Գաղտնիք Ղարաբաղի (Գլուխ Զ)

Զ

Այժմ ներկայացնենք այն պատկերը, որի մեջ նկարագրված է Շուշի բերդի պաշարումը Աղա-Մամադ-շահից:

1795 թվին Աղա-Մամադ-շահը, 60.000 (՞) զորքերով պաշարում է Շուշի բերդը։ Բերդում ամրացրած է Իբրահիմ-խանը, որ իրան թե այդ բերդի և թե Ղարաբաղի իշխանն էր համարում: Շրջակա հայոց գյուղերի բնակիչները վաղօրոք փախել և մտել են բերդը: Այնտեղ պատսպարված են նաև Մակար վարդապետի հերոսների ընտանիքները—խնածախցիք։ Տները մնացել են դատարկ:

Խնածախցի «քաջերը», թվով 20 հոգի, ալյուր են կրում դեպի բերդը, որպեսզի պաշարյալները առանց պաշարի չմնան։ Դրանք նույն «կայծակներն», «կարկուտները», «վիշապներն» և զանազան հսկաներն են, որոնց հետ ծանոթացանք նախորդ գլխում։ (Այստեղ Մակար վարդապետը մոռացել է յուր հերոսների իսկական նշանակությունը և, նրանց հասարակ գյուղացիների տեղ դնելով, ալյուր է կրել տալիս, մինչդեռ նրանց յուրաքանչյուրը մի քանի հազար զինվորների հրամանատար էր)։

Հանկարծ 20 հոգի խնածախցի ալյուր տանողներին պատահում են Աղա-Մամադ-շահի սարվազները (զինվորները)։ Այդ միջոցին խնածախցիների հետ միանում են 60 բալլուջացիներ, որոնք նույնպես ալյուր են տանում բերդը։ Մակար վարդապետի «քաջերի» թիվը դառնում է 8O հոգի։

Խնածախցի քաջերի թվում գտնվում է և «Ազրայելը»՝ Մակար վարդապետի ստեղծած հոգեհան հրեշտակը,—այսպես էր կոչվում «Գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը։ Հոր հետ լինում է և որդին՝ Ապրես Բեկնազարյանը,—«Գաղտնիք»-ի երկրորդ հեղինակը։ Ազրայելը, տեսնելով շահի սարվազներին, որ ուղիղ դիմում են դեպի Խնածախ, հասկանում է նրանց դիտավորությունը և պատրաստվում է մյուս «քաջերի» հետ պաշտպանել գյուղը։ Շահի զորքերին առաջնորդում էր հայազգի գնդապետ Հովհաննես Մելիք-Հայկազյանը, որ ուներ յուր հրամանի ներքո «2000 կանոնավոր և 2000 անկանոն սարվազներ» (երբ սարվազներ էին, անկանոն չէին կարող լինել)։ Նրանց հետ միացած էին 3000 ձիավորներ երկու «հազարապետների» գլխավորությամբ, որոնց մեկի անունը Սուլեյման էր, իսկ մյուսի անունը՝ Իստամազ։ Եվ այսպես, թշնամու ամբողջ զորությունը բաղկացած էր 7000 հետևակ և ձիավոր զինվորներից։ Այդ ահագին բազմությունը գալիս էր երկու դատարկ գյուղեր ոչնչացնելու— Խնածախը և Բալլուջան, որոնց բնակիչները փախել, մտել էին Շուշի բերդը։

Բայց 80 հոգի ալյուր տանողները մնացել էին բերդի դրսում։ Դրանք հանդիպում են շահի զորքերին։ Կռիվը սկսվում է հենց Խնածախի մոտ։ Մի քանի ժամվա մեջ երեք անգամ ճակատամարտ է լինում, և ամեն անգամ շահի զորքերը տերևների նման թոթափվում են այդ մի բուռն «քաջերից», թողնելով պատերազմի դաշտում դիակների ահագին բազմություն։

Սուլեյման և Իստամազ «հազարապետները» սպանվում են և նրանց հրամանատարության ներքո գտնված 3000 ձիավորներից մի հատ էլ չի մնում, — հայոց «քաջերը» բոլորին ամբողջապես կոտորում են (եր. 37)։ Իսկ հետևակ սարվազներից կոտորում են 2671 հոգի, որոնց թվում կային 1 հազարապետ և 8 հիսնապետ (եր. 34)։ Եվ այսպևս, թշնամուց սպանվածների ամբողջ թիվը լինում է 5671 հոգի։

Իսկ հայոց «քաջերից» սպանվում են 2 հոգի միայն…

Հաղթությունը մնում է 80 հոգի ալյուր տանողների կողմը…

Այդ սարսափելի ստախոսությունից հետո «Գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը, որ ինքը անձամբ մասնակցում էր կռվին, դեռևս երես ունի ասելու. «Սպանվածների քանակությունն թերևս չափազանցություն կերևի ընթերցողաց, բայց մենք ճշմարտությամբ գրեցինք» (եր. 34)։

Եթե Աղա-Մամադ-շահի զորքերը ամբողջապես ոտները կապած հավերից բաղկացած լինեին, դարձյալ անկարելի էր մի քանի ժամվա մեջ 5671 հավ կոտորել։

Բայց այդ մի քանի ժամվա մեջ Մակար վարդապետի «քաջերը» ուրիշ գործեր ևս կատարեցին։ Նախ՝ բոլոր 5671 սպանվածների դիակները թաղեցին հողի տակ, և իրանց հաղթությունը հավերժացնելու համար, նրանց վրա բարձր հողաբլուրներ կանգնեցրին։ Հետո Սուլեյման հազարապետի ընկած տեղի անունը կոչեցին «Սուլեյման խութ» իսկ Իստամաղ հազարապետի ընկած տեղի անունը կոչեցին «Իստամազի ձոր»։ Բայց այն տեղը, որ թշնամուն կենդանի այրել էին, կոչեցին «Կոռուտ» , որ մահմդականաց գերեզմանատուն է նշանակում (եր. 35, 37)։

Այդ հիշեցնում է Զենոբի և նրա պատմությանը շարունակողի պատմությունը, որ ամեն մի կռվից հետո, դեպքերի համեմատ, տեղերին անուններ են տալիս։

Երբ ամեն ինչ վերջացած էր, Գյուլ-Օհանը գայլի նման ոռնում է, և բոլոր «քաջերը» խաղաղ և հանգիստ նստում են բաց օդի մեջ ճաշելու (եր, 38)։ Հետաքրքիր է, թե ով պատրաստեց նրանց համար այդ ճաշը: Ամբողջ Խնածախը այրված էր, իսկ «քաջերի» ընտանիքները գտնվում էին Շուշի բերդում։ Բայց բանը դրանում չէ, երևի, երկնքից իջավ ճաշը,-բանը նրանումն է,որ ճաշելուց հետո, նոր կնքված «Կոռուտի» մոտ անմիջապես կազմվեցավ «քաջերի խորհուրդը», որ Կ. Պոլսի այժմեական երեսփոխական ժողովի ճիշտ ձևը և համանման կազմակերպությունն ուներ։ Այդ ժողովի մասին ես կխոսեմ հետո, բայց տեսնենք ի՞նչ եղան շահի մնացած զորքերը, ի՞նչ եղավ գնդապետ Մելիք-Հայկազյանը։ Այդ զորապետը կարծես եկել էր նրա համար միայն, որ ձեռքերը ծալած կանգնե և ամենայն սառնասրտությամբ ականատես լինի, թե ինչպես մի բուռն գյուղացիներ կոտորում են յուր հրամանատարությանը հանձնած զորքերը, որ հետո գնա և յուր թագավորին խաբար տանե, որի 60.000 զինվորներից բաղկացած բանակը դրած էր մի քանի քայլ հեռավորության վրա։

(Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Խնածախ գյուղը Շուշի բերդից 2 ժամվա հեռավորություն ունի, իսկ բերդը այդ միջոցին պաշարված էր Աղա-Մամադ-շահի զորքերով։ Այստեղ 80 գյուղացիներ կոտորում էին շահի զորքերը, իսկ այնտեղ 60.000 զինվորներից բաղկացած բանակում հրացանների ձայնը չէին լսում, որ գոնե օգնության հասնեին։ Իսկ շահի զորապետները այնքան հիմարացան, որ մի մարդ էլ չուղարկեցին բանակը օգնություն խնդրելու, և իզուր տեղը 5671 զինվոր կոտորել տվին…)։

Կրկնում եմ, ի՞նչ եղավ գնդապետ Մելիք-Հայկազյանը։

Կռվի սաստիկ ջերմության միջոցին՝ պատահեց մի միջանկյալ դեպք. առանց որևէ ստիպողական պատճառի, չնայելով որ հաղթությունը յուր կողմն էր, Խնածախի «քաջերի» հրամանատար Աբրահամ Բեկնազարյանը («Գաղտնիք»-ի հեղինակը) յուր զենքերը դրեց Մելիք-Հայկազյանի ոտքերի տակ և անձնատուր եղավ: Վերջինը ամենայն ազնվությամբ նրա զենքերը հետ տվեց և իսկույն բարեկամացան, սկսեցին միմյանց քաղցր խոսքերով ողջագուրել։ Իսկ նրանց աչքերի առջև խնածախցիները դեռ շարունակում էին կոտորել շահի զորքերը։ Մելիք-Հայկազյանը այն աստիճան հափշտակված էր հայր և որդի Բեկնազարյաններով, որ կարծես արբեցած լիներ նրանց սիրով, և ամենևին չէր նկատում, թե ինչպես են կոտորում յուր զորքերը։ Նա այնքան բարի գտնվեցավ, որ որպեսզի փոքրիկ Ապրես Բեկնազարյանը չվախենա այլանդակված դիակներից, առեց պատանին և նրա հոր հետ մեկուսացավ դեպի մի այլ կողմ։ Իսկ խնածախցիք շարունակում էին կոտորել (եր. 24, 25)։

Այդ միջոցին հայտնվում են երկու սուրհանդակներ և բերում են երկու նամակներ։ Մեկը՝ շահը ուղարկել է գնդապետ Մելիք-Հայկազյանին, մյուսը՝ Մելիք-Մեջլումը, որ նույնպես շահի բանակում էր գտնվում, ուղարկել էր Աբրահամ Բեկնազարյանին։

Շահը գրում էր յուր նամակի մեջ, թե Սուլեյման և Իստամազ «հազարապետները» խաբել են իրան։ (Դրանք նույն անձիքներն են, որ իրանց 3000 ձիավորների հետ սպանվեցան խնածախցի «քաջերից»)։ Թե այդ մարդիկը Իբրահիմ-խանի գործիքներն են եղել, և նրա թելադրությամբ ուղարկված են եղել յուր բանակը, որպեսզի առերես շահին բարեկամ ձևանալով, կարողանան յուր (շահի) ձեռքով խնծախ և Բալլուջա գյուղերը ոչնչացնել տալ։ Թե այդ մարդիկ դիմեցին իրան, հավատացնելով, որ խնածախցիք և բալլուջացիք շահի թշնամիներն են և Իբրահիմ-խանի բարեկամները։ Այդ պատճառով ինքը (շահը) նրանց ձիավորներով կարգեց իբրև առաջնորդ գնդապետ Մելիք֊Հայկազյանին, որ գնան հիշյալ գյուղերը ոչնչացնելու և այլն։

(Եթե Մելիք-Հայկազյանը մի այսպիսի հրահանգ էր ստացած, այդ ամբողջ պատմությունը պետք է առաջուց գիտենար, ինչ հարկ կար, որ շահը նորից գրեր նրան, այն ևս մի քանի քայլ հեռավորությունից, երբ ավելի հեշտ էր մի աստիճանավոր ուղարկել և հրամայել նրան, թե հետ դարձեք)։

Շահը յուր երկար նամակը վերջացնում էր, պատվիրելով Մելիք-Հայկազյանին, որ Սուլեյմանին և Իստամազին կենդանի յուր մոտ բերե պատժելու համար, իսկ հիշյալ գյուղերին ամենափոքր վնաս անգամ չպատճառե։ Մելիք-Մեջլումի նամակը նույն միտքն էր հայտնում շահի խաբված լինելու մասին, հետո շարունակում էր մի երկար պատմություն Ղարաբաղի հարազատ և անհարազատ կաթողիկոսների մասին, շահի խոստումների մասին վաղեմի մելիքություները վերականգնելու և այլն: Վերջը հրավիրում է Աբրահամ Բեկնազարյանին որ յուր հետ առնելով խնծախցի և բալլուջացի «քաջերին», դիմե շահի բանակը, խորհուրդ տալով, թե ավելի նպատակահարմար էր ծառայել շահին և սպասել նրա խոստումներին և այլն:

«Հայրս,—շարունակում է որդի Բեկնազարյանը,— խնդրեց շահի նամակի հայերեն պատճենը. գնդապետը հայերեն թարգմանեց և հայրս մատիտով գրեց թղթի վրա: Մելիք Հայկազյանն զարմանք հայտնեց հորս նախապատրաստության վրա, որն կրում էր միշտ յուր վրա թանաքաման, թուղթ և գրիչ» (եր.32):

Այսօր անգամ Խնածախ գյուղում անկարելի է մի հատ մատիտ գտնել: Իսկ Աբրահամ Բեկնազարյանը գործ էր ածում մատիտը գիտե՞ք երբ,—1795 թվին, մեզանից 90 տարի առաջ, երբ Անդրկովկասում մատիտի անունն անգամ չէին լսել: Եվ հետաքրքիրն այն է, որ կռվի միջոցին, «Գաղտնիք»-ի հեղինակը զենքերի հետ կրում էր յուր վրա թուղթ, թանաքաման և գրիչ… Այս բոլոր նախապատրաստությունները տարակույս չկա, որ «Գաղտնիք»-ի համար էին, և հենց այդ նպատակով Աբ. Բեկնազարյանը խնդրեց շահի նամակի հայերեն թարգնամանությունը: Եվ շահի միամիտ գնդապետը յուր թագավորի պաշտոնական նմակի պատճենը հանձնեց «Գաղտնիք»-ի հեղինակին հենց նույն րոպեում, երբ խնածախցիք նրա աչքերի առջև դեռ շարունակում էին կոտորել յուր զորքերը: Կարծես, դա նրա համար միայն եկած լիներ, որ «Գաղտնիք»-ին մի նոր նյութ մատակարարեր…

Իսկ Աբրահամ Բեկնազարյանը ոտքի վրա գրում էր Մելիք—Մեջլումից ստացած նամակի պատասխանը: Երբ վերջացրեց, սուրհանդակին ճանապարհ դրեց:

Խնածախցիք դեռ կոտորում էին…

Աբրահամ Բեկնազարյանը յուր որդուն, փոքրիկ Ապրեսին հանձնում է գնդապետի պահպանությանը, իսկ ինքը աճապարում է դեպի անտառի կողմը, որտեղ կռիվը նորից բորբոքվել էր: Շահի բարեսիրտ գնդապետը մնում է այնտեղ և այժմ դայակի պաշտոն է կատարում… ( եր. 33)։

Այդ բոլորը շատ հասկանալի է, սպիտակ թելով կարկատած զառանցություններ են, մի այնպիսի մարդու գլխից ծագած, որ ինչպես երևում է, յուր կյանքում ոչ պատերազմ է տեսել և ոչ գիտե պատերազմող մարդու պարտավորությունները: Մելիք-Հայկազյանը յուր թագավորին դավաճանած կլիներ, եթե թույլ տար, որ յուր հրամանատարության հանձնած զորքերը կոտորեին, իսկ ինքը զբաղվեր թարգմանություններով կամ յուր ախոյանի որդուն պահպանելով…

Բայց բանը դրանում չէ, ես ավելորդ չեմ համարում ցույց տալ այն ծիծաղելի ինտրիգը (բանսարկությունը), որ Մակար վարդապետի նկարած պատկերի հյուսվածքն է կազմում։

Երևակայեցեք, Խնածախ և Բալլուջա գյուղերը, որպես նախորդ գլխում տեսանք, Իբրահիմ-խանի սեփական կալվածներն էին։ Եթե այդ գյուղացիները անհավատարիմ հայտնվեցան, Իբրահիմ-խանը, որ այսօր պարսից ահարկու թագավորին յուր 60.000 զորքերով պահել էր յուր անմատչելի բերդի պարսիպների մոտ[1],—միևնույն Իբրահիմ-խանը չէր կարող մի հարվածով ոչնչացնել հիշյալ գյուղերը որոնց երկուսը միասին միայն 120 ընտանիքից էին բաղկացած։ Այն բարբարոսը, որ Ղարաբաղի վաղեմի մելիքությունները ոչնչացրեց և նոր, իրան հավատարիմ մելիքություններ ստեղծեց,- այն երևելի խորամանկը, որ Ղարաբաղի հարազատ կաթողիկոսությունը ոչնչացրեց և նոր, իրան հավատարիմ կաթողիկոսություն ստեղծեց։—Մի՞թե չէր կարող առաջուց պատմել յուր գյուղացիներին, երբ հայտնվեցավ նրանց անհավատարմությունը։ Իսկ այսօր, երբ թշնամին յուր ահարկու զորությամբ պաշարել է նրա բերդը, մի այսպիսի տագնապի ժամանակ, Իբրահիմ-խանը, ամեն հոգսեր թողած, յուր գյուղացիներին պատժելու մասին է մտածում,—այն գյուղացիներին, որոնց ընտանիքները պատսպարված են յուր բերդում, իսկ տղամարդիկը ալյուր և պաշար են կրում յուր բերդը… Եվ պատժել ինչպե՞ս։—Իստամազին և Սուլեյմանին 3000 ձիավորներով ուղարկելով պարսից բանակը, որ շահին խաբեն և նրանից ևս զորքեր առնելով գնան դատարկացած Խնածախը և Բալլուջան ոչնչացնելու…

Կարծես 3000 ձիավորը բավական չէր… Մակար վարդապետը որքան և հսկաներ ստեղծած լիներ յուր խնածախցիներից, բայց դարձյալ այդ բոլորը շատ և շատ ծիծաղելի է:

Եվ, վերջապես Աղա—Մամադ—շահը, որ այնքան զորություններ էր կործանել Պարսկաստանում,—նրա համար ի՞նչ նշանակություն ունեին երկու չնչին գյուղերի բարեկամությունը կամ թշնամությունն, որ նրանց վրա առանձին ուշադրություն դարձներ, և յուր գնդապետներին և հազարապետներին 7000 զինվորներով ուղարկեր այդ դատարակ գյուղերը ոչնչացնելու։

Բայց Մակար վարդապետը այնքան քաջ գտնվեցավ, որ յուր դրացի 80 հսկաների ձեռքով բոլորին կոտորել տվեց։

Այժմ տեսնենք հսկաների ժողովը, որ տեղի ունեցավ այդ կոտորածից հետո, բաց օդի ներքո, սպանվածների թարմ գերեզմանների մոտ, որի անունը արդեն կոչել էին «Կոռուտ»:

«Ճաշից հետո կազմվեցավ ժողով։ Նախագահ ընտրվեցավ Քյանդխուտա Խաչատուրն, որն աոաջարկեց ժողովին. «Մի քանի ստիպողական և ամենակարևոր խնդիրներ կան ժողով լուծելիք, ճըռ-խանությունն և ճըռ-մելիքությունն[2]ոչնչացնելու խնդիր, հարազատ մելիքությունն և հարազատ կաթողիկոսությունն վերականգնելու խնդիր, մեր ընտանյաց կյանքի ապահովության խնդիր, մեր ծառայությունը վարձատրելու խնդիր, մեր կենաց խնդիր, շահի և Մելիք-Մեջլումի հրավերը ընդունելու կամ մերժելու խնդիր։ Ահա այս խնդիրները պետք է լուծել կարգավ վիճաբանելով, ինչպես մինչև ցարդ զորապետական խորհուրդներով լուծված են այնպիսի ծանր խնդիրներ։ Միայն, խնդրեմ ամեն ոք ձեզնից պիտի խոսի ազատորեն, կարծիք հայտնե պաղարյունությամբ, հեռատեսությամբ և նուրբ կշռադատությամբ» (եր. 88)։

Առաջինր խոսում է «Գաղտնիք-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը մի երկար ճառով, որ սկսում է այդ խոսքերով.

«Ղարաբաղի ճըռ-խանությունը և ճըռ-մելիքությունը, եթե մենք մեր ձեռքով ոչնչացնենք՝ (դոնքիշոտությանը նայեցեք), շատ հեռու է. (ինչո՞ւ մինչև այսօր թողեցիք) իսկ եթե պարսից շահերի կամ այլոց հուսով թողնենք՝ ծանրակշիռ և դժվարալուծ խնդիր է»…

Պարսից շահը 60.000 զորքով պաշարել է Ղարաբաղի խանի բերդը և չէր կարողանում ներս մտնել, իսկ Աբրահամ Բեկնազարյանը շատ հեշտ է համարում յուր 80 հոգուց բաղկացած խումբով ոչնչացնել նրա խանությունը…

Յուր ճառի շարունակության մեջ «Գաղտնիք»-ի հեղինակը պատմաբանորեն բացատրում է պարսից վերջին թագավորների աննպաստ վերաբերմունքը Ղարաբաղի հայոց մելիքների վերաբերությամբ և, վերջ ի վերջո այն եզրակացությանն է հասնում, թե շատ չի պիտի հավատալ Աղա-Մամադ-շահի խոստումներին, թե նա կվերականգնե Ղարաբաղի ընկած մելիքությունները և այլն:

Հետո սկսում են այդ հարցի վրա վիճել, բայց ամենը հերթով են խոսում, առանց մինը մյուսին խանգարելու և ամեն հռետոր զոռ է տալիս յուր լեզվի ուռած, փքված պերճախոսությանը։

«Գաղտնիք»ի հեղինակը պատասխանում է մի այլ ճառով, որի մեջ բացատրում է Ղարաբաղի մելիքների հարաբերությունները ռուսաց հետ, սկսյալ Պետրոս Մեծից, և հասցնում է մինչև յուր ժամանակը[3]։

Հռետորները դարձյալ սկսում են վիճել, դարձյալ զոռ են տալիս իրենց պերճախոսությանը, բայց կարգով, առանց մինը մյուսին ընդմիջելու, և ավելի կարգով, քան թե Կ. Պոլսի այժմյան երեսփոխանական ժողովը։

Հետաքրքիրն այն է, որ ժողովի բոլոր վիճաբանություններն արձանագրվում են։

«Խորհրդականաց խոսքերն նույնությամբ գրվեցան. թերևս ապագա սերնդոց օգտակար կլինեն» (եր, 54)։

«Որոշվեցավ, որ Ոշապ Բաղդասարն (Վիշապ Բաղդասարը), Զարպազանն, Քիարփեթյունն (Քալբաթինը), Փեհլուանն (հսկան), Ալբեթյուն (Աֆլաթունը), Պողպատն և Չափարն (կոտորողը) ալյուրները տանեին, Շուշում թողնեին, և գալով մեզ միանային բանակատեղում» (եր. 55)։

«Գաղտնիք»-ի հեղինակը մյուսների հետ միասին գնում են Աղա-Մամադ-շահի բանակը միանալու պարսիկների հետ և կռվելու պաշարված բերդի դեմ, որի մեջ պատսպարված էին նրանց ընտանիքները։ Նրանք ամենափոքր երկյուղ անգամ չեն կրում, որ Իբրահիմ—խանը նրանց զավակներին, կանանց դնել կտա նույն գնդակների դեմ, որ նրանք կարձակեն յուր բերդի վրա։

Տեսնո՞ւմ եք, այդ էշերով Իբրահիմ—խանի համար ալյուր տանող գյուղացիները, ոչ միայն հրաշագործ պատերազմողներ են, այլ, միևնույն ժամանակ, ուսյալ, կրթյալ, խորին քաղաքագետ և պառլամենտական անձիք են։ Նրանք պատմություն գիտեն, նրանք գիտեն անցյալը համեմատել ներկայի հետ, նրանց յուրաքանչյուրին ծանոթ են իրանց ժամանակի բոլոր պետությունների միջազգային հարաբերությունները, երևի լրագրներ ևս կարդում են…

Մակար վարդապետը, պատմության, ժամանակների, սովորույթների ու կարգերի հետ այնպես է խաղում, ինչպես յուր «տեր ողորմյայի» հատիկների հետ, կարծելով թե որ կողմն և ուզե, կարող է դարձնել: Թուրքիո հայոց ազգային սահմանադրությունը հիմնվեցավ 1860 թվականին։ Բայց Մակար վարդապետը 1795 թվին նույն սահմանադրական վարչությունը տեղափոխում է, գիտե՞ք որտեղ, յուր ծննդավայր Խնածախ գյուղը…

Ոչ միայն Խնածախի գռեհիկ գյուղացիները, որոնց հասկացողության և աշխարհայեցողության հորիզոնը իրանց գյուղի սահմանից հեռու չէր տարածվում, այլ նույնիսկ Ղարաբաղի նշանավոր մելիքները, որ իսկապես հոյակապ անձնավորություններ էին,—երբեք այս տեսակ ժողովներ չեն ունեցել։ Երբ Ղարաբաղի մելիքները խորհուրդ էին կազմում, հավաքվում էին մեկի տանը, նստում էին թոնրի մոտ, մի կողմում դրած էր լինում գինին, օջախի վրա ծխում էր խորովածը, մի կողմում լաց էր լինում անհանգիստ երեխան, հարսն ու աղջիկը ոտքի վրա սպասավորություն էին անում, տանտիկինը շերեփը ձեռին կերակուր էր ածում,—և երկրի իշխողները ուտում էին և նահապետական պարզությամբ խորհում էին իրանց երկրի չարն ու բարին։

Վերջապես Մակար վարդապետի «քաջերը» մոտենում են շահի բանակին: Ընդունելությունը կատարվում է հանդիսավոր կերպով. թե «քաջերի» խումբից և թե բանակից հնչեցնում են փողեր, «ինչպես իր հնուց սովորություն էր պարսից»[4], Մելիք-Մեջլումը, Ջավադ—խանը և մի «պատվավոր անձն» շահի կողմից դիմավորում են նրանց (եր. 135)։

Մելիք—Մեջլումը, որ վայելում է շահի առանձին հարգանքը[5], ներկայացնում է «քաջերին» և «հականե—հանվանե» գովաբանում է, թե նրանց մատուցած ծառայությունները, թե հավատարմությունը և թե նրանց կատարած քաջությունները (եր. 136):

Շահը պատասխանում է մի ճառով, որի մեջ հատկապես շեշտում է հայոց մատուցած վաղեմի ծառայությունների վրա, և վերջացնում այդ խոսքերով։

«Անվարձ չեն մնալու և ձեր քաջություններն և ծառայություններն» (եր. 136)։

Ո՞ր քաջություններն, ո՞ր ծառայությունները։

Այն ծառայությունները, որ այդ «քաջերը» մի քանի ժամ առաջ կոտորեցին նույն շահի 5671 զորքերը…

Եվ շահը իսկույն վարձատրեց «Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանին, որ «քաջերի» հրամանատարն էր և որին շահը «Հրաշագործ—Ազրայել»[6]էր կոչում (եր. 162)։ «Ծակ—քարի» մոտ կատարած քաջագործության համար (որտեղ ընկան շահի զորքերը) շնորհեց մի առյուծադրոշմ շքանշան, բայց «Հրաշագործ—Ազրայելը» քաղաքավարությամբ մերժեց, պատճառաբանելով, որ շահը ավելի լավ կանե, եթե կատարե յուր խոստումնե րը Ղարաբաղի ընդհանուր մելիքությունների վերաբերությամբ (եր. 149)։

Այնուամենայնիվ, շահը, որովհետև ներքինի էր, զավակ չուներ, որդեգրեց «Հրաշագործ-Ազրայելի» որդի Ապրես Բեկնազարյանին («Գաղտնիք»-ի երկրորդ հեղինակին) և նրա անունը Ալահվերդի (Աստվածատուր) կոչեց, որովհետև աստված նրան մի զավակ պարգևեց (եր. 136)։ Այդ մասին խոսվեցավ Դ-րդ գլխում: Իսկ նրա հորը շնորհեց զորավարության աստիճան և պահեց յուր մոտ (եր. 170, 171, 172, 222)։ Այստեղից է սկսվում հայր և որդի Բեկազարյանների երևակայական ծառայությունները պարսից երեք թագավորների մոտ, որի մասին խոսվեցավ նախորդ գլուխներում։

Պետք է ուղեղի սաստիկ հիվանդություն ունենալ այս տեսակ ցնորքներն իբրև պատմություն ներկայացնելու համար։ Չկա մեկը պարսից վերջին թագավորների մեջ, որ Աղա-Մամադ-շահի նման սիրելիս լիներ յուր զինվորներին։ Եվ չկա մեկը, որ նրա նման վրեժխնդիր և ոխակալ լիներ։ Նա պատրաստ կլիներ ամբողջ հայոց ազգը ջնջել յուր զինվորներից մեկի մի կաթիլ արյան համար։ Իսկ նրա զորքերին և զորապետներին կոտորում են, նա փոխանակ վրեժխնդիր լինելու, այս տեսակ վարձատրություններ է անում…

Ահա՛ այն պատկերը, որ նկարելու համար Մակար վարդապետը սպառել է յուր հանճարի բոլոր զորությունը,—ահա՛ այն փայլուն գոհարը, որ զարդարում է «Գաղտնիք»-ի ճակատը։

  1. Այս անգամին Աղա-Մամադ շահը չկարողացավ գրավել շահի բերդը:
  2. Ճըռ-խանություն կոչում է հեղինակը Իբրահիմ խանի իշխանությունը, որ բռնությամբ տիրապետել էր Ղաբաբաղը: Իսկ Ճըռ-մելիքություն կոչում է Իբրահիմ-խանի կուսակից մելիքությունները, որոնք բաժանված էին Ղարաբաղի հարազատ մելիքների միաբանությունից:
  3. Թե առաջին և թե երկրորդ ճառի բովանդակությունն ամբողջապես առնված է «Խամսայի մելիքություններից»
  4. Մակար—վարդապետը լսել է, որ երբ հայոց դաշնակից զորքերը մոտենում են պարսից բանակին, երկու կողմից ևս փողեր են հնչեցնում, որը միմյանց ողջունելու նշան էր: Բայց այդ սովորությունը շատ հին էր. կատարվում էր հայոց թագավորների նախարարների ժամանակներում: Իսկ մելիքների իշխանության ժամանակներում դադարած էր։
  5. Մելիք-Մեջլումը Ղարաբաղի Ջրաբերդ կոչված գավառակի մելիքն էր, որ միացած էր Աղա—Մամադ—շահի արշավանքին և առաջնորդեց նրան Թիֆլիսի կործանման ժամանակ։ «Գաղտնիք»—ի մեջ հիշվում է այն արտոնությունները, որ շահը շնորհած էր Մելիք—Մեջլումին: Իբրև մի նոր փաստ, թե ինչպես «Գաղտնիք»—ը բառ առ բառ քաղում է «Խամսայի մելիքություններից»։ Ես կբերեմ միևնույն խոսքերը.

    Շահը շնորհեց մելիք-Մեջլումին այդ երեք արտոնությունները».

    1. «Երբ և կամենա կարող է անարգել կերպով ել և մուտ գործել յուր մոտ»։

    2. «Ինչ որ խնդրելու լինի նրա կամքը կկատարվի»։

    3. «Արքունիքի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի»։

    «Խամս. մելիքություններ», եր. 186։

    «Շահը Մելիք-Մեջլումին շնորհեց հետևյալ արտոնությունները»։

    Ա. «Մելիք-Մեջլումն ամեն ժամանակ իրավունք ունի ազատ ելումուտ գործել շահի մոտ առանց արգելքի»։

    Բ. «Ի՞նչ խնդիր առաջարկելու լինի՝ շահի կողմից կկատարվի անպատճառ»։

    Գ. Շահական գանձարանն հանձնված է մելիքին ըստ պահանջման հարկին ծախսել պիտոյից համար»…

    «Գաղտնիք», եր. 138։

  6. «Հրաշագործ-Ազրայիլ» նշանակում է «Հրաշագործ հոգեհան հրեշտակ»