Գաղտնիք Ղարաբաղի
Գլուխ Գ

Գ

Ես դեռ չեմ վերջացրել «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակների հետ—հայր և որդի Բեկնազարյանների հետ։ Դրանց պետք է ամեն կողմից քննել, որովհետև դրանց գոյության հետ սերտ կապ ունի «Գաղտնիք»-ի հարազատության կամ անհարազատության խնդիրը։ Հենց մի անգամ ապացուցվեցավ, որ Բեկնազարյանները երևակայական անձնավորություններ են — իսկույն ինքնըստինքյան փուլ կգա ամբողջ «Գաղտնիք»-ը և կապացուցվի, որ այդ գիրքը նույնպես մի երևակայական աշխատություն է, մի անհայտ հեղինակի գրած։

Ինչո՞ւ։

Նախքան այդ հարցին ուղղակի պատասխանելը, պետք է որոշել, թե ի՞նչ տեսակ աշխատություն է «Գաղտնիք»-ը։

«Գաղտնիք»֊ը վեպ չէ, պատմություն ևս չէ։ «Գաղտնիք»-ը մի հիշատակարան է, որի մեջ խառն և անկարգ կերպով պատմվում են զանազան պատմական անցքեր։ Անցքերի պատմողները —Բեկնազարյանները—կամ անմիջական կերպով ինքը գործում է անցքերի մեջ, կամ, եթե ինքը ներկա չէ, մյուս գործիչների հետ սերտ կապեր ունի և նրանցից ստանում է հարկավոր տեղեկությունները: Եվ այսպիսով, հիշատակարանի մեջ գործող անձը դառնում է, միևնույն ժամանակ, նրա գրողը, նրա հեղինակը:

Պատահում են շատ վեպեր, և իմ վեպերից մի քանիսը այդ ձևով է գրված, որ ամրողջ վեպը սկզբից մինչև վերջը պատմում է գործող անձինքներից մեկը։ Բայց այստեղ հեղինակը հայտնի է: Նա միայն յուր խոսքը յուր ստեղծած տիպի բերանն է դնում, և յուր վիպասանության վերաբերությամբ` բոլոր պատասխանատվությունը յուր վրա է առնում։

Բայց Մակար վարդապետը հրաժարվում է իրան «Գաղտնիք»-ի հեղինակ ճանաչել: Մնում են Բեկնազարյանները, որոնք թե անձամբ խառն են կատարված անցքերի մեջ և թե իրենց հիշատակարանի մեջ գրում են նույն անցքերը։ Եվ այսպես անցքերի ճշտության պատասխանատվությունը մնում է վերջինների վրա։ Ուրեմն, եթե հայտնվեն փաստերի մեջ զեղծումներ և խոշոր զեղծումներ, — պետք է ընդունել երկուսից մեկը, կամ Բեկնազարյանները ստախոսներ են և իրենց երևակայության ցնորքները տալիս են մեզ իբրև զուտ պատմական փաստեր, կամ նրանք բանաստեղծական անձնավորություններ են, այլ մի անհայտ հեղինակ գրել է այդ հիշատակարանը և Բեկնազարյանների անունով նույն զեղծումներն է անում,— աղավաղում է պատմությունը։

Վերջին դեպքում, «Գաղտնիք»-ը կկորցնե յուր հարազատությունը և կդառնա մի անհայտի կեղծ աշխատություն։ Թո՛ղ լինի այդ անհայտը Մակար վարդապետը, կամ մի ուրիշը, —միևնույն է:

Ահա ինչու ասում էի ես, թե երբ մի անգամ ապացուցվեցավ, որ Բեկնազարյանները երևակայական անձնավորություններ են,— իսկույն փուլ կգա և կփշրվի ամբողջ «Գաղտնիք»-ը։

Դիմենք փաստերին։

«Գաղտնիք»-ի մեջ գտնում ենք անթիվ գաղտնի թղթակցություններ կամ ամբողջապես, կամ նրանց բովանդակությունը։ Այս տեսակ գաղտնի թղթակցությունները թե պետությունների և թե մասնավոր բարձր պաշտոնակալների հարաբերության մեջ, սկզբում խստիվ պահվում են դիվաններում, քանի դեռ գործողությունները չեն վերջացած։ Իսկ գործողությունները վերջանալուց հետո, նրանք դառնում են հնադարանների (արխիվների) սեփականություն։ Ապագայում, շատ հեռավոր ապագայում, նրանցից սակավներին է վիճակվում պատմության նյութ դառնալ։ Բայց «Գաղատնիք»-ի մեջ հակառակն ենք տեսնում: Դեռ այդ գաղտնի թղթակցությունների մելանը չչորացած նրանք մտնում են «Գաղտնիք»-ի մեջ: Ո՞րտեղից, ի՞նչպես, ո՞ր սատանան է բերում,—մարդ դժվարանում է հասկանալ: Այժմ տեսնենք արդյոք հայր և որդի Բեկնազարյանները ի՞նչ պաշտոն էին կատարում պարսից թագավորների արքունիքում, որ նրանց մատչելի էին այն բոլոր դիվանական գաղտնիքները և այն բոլոր գաղտնի թղթակցությունները, որ նրանք անմիջապես ներմուծում էին իրանց հորինած գրքի մեջ:

Սկսենք որդուց-Ապրես Բեկնազարյանից:

1795 թվին, սեպտեմբեր ամսում, Աղա-Մամադ շահը ավերակ է դարձնում Թիֆլիսը և 12 000 գերիների բազմությամբ[1] սկսում է չվել դեպի Պարսկաստան: Նա Ղարաբաղից իր հետ է տանում թե հայր և թե որդի Բեկնազայաններին (եր. 172): Հենց բանակի մեջ, ճանապարհին գնալու ժամանակ, շահը վարժապետ է կարգում, որ պատանի Ապրեսին պարսկերեն սովորեցնե: Բավական մեծ հոգացողություն պետք է համարել շահի կողմից …

«Պարսից վարժապետս Շուշու բանակատեղից սկսած շահի ստիպմամբ աշխատում էր ինձ ուսուցանել պարսկերեն խոսել, գրել և կարդալ… Սկսա հաճախ կարդալ Կյուլստան դասագիրքս և ձանձրացած ժամանակներս ընդօրինակել: Եվ ահա այսպիսի շարունակությամբ ունակությունս օր քան զոր զորացավ… և առաջադիմեցի իմ ձեռնարկության մեջ: Որքա՜ն ուրախանում էր իմ բարերար շահն, երբ իր հետ խոսակցում էի պարսկերեն և արտագրում էի գեղեցիկ. վասն որոյ շահն հրամայեց յուր դիվանապետին, որ հետզհետե ինձ օրինակել տա արքունիքի հրովարտակներ, շրջաբերականներ և գաղտնի նամակներ, որպեսզի այս մասնաճյուղը մշակելով ապագայում ես լինեի իբր գաղտնի նամակագիր» (եր․ 221)։

Այդ բոլորը խիստ հետաքրքիր է։

Թողնենք այն, որ շահի «գաղտնի նամակագիրը» մասնագիտաբար չէ պատրաստվում, և նրանից այնքան խորին դպրություն չէ պահանջում, որքան բարոյական հատկություններ, այն է` հավատարմություն և ծածկապահություն, իսկ այդ հատկությունները շահը պատանի Բեկնազարյանի մեջ նախագուշակել չէր կարող։ Թողնենք և այն, որ Աղա-Մամադ-շահը, այնքան միամիտ մարդ չէր, որ յուր հրովարտակները, շրջաբերականները և գաղտնի նամակները տար պատանի Բեկնազարյանի ձեռքը, որ նա իբր վարժություն կամ գեղագրության օրինակներ գործ ածեր։ Որովհետև եթե նա կարող էր հավատալ մի անփորձ պատանու, բայց երբեք չէր հավատա նրա վարժապետ մոլլային։ Թողնենք և այն, թե ինչ էր գտել Աղա-Մամադ-շահը մի խնածախցի հասարակ գյուղացու որդու մեջ, որ նրա վրա առանձին ուշադրություն էր դարձնում, քանի որ նրա Թիֆլիսից տարած 12.000 գերիների թվում կային շատ հայ և վրացի ազնվականների որդիներ։ Այդ բոլորը թողնում եմ ես, այլ կարևոր եմ համարում ընթերցողի ուշադրությունը դարձնել միայն ա՛յն կետի վրա, արդյոք կարո՞ղ էր պատանի Բեկնազարյանը Շուշիից մինչև Թեհրան գնալու ժամանակ ճանապարհին այնքան պարսկերեն սովորել, որ շահին հիացներ յուր պարսկերենով և սկսեր հրովարտակներ, շրջաբերականներ և գաղտնի նամակներ ընդօրինակել։

Այդ կետը ես ուշադրության արժան եմ համարում,— ահա ինչ պատճառով։

Դա է կազմում «Գաղտնիք»-ի հիմքը, այստեղից են բխում այն անթիվ պաշտոնական գաղտնի նամակները, շրջաբերականները և այլն, որ այդ գրքի մեջ բավական մեծ տեղ են բռնում: Պատանի Բեկնազարյանն ընդօրինակում է նրանց իբրև աշակերտ, և միևնույն ժամանակ զետեղում է «Գաղտնիք»-ի մեջ իբրև պատմագիր…

Հաշվենք թե պատանի Բեկնազարյանը որքա՞ն ժամանակ մնաց շահի պալատում, մինչև այդ կատարելությանը հասավ։ (Ներքևում կտեսնենք, որ նա ապրում էր շահի պալատում)։

1795 թվի սեպտեմբեր ամսի վերջերում Աղա-Մամադ-շահը վերադարձավ Թիֆլիսի արշավանքից։ Յուր ծանր բանակի դանդաղ ընթացքով, մինչև հիշյալ թվականի վերջը նա հազիվ Թեհրան կհասներ։ Յուր աթոռանիստ քաղաքում երկար չմնաց, նա անմիջապես սկսեց մի նոր արշավանք դեպի Խորասան[2]։ (Այդ կտեսնենք հետևյալ գլխում)։ Իսկ Խորասանից 1797 թվի գարուն քին ուղղակի արշավեց կրկին դեպի Անդրկովկաս, առանց պատերազմի գրավեց Շուշի բերդը և նույն բերդում սպանվեցավ յուր երկու սենեկապետներից[3]:

Այդ հաշվից երևում էր, որ Աղա-Մամադ-շահը ամենևին ժամանակ չէր կարող ունենալ զբաղվելու պատանի Բեկնազարյանի կրթությունով: Որովհետև Աղա-Մամադ-շահի Թիֆլիսի արշավանքից Պարսկաստան վերադառնալը, Խորասանի արշավանքը կատարելը և այնտեղից կրկին Շուշի գնալը և սպանվելը տևեց ընդամենը մեկ ու կես տարի (այսինքն՝ 1795 թվի սեպտեմբեր ամսից, մինչև 1797 թվի ամառը), և այդ մեկ ու կես տարվա ընթացքում չմնաց նա, որ յուր հրովարտակները, շրջաբերականները և պաշտոնական գաղտնի նամակները տար պատանի Բեկնազարյանին ընդօրինակելու և այլն[4]:

Եթե մինչև անգամ ընդունենք, որ շահի բացակայության ժամանակ պատանի Բեկնազարյանը բնակվում էր նրա պալատում, դարձյալ վերևում ցույց տված հաշվով (ի բացառյալ ճանապարհորդության վրա անցած ամիսները) մեկ տարուց ավել այնտեղ բնակվվել չէր կարող: Որովհետև Աղա-Մամադ-շահի սպանվելուց հետո, ոչ ոք նրան պալատում չէր պահի: Այդ մեկ տարվա ընթացքում տեսեք որքա՜ն բաներ սովորեց նա: Պարսկերենի մեջ այնքան կատարելագործվեցավ, որ մինչև անգամ հրովարտակներ ու շրջաբերականներ էր ընդօրինակում և նրանցից «Գաղտնիք»-ի համար օգուտներ էր քաղում, այլև սովորեց նա մի ուրիշ լեզու՝ ֆրանսերեն:

«Հաջողեցա գաղիերեն ևս ուսանել Յակովբ անուն մի հայ-կաթոլիկ վարդապետից, որը Ուրմի քաղաքի շահին ղրկած էր պատժելու, — շարունակում է պատանի Բեկնազարյանը (եր. 229)։ — Ամբաստագիրն սաստիկ բողոքում էր թե սույն վարդապետն դուն գործած էր մի քանի թուլահավատ հայեր կաթոլիկություն դարձնել, յուր խռովահույզ գրգռիչ, հեղափոխական և գաղտնի քարոզներով տեղույն քրիստոնյա ժողովրդյան և տիրող կառավարության մեջ խոովություններ հարուցանել և ժողովուրդը պարսից դեմ ապստամբեցնել (ինչո՞ւ)։ Շահն ավելի զբաղված լինելով քաղաքական և պատերազմական գործերով՝ ժամանակ չունեցավ կամ պատժել և կամ քննությամբ արդարացնելով ազատել, վասն որոյ բանտարկյալ մնացած էր, որի մոտ հաճախում էի ուսանելու»։

Այդ ասացվածքների մեջ որքան տողեր կան, այնքան ևս սխալներ կան։ Ուրմի քաղաքում երբեք հայ կաթոլիկ հասարակություն, կամ հայ կաթոլիկ վարդապետներ չեն եղել և առայժմ նույնպես չկան։ Երբեք հայ կաթոլիկ վարդապետները քաղաքական ձգտումներով Պարսկաստան չեն մտել, որովհետև նրանք քաղաքական շահեր չունեն։ Ուրմիում եղել է, այժմ նույնպես կա ասորի-կաթոլիկ հասարակություն, բայց նրանց կրոնավորները ոչ թե հայեր են, այլ եվրոպացիք լազարիստների կարգից։ Երևի «Գաղտնիք»—ի հեղինակը, ինքը Պարսկաատանում ապրելով, այնքան չի ուսումնասիրել երկիրը, որ Ուրմին շփոթել է Սպահանի հետ, որտեղ իրավ կա հայ—կաթոլիկ հասարակություն։— Թողնենք այդ, մեզ համար հետաքրքիր կետը պատանի Բեկնազարյանի ֆրանսերեն սովորելն էր բանտարկյալ վարդապետի մոտ, մի տարվա ընթացքում, այն ևս պարսկական դժոխային բանտում, որի դռները ոչ մի օտար մարդու առջև չեն բացվում։

Այժմ տեսնենք, թե ինչպես էր ապրում պատանի Բեկնազարյանը շահի պալատում։

«Շահի պալատում ամենից սիրականն ես էի։ Շահի երկու քույրերն, վրացի և պարսիկ աղախիններն սիրում էին զիս անհագ սիրով, փայփայում և գգվում։ Չեմ կարող չհիշել մի գլխավոր պարագա, այս է, միմյանցից թաքուն հայ կաթոլիկ վարժապետս (բանտում) քարոզում էր ինձ ընդունել Փափի գերիշխանությունը, պարսիկ վարժապետս՝ Մահմեդի լույս կրոնը և ս. Ալու իմամությունը, և վրացի աղախիններն՝ հունադավանությունը և վրացիությունը։ Թեև հորիցս կանխավ խրատված էի բնավ այո՛ կամ ո՛չ չպատասխանելու՝ սակայն խոստովանում եմ մեղքս, ինչպես տղայական տաք արյան հատուկ է՝ վարդապետին պատասխանեցի.—«Ավելի լավ կլիներ դու հայ մեռնեիր, քան թե փափականության մեջ ապրեիր». պարսիկ վարժապետիս.—«Դու ինձ պարտավոր ես պարսկերեն ուսուցանել և ոչ կրոնափոխություն, իսկ վրացի Թոմաս և էլիզա աղախիններիս.— «Դուք ավելի լավ կանեիք, ձեր շահամոլ և դյուրափոփոխ ազգականներին մահմեդականությունից արգիլել, քան ինձ վրացիություն ընդունել տալու ճգնիլ» (եր. 229—230)։

Այդ բոլոր միամիտ խոսակցությունները փոքրիշատե հավանական կարող էին լինել, եթե Աղա-Մամադ-շահը կանանոց ունենար։ Դժբախտաբար նա ներքինի էր և զուրկ պարսից շահերի կանանոց ունենալու բավականությունից։ Դեռ տղայության հասակում Ադլ—շահի հրամանով ներքինացրին նրան և պահվում էր նույն շահի արքունիքում, որ գտնվում էր Թավրիզ քաղաքում։ Իսկ երբ Զենդ—Քարիմ—խանի զորավարը, Շըխալի—խանը, սպանել տվեց նրա հորը՝ Մամադ—Հուսեին—խանին, և նրա որդիներից շատերին կոտորել տվեց Աստարապատում, այդ կոտորածից ազատվեցավ Աղա—Մամադ—խանը, որովհետև գտնվում էր Ադլ—շահի մոտ [5]

Ադլ—շահի թագավորությունը տևեց 6 ամիս միայն։ Այնուհետև զորացավ Զենդ—Քարիմ—խանը։ Դա Աղա—Մամադ—խանին բերել տվեց Շիրազ և պահում էր յուր կանանոցում, իբրև պատանդ։ Այդ կանանոցից փախավ նա և Ղաջարյան թագավորության սկիզբ դրեց[6]:

Աղա—Մամադ—շահը ինչպես կանանոց չուներ, նույնպես տանը մնացած երկու քույրեր չուներ, որ սիրեին Ապրես Բեկնազարյանին։ Նա միայն մի հորաքույր ուներ, որի վրա ամուսնացավ Զենդ—Քարիմ—խանը, նրա հորը սպանել տալուց հետո[7]։ Այստեղ ծիծաղելի է այն կետը, որ Ապրես Բեկնազարյանը, ապրելով Աղա-Մամադ-շահի պալատում և ծանոթ լինելով նրա բոլոր գաղտնիքների հետ, այնուամենայնիվ չգիտե ամենահասարակ անցքերը, նրա տոհմային պատմությունը: — Նա չգիտե, որ Աղա-Մամադ-շահի հայրը, Մամադ-Հուսեին-խանը մոտ 40 տարի առաջ սպանված էր (1795 թ.[8]), իսկ նրա մայրը նույնպես վաղուց վախճանված էր: Որեմն երկու քույրերը ով պիտի ծներ Աղա-Մամադ-շահի համար, որ սիրեին Ապրես Բեկնազարյանին…

Եթե ընդունենք անգամ, որ պարսից այդ ներքինի թագավորը կանանոց ուներ, բայց դարձյալ խիստ տարապայման կլիներ ընդունել, որ Ապրես Բեկնազարյանը ապրում էր նրա պալատում և նրա կանանոցի հետ հարաբերւթյուններ ուներ: Ապրես Բեկնազարյանը այդ ժամանակ անպատճառ 20 տարեկան կլիներ, իսկ այդ հասակում նրան կանանոցը ներս չէին թողնի. մանավանդ, որ նա քրիստոնյա էր և նրա ներկայությունը, ըստ պարսից կրոնի, կարող էր ամեն ինչ պղծել մահմեդական ընտանիքում, և ավելի, մոլեռանդ Աղա-Մամադ-շահի Ընտանիքում:

Զարմանալին այն է, Աղա-Մամադ-շահը, որ Թիֆլիսից տարած 12.000 գերիներից մեծ մասը զանազան հրապույրների կամ մտրակի ուժով մահմեդական դարձրեց, բայց Ապրես Բեկնազարյանի կրոնին չդիպավ: Եվ նրան ոչ միայն որպես քրիստոնյա սնուցանում էր յուր պալատում, այլ մինչև անգամ նպաստում էր նրա մեջ հայրենական կրոնի պահպանելուն:

«Ինչպես իմ բարերար շահն կարգադրած էր,— գրում է Ապրես Բեկնազարյանը,— ես ամեն շաբաթ երեկոյան և կյուրակի առավոտյան և կեսօրին, մեր եկեղեցին էի գնում, աղոթում և ուզած ժամանակս հաղորդվում և վերադառնում» (եր. 229):

Նա մինչև անգամ շահի պալատում շարունակում էր հայերենով պարապել:

«Բարձիթողի արած չէի և հայերենս, այլ ինչպես կանխավ պատվիրված էր ինձ հայրս՝ գիշերներն առանձնացած ժամանակներս կարգաւ կարդում էի Ս. Ավետարանս իբրև կրոնագիրք. Եղիշես՝ իբրև պատմագրություն ուսուցանող գիրք և Նարեկս՝ իբրև աղոթագիրք» (եր. 222): Այդ բոլորը գուցե լավ կլիներ մի վեպի մեջ, բայց ոչ թե պատմության մեջ։ Երևում է, որ միամիտ Ապրես Բեկնազարյանը ոչ Աղա-Մամադ-շահին է տեսել, որ գիտենար, թե ինչե՜ր կատարվեցան այդ պալատում։ Եթե նա այնտեղ եղած լիներ, անպատճառ կտեսներ ուրիշ շատ հայ պատանիներ, որոնք Եղիշեն և Նարեկը ամեն գիշեր կարդում էին։ Նա կտեսներ Մանուչար խանին[9], Խոսրով խանին[10], Գիորգի խանին[11], և ուրիշ շատերին, որոնց ոչ միայն մահմեդականացրել էին, այլև ներքինացրել էին… Առանց ներքինի դարձնելու և առանց մահմեդական դարձնելու պարսից շահերը ոչ մի օտար մարդու թույլ չէին տալիս բնակվելու իրենց պալատում…

Ով որ փոքրիշատե ուսումնասիրել է Աղա-Մամադ-շահին, հարկավ ծանոթ կլինի նրա վերջին աստիճանի կրոնական մոլեռանդության հետ։ Նա մինչև անգամ բուն Պարսկաստանի, որի թագավորն էր ինքը, մի նահանգից հայ գերիներ էր տանում դեպի մյուսը՝ մահմեդականացնելու նպատակով[12]։ Իսկ նրա Թիֆլիսից տարած ահագին գերեվարության հետքերն անգամ չեն մնացել Պարսկաստանում։

Բայց ինչ է ասում այս գերիների մասին Ապրես Բեկնազարյանը. «Պարսկաստան փոխադրած հայ և վրացի գերիներն բնակություն հստատած էին Թավրիզում, սորա շրջանակններում և փոքր մասամբ Թեհրանում: Վրացիք զգալի կերպով պարսկանում էին մահմեդական կրոնը ընդունելով, իսկ հայք ընդհակառակը պահպանում էին յուրյանց կրոնը եկեղեցիներ շինելով և երեխայք քահանայից ձեռք ուսուցանելով» (եր. 229):

Այդ խոսքերից խունկի հոտ է բերում… Երևում է, որ գրողը մի հոգևորական է… Չի ցանկացել, որ հայերը կորչեին Պարսկաստանում:

Եթե Ապրես Բեկնազարյանը Պարսկստանը տեսած լիներ, և Աղա-Մամադ-շահի գերիների հետ այնտեղ գնացած լիներ, հենց այդ փոքրիկ հատվածի մեջ այնքան սխալներ չէր անի, որը ես այժմ պիտի ցույց տամ:

Ինչպես վերևում հիշեցի, Աղա-Մամադ-շահի տարած թե հայ և թե վրացի գերիների հետքեր չեն մնացել Պարսկաստանում, Մահմեդականությունը բոլորին կլանեց: (Իհարկե, իմ խոսքը մի քանի զերծ մնացած անհատների մասին չէ): Սխալ է այն, որ Աղա-Մամադ-շահը բնակեցրեց նրանց Թավրիզում, նրա շրջակա գյուղերում և մասամբ Թեհրանում: 12.000 գերին փոքր բան չէ. եթե այդ քաղաքներում բնակեցված լիներ, չէին կորչի, որովհետև հնուց հայ ազգաբնակություն կար:

Թավրիզի հայ ազգաբնակությունը բաղկացած է գլխավորապես երկու տարրերից՝ բնիկներից և Ղարաբաղի գաղթականներից, որոնք մինչև այսօր պահպանել են իրենց բարբառը և, թե սովորույթներով և թե պարապմունքներով՝ բոլորովին որոշվում են մյուսներից: Եթե այդ քաղաքում բնակեցրած լինեին Թիֆլիսի գերիներին, այսօր կտեսնեինք նրանց, մանավանդ, որ խումբերով տրված գաղթականները միշտ առանձին թաղեր են կազմում և այդ թաղերը իրենց անունով են կոչում: Ինչպես Շահ-Աբասի Սպահան տարած գերիները բաժանվում են զանազան թաղերի, և երբեք ջուղայացին չխառնվեցավ երևանցու հետ, կամ երևանցին՝ դաշտեցու (Ներքինագուլեցու) հետ:

Իսկ Թավրիզի շրջակայքում, որ ցույց է տալիս Բեկնազարյանը, ոչ միայն Թիֆլիսեցուց գյուղեր չկան, այլ մինչև անգամ մահմեդականների՝ թուրքաց կամ պարսից գյուղեր չկան: Թավրիզի շուրջը անապատ է, իսկ գյուղերը բավական հեռու են: Հայոց երեք գյուղեր կան միայն, մի օրվա ճանապարհի հեռավորության վրա, որոնց բնակիչները ոչ թե թիֆլիսեցիներ են, այլ բնիկներ կամ ղարադաղցիք։ Թեհրանում նույնպես թիֆլիսեցի գաղթականներ չեն եղել և այժմ չկան։

Ուրեմն ի՞նչ եղան Աղա-Մամադ-շահի տարած գերիները:

Աղա-Մամադ-շահը նրանց մի մասը բնակեցրեց Մազանդարանում, որ յուր հայրենական երկիրն էր, մի մասը բնակեցրեց Կասպից ծովի հարավային գավառներում, մնացածներին տվեց Պարսկաստանի զանազան խորքերում, հեռու քրիստոնյա ազգաբնակություններից, որպեսզի հեշտ լիներ նրանց մահմեդականացնելը։

Այդ գլխում հիշված բոլոր օրինակներից, որ ես քաղել եմ «Գաղտնիք»-ից , ինքըստինքյան ծագում է մի հարց, մի՞թե Ապրես Բեկնազարյանը, որ այնքան մերձավոր էր Աղա-Մամադ-շահին, որ նրա պալատում էր ապրում, որ անձամբ ականատես և ներկա էր յուր ժամանակի անցքերին,—մի՞թե նա այսքան սխալներ կաներ, եթե իրոք մի այսպիսի անձնավորություն գոյություն ունենար։

Այս սխալները Մակար վարդապետի սխալներն են։ Եթե նա փոքրիշատե ծանոթ լիներ պարսից կարգերի և սովորությունների հետ, եթե նա լավ ուսումնասիրած լիներ այդ ժամանակներում կատարված անցքերը, իհարկե իր ստեղծած պատմագրին մոլորությունների մեջ չէր ձգի։

Հետևյալ գլխում ես ցույց կտամ ավելի խոշոր սխալներ հայր Բեկնազարյանի գործունեության մասին Պարսկաստաանում, իսկ այժմ չեմ կարող առանց նկատողության թողնել մի մեծ հակասություն, որ իսպառ ոչնչացնում է «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակների գոյությունը և ցույց է տալիս, որ նրանց գրածները երևակայական առակաբանություն է, և ավելի ոչինչ։

Վերևում տեսանք, թե Բեկնազարյանները որտեղ բնակեցրին Աղա-Մամադ-շահի Պարսկաստան տարած հայ և վրացի գերիներին,— Թավրիզ քաղաքում, նրա շրջակա գյուղերում և Թեհրանում։

Բայց երևում է, որ «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակները սաստիկ մոռացկոտ են, գրքի մի տեղում գրածը, մյոս երեսում մոռանում են և նրա հակառակն են գրում։ նրանք «Գաղտնիք»-ի 169 երեսում Աղա-Մամադ-շահի վերառած հայ և վրացի հենց առաջին իջևանից, Սողանլուխից, Մելիք-Մեջլումի[13] միջնորդությամբ, վերադարձնում են կրկին իրենց տեղը—Թիֆլիս, իսկ հետո 229 երեսում, բնակեցնում են միևնույն գերիներին Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, նրա շրջակա գյուղերում, Թեհրանում և այլն։ Այլև ի՞նչ գերիներ կմնային այդ տեղերում բնակեցնելու համար, քանի որ բոլորին վերադարձրել էր շահը։

Ահա «Գաղտնիք»֊ի խոսքերը.

«Սողանլու կոչված տեղից, Մելիք-Մեջլումի միջնորդությամբ գերիներից Տփղիս վերադարձան տասն և երկու հազար վրացի և հայ գերվածներ՝ հանդերձ բոլոր եկեղեցիական անոթներով և զարդերով» (եր. 169)։

Գերիների թիվը ընդամենը 12 հազար էր։ Այդ թիվը առնված է «Խամսայի մելիքություններից», որի մեջ նույնպես 12.000 է նշանակված (եր, 185)։ Իսկ Դուբրովինը նրանց թիվը ավելի պակաս է դնում՝ 10.000։ («Ист. войны и владычества русских на Кавказе», т. III, стр. 42).

Այս տեսակ հակասություններ անում են այն հեղինակները, որոնցից մեկը, հայր Բեկնազարյանը—Աղա-Մամադ-շահի զորապետն է և անձամբ մասնակցել է նույն արշավանքին, իսկ մյուսը՝ որդի Բեկնազարյանը ապրել է շահի պալատում և գրել է ժամանակի պատմությունը…

  1. «Խամսայի մելիքությունները», եր. 183-187:«История войны и владычества русских на Кавказе». Н. Дубровина. т. III, 338-49.
  2. «Պատմութիւն Պարսից» Մեսրովպայ Դ. Թաղիագեանց, հատոր Ա. տպ. ի Կալկաթա, 1846, եր. 214
  3. «Խամսայի մելիքություններ». եր. 204-209
  4. Ով որ փոքրիշատե ծանոթ է պարսից լեզվի և մանավանդ նրա գրության ձևերի հետ, որը սովորելու համար տասնյակ տարիներ են վատնում, կհասկանա վերոհիշյալ տողերի տարօրինակությունը: Պարսից տառերի և գրության ձևը փոխելու խնդիրը այժմ մի մեծ մանկավարժական հարց է դարձել Պարսկաստանում: Այդ հարցը առաջին անգամ բարձրացրեց հայ ազգի Միրզա-Մելիք խանը,—պարսից Դռան Լոնդոնի լիազոր դեսպանը: Այժմ նա պարսկերենի համար մի նոր ձևով տառեր է հնարել և «Գյուլիստանը» նույն տառերով տպագրել է տվել Լոնդոնում: Եթե ընդունելություն գտնի հարգելի պարսագետի աշխատությունը, պարսից մանկավարժությունը մեծ դյուրություններ կգտնի
  5. «Պատմութիւն Պարսից» Մ. Դ. Թաղիադեանցի, Ա հատ., եր. 216,
  6. «Պատմութիւն Պարսից» Մ. Դ. Թաղիադեանցի, Ա հատ., եր. 216: Պատմություն Նոր Ջուղայու «Հարություն Տեր Հովհանեանցի», տպված ի Նոր Ջուղա 1881 ամի, Ա. հատ., եր. 291
  7. «Նամեյի Խոսրովան» («Գիրք թագավորաց»), աշխատություն Ջալալ Միրզայի որդույ Ֆաթալի շահի, Գ. հատ., եր. 412: Տպված է Թեհրանում 1871 ամի
  8. Չամչյանի «Պատմութիւն հայոց», Գ. հատ., եր.859
  9. Մանուչար խանը Թիֆլիսի Էնիկոլոփյանների տոհմիցն էր:
  10. Խոսրով խանը Թիֆլիսի Տեր-Սամուելի որդին էր: Ղայթմազյան տոհմից:
  11. 3Գիորգի խանը Մանուչար խանի ազգականն էր, նույնպես Թիֆլիսեցի: Այդ երեք անձանց մասին, որ բարձր պաշտոնների և աստիճաների հասան Պարսկաստանում, կխոսվի հետևյալ գլխում:
  12. 1785 թվի հուլիս ամսի 23-ին Աղա-Մամադ շահը գերի վարեց Սպահանի նահանգի Փերիա կոչված գավառի հայ բնակիչներից շատերին, որոնք Շահ-Աբաս մեծի Պարսկաստան տարած գաղթաականներից էին: («Պատմություն Նոր-Ջուզայու», Ա. հատ., եր. 342-343): Հետևյալ տարին (1786թ.) Աղա-Մամադ-շահը մի նոր արշավանք կատարեց դեպի Սպահանի կողմերը: Այս անգամ Փերիա գավառի հայ բնակիչները երկյուղից ամրացան լեռներում, իսկ շահը հրամայեց իր զորքերին ավարի առնել նրանց անտեր մնացած գյուղերը:(«Պատմ. Նոր Ջուղայու», Ա. հատ եր. 347): 1787 թվին դարձրյալ արշավեց Աղա-Մամադ-շահը դեպի Սպահանի կողմերը և այս անգամ գերի վարեց Հայոց Բուրվարի կոչված գավառի բնակիչներից շատերին, որոնք նույնպես Շահ-Աբաս մեծի տարած հայ գաղթականերից էին: Այդ գերիներին Աղա-Մամադ շահը բնակեցրեց Թեհրանի շրջակա գավառներում և գլխավորապես Սավայում: Մեծ մասը բռնությամբ մահմեդականացրին: («Պատմ. Նոր Ձուղայու», Ա.հատ, եր. 348-340)
  13. Մելիք-Մեջլումը Ղարաբաղի Ջրաբերդ գավառակի մելիքն էր, որ վիրավորված լինելով վրաց Հերակլ թագավորից, առաջնորդեց Աղա-Մամադ-շահին Թիֆլիսի արշավանքի ժամանակ։