց և անգլիացոց քաղաքականությունը սաստիկ մաքառման մեջ էր, յուրաքանչյուրը աշխատում էր, որ յուր միջամտությամբ և ջանքերով թագաժառանգին գահ բարձրացնե, որ նրան պարտավորեցնե։ Բայց Թեհրանում գահի վրա արդեն բազմած էր Ալի-շահ-Միրզան։

Թագաժառանգին Թեհրան տանելու և ինքնակոչ թագավորին այնտեղից վանելու համար, ոչ բավական զինվորական ուժ կար և ոչ նյութական կարողություն։ Արքունի գանձարանը գրավել էր Ալի-շահ-Միրզան և իր կեղծ դիրքը պահպանելու համար շռայլաբար վատնում էր։

Պարսկաստանի ռուսաց դեսպանը՝ կոմս Սիմոնովիչը և անգլիացոց դեսպանը՝ սըր Ջոն Կամբըլ, այդ միջոցին Թավրիզումն էին գտնվում, թագաժառանգի մոտ։ Ռուսաց դեսպանը կամեցավ Անդրկովկասից 7000 զինվոր բերել տալ թագաժառանգին Թեհրան տանելու համար։ Բայց անգլիական ներկայացուցիչը խափանեց այդ ձեռնարկությունը։ Ատրպատականի պարսկական զորքերը շարժելու համար միջոցներ չկային։ Այդ ծախքը յուր վրա առեց անգլիական դեսպանը, այն պայմանով, որ պարսից զորքերի ընդհանուր հրամանատարը լինի մի անգլիացի զինվորական։ Առաջարկությունն ընդունվեցավ։ Պասմորը հրամանատար կարգվեցավ, իսկ սըր Հենրի Արթուր և Շի նշանակվեցան զորապետներ։ Այդ պատրաստությամբ թագաժառանգը Թավրիզից ճանապարհ ընկավ դեպի Թեհրան։ Նրա հետ էին ռուսաց և անգլիական դեսպանները: Դեռ երեք օրվա ճանապարհ մնում էր, մինչև կհասնեին պարսից աթոռանիստ քաղաքը, առաջինը, որ Թեհրանից յուր զորքերով դուրս եկավ թագաժառանգի առջև և ընդունեց նրան,—էր հայ ազգի Խոսրով խանի՝ «շիրը»—առյուծը։ Հետո Ռաշտից յուր հեծելազորքով վրա հասավ «Մոհթամեդ-դովլան»—պետության նեցուկը։ Դա էր հայազգի Մանուչար խանը, որ յուր անբավ հարստությունը—80.000 թուման դրեց թագաժառանգի առջև, որովհետև նա իր սկզբնական ծախքերի համար անգամ բավական փող չուներ։

Թեև Ալի-շահ-Միրզան 20.000 զինվորներից բաղկացած մի զորախումբ ուղարկեց ընդդիմադրելու յուր ախոյանին, բայց նրանք տեսնելով թագաժառանգի ահարկու զորությունը, առանց պատերազմի անձնատուր եղան։ Նոր թագավորը խոստացավ ներել յուր հակառակորդներին։ Այդ ժամանակ անձնատուր եղավ և Ալի-շահ-Միրզան։ Նա ցած իջավ գահից և այն թագը, որ բռնությամբ հափշտակել էր ցանկանում, յուր ձեռքով տարավ դրեց արքունի գանձարանը, և խոնարհեցավ ճակատագրի առջև[19] Այդ բոլորը կատարվեցավ, բայց «Գաղտնիք»-ի հեղինակը, որ անձամբ նոր թագավորի մոտ էր, ոչինչ չտեսավ, ոչինչ չիմացավ… նա չտեսավ և այն, որ հիշյալ խռովությունների միջոցում, հայազգի գեներալ Դավիթ խան Սագինյանի քաջությունը և թնդանոթները միայն կարողացան պահպանել Սպահանը մի սոսկալի ապստամբությունից, որին ոչ միայն պիտի զոհ գնային տեղային հայերը, այլ Պարսկաստանը պիտի ենթարկվեր մի այլ թագավորի բռնապետությանը՝ հանգուցյալ Ֆաթալի-շահի որդիներից, որին շատ դժվար պիտի լիներ հեռացնել յուր գահից[20]:

Ահա ինչու վերևում ես ասացի, թե առիթներ շատ կային, որ Բեկնազարյանները խոսեին իրենց ժամանակում Պարսկաստանում գտնված նշանավոր հայազգի պաշտոնակալների մասին, որոնք այնքան մեծամեծ գործեր կատարեցին, որոնք ոչ սակավ նպաստեցին ազատելու տատանվող պետությունը յուր ահեղ կործանումից։ Եվ եթե Բեկնազարյանները լռում են, այդ արդեն պարզ ապացույց է, որ նրանք ոչ Պարսկատանում են եղել, և ոչ պարսից թագավորների մոտ որևէ պաշտոն են կատարել։ Որովհետև նրանք բոլորովին մանր և չնչին բաների վրա ուշադրություն են դարձում, իսկ պատմական խոշոր երևույթները չեն տեսնում Մուզեոն այցելող ստախոսի նման` մժղուկներին տեսնում են, իսկ փղերին չեն նկատում…

Մի այլ փաստ, որի մեջ երևում է Բեկնազարյանների կատարյալ տգիտությունը Պարսկաստանի վերաբերությամբ։

Հայր Բեկնազարյանը հիվանդանում է։— Ո՞րտեղ։—Թավրիզում։ Չմոռանանք այդ։ Որդի Բեկնազարյանը այսպես է գրում յուր հոր հիվանդության մասին.

«Հայրս երկու ամաից ի վեր հիվանդ էր ընկողմանած անկողնում։ Հիվանդությունն ջերմի ամենասաստիկ տեսակիցն էր, այսուամենայնիվ շահի բժիշկներն հուսադրում էին, որ կառողջանա։ Թե որքան խնամք տարավ բարեխնամ Ֆաթալի-շահն հորս առողջության համար անկարելի է մի ըստ միոջէ նկարագրել այստեղ» (եր. 383)։

Հիշյալ ասացվածների մեջ նկատողության արժանի երկու կետ կա, առաջինը արդյո՞ք կարող էին շահի բժիշկները այցելել հիվանդին, երկրորդ, կարո՞ղ էր բարեխնամ Ֆաթալի-շահը հոգ տանել հիվանդին։ Ոչ առաջինը կարելի էր և ոչ երկրորդը։ Ինչո՞ւ, որովհետև հիվանդը դրված էր Թավրիզում, իսկ թե շահը և թե նրա բժիշկները կենում էին Թեհրանում։

«Գաղանիք»-ի մեջ միշտ շփոթում են Թավրիզը Թեհրանի հետ, պարսից շահերի մոտ ապրող Բեկնազարյաները չգիտեն, nր Թավրիզը պարսից աթոռանիստ քաղաք չէր, որ Ֆաթալի-շահը այնտեղ լիներ և խնամք տաներ հիվանդին։ Գոնե Բեկնազարյանները գիտենային թե ո՞վ էր այդ շահի բժիշկը:

Թե Ֆաթալի-շահի օրերում և թե նրա հաջորդ Մամադ-շահի օրերում պարսից Դռան արքունի բժիշկը հայազգի Դավիթ խան Մկրտչյան Կարպեցին էր, ասպետ և նշանակիր արեգական և առյուծո[21]։ Գոնե հիշեին այդ նշանավոր մարդու անունը, որ բացի բժշկությունից պարսից Դռան ազդեցություն ունեցող անձիքներից մեկն էր։

Վերջապես, հայր Բեկնազարյանը վախճանվում է (1828 թ.) և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղվում է Թավրիզի հայոց եկեղեցու գավթում։ Որդին այսպես է նկարագրում հոր թաղման հանդեսը.

«Ես չեմ կարող նկարագրել այստեղ այն դառն վշտերը և անփարատելի ցավերը, զորս պատճառեց ինձ հորս մահը: Բայց այսուամենայնիվ սակավ մխիթարություն չզգացի հուղարկավորության հանդեսի փառավորությամբն, որը կարգագրած էր բարեխնամ Աբաս Միրզան (պարսից թագաժառանգը)։ Հուղարկավորության հանդեսն կատարվեցավ զինվորական կարգաւ, որ ներկա էին շատ բարձր զինվորականք, ինքը Աբաս-Միրզան և բոլոր հայ ժողովուրդը (հայ հոգևորականներ չկան)։ Հորս մարմինը ամփոփվեցավ Թավրիզի հայոց եկեղեցվո գավթում, կից Մելիք-Աբովյան մելիք ժառանգ Առստամ բեկի գերեզմանին» (եր. 390)։

Թողնենք այն, որ պարսից կրոնի տրամադրությամբ թաղումը նկատվում է իբրև մի հոգևոր խորհուրդ և նրա վրա զինվորական հանդեսներ չեն կատարում։ Թողնենք և այն, որ Աբաս-Միրզան, պարսից թագաժառանգը, որ ավելի մեծ ազդեցություն ուներ, քան թե թագավորը, որքան և հայասեր լիներ, բայց դարձյալ իրան թույլ չէր տա Աբրահամ Բեկնազարյանի թաղման հանդեսին ներկա լինել։—Նկատենք միայն այն, թե ինչ մի տարաբախտ ժամանակ էր 1828 թվականը Պարսկաստանի համար, արդյոք Աբաս-Միրզան ժամանակ ունե՞ր Աբրահամ Բեկնազարյանի թաղման հանդեսներով զբաղվելու, երբ նույնիսկ Պարսկաստանը մահվան տագնապների մեջ էր, երբ նույնիսկ Պարսկաստանը մոտ էր յուր գերեզմանին…

Այդ այն ժամանակն էր, որ Աբաս-Միրզայի սիրելի զորքերը խորտակվել էին Պասկևիչի առջև, իսկ ռուսաց հաղթական զորքերը գրավել էին Ատրպատականի հայաբնակ գավառները։ Այդ այն ժամանակն էր, որ Թավրիզը, Աբաս-Միրզայի աթոռանիստ քաղաքը, նույնպես գրավված էր ռուսաց զորքերով։ Այդ այն ժամանակն էր, որ դուխուրղանյան և ապա թուրքմանչայի դաշնագրություններից հետո, Աբաս-Միրզայի և Պասկևիչի մեջ, Պարսկաստանը կորցնում էր յուր անդրկովկասյան գավառները, Երասխը դառնում էր սահմանագիծ, և Պարսկաստանը ենթարկված էր քսան միլիոն ղըռան պատերազմական տուգանքի։ Եվ վերջապես, այդ այն ժամանակն էր, որ Պարսկաստանը կորցնելով յուր ամենաբարեբեր երկրները, կորցնում էր միևնույն ժամանակ յուր ժողովրդի մի արդյունավոր մասը—հայերին։ Ղազարոս Լազարյանը ամենայն փութաջանությամբ Պարսկաստանի հայ գաղթականների ստվար խումբերը անց էր կացնում դեպի Երասխի մյուս կողմը, ռուսաց հողի վրա, և հայերի գաղթականությունը ավելի հոգսեր էր պատճառում Աբաս-Միրզային, քան թե պարսկական երկրների կորուստը։ Այդ խառնաշփոթ տագնապալի Ժամանակներում, որ տևեց երկու տարի (1827—1828), ծիծաղելի և ավելի քան ծիծաղելի կլիներ մտածել, թե Ֆաթալի-շահը զբաղված էր մի որևէ Աբրահամ Բեկնազարյանի հիվանդությունով, իսկ Աբաս-Միրզան՝ նրա թաղման հանդեսով… քանի որ նրանք շա՛տ և շա՛տ ուրիշ վերքեր ունեին դարմանելու…

Ես Թավիրզը շատ անգամ եմ տեսել, իսկ վերջին ժամանակներում, երկու տարի շարունակ, տեղային հայոց դպրոցում վարժապետության պաշտոն էի վարում։ Եկեղեցին կից էր դպրոցին։ Շատ անգամ հետաքրքրվել եմ այդ եկեղեցու գավթում դրած գերեզմաններով, որոնց թվում գտնվում է և իմ հարազատը… Այնտեղ ես գտա Մեսրոպ Թաղիադյանցի կնոջ գերեզմանը՝ յուր մարմարիոնի շիրիմով և անբախտ բանաստեղծի սրտառուչ տապանագրով։ Այստեղ դրած են և շատ եվրոպացիների գերեզմաններ, զանազան ազգություններից, որոնք առանձին գերեզմանատուն չունենալով, եկեղեցու զավթումն են թաղված։ Բայց Աբրահամ Բեկնազարյանի գերեզման չկա այնտեղ, եթե լիներ մի այնպիսի նշանավոր անձի գերեզման չէր մոռացվի։

Համարյա միևնույն ժամանակներում, երբ հայր և որդի Բեկնազարյանները Պարսկաստանումն էին, այնտեղ էր և Մեսրոպ Թաղիադյանցը, նախ Թավրիզում, հետո գնաց Սպահան, իսկ այնտեղից Հնդկաստան: Յուր «Պատմություն Պարսից» կոչված գրքի մեջ Թաղիադյանցը խոսում է պարսից վերջին թագավորների ծառայության մեջ հայտնի եղած նշանավոր հայազգի պաշտոնակալների մասին։ Ինչպե՞ս զանցառություն կտար Թաղիադյանցը Բեկնազարյանների նման երևելիներին, որոնք ինչպես ցույց է տալիս «Գաղտնիք»—ը, աղա—Մամադ-շահի, Ֆաթալի-շահի, Աբաս-Միրզայի և Մամադ-շահի—այդ երեք թագավորների և մի թագաժառանգի ոչ միայն սիրելներն էին, այլ նրանց կառավարության ամենագաղտնի թելերը իրենց ձեռքում ունեին։

Ես ինքս իբրև պարսկաստանցի, հետամուտ եմ եղել հավաքելու Պարսկաստանում հայազգի պաշտոնակալների կենսագրությանները։ Բայց Բեկնազարյանների անվանը երբեք չեմ հանդիպել։ Եթե այդ անձիքը գոյություն ունենային, իրենց բարձր դիրքով, անկարելի է, որ բոլորովին անհետ լինեին և ոչ մի հիշատակ չթողնեին Պարսկաստանում։

Նույնիսկ «Գաղտնիք»-ի մեջ Բեկնազարյանները պատած են մի տեսակ անթափանցիկ մռայլով, և պարզ չի երևում, թե այդ մարդիկը ի՞նչ պաշտոն էին վարում պարսից թագավորների Դռանը։ Հայրը զինվորական է։ Բայց զինվորականները, ինչպես ամեն պետության մեջ, նույնպեա և Պարսկաստանում, զանազան աստիճաններ ունեին։ Արդյոք հայր Բեկնազարյանը սուլթան էր, յավար էր, սարհանդ էր, սարթիփ էր, միրփանջ էր, սըփահ-սալար էր,—ի՞նչ էր, դրանք են պարսից զինվորական աստիճանները։ Նա մինչև անգամ խանության տիտղոս չունի: Բայց հանկարծ տեսնում ենք նրան 10.000 զինվորների հրամանատար… Որդի Բեկնազարյանը պարսից շահերի «գաղտնի նամակագիր է»: Ի՞նչ է նշանակում գաղտնի նամակագիրը։ Այս տեսակ պաշտոն չկա պարսից թագավորների արքունիքում։ Ինչպես ամեն թագավոր, նույնպես և պարսից թագավորը ունի զանազան կոչումներով և զանազան բաժանմունքներով վեզիրներ (մինիստրություններ) և յուրաքանչյուրի պարապմունքը որոշված է: Իսկ Ապրես Բեկնազարյանը միշտ մնում է Ապրես, ոչ մի տիտղոս չէ ստանում, բայց միևնույն ժամանակ, կառավարում է պարսից թագավորների ամբողջ պետական բարձր դիվանը…

Ինչո՞ւ Մակար վարդապետը չէ կամեցել յուր ստեղծած Բեկնազարյաններին մի որևէ տիտղոս տալ։

Շատ պարզ է թե ինչու։ Եթե, օրինակ, Մակար վարդապետը կոչեր Աբրահամ Բեկնազարյանին՝ «Իբրահիմ-խան-սարթիփ»—գեներալ-Աբրահամ-խան,— իսկ նրա որդի Ապրես Բեկնազարյանին՝ պարսկական անունով՝ «Աֆրիս-խան-ամիր-դիվանխանայի-ազամ», այսինքն՝ Ապրես խան-պետ—բարձ-դիվանի (որպես և համարում է նրան Մակար վարդապետը),—այդ դեպքում Բեկնազարյանները շատ կխոշորանային և աչքի կընկնեին, այնուհետև դժվար կլիներ նրանց թաքցնել։ Իսկ Մակար վարդապետը կամեցել է երկու նպատակի միանգամից հասնել, մի կողմից աշխատել է Բեկնազարյաններին այնպիսի երևակայական պաշտոնների մեջ մտցնել, որ կարողանան «Գաղտնիք»-ի համար նյութեր մատակարարել, իսկ մյուս կողմից՝ աշխատել է նրանց պահել փոքրության մեջ, որ հետո հեշտ լիներ կորցնել նրանց, որ հետքերը չերևան, որպեսզի անկարելի չինի ստուգել, արդյոք այդպիսի անձնավորություններ գոյություն ունեցել են, թե ոչ։

Չնայելով Մակար վարդապետի բոլոր նախազգուշություններին, «Գաղտնիք»-ի մեջ անգիտակցաբար սպրդնած են այնպիսի հիշատակություններ, որոնք ոչ միայն երևան են հանում Բեկնազարյանների ով կամ ինչ պաշտոնի տեր մարդիկ լինելը, այլ, միևնույն ժամանակ առաջ են բերում անթիվ հակազդություններ այն բոլոր փաստերի նկատմամբ, որոնց վրա հիմնված է «Գաղտնիք»-ը և որոնք այդ գրքի բովանդակությունն են կազմում։

Ժամանակ է լուծելու «Գաղտնիք»-ի գաղտնիքը և ցույց տալու այդ գրքի երևակայական հեղինակների ով լինելը։

Մակար վարդապետը ցանկացել է, որ «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակները բնիկ ղարաբաղցիներ լինեն։ Նա որոնել է «Խամսայի մելիքությունների» 347—357 երեսներում նշանակված Պարսկաստանի հայազգի պաշտոնակալների ցուցակը։ Նրանց թվում գտել է երկու ղարաբաղցիների անուններ։ Դրանցից մեկը մի ներքինի է Ֆաթալի-շահի կանանոցում, Աղա-Իբրահիմ անունով, իսկ մյուսը՝ Մամադ-շահի կնքապահն է, Ալլահվելդի-բեկ անունով։ Երկուսն էլ քրիստոնեությունն ուրացած և մահմեդականություն ընդունած հայեր են։ Բայց Մակար վարդապետը յուր վրա վստահ լինելով, թե նրանց կրոնափոխությունը կարող է ծածկել և յուր նպատակներին ծառայեցնել,— մեկին՝ Աղա-Իբրահիմ- ներքինիին, անվան մոտավորության համար դարձրել է Աբրահամ Բեկնազարյան, իսկ մյուսին՝ Ալլահվերդի-բեկին՝ դարձրել է նրա որդի Ապրես Բեկնազարյանը։ Մեկը «Գաղտնիք»-ի սկսողն է, իսկ մյուսը նրա շարունակողը և վերջացնողը։

Բերենք «Գաղտնիք»-ի վկայությունը։

«Մի օր հայրս ներկայացավ շահին,— գրում է որդի Բեկնազարյանը,— և հրաժեշտ տվավ զինվորական ծառայությունից, պատճառաբանելով թե ինքն արդեն ծերացած էր և պետք ուներ հանգստանալու։ Ֆաթալի շահն նախ շնորհակալություն հայտնեց հորս, սորա պարսից մատուցած ծառայությունների համար, ապա նշանակեց ցմահ բավարար թոշակ և ապա սույն խոսքերով ներքինապատությունը հանձնեց հորս։ «Հաճախ անկարգություններ են ծագում մեր անպիտան ներքինաց և կանանց մեջ, վասն որոյ մենք ցանկանում ենք քեզ նման մի ազդու մարդ ներքինապետ ունենալ, որով կդադարին ամեն անկարգություն և խռովություն։ Մեր օրինաց նկատմամբ ներքինապետությունն մեծ և պատվավոր պաշտոն է, քանզի շահական ներքին պատվո հսկողությունն է և հավատարմապահությունն։ Նույնպես մեր օրենքն արգիլում է վստահել այդ պաշտոնն չներքինացած մարդո, բայց որովհետև ժամանակն արդեն ձեզ ներքինացրած է, մենք այնպես կհռչակենք, որ մենք նախ ձեզ ներքինացնել տված և ապա ձեզ հանձնած ենք այս պաշտոնը» (եր. 309)։

Այդ քաղվածքի մեջ երկու նկատողության արժանի կետ կա, առաջինը, որ Մակար վարդապետը թաքցնում է Աբրահամ Բեկնազարյանի մահմեդականություն ընդունելը և դրա վրայով լռությամբ է անցնում, երկրորդ, որ թաքցնում է նրա ներքինիանալն, այսինքն՝ խզվիլն։ Առանց այդ երկու պայմանների, որ օրենքի նշանակություն ունին պարսից պալատում, անկարելի է ներքինի կամ ներքինապետ լինել և շահի պալատը մտնել, որքան և ծեր լիներ մի մարդ:

Բայց Մակար վարդապետը ստիպում է Ֆաթալի-շահին, հակառակ յուր կրոնի և պարսից արքունի ավանդական օրենքների, մի խոշոր սուտ հրատարակել. «Մենք այնպես հռչակենք, որ մենք նախ ձեզ ներքինացնել տված և ապա զձեզ հանձնած ենք այս պաշտոնը…»։ Որքան և ցանկանար Ֆաթալի-շահը, չէր կարող այդ սուտը հռչակել, որովհետև ներքինացնելու ծեսը գաղտնի չէ կատարվում, այլ կատարվում է հանդիսավոր կերպով բժիշկների և վկաների ներկայությամբ։ Բայց Մակար վարդապետի միամտության ծիծաղելի կողմը այն է, թե ի՛նչ կարողություն ուներ հզոր Ֆաթալի-շահը, որ իրան թույլ տար այդ տեսակ աչքակապություններ անել մի որևիցե Աբրահամ Բեկնազարյանի վերաբերությամբ, այն Ֆաթալի-շահը, որի հարուստ կանանոցը լցված էր ուրիշ ավելի նշանավոր հայազգի ներքինիներով և ներքինապետներով, որոնց ոչ միայն խզել էին տված,—այլ մահմեդականացրել էին։ Բավական է միայն ցույց տալ նախորդ գլխում հիշված Մանուչար խանին, որ նույնպես մի ժամանակ ներքինապետ էր Ֆաթալի-շահի կանանոցում,—Խոսրով խանին, որ նույնպես ներքինապետ էր Ֆաթալի-շահի կանանոցում[22]։ Ներքինիներ և ներքինապետներ էին նաև Աղա-Յաղուբը, մյուս Աղա-Յաղուբ երևանցին և Աղա-Բահրամը[23]։ Այդ դժբախտները ամենքը մահմեդականացրած հայեր էին…

Ֆաթալի-շահը ուներ երեք հարյուրի չափ կանայք և հազարից ավելի պալատական նաժիշտներ և հարճեր։ Այդ բազմությունը կառավարելու համար, իհարկե պետք էր ներքինիների և ներքինապետների մի ստվար պաշտոնեություն և նրանցից շատերը հայեր էին, կամ Աղա-Մամադ-շահի տարած գերիներից և կամ այն գերիներից, որ տարվեցան ռուս-պարսկական վերջին պատերազմներում, Ֆաթալի-շահի ժամանակ։ Գերին պարսկական օրենքներով անհատ չէ, այլ իր է։ Տերը կարող է նրա հետ ամեն կերպ վարվել։ Այդ է պատճառը, որ շատերին ներքինացրին։ Ֆաթալի-շահի Աղա-Իբրահիմ ներքինին —«Գաղտնիք»-ի Աբրահամ Բեկնազարյանը — Աղա-Մամադ-շահի Ղարաբաղից տարած գերիներից էր։ Եվ նրան խզել էին ոչ թե ծերության հասակում, այլ մանկության հասակում։

Պարսկաստանում ներքինացնելը կատարվում է երկու նպատակով. մեկը՝ քաղաքական նպատակով, որ նա ժառանգներ չթողնե, ինչպես օրինակ, Աղա-Մամադ-շահը ներքինիացրած էր,- մյուսը՝ հարեմական նպատակով։ Թե առաջինը և թե երկրորդը կատարվում են մանկության հասակում, երբ մանուկը տակավին անչափահաս է։

Եվ այդ ընդունված սովորությունների համեմատ տարակույս չկա, որ Աբրահամ Բեկնազարյանը պետք է ներքինի դառնար նույն հասակում, որ փոքր առ փոքր վարժվելով կանանոցի կարգերի հետ ծանոթանալով, այնքան մեծանար, որ վերջը մինչև ներքինապետի աստիճանը բարձրանար։

Այն հանգամանքը,— այսինքն Աբրահամ Բեկնազարյանի մանկությունից Ֆաթալի-շահի կանանոցը մտնելը և այնտեղ ներքինի լինելը միանգամայն ոչնչացնում է «Գաղտնիք»-ի ամբողջ շինվածքը և իսպառ հերքում է այն բոլոր երևակայական սխրագործությունները, որ այս գրքում կապված են Ա. Բեկնազարյանի անձնավորության հետ։

Ինչու՞։

Նրա համար, որ Ֆաթալի-շահի կանանոցի Աղա-Իբրահիմը մի հայտնի անձնավորություն է։ Նա, ինչպես վերևում հիշեցի, Աղա-Մամադ-շահի Ղարաբաղից 1795 թվին տարած գերիներից էր: Այդ թվականում նա դեռ 10—15 տարեկան մանուկ էր։ Հետո ներքինի դարձավ։ Այժմ «Գաղտնիք»-ից բերած վկայությունից հաստատվում է, որ Աբրահամ Բեկնազարյանը և հիշյալ Աղա-Իբրահիմ ներքինին միևնույն անձնավորություններն են։ Եթե այսպես է, ուրեմն ինչպե՞ս կարող էր նա 1680 թվականներում աշակերտած լինել Գանձասարի Ներսես կաթողիկոսի մոտ և «Գաղտնիք»-ի համար պատմական նյութեր ընդօրինակել։ Ախր 1795 թվականի և 1680-ական թվականների մեջ 115 տարվա տարբերություն կա։

Եթե այդ 15 տարին տանք Արրահամ Բեկնազարյանի հասակին, երբ նա Ղարաբաղից գերի տարվեցավ Պարսկաստան,— 109 տարին բոլորովին բաց է մնում, և այդ 100 տարվա ընթացքում դեռ չծնված Բեկնազարյանի գործերը, որոնք րնդարձակ տեղ են բըռնում «Գաղտնիք»-ի մեջ, ինքնըստինքյան ջնջվում են, ինքնըստինքյան ոչնչանում են և դրանք մնում են միայն իբրև Մակար վարդապետի երևակայության ողորմելի արգասիք…

Կրկնում եմ, Աբրահամ Բեկնազարյանի և Ֆաթալի-շահի կանանոցի Աղա-Իբրահիմ ներքինի միևնույն անձնավորություններ լինելը միանգամայն տակնուվրա է անում «Գաղտնիք»-ի ամբողջ շինվածքը և նրա ամբողջ բովանդակությունը դարձնում է բոլորովին կեղծ և առասպելական հորինվածք։ Ես զարմանում եմ, թե ինչպես Մակար վարդապետը չէ նկատել, և իրան թույլ է տվել մի այսպիսի անհամեմատ խոշոր հակասություն։

Աղա-Իբրահիմ ներքինին մանկությունից Պարսկաստան տարած, կրոնը փոխած, մի մոլեռանդ մահմեդական էր, թեև ծագումով հայ։ Նա իրան բոլորովին հեռու էր պահում հայերից, և մեռավ մահմեդականության մեջ, մարմինը տարվեցավ Քալբալա։

Իսկ Աբրահամ Բեկնազարյանը «Գաղտնիք»-ի մեջ ներկայացնում է իբրև մի քաջ հերոս, որ պատերազմում է յուր հայրենիքի փրկության համար, որ աշխատում է վերականգնել Ղարաբաղի ընկած մելիքությունները, որ գրում է ժամանակի պատմությունը, որպեսզի իբրև խրատ թողնե ապագա սերունդներին,— և հանկարծ դուրս է գալիս, որ այդ երևելի ազգասերը ուրիշ ոչ ոք չէ, եթե ոչ մի թշվառ մահմեդականացրած ներքինի Ֆաթալի-շահի կանանոցում, որի համար ոչ հայոց ազգ կա, ոչ հայոց հայրենիք…

Մակար վարդապետը այնքան մոռանում է իրան, որ այդ մահմեդական ներքինիի մարմինը տանում է թաղել տալիս Թավրիզի հայոց եկեղեցու գավթում և մինչև անգամ Աբաս-Միրզային, Պարսկաստանի թագաժառանգին, հրավիրում է թաղման հանդեսին ներկա լինել… Ո՞վ թույլ կտար։ Մի հայ, որ կրոնը փոխել է, եթե տեսնելիս լինեն նրան մի այլ հայի հետ խոսելիս, կամ հայի տունը մտնելիս, իսկույն մահմեդականները կքարկոծեն, ուր մնաց որ նրա մարմինը թույլ տային հայոց եկեղեցու գավթում թաղելու:

Այդ բոլորը՝ թե Աբրահամ Բեկնազարյանին Ֆաթալի-շահի կանանոցում իբրև քրիստոնյա պահելը և թե նրա մարմինը հայոց եկեղեցու զավթում թաղել տալը,— ես վերաբերում եմ Մակար վարդապետի, որպես կրոնավորի, քրիստոնեական ջերմեռանդությանը, բայց այդ տեսակ ջերմեռանդություններ պատմության համար ոչինչ նշանակություն չունեն։

Նույն ջերմեռանդությունը Մակար վարդապետը գործ է դնում և Աբրահամ Բեկնազարյանի որդի Ապրեսի վերաբերությամբ և նրան Երուսաղեմ է ուղարկում… բայց իսկույն կտեսնենք, որ նրա մարմինը նույնպես յուր հոր նման թաղվեցավ Քալբալայում, Ապրես Բեկնազարյանը, «Գաղտնիք»-ի շարունակողը և վերջացնող հեղինակը, և յուր աշխատությունը 1881 թվին Մակար վարպապետին հանձնող հեղինակը, հանկարծ միևնույն գրքում ներկայանում է Ալլահվերդի կամ Ալլահվերդի-բեկ անունով։

«Չմոռանամ ասել, որ հայրս կոչվում էր Իբրահիմ-Աղա, իսկ ես կոչվում էի Միրզա-Ալլահվերդի, սակայն հաճախ գործածական էր և իմ նախկին «Ալլահվերդի-բեկ» անունը» (եր. 312)։

Ո՞րտեղից ստացավ նա այդ մահմեդական անունը և ինչո՞ւ:

Այդ հարցին կպատսոսխանե ինքը, Ապրես Բեկնազարյանը.

«Իսկույն (Աղա-Մամադ-շահն) զիս որդեգրելով, ասաց.— «Սիրուն և անմեղ փոքրիկ, դու այդ մանկական հասակում ցանկացած ես շահը տեսնել։ Աղա-Մամադ-շահն այնքան ապաշնորհ չի լինիր, որ քո այդ ազնիվ փափագն ըստ արժանավույն գնահատել չգիտենա։ Դու այնուհետև Աղա-Մամադ-շահի հոգեկիր որդին ես, բայց այն պայմանաւ, որ դու անխախտ պահես քո պապենական հավատը և լեզուն» Հետո իմ Ապրես անունը «Ալլահվերդի» փոխեց, իբր թե ինքն ներքինի և անզավակ գոլով՝ աստված պարգևեց իրեն մի որդի Աստվածատուր անվամբ»[24] (եր. 136)։

Մակար վարդապետը այնպես թեթև կերպով է վերաբերվում պատմական փաստերին, կարծելով թե ինչպես ինքը ցանկանում է, այնպես ևս կարող է լինել։

Աղա-Մամադ-շահը, պարսից ներկա Ղաջարյան տոհմի թագավորության հիմնադիրը, որովհետև ինքը զավակ չունի, որդեգրում է մի խնածախցի հայ տղայի, որ յուր գահի ժառանգը լինի,— այն ևս այն պայմանով, որ նա «անխախտ պահե յուր պապենական հավատը և լեզուն»… Պարսից գահի վրա քրիստոնյա թագավոր… Այդ տեսակ երազների վրա մտածելն անգամ հիմարություն կլիներ:

Աղա-Մամադ-շահը, իրավ է զավակ չուներ, բայց նա արդեն որդեգրել էր յուր եղբոր որդի Բաբա-խանին, որ նրանից հետո թագավոր դարձավ Ֆաթալի-շահի անունով: Այլևս ի՞նչ պետք ուներ Ապրես Բեկնազարյանին…

Բայց չնայելով Աղա-Մամադ-շահի ցանկությանը (կամենում եմ ասել Մակար վարդապետի ցանկությանը), փոքրիկ Ապրեսը անխախտ չպահեց յուր «պապենական հավատը և լեզուն»: Այն օրից, որ տրվեցավ նրան Ալլահվերդի անունը, հենց այն օրից թլպատություն ընդունեց…

Մակար վարդապետը յուր Ալլահվերդի-բեկին նույնացրել է «Խամսայի մելիքությունների» (350 եր.) Ալլահվերդի-բեկի հետ, օգուտ քաղելով միայն այն հանգամանքից, որ երկուսն էլ ղարաբաղցի հայեր են: Ի՞նչու:

Նրա համար, որ «Խամսայի մելիքությունների» Ալլահվերդի բեկը Մամադ-շահի «մոհրդարն» է, այսինքն` կնքապահն է, շահի դիվանից որքան հրովարտակներ դուրս գալու լինեն, նա պետք է կարդա, արքայական կնիքով կնքե, հետո թագավորի ստորագրությանը ներկայացնե: Իսկ մի այսպիսի մարդ Մակար վարդապետին պետք էր, որ նույն հրովարտակների «գաղտնիք»-ը մտցնե «Գաղտնիք»-ի մեջ…

Հարցնող լինի, թե ի՞նչ գաղտնիքներ դուրս բերեց Ալլահվերդին-բեկը շահի դիվանից, որոնք մեզ հայտնի չէին մինչև «Գաղտնիք»-ի լույս տեսնելը: Այդ թողենք:

Միայն կարևոր ենք համարում նկատել, որ այն բոլոր ջանքներով, որով Մակար վադապետը աշխատել է յուր Ալլահվերդի-բեկին զանազան ոլոր-մոլոր ճանապարհներով մտցնել շահի դիվանի մեջ,—դրանից ոչ միայն որևէ իրական օգուտ չէ քաղել, այլ իրան դրել է անխուսափելի հակասությունների մեջ:

Ահա ինչու:

Մամադ-շահի կնքապահ Ալլավերդի-բեկը մանկությունից Պարսկաստան տարած և մահմեդականությունն ընդունած մի գերի էր։ նա ուրացել էր որպես հայությունը, նույնպես և հայոց կրոնը: Նա հայերեն գրել-կարդալ անգամ չգիտեր: Ուրեմն, ի՞նչպես հեղինակեց «Գաղտնիք»-ը:

Եվ վերջապես, նա ապրեց որպես մի մոլեռանդ մահմեդական, հոգով և սրտով, և մեռավ, որպես մահմեդական: 1847 թվին նրա մարմինը տարվեցավ Քալբալա և թաղվեցավ իմամների սուրբ հողի մեջ:

Եվ ահա նոր հրաշք: Նույն Ալլահվերդի բեկն («Գաղտնիք»-ի հեղինակ Ապրես-բեկ) Քալբալայից հարություն է առնում, 43 տարի ճանապահորդություններ է անում, այցելում է Հայաստանի բոլոր վանքերին (եր. 394—395), յուր մեղքերը քավում է և հետո, 1891 թվին գալիս է Շուշի, մուրացկանի կերպարանքով ներկայանում է Մակար վարդապետին, և «Գաղտնիք»-ը հանձնում է հայր սուրբին…

  1. «Գաղտնիք»-ը լիքն է անթիվ աշխարհագրական սխալներով: 172-173 երեսներում ասված է, որ թե իրանք՝ Բեկնազարյանները, և թե շահը անցան Երասխը Խուդափիրինի կամրջով: Եթե այստեղից անցած լինեին, Թավրիզը չէին տեսնի:
  2. Պարսից աթոռանիստ քաղաքը Թեհրանո՞ւմ էր, թե Թեհրանն էր աթոռանիստ քաղաքը, - հայտնի չէ: Բեկնազարյանը չգիտե, որ Պարսից աթոռանիստ քաղաքը Սպահանն էր, իսկ Աղա-Մամադ-շահը և գխավորապես նրա հաջորդները դարձրին Թեհրանը նոր մայրաքաղաք
  3. Պարզ երևում է, որ «Գաղտնիք»-ը քաղել է «Խամսայի մելիքություններից», միայն ավելացնելով, թե եկեղեցական իրեղենների հետ, Մելիք-Մեջլումի միջնորդությամբ, Աղա-Մամադ շահը վերադարձրեց նաև յուր վեր առած 12.000 հայ և վրացի գերիները։ Այդ հավելվածը «Գաղտնիք»-ի ամենախոշոր հակասություններից մեկն է, որովհետև նույն գրքի եր. 229 ասված է, որ շահը նրանց տարավ յուր հետ և բնակեցրեց Թավրիզ քաղաքում, նրա շրջակա գյուղերում և Թեհրանում։ Այդ և ցույց տվի նախորդ գլխում։
  4. Ես առիթ կունենամ ուրիշ տեղերում ևս ցույց տալու, որ «Գաղտնիք»-ի պատմական մասը ամբողջապես առնված է «Խամսայի մելիքություններից»։ Եվ ինչպես այդ քաղվածքի մեջ երևում է, ինչ փոփոխություններ, որ արել է «Գաղտնիք»-ի հեղինակը, դրանք կամ խոշոր սխալներ են, կամ փաստերի աղավաղումներ։ Այդ և հետագա ծանոթության օրինակներ բավական կլինեն իմ կարծիքը ապացուցելու համար։ Աղա-Մամադ-խանի օրերում առյուծադրոշմ շքանշանը դեռ գործածական չէր և մինչև անգամ իրավունք չուներ տալու, որովհետև այդ միջոցին նա դեռ հասարակ խան էր, ճանաչված չէր իբրև թագավոր։ Առյուծադրոշմ շքանշանը գործածական դարձավ նրա հաջորդների՝ Ֆաթալի-շահի, Մամադ-շահի և մանավանդ պարսից ներկա շահի օրերում։
  5. «Ջխտանոցը», «Գաղտնիք»-ի ծանոթության մեջ բացատրված է «վրացոց թագավորների կտրած միաձույլ 40 կոպեկանոց դրամ: Վրաց թագավորների և ոչ մեկի ժամանակ այդ դրամը չկար: Երբ վրաց վերջին թագավորը՝ Գիորգին մահվան անկողնի մեջ էր, այդ միջոցին նրա Ս. Պետերբուրգ ուղարկած պատգամավորները, ի թիվս այլ պայմանների, առաջարկում էին ռուսաց արքունիքին և դրամ հատելու իրավունք ունենալ: Այդ առաջարկությունը չիրագործվեցավ որովհետև Գրիգորին շուտով վախճանվեցավ և նրա վրաց թագավորությունը վերջացավ: («История войны и владычества русских на Кавказе». Н. Дубровина, т. III, 335-351). Հիշյալ դրամը թեև վրաց տառեր է կրում, բայց ռուսաց փող է և Թիֆլիսում հատանել սկսեցին 1805 թվին մինչև 1837 թվականը, այսինքն՝ սկսյալ այն ժամանակից, երբ վրաց թագավորությունը բոլորովին վերջացած էր և Վրաստանը միացած էր Ռուսաստանի հետ: Իսկ Աղա- Մամադ-շահի արշավանքը և նրա Թիֆլիսը ավերակ դարձնելը տեղի ունեցավ ոչ թե Գիորգիի օրերում, այլ նրա նախորդ Հերակլի օրերում, երբ այդ դրամները ամենևին գոյություն չունեին: Ուրեմն որտեղի՞ց լցրեց շահը յուր ջորիների բեռները հիշյալ դրամներով... Ավելորդ չեմ համարում հիշել և այն, որ վրաց թագավորների ժամանակ, Թիֆլիսում եղած դրամահամատության տունը, որ գտնվում էր իշխան Բեհբութանների ձեռքում,—դա պասից հիմնարկություն էր և պարսից դրամներ էին կտրում, որովհետև Վրաստանը իբրև պարսկական մի ավատական նահանգ իրավունք չուներ յուր սեփական դրոշմոր դրամ հատանելու: Այդ պարսից դրամները և այսօր կարելի է տեսնել Թիֆլիսի հնավաճառների կամ սառաֆների մոտ:
  6. «Ճըռ» բառը, որ խիստ հաճախ գործ է ածվում «Գաղտնիք»-ի մեջ և ամեն րոպե անտանելի կերպով ականջ է ծակում, Մակար վարդապետը յուր ծանոթության մեջ թարգմանում է՝ «վայրենի, անպատուաստ պտղատու ծառ», իսկ փոխաբերական մտքով «կեղծ, շինծու, անհարազատ»: Բայց «ճըռ կամ ավելի ճիշտ ուղղագրությամբ ջըռ, թուրքերեն բառ է ջըռտմք բայի արմատից կազմված և նշանակում է ճեղքվածք կամ հերձված: Այսպես կոչում էին Ղարաբաղի այն մելիքներին, որ բաժանված էին հարազատ մելիքների միաբանությունից և միացած էին նրանց թշնամի թուրք խաների հետ, որոնք բռնությամբ տիրապետել էին Շուշին և Ղարաբաղի մի մասը:
  7. Այդ նշանավոր հակինթը մինչև այսօր պահվում է պարսից արքունիքում և, որքան հիշում եմ, կոչվում է «դուրի-դարիա»—գոհարի ծով։
  8. «Պատմություն Պարսից», Մ. Դ. Թաղիդեանցի, Ա. հատ., եր. 214 — 215
  9. «Պատմություն Պարսից», Մ. Դ. Թաղիադեանցի, Ռ. հատոր, եր. 222:
  10. «Խամսայի մելիքություններ», եր. 351, «Պատմություն Պարսից», Մ. Դ. Թաղինդյանցի, հատ. Ա., եր 213, 214, 261, 278: «Պատմություն Նոր Ջուղայի», հատ. Ա., եր. 437-444
  11. «Խամսայի մելիքություներ», Ա., եր. 213-214: «Պատմություն Նոր Ջուղայի» հատ. Ա., եր. 432-437
  12. «Խամսայի մելիքություններ», եր. 353: «Պատմություն Նոր Ջուղայիս», հատ. Ա, եր. 446:
  13. «Խամսայի մելիքություններ», եր. 349:
  14. Այս տեսակ երևակայական անունները հեշտ է ստեղծել։ Բայց Բեկնազարյանները մի քանի տասնյակ տարիներ Պարսկաստանում ապրելով և պարսկական կրթություն ստանալով, դարձյալ չգիտեն, որ Քյաբա գնացող ուխտավորները «Քալբալայի» են կոչվում, որովհետև Քյաբան Մեքքայի սրբավայրն է, այնտեղ գնացող ուխտավորները կոչվում են «հաջի», իսկ «քալբալայի» կոչվում են Բաղդադի ուխտավորները, որտեղ դրված են նահատակված իմամների շիրիմները։
  15. Ամենահասարակ տեղեկությունների մեջ անգամ Բեկնազարյանները ցույց են տալիս իրենց խորին տգիտությունը։ Պարսից լեզվում «միրզա» բառը տիտղոս չէ, երբ նա անվան սկզբումն է դրվում, ասելով Միրզա—Ֆարուխ, հասկացվում է գրագիր Ֆարուխ. այսպես կոչվում են ամենահասարակ գրագիրները։ Բայց «միրզա» բառը տիտղոս է դառնում, երբ անվան վերջումն է դրվում, օրինակ Աբաս Միրզա, որ նշանակում է Աբաս իշխան։ Պարսից բոլոր արքայազները այս տիտղոսով են կոչվում, օրինակ Ջալալ միրզա, Ֆերուզ միրզա, Մելիք—Ղասում միրզա և այլն։
  16. «Պատմություն Պարսից», Մ. Դ. Թաղիադյանցի, հատ. Ա. եր. 223: «Խամսայի մելիքությունները», եր. 349
  17. Ֆաթալի-շահը յուր մայրաքաղաքում, այն է՝ Թեհրանում չվախճանվեցավ, այլ վախճանվեցավ Սպահանում, ուր գնացել էր տեղային խռովությունները խաղաղացնելու: Նրա վախճանվելուց հետո Պարկաստանում այնպիսի խռովություններ ծագեցան, որ ոչ ոք ժամանակ չուներ հանդիսավոր թաղման մասին մտածելու: Հանգուցյալի մարմինը մի քանի օր թաքցրին, հետո տարան թաղեցին Ղում կոչված փոքրիկ քաղաքում, Մսսումայի մզկիթում: Մեսրոպ Թաղիադյանցը, որ այդ ժամանակ Սպահանում էր գտնվում, յուր «Պատմություն պարսից», Ա. հատոր, եր. 232, 233, 235, ասում է. «Այլ ես զարամանամ արդարև զի ի բազմութիւնե անտի թոշակավոր դենպետաց և մոլլայից Ասպահանա չգտավ, որ կարդայր զֆաթա («հոգվոց»), կամ զդամբարականն ի վերա սորին (Ֆաթալի շահի)»:
  18. «Պատմություն պարսից», Մ, Դ. Թաղիադյանցի, հատ. Ա, եր. 231—257:
  19. «Պաամություն պարսից», Մ. Դ. Թաղիադյանցի, Ա հատ., եր. 246—257
  20. «Պատմություն պարսից», Մ. Դ. Թաղիադյանցի, հատ. Ա, եր. 232-265
  21. «Խամսայի մելիքություններ», եր. 348, «Պատմություն պարսից», Մ. Դ.Թաղիադեանցի, հատ. Ա., եր. 250
  22. Թե Մանուչար-խանը և թե Խոսրով-խանը, թեև պետական խոշոր պաշտոնակալներ էին, և երկուսն էլ ունեին անբավ հարստություն, բայց հայության համար կորած մարդիկ էին։ Մանուչար-խանի հարստությունը զանազան պարսիկների կոկորդն անցավ, և մեռնելուց հետո նրա մարմինը տարվեցավ բազարը, թաղվեցավ Մուսումայի հռչակավոր մզկիթում, որտեղ դրված էր և Ֆաթալի-շահի շիրիմը: Հանգուցյալ քեռորդի իշխան Միրզա-Դավիթ-խան Մելիքյանը մի փառավոր մատուռ կանգնեցրեց նրա գերեզմանի վրա, և մշտական թոշակով կարգեց այնտեղ աղոթող մոլլաներ, որ միշտ Ղորան կարդային, («Պատմություն Նոր Ջուղայի», հատ. Ա, եր. 437—444), իսկ մյուսը՝ Խոսրով խանը, որ վախճանվեցավ 1857 թվին, յուր բոլոր հարստությունը և Գիլանում գնած գյուղերն ու կալվածները կտակեց պարսից ներկա շահին («Պատ. Նոր Ջուղայի», ել 432—437
  23. «Խամսայի մելիքությունները», եր. 348—349
  24. Ալլահվերդի թուրքերեն նշանակում է Աստվածատուր, Աղա-Մամադ-շահը պարսկերեն էր խոսում, նա թուրքերեն չգիտեր, եթե ցանկանար Աստվածատուր անվանը հոմանիշ մի անուն տալ Ապրես Բեկնազարյանին, նրան Խուգա-գաս, կկոչեր և ոչ Ալահվերդի: