Գաղտնիք Ղարաբաղի (Գլուխ Է)

Է

Նախորդ երկու գլխում ծանոթացանք այն պատկերի հետ, որ «Գաղտնիք»-ի զարդն էր կազմում,—ծանոթացանք և այն հերոսների հետ, որոնց Մակար վարդապետը ներկայացնում է նորագյուտ պատմական անձնավորություններ։

Հայ սուրբը գրել է իբրև այդ պատկերը միայն, բայց ոչ իբրև պատմություն, այլ իբրև մի փոքրիկ վեպիկ։

Հայ սուրբը ինքը խնածախցի գոլով, այդ գյուղն ընտրել է իբրև ասպարեզ յուր վեպիկի մեջ կատարած գործողությունների։ Եվ այդ շատ բնական է։ Մեր բոլոր փոքրիշատե հայտնի վիպասանները գյուղացիներ են եղել։ Յուրաքանչյուրը յուր վեպերի նյութը առել է յուր հայրենական գյուղից։ Աբովյանցը անմահաց րեց Քանաքեռը: Աղայանցը նկարեց Խաչենը։ Պոոշյանցը ծանոթացրեց մեզ Աշտարակի հետ։ Իսկ մեր նվաստությունը յուր մի քանի վեպերի նյութը առել է յուր հայրենական բնագավառ Սալմաստից։

Հենց առաջին անգամ, երբ վիպասանը սկսում է գրել, նրան ներկայանում է յուր մանկության ծննդավայրը, որ ավելի մոտ էր նրա սրտին, որ ավելի ծանոթ էր նրան։

Մակար վարդապետին ևս շատ բնական էր, յուր վեպիկի նյութը առնել Խնածախից։ Այսպես էլ արել է նա։ Եվ այդ է այն տարօրինակ երևույթի պատճառը, որ նրա բոլոր հերոսները որոնց թիվը քառասունից անցնում է, այդ գյուղիցն են ծնվում:

Նրա նկարած պատկերը, ինչպես երևում է էր «Գաղտնիք»—ից, սկզբում դրած է եղել խիստ նեղ շրջանակի մեջ։ Նա ներկայացնում էր Շուշի բերդի պաշարումը Աղա-Մամադ-շահից, խնածախցիների քաջագործությունները, Աղա-Մամադ-շահի երկրորդ արշավանքը և նույն բերդում սպանվելը։ Այդքանը միայն:

Եթե Մակար վարդապետը բավականանար այդ պատկերով միայն և նրան նույն ձևով ներկայացներ ընթերցող հասարակությանը, գուցե նրան կասեին վատ նկարիչ է և ավելի ոչինչ: Բայց յուր վերջին վարմունքով՝ ենթարկել է իրեն մի այնպիսի պատասխանատվության, որ շատ ծանր պետք է լինի նրա համար…

Հայր սուրբը, ինչպես երևում է Գաղտնիք»-ից, հրապուրվել է և իր ձեռնարկության մեջ շատ առաջ է գնացել։ Նա սկսել է ընդարձակել յուր պատկերը։ Եվ նույն հերոսներին, որ նա ստեղծել էր միայն այդ պատկերի մեջ գործելու համար,—նույն հերոսներին մտցրել է այն բոլոր պատերազմների և քաղաքական հարաբերությունների մեջ, որ կատարվեցան Անդրկովկասում, սկսյալ այն օրից, երբ ռուսները առաջին անգամ ոտք դրեցին այդ երկրի վրա, մինչև նրանց կատարելապես տիրապետելը։

Վերջին վարմունքը շատ հասկանալի է՝ Մակար վարդապետին պետք է դներ խստ անելանելի դրության մեջ։ Նա յուր հերոսներին վիպական անձնավորություններից դարձրեց պատմական անձնավորություններ։ Այլ խոսքով, նա ստեղծել է մի պատմություն,—այն ևս կեղծ պատմություն։

Ինչպե՞ս պաշտպանել այդ կեղծությունը։

Միակ ելքը այն էր, որ Մակար վարդապետը ձեռքերը լվանար, մի կողմ քաշվեր, և բոլոր մեղքը ձգեր Բեկնազարյանների վրա, նրանց ցույց տալու իբրև հեղինակ «Գաղտնիք»-ի։ Այդպես էլ արել է նա։

Այսուամենայնիվ Մակար վարդապետը ցանկացել է, որ Գաղտնիք»—ը ոչ միայն պատմական արժեք ունենար, այլ նա երևան հաներ այնպիսի «վտանգավոր գաղտնիքներ» և պատմության համար այնպիսի «թանկագին գանձեր», որոնք բոլորովին անհայտ էին մինչև այդ գրքի տեսնելը։

Որքան մեծ է այդ խոստմունքը, նույնքան դժվարին է նրա կատարելը։ Որտեղի՞ց գտնել «թանկագին գանձերր»։

Որպեսզի գործից մաքուր դուրս գա, Մակար վարդապետը իրան թույլ է տվել այն վարմունքը, որ սովորաբար գործ են գնում կրկեսների կառավարիչները: հայտաթղթերի վրա խստանում են աներևակայելի ներկայացումներ։ Մեծ փափագով հավաքվում է հասարակությունը, և հանկարծ մեկը դուրս է գալիս և խոնարհաբար ազդարարում է հարգելի հասարակությանը, թե այսինչ ձեռնածուի կամ այնինչ խեղկատակի հիվանդության պատճառով խոստացած ներկայացումր հետաձգվում է, իսկ նրա փոխարեն տրվում է մի ուրիշը…

Նույնը արել է և Մակար վարդապետը։ «Գաղտնիք»—ի 89, 90, 91, 92 երեսներում հիշվում են յոթ բոլորովին անհայտ պատմագիրների անուններ, յոթն հրաշելյաց խորհրդավոր թվով։ Այդ յոթանց խումբը հայտնվում է միևնույն դարում և գրում է 15 հատոր պատմություններ Ղարաբաղի վերաբերությամբ։ Ահա այն հարուստ գանձարանը, ահա այն անսպառ աղբյուրները, որոնցից օգուտ քաղելով «Գաղտնիք»—ի հեղինակը պետք է մատակարարեր մեզ յուր խոստացած «անգին գանձերը»:

Հետաքրքիր են այդ պատմագիրների և նրանց հեղինակների անունները.

Ա. Երեմիա (Հասան—Ջալալյան կաթողիկոս Գանձասարսա վանքի գրել է.

1) «Պատմություն կաթողիկոսացն Աղուանից»։

2) «Ծագումն թագավորացն Աղուանից»։

3) «Ծագումն Ջալալյան տոհմի ի Վախթանգ թագավորազնէ». որ իբր թե Ջալալյան Գրիգորիս և Եղիա վարդապետների պատմության շարունակությունն է եղել[1] 4) «Ժամանակագրություն անցից»: Որ Ղարաբաղում կատարված, քաղաքական և եկեղեցիական պատմությունն է, որի մեջ կարգով գրված են եղել բոլոր մելիքների գործերը[2]:

Բ. Եղիա վարդապետ Հասան-Ջալալյան[3].

1) «Արշավանք թաթարաց և պատերազմ ի Կաչաղակաբերդին»:

Գ. Եսայի (Հասան-Ջալալյան) կաթողիկոս Գանձասար վանքի.

1) «Ծագումն և պատմություն Մելիք-Հակազյանց Մելիք-Եսայի, իշխողին Ջրաբերդի»:

2) «Ծագումն և պատմություն Մելիք-Աբովի առաջնոյ, իշխողին Կյուլստան գավառի»:

3)«Հարաբերություն հայոց ընդ ռուսաց», որի մեջ ժամանակագրական կարգով զետեղված են եղել սկսյալ 1727 թվականից[4], հայոց կաթողիկոսների և մելիքների ռուսաց կառավարության հետ ունեցած հարաբերությանց պաշտոնական թղթերի օրինակները: Նույն պատմության մեջ յուրաքանչյուր նոր գահակալող կաթողիկոս շարունակել է գրել յուր ժամանակի գործերը, նույնպես ժամանակագրական կարգով:

Դ. Մովսես վարդապետ միապետ Գանձասարա վանքի.

1)«Վանորայք Արցախի և կալուածք նոցա»: Այդ պատմության մեջ նշանակված են եղել Ղարաբաղի բոլոր վանքերի անունները, նրանց արձանագրությունները, նրանց յալվածքների տարածությունը իրանց սահմաններով, նվիրողների անունները, նրանց կալվածագրերը, թագավորների հրովարտակների օրինակ

ները, որ հաստատում էին այդ կալվածքները իբրև սեփականություն և այլն։


Ե. Վարդան վարդապետ վանահայր Գտիչ վանքի. 1) «Պատմություն մելիքաց Դիզակի և Վարանդի»։ 2) «Դյուցազնական քաջագործությունը մելիքաց»։ 3) «Ծագումն Փանահ ճըռ-խանի և ճըռ-Մելիք-Միրզախանի»։ 4) «Իսրայել ճըռ կաթողիկոս և գործք յուր»։

Զ. Եղիա վարդապետ միաբան Ամարասայ վանքի. 1) «Սահմանք հայ մելիքաց»։ Որի մեջ գրված է եղել Ղարաբաղի մելիքների տիրած երկրների սահմանները, բերդերի թիվը և նրանց նկարագրությունները, ժողովրդի քանակությունը, գյուղերի անունները և բնակչաց թիվը, զորքերի քանակությունը և այլն։


Է. Ղևոնդ վարդապետ, վանահայր Ղնոնդեանց անապատի. 1) «Մելիք-Շահնազար Երրորդ»։ Որի մեջ գրված է եղել Մելիք-Շահնազարյանների տոհմի ծագումը և նրանց ժառանգների գործերը»:


Տեսնո՞ւմ եք որքա՜ն առատություն… Ղարաբաղը որքա՞ն հարուստ է եղել իր պատմագիրներով և պատմություններով։ Եվ ի՜նչ բախտավոր պատմագիրներ, նրանք խմբով հայտնվում են միևնույն դարում, և իրանց գրքերի մեջ մի բան չեն թողնում, որի վրա ուշադրություն չդարձնեին,—մինչև անգամ վիճակագրություն…

Իսկ «Գաղտնիք»-ի հեղինակը օգուտ քաղե՞ց այդ գանձերից։

Դժրախտարար,—ո՛չ։

Ինչո՞ւ։

Ահա ինչու։

«Բայց հարազատ մելիքները բոլոր ձեռագրերը և թղթերը արդեն կանխավ երեք մասն բաժանած և թաքցրած էին, յորոց առաջին մասը թաքցրած էին Գանձասարի և Խութա վանքի մեջտեղում, մի քարայրում և բերանը ամրագրած քարուկիր պատով և անհայտացրած. երկրորդ մասը Ջրաբերդի մի ստորերկրյա և անհայտ քարայրում, իսկ երրորդը Կյուլստան գավառի Հոռեկա վանքի մոտերում» (եր. 89)։

Ի՞նչ հարկ կար այդ անմեղ պատմությունները այդպես զանազան տեղերում երեք գերեզմանների մեջ թաղելու:

Այդ հարկը այդպես է բացատրում «Գաղտնիք»-ի հեղինակը.

«Երեք մասը բաժանելու պատճառն այն է, որ ոչ միայն ճըռ-խանն (Իբրահիմ-խանն) հետազոտում էր ոչնչացնել


30 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. X այդ ձեռագրերը, այլև Մելիք-Շահնազար Գ-ն և ճըռ-մելիք Միրզախանն (Իբրահիմ-խանի կուսակիցները), քանզի այդ ձեռագրերում անաչառապես պատմագրված էին բոլոր ճռերի (անհարազատների) արարքը» (եր. 89)։

Ծիծաղելի՜ է։ Ղարարաղի մելիքները իրանց ամրոցներով և անմատչելի բերդերով, իրանց անթիվ զորքերով ինչպե՞ս էին պահպանում մի ամբողջ երկիր, երբ նրանք անզոր էին 15 հատ գիրք պահելու: Կամ այդ գրքերը մելիքների մոտ ի՞նչ էին շինում։ Եվ եթե նրանք այնքան հմուտ մարդիկ էին, որ հասկանում էին այդ գրքերի նշանակությունը, ինչո՞ւ երբ գաղթեցին դեպի Գանձակի և Վրաստանի կողմերը, չտարան գրքերը իրենց հետ, այլ թաղեցին գետնի տակ, որ փտեն։ Եվ վերջապես, մի՞թե այդ գրքերը մի-մի օրինակներ էին, որ թաղվելով գետնի տակ, մոռացվեցան և բոլորովին անհայտացան։

Դժբախտաբար մի-մի օրինակներ էին։ Ահա ինչ է ասում այդ մասին «Գաղտնիք»-ի հեղինակը.

«Հարկ է ասել, որ այս ձեռագիր գրքերն տակավին ընդօրինակված և ժողովրդի մեջ ցրված չեն (չէին), այլ հավաքված են (էին) Գանձասարի հնադարանում, քանզի թե Մելիք-Շահնազար Գ-ն և թե Իսրայել ճըռ-կաթողիկոսն հետամուտ եղած են (էին) բազմիցս անհայտացնել այդ ձեռագրերը։ Այս միջոցին դիմած են սոքա, որպեսզի եթե հնար է, յուրյանց մահից հետո պատմության մեջ չմնային յուրյանց վատ արարքներն, և ապագա սերունդներից ծածկեին յուրյանց ամոթը ու նախատինքը։ (Կարծես ամբողջ 15 գրրքերը միայն Մելիք-Շահնազարի և Իսրայել կաթողիկոաի գործերի մասին գրած լինեին)։ Այսպես հետամուտ եղած էին ոչնչացնել այդ ձեռագրերը և բոլոր ճըռերն։ Ահա ձեռագրերը թաքցնելու պատճառներն» (եր. 91, 92)[5]։ Այդ բոլորը Մակար վարդապետի թքով կպցրած պատճառաբանություններն են…

Այսինչ ձեռնածուի և այնինչ խեղկատակի հիվանդության պատճառով ներկայացումը հետաձգվում է…

Բայց Մակար վարդապետի երևակայական պատմագիրները իրենց երևակայական պատմություններով, ոչ միայն հիվանդանում են, այլ գետնի տակ թաղվելով,—մեռնում են…

Ուրեմն, այլևս ի՞նչ մեղավոր է «Գաղտնիք»-ի հեղինակը, որ նա չկարողացավ իր խոստացած պատմական «անգին գանձերը» մեզ ավանդել, երբ այն բոլոր գրքերը, որ պետք է ծառայեին նրան իբրև աղբյուր, այդպես տարաբախտ կերպով ոչնչացան… և նրա ձեռքը չհասան…

Ամեն ինչ մտածել է Մակար վարդապետը «Գաղրնիք»-ի կեղծությունը ծածկելու համար, բայց մի բան է մոռացել։

«Գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը («Հրաշագործ Ազրայելը»—հոգեհան հրեշտակը) հո գիտեր հիշյալ գրքերի թաքցրած տեղերը։ Նա յուր ձեռքի տակ ուներ 7000 զինվորներ և 70—80 հսկաներ։ Իբրահիմ-խանը և նրա կուսակից ճըռ-մելիքներն» տերևի նման դողում էին նրա երկյուղից։ Նա ինքը Ղարաբաղի պատմությունն էր գրում։ Այդ գրքերը նրան շատ հարկավոր էին, Ինչո՞ւ մի օր չվեր առեց յուր «վիշապներին», յուր

«առյուծներին» և յուր «կայծակներին» և չգնաց այդ գանձերը դուրս հանելու և թողեց, որ անհայտության մեջ ոչնչանային…

Դիցուք թե «Գաղտնիք»-ի հեղինակը չմտածեր այդ մասին: Բայց նա ինքը Մաթուսաղայի տարիքն ուներ, ապրել էր համարյա երկու դար, ամեն ինչ յուր աչքով տեսել էր և ամեն գործողությունների մեջ անձամբ մասնակցել էր, և բացի դրանից, նա ինքը Գանձասարի Ներսես կաթողիկոսի մոտ անհայտ նյութեր էր ընդօրինակում յուր «Գաղտնիք»-ի համար (եր. 15)։ Այդ նյութերը ի՞նչ եղան, որ չմտան «Գաղտնիք»-ի մեջ։

Նրանց հետ ևս դժբախտություն պատահեց…

Երբ «Գաղտնիք»-ի հեղինակը հիվանդ դրված էր մահվան անկողնու մեջ, յուր որդի Ապրես Բեկնազարյանին շատ խրատներ տալուց հետո, հանձնեց նրան թանկագին ավանդը, որ նա արձանագրեր «Գաղտնիք»-ի մեջ։

Այդ խորհրդավոր րոպեն հետևյալ կերպով է նկարագրում որդի Բեկնազարյանը.


«Հետո յուր արխալուղի պինդ կարած ծոցաջեբի կարերը քանդելով հանեց մի կարմիր ծրար և զալն ինձ հանձնելով ասաց.
Եվ դու, սիրելի իմ որդյակ Ապրես, ա՛ռ այս ծրարը, դորա մեջ են Մեծին Պետրոսի Ղարաբաղի հարազատ մելիքներին գրած, Եկատերինե Բ կայսրուհուն, Աղվանից կաթողիկոսին և մելիքներին ուղղված պայմանաթղթոց պատճենները, և սոցա առ նոցա գաղտնի գրած պայմանաթղթոց պատասխանի ընդօրինակությունները, Արղությանը Հովսեփ եպիսկոպոսին, Աշտարակեցի Ներսես եպիսկոպոսին, Մինաս-Աղա Լազարյանցին, Մադաթովին, Մելիք-Վանուն, մեծ Երմալովին, Ներսես եպիսկոպոսի ձեռով հայերեն գրել տված և ինձ ղրկած ամենածածուկ և վտանգավոր նամակներն։ Այս բոլոր թղթակցությունները, որք վերաբերվում են ռուսաց հայոց հետ կապած պայմանաց և գաղտնի հարաբերությանց՝ ժամանակագրական կարգաւ զետեղիր քո «Գաղտնիք Ղարաբաղի» պատմության մեջ, որովք թե հետաքրքիր կլինի ընթերցողաց քո պատմությունդ և թե չեն կորչիր, ինչպես կորած են Ղարաբաղի հեռագիր պատմությունները։ (Նրանք, որ դու ինքդ թաղեցիր գետնի տակ…) Որքա՜ն լույս կսփռեն ապագա հայ պատմության ինչպես «Գաղտնիք Ղարաբաղին», նույնպես այդ նամակներն։ Բայց զգուշացիր, որ քո ձեռագիր պատմության գլխին ևս փորձանք չպատահի» (եր. 388)։

Փորձանքը պատահեց… Մակար վարդապետը «Գաղտնիք»—ի բնագիրը կորցրեց…

Իսկ ի՞նչ եղան այն «ամենածածուկ և «վտանգավոր» նամակները, ի՞նչ եղան այն գաղտնի հարաբաերությանց պայմանագրերը, որ ամփոփված էին «կարմիր ծրարի» մեջ։

«Կարմիր ծրարի» հետ ևս փորձանք էր պատահել…

«Երբ բացի, այն ծրարը,—շարունակում է որդի Բեկնազարյանը,—որ նամակների ընդօրինակությունը զետեղեի այստեղ («Գաղտնիք»—ի մեջ), աստվա՜ծ իմ, ի՞նչ տեսա։ Տեսա, որ մի տառ անգամ մնացած չէր թղթոց վրա։ Թղթերն քրտինքներից փտած և հաճախակի շարժումներից տրորված և տառերն բոլորովին անհայտացած էին, քանզի գիշեր և ցերեկ հայրս միշտ յուր վրա էր կրում այդ ծրարը (ուրեմն արխալուղով էր քնում) և ինձանից անգամ զգուշությամբ պահում։ Լալով այրեցի ակամա այդ անօգուտ թղթերը հանդերձ ծրարովն» (եր. 390)։

Շա՜տ ապրի Ապրես Բեկնազարյանը, որ այդ հոգսից ևս ազատեց Մակար վարդապետին…

Տեսնո՞ւմ եք «Գաղտնիք»—ի հեղինակը ինչպես ճարպիկ կերպով դուրս պրծավ յուր խոստացած պատմական թանկագին գանձերը մեզ մատակարարելու պարտավորությունից…

Պարսից երեք թագավորների մոտ ամենաբարձր պաշտոններ կատարող Աբրահամ Բեկնազարյանը, 10.000 զորքերի հրամանատար Աբրահամ Բեկնազարյանը, Ֆաթալի—շահի ներքինապետ Աբրահամ Բեկնազարյանը՝ մի արկղիկ անգամ չէ ունեցել այդ պահելու համար… Եվ սկսյալ Պետրոս Մեծի օրերից, հայոց և ռուսաց 127 տարվա (1701 —1828) հարաբերությանց թղթակցությունները պահում էր յուր արխալուղի ծոցի գրպանում… մի փոքրիկ կարմիր ծրարի մեջ…

Եթե Մակար վարդապետը տեսած լիներ այդ խոշոր հատորները, որ տպված են ռուսաց լեզվով և բովանդակում են իրանց մեջ հայոց և ռուսաց հարաբերությունների ոչ թե ամբողջ թղթակցությունները, այլ նրանց ցուցակները միայն, և որ կոչվում են «Собрание актов, относящихся к обозрению истории армян скоро народа»—այդ տեսնելուց հետո կարծեմ Մակար վարդապետը մի փոքր պիտի կարմրեր, մտածելով, որ թղթերի այդ ամբողջ արխիվը անկարելի էր ծոցի գրպանում պահել…

Հարկավոր է կրկին վերադառնալ դեպի վերևում հիշված 7 պատմագրները և դեպի նրանց թվով 15 գրավոր վաստակները, որոնք այնպիսի տարաբախտ վիճակի ենթարկվեցան,— ասում եմ հարկավոր է այն նպատակով, որ դրանով պետք է բացատրվի «Գաղտնիք»-ի հեղինակի մի նոր օյինբազությունը: Ուրիշ ավելի հարմար բառ հազիվ թե կարելի է գտնել մի նենգավոր վարմունք արտահայտելու համար։

Այն բոլոր նախամտածությունները,—15 պատմական մատյանների զանազան տեղերում թաքցնելը և անհայտացնելը,—նրանց միայն մի-մի օրինակ լինելը,—այդ գրքերի Բաղդասար միտրոպոլիտի ջանքերով գտնված օրինակների դարձյալ անհայտանալը Շուշիի առաջնորդարանի գրադարանից,— Աբրահամ Բեկնազարյանի գրպանում մնացած թղթերի ոչնչանալը,— այդ բոլորը կրկնում եմ, սկսյալ 15 պատմագրների թաղումից, մինչև «Գաղտնիք»-ի բնագրի թաղումը, որ կատարվեցավ Մակար վարդապետի ձեռքով,— այո՛, այդ բոլորն ինքնըստինքյան, ծագեցնում է մի միտք, մի խորին տարակուսանք. տեր աստված, ի՞նչ մի ճակատագրական անեծք կար այդ դժբախտ գրավոր վաստակների վրա, որ այսպես ցավալի կերպով դատապարտվում են կորստյան, որ այսպես ոչնչանում և անհետանում են…

Այդ խնդիրը պարզելու համար, նախ՝ պետք է պարզել այն հարցը, արդյոք հիշյալ 15 մատյանները և նրանց 7 պատմագրների խումբը որևէ ժամանակ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։

7 պատմագիրների մեջ միայն երկու անուններ կան, որ մեզ բավական հայտնի են։ Մնացած հինգը ես թողնում եմ Մակար վարդապետին ապացուցանել, արդյոք որևէ ժամանակ գոյություն ունեցե՞լ են, կամ պատմություն գրե՞լ են, թե ոչ։

Մեզ հայտնի անունները դրանք են.
1) Երեմիա կաթողիկոս Հասան-Ջալալյան, գահակալ Գանձասարա վանքի, օծվեցավ 1675 թվին, վախճանվեցավ 1700 թվին։
2) Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյան, գահակալ Գանձասարա վանքի, օծվեցավ 1701 թվին, վախճանվեցավ 1726 թվին:

Վերջինը առաջինի եղբոր որդին էր։

Առաջինը՝ Երեմիա կաթողիկոսը, արդյոք գրե՞լ է պատմություն թե չէ գրել, հայտնի չէ։ Նրա գրավոր վաստակներից մեր ձեռքը ոչինչ չէ հասել։ Այդ ևս թողնում եմ Մակար վարդապետին պարզաբանել:

Երկրորդը՝ Եսայի կաթողիկոսը, իրավ է, գրել է պատմություն։ Յուր աշխատությունը սկսել է նա 1036 թվականից և հասցրել է մինչև 1711 թվականը[6]։

Դա միևնույն արժանահիշատակ անձնավորությունն է, որ Ղարաբաղի մելիքների Պետրոս Մեծի հետ ունեցած քաղաքական հարաբերությունների մեջ խիստ եռանդուն դեր էր կատարում։ 1722 թվին դա էր, որ Ղարաբաղի հայոց զորքերով, վրաց Վախտանգ թագավորի հետ, Գանձակի մոտ սպասում էին Պետրոս Մեծի գալստյանը։ Իսկ երբ Պետրոս Մեծը զանազան հանգամանքների պատճառով վերադարձավ Դերբենդից,— դարձյալ դա էր, որ 1724 թվին, գնաց Ռուսաստան և անձամբ տեսնվեցավ կայսրի հետ: Վերադարձին օծեց նա Աստրախանի հայ գաղթականների կառուցած մայր եկեղեցին։ Յուր վերջին գործողությունները գրեց նա առանձին գրքույկով, որը հիշատակարանի ձև ունի։

Մակար վարդապետի ստեղծած մյուս 6 պատմաբաններին, հանդերձ իրանց ստվար մատենագրությամբ, մենք կզիջենք հայր սուրբին, եթե գոնե Եսայի կաթողիկոսի աշխատություններից մի բան առած և մեզ հաղորդած լիներ։

Բայց ի՞նչ է ստիպել նրան այսպես անխնա կերպով ոչնչացնել յուր ստեղծած պատմագիրներին։

Շատ հասկանալի է, թե ի՛նչը։—Որպեսզի «Գաղտնիք»—ից շատ բան չպահանջվի: Որպեսզի չասեն, լա՜վ, այդ բոլորը ինչ որ կա «Գաղտնիք»—ի մեջ, մեզ համար գաղտնիք չէր, նախքան այդ գրքի լույս տեսնելը,— ուրեմն «Գաղտնիք»—ը ի՞նչ գաղտնիքներ երևան հանեց, ո՞ւր մնացին նրա խոստացած գանձերը… նրա խոստացած «ամենավտանգավոր գաղտնիքները»… Որպեսզի Մակար վարդապետը իրավունք ունենա ասելու, թե այդ բոլորը կային և կլինեին, բայց ի՞նչ արած, որ պատմության 15 գրքեր անհայտացան, գետնի տակ թաղվելով, իսկ ինչ որ պահվել էր Աբրահամ Բեկնազարյանի արխալուղի ջիբում,— այն էլ մեր մեղքից փտեց, ոչնչացավ…

Պրծա՜վ, գնաց…

Մակար վարդապետը իրան մատնած կլիներ, եթե մի որևիցե հայտնի աղբյուր ցույց տար յուր աշխատության, այն աղբյուրները ուղղակի կերպով պետք է հակառակեին այն բոլոր առասպելաբանություններին, այն բոլոր աններելի աղավաղումներին, որ նա արել է «Գաղտնիք»—ի մեջ։ Այդ է պատճառը, որ նա հիշում է այնպիսի երևակայական պատմաբանների և պատմությունների անուններ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել, և որոնց հետ անկարելի կլիներ համեմատություններ անել կամ ստուգել «Գաղտնիք»—ի առակաբանությունները։

Մակար վարդապետի վարմունքը նմանում է կաքավների վարմունքին, որոնք որսորդից փախչելու միջոցին իրենց գլուխները թաղում են ձյունի մեջ և անշարժ կանգնում են, կարծելով, թե իրանք որսորդին չեն տեսնում, որսորդն էլ նրանց չի տեսնի։

Կրիտիկայի հալածանքից ազատվելու համար Մակար վարդապետը աշխատել է երևակայությամբ բոլոր պատմագիրներին թաղել զանազան տեղերում, որպեսզի կատարված խարդախությունները ծածկվեն։ Բայց նա մոռացել է, որ դեռևս կան և մնացել են շատ աղբյուրներ, որոնք կարող են երևան հանել նրա յուրաքանչյուր տողի կեղծությունը։

Եվ այսպես, «Գաղտնիք»—ի պատմական մասը, ոչ մի նոր և մեզ անհայտ աղբյուր չունի։ Այդ մասը առնված է «Խամսայի մելիքություններից», այն զանազանությամբ միայն, ինչ որ փոփոխել է Մակար վարդապետը և ինչ որ ավելացրել կամ պակասացրել է դրանք կամայական զեղծումներ և անխիղճ մեղանչումներ են պատմության դեմ։ Ես կարող էի համեմատություններով ցույց տալ այդ, բայց իմ հոդվածը առանց դրան ևս շատ երկարացավ։ Բավական է հիշել այդքանը միայն, որ հայր սուրբը յուր ստեղծած 70—80 հերոսներին, որոնց հետ ծանոթացանք նախընթաց գլուխներում, զոռով մտցրել է այն բոլոր նշանավոր անցքերի և գործողությունների մեջ, որոնք կատարվել են Ղարաբաղի պատմական կյանքում։ Ամեն տեղ վխտում են այդ զանազան «կայծակներն» ու «կարկուտները», ամեն տեղ կան այդ զանազան «վիշապներն» ու «դևերը» և ամեն քաջություն, ամեն սքանչելիք նրանց ձեռքով է կատարվում։ Մակար վարդապետը այն աստիճան ան խիղճ է գտնվել, որ խլել է Ղարաբաղի բոլոր մելիքների փառքը և հատկացրել է յուր դրացի գյուղացիներին։

«Գաղտնիք»-ը, չկարդացողների համար ես մի օրինակով կբացատրեմ այդ։

Մեզանից ամեն մեկին հայտնի է Խորենացու պատմության բովանդակությունը։ Երևակայեցեք մի այսպիսի բան. հանկարծ մեկը 6—րդ կամ 7—րդ դարում դուրս է գալիս դիցուք Տարոնի Հացիկ գյուղից, և յուր դրացի գյուղացիներից ստեղծում է մի խումբ հերոսներ, և առանց ուշադրություն դարձնելու ժամանակագրության վրա, յուր ստեղծած հերոսների ձեռքով կատարել է տալիս այն բոլոր գործողությունները, ինչ որ կատարել են Արշակունի թագավորները կամ նրանց նախարարները իրանց ամբողջ պատմական կյանքում։ Մի այսպիսի վարմունք շատ հեշտ է մի խելագար պատմագրի համար, որովհետև նա Խորենացու գիրքը աչքի առջև ունի, պատմական փաստերը հայտնի են, միայն հարկավոր է փոխել անձնավորությանց անունները, օրինակ, Տիգրանի, Արտաշեսի, Արշակի և մյուս թագավորների անվանը տեղ դնել յուր ստեղծած հերոսների անունները, և ամենայն չափազանցությամբ նրանց կատարել տալ առաջինների գործերը։ Դրանից, շատ հասկանալի է, պետք է առաջ գան աններելի անախրոնիզմներ,—ժամանակագրական վրիպումներ,—որովհետև միևնույն անձնավորությունը չէր կարող կատարած լինել թե Տիգրան Բ-ի և թե Արշակ Բ-ի գործերը, որոնք միմյանցից մի քանի դար հեռավորություն ունեին։ Այդ ոչինչ։ Խելագար պատմագիրը ձգձգում է յուր հերոսների հասակը և նրանց մի քանի դար կյանք է տալիս։

Նույնպես վարվել է Մակար վարդապետը։

Նրա բոլոր հերոսները չեն մեռնում, դարավոր կյանք ունեն։ Նրանք ներկա են Ղարաբաղի մելիքների բոլոր գործողությունների մեջ, սկզբից մինչև վերջը։

Նա առել է «Խամսայի մելիքություններից» պատմական փաստերը և, փոփոխելով, չափազանց ձև տալով, կատարել է տվել յուր խնածախցիներին։ Այնպես որ, «Գաղտնիք»—ի մեջ Ղարաբաղի իսկական մելիքները և նրանց յուզբաշիները ոչ միայն սաստիկ նսեմանում են, այլ բոլորովին անհայտանում են։ Մարդը չգիտե, թե ո՞ւր էին և ի՞նչ էին շինում մելիքները, երբ խնածախցիք հրաշքներ էին գործում։ Ամեն անցքերի մեջ միայն նրանք են երևում, սկսյալ Ս. Պետերբուրգից մինչև Թեհրան և Թեհրանից մինչև Թավրիզ և Թիֆլիս… Ամեն տեղ տարածված են նրանք և բոլոր գործողությունների ու հարաբերությունների կապերը նրանց ձեռքումն է… Դրանք, մինչև անգամ նստում են թագավորների, թագավորազների և պետական բարձր անձիքների մոտ, նրանց հետ վիճում են, նրանց հանդիմանական խոսքեր են ասում և նրանց հետ դաշնակցական պայմաններ են կապում…

Ես Մակար վարդապետի 70—80 հերոսներին մեծ զիջումներով իրան կնվիրեի, եթե գոնե մեկի անունը նա ցույց տար մի որևէ պատմության մեջ։ Ղարաբաղի մասին շատերն են գրել, բայց ոչ մեկի մեջ Մակար վարդապետի «Զարբազանների» և «Վիշապների» անուններ չեն երևում։

Եվ վերջապես այդ հսկաները, ինչպես վերևում հիշեցի, դարավոր կյանք ունեին, ապրեցին 1700 թվականներից մինչև 1840-ական թվականները[7], և վերջին թվականներից կենդանի Ղարաբաղում հազարավոր մարդիկ կան։ Ինչպե՞ս եղավ, որ հսկաներից ոչ մեկին չտեսան…

«Գաղտնիք»-ի պատմական մասը այսպես աղավաղված է:

Մնում է մի քանի խոսք ասել այն անթիվ թղթակցությունների մասին, որոնցով լի է այդ գիրքը։

Թղթակցությունները «Գաղտնիք»-ի ամենածիծաղելի կողմն են ներկայացնում։ Ս. Պետերբուգի և Թեհրանի դիվաններից որքան պաշտոնական թղթեր են գրվում, որոնց խորհուրդը պետք է գաղտնի պահվեր, բոլորի կամ բովանդակությունը, կամ ամբողջ օրինակները մնում են «Գաղտնիք»-ի մեջ։ Ռուս կամ պարսիկ պաշտոնակալները ինչ թղթեր են գրում իրանց կառավարություններին,— նրանց օրինակները դարձյալ մտնում են «Գադտնիք»-ի մեջ։ Հայոց կաթողիկոսների, եպիսկոպոսների, մելիքների և այն բոլոր անձանց, որոնք քաղաքական որևէ դեր են խաղում, թղթակցությունները դարձյալ ընդարձակ տեղ են բռնում այդ գրքում։ Անդրկովկասի խաները ծածուկ նամակներ են գրում պարսից թագավորներին,— նրանց պատճեններն ևս կան այստեղ։—Մի խոսքով չէ կատարվում ոչ գաղտնի գրավոր հարաբերություն, որ «Գաղտնիք»-ից ծածուկ մնար։ Ամեն տեղ «Շեյթաններ» (սատանաներ), ամեն տեղ «Դևեր» (դևեր) կան և խաբարը իսկույն տանում են…

Մարդ զարմանում է, թե որքան հեշտացրել է Մակար վարդապետը այդ ժամանակների հաղորդակցությունները։ Երբ Էջմիածնի կաթողիկոսին ոչ թե ամիսներ, այլ տարիներ էին հարկավոր մի նամակ Վաղարշապատից Գանձասարա վանքը հասցնելու համար,— ընդհակառակն, «Գաղտնիք»—ի մեջ ամեն մի նամակ Ս. Պետերբուրգից կամ Մոսկվայից թռչում է մի քանի րոպեում և հասնում է Թեհրան կամ Թավրիզ։ Կարծես աղավնիները կտուցներով բռնած, օդի միջով են տանում։

Այդ օդասլաց աղավնիները Մակար վարդապետի «Շեյթան—թունի»—ներ, «Կաքև—Զաքի»—ները և զանազան «Լրտես—Սուլի»—ներն են, որոնք աներևույթ ուրվականների նման տարածվում են ամեն կողմերում և ամեն տեղերից տեղեկություններ են հաղորդում։ իսկ այս բոլոր տեղեկությունների շտեմարանը և կենտրոնը «Գաղտնիք»—ի հեղինակն է և յուր գիրքը:

Այդ բոլորը կարդալով այնպիսի տպավորություն է գործում թե խաբեբաների մի ամբողջ հասարակություն միաբանված են մի հրեշավոր կեղծություն ստեղծելու համար։

Ինչպե՞ս են խմբագրվում այդ կեղծ թղթակցությունները։

Շատ հեշտ կերպով։

Ժամանակների և կառավարությունների պատմական հարաբերությունները հայտնի են, և նրանց համեմատ նամակներ են գրվում։

Օրինակ, ռուսները տիրել են Անդրկովկասի մի մասը։ Այդ, իհարկե, հաճելի չէր կարող լիներ պարսիկ թագավորին, որը իրան այդ երկրի տերն էր համարում։ Պարսից թագավորը դիտավորություն ունի պատերազմել ռուսների հետ և հետ խլել կորցրած երկրներ։ Հառաջ, քան պատերազմի հայտնելը, պարսից թագաժառանգը, Աբաս—Միրզան—աշխատում է Անդրկովկասի խաներին և Դաղստանի լեռնաբնակներին նախապատրաստել կամ ապսամբեցնել ռուսների դեմ։ Նրանց ծածուկ հրահանգներ կամ շրջաբերականներ է ուղարկում։ Այդ դեպքում ի՞նչ կգրե Աբաս—Միրզան յուր կրոնակիցներին։ Շատ հասկանալի է, թե ինչ կգրե։

Բայց որքան էլ հարմարեցված լինեին այդ թղթղակցությունների բովանդակությունը կատարված անցքերի և հանգամանքների հետ, այնուամենայնիվ, նրանց ձևը, լեզուն, ոճը, շարադրությունը իսկույն ցույց են տալիս Մակար վարդապետի բոբիկությունը դիվանական հմտությունների մեջ, որը պակասում է նրան կեղծը իսկականին նմանեցնելու համար։ Հասարակ լրտեսը թագավորին ուղղակի նամակներ է գրում, այն ևս մի այնպիսի անփույթ ձևով, ընկերը ընկերին չի համարձակվիլ գրել։ Մի՞թե հասարակ մահկանացուներ կարող են պարսից թագավորին նամակներ գրել: Նրան միայն կարելի է խնդիրքով դիմել, շարելով հազար ու մեկ փայլուն տիտղոսներ, որ կապված են նրա բարձր անվան հետ: Այդ ձևերը, այդ տիտղոսները, իհարկե, չէր կարող գիտենալ Մակար վարդապետը, որը, ինչպես երևում է, յուր կյանքում ոչ մի պաշտոնական գրություն չէ կարդացել։

«Գաղտնիք»—ի մեջ զետեղված բոլոր թղթակցությունները կեղծ են։ Կե՛ղծ են նախ այն պատճառով, որ այնքան թղթակցություններ, որոնք կառավարությունների և մասնավոր բարձր պաշտոնակալների գաղտնի հարաբերությանը արդյունք են,— չէին կարող անմիջապես «Գաղտնիք»—ի հեղինակի ձեռքը հասնել։ Ո՞վ էր նա և ի՞նչ էր նա, որ բոլոր հակառակ կողմերի խորհրդապահը և արխիվը լիներ։ Երկրորդ, այդ թղթակցությունների թե խմբագրությունը և թե մատակարարությունը կատարվում է այնպիսի անձանց ձեռքով, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։ Դրանք որպես ցույց տվինք Մակար վարդապետի ստեղծած մարդիկ են։ Եթե այդ անձնավորությունեները գոյություն չեն ունեցել, բոլորովին տրամաբանական կլիներ մտածել, որ նրանց գործողություններն ևս չէին կարող գոյություն ունենալ։ Ինչպե՞ս կարող է մեկը նամակներ գրել, կամ նամակներ տեղ հասցնել, երբ նրա եսը հավասար է զրոյի։ Կարելի է մեկի կողմից նամակներ շարադրել, իսկ այդ լինում է վեպերի մեջ և ոչ թե պատմության մեջ։

«Գաղտնի»—ի բազմաթիվ թղթակցությունների մեջ միայն երկու նամակ կա, որ իսկական են։ Դրանցից մեկը Մելիք—Ջումշուդ Մելիք—Շահնազարյանի նամակն է, որ գրված է 1806 թ. դեկ. 2—ին Շուշի քաղաքում (եր. 286—291), իսկ մյուսը՝ Գյուլիստանի Մելիք—Աբովի նամակն է, որ գրված է 1807 թ. նոյեմ. 23—ին Թիֆիսում (եր. 292—296)։ Թե առաջին և թե երկրորդ նամակը ուղղված են Աբաս—Մինաս Լազարյանի հասցեին Ս. Պետերբուրգ։

Արդյոք ինչպե՞ս են մտել այդ նամակները «Գաղտնիք»—ի մեջ — այդ գաղտնիքը ես թողնում եմ լուծե պ. Երիցյանրը, որովհետև նույն նամակների ռուսերեն թարգմանությունը տպված է նրա «Кавказская старина» ամսագրի մեջ, 1872 ամի, № 2։

Արդյոք պ. Երիցյանը երկնքում բաժանորդներ ունե՞ր կամ «Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը ստանու՞մ էր նրա ամսագիրը մյուս կյանքում…

  1. Գրիգորիս և Եղիա վարդապետները վախճանվել են Երեմիա կաթողիկոսի վախանվելուց 462 տարի առաջ (1238 թ.) և նրանք ոչ մի պատմություն չեն թողել, որ շարունակած լիներ Երեմիա կաթողիկոսը։ Կիրակոս Գանձակեցին յուր պատմության մեջ (եր. 159) հիշում է այդ երկու վարդապետների անունները, բայց ոչ իբրև պատմագիրների, այլ իբրև սրբակրոն աբեղաների։ Եթե նրանք պատմություն գրած լինեին, անկարելի էր, որ չգիտենար Գանձակեցին։ Տե՛ս պատմություն Կիրակոս Գանթաձակեցվո, տպված Մոսկվայում, 1858 ամի։
  2. Երեմիա կաթողիկոս Հասան-Ջալալյանը ինչպես կարող էր գրել բոլոր մելիքների գործերը, քանի որ նա վախճանվեցավ 1700 թվականին, իսկ մելիքները գործում էին մինչև 1830 թվականները։ Վեհափառը հո չէ՞ր կարող երկնքում պատմագրությամբ պարապվել։
  3. Կարդա առաջին ծանոթությունը։
  4. Ահա՛ մի նոր պատմագիր ես, որ երկնքումն է գրում։ Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանը վախճանվեցավ 1726 թվին, ինչպե՞ս կարող էր գրել նա սկսյալ 1727 թվից հայոց մելիքների ռուսաց հետ ունեցած հարաբերությանց գործերը։
  5. Որպեսզի ցույց տա, թե իրավ թաքցրած են եղել պատմության գրքերը, Մակար վարդապետը յուր ծանոթության մեջ (եր. 89), ասում են թե նրանց մի մասը գտավ Բաղդասար միտրոպոլիտը, որոնց թվում գտնվում էր Եսայի կաթողիկոսի հեղինակած «Պատմութիւն Աղավնից» գիրքը և ուրիշ շատ ձեռագրեր, որք անհայտացած են Շուշու առաջնորդարանից Բաղդասար սրբազանից հետո։ (Որքա՞ն սիրում է Մակար վարդապետը գրքերի այդ անխնա կոտորածը: Նրա մոտ ամեն ձեոագիր աշխատություն անհայտանում է… (ճշմարիտ է, Բաղդասար միտրոպոլիտի օրերում մի թուրք հովիվ լեռների ծերպերի մեջ գտել էր մի քանի եկեղեցական գրքեր, և սրբազանը նրան մի եզն տալով առել էր այդ գրքերը:

    Բայց նրանց թվում ոչ Եսայի կաթողիկոսի «Աղվանից պատմությունը» կար և ոչ Ղարաբաղի վերաբերությամբ մի այլ պատմական աշխատություն։ Թե ո՞ր թվականին գտավ Բաղդասար միտրոպոլիտը Եսայի կաթողիկոսի «Աղվանից պատմությունը»—այդ մասին լռում է Մակար վարդապետը, և նրա լռության պատճառը կհասկացվի հետո։ Միայն այսքանը հայտնի է նրա խոսքերից, որ սրբազանը գտավ հիշյալ պատմությունը, երբ արդեն եպիսկոպոս էր և Ղարաբաղի միտրոպոլիտ։ Բաղդասարը եպիսկոպոս ձեռնադրվեց Եփրեմ կաթողիկոսից 1820 թ., իսկ Ղարաբաղի միտրոպոլիտ կարգվեցավ նույն կաթողիկոսից 1830 թվին։ Ուրեմն Մակար վարդապետի խոսքով, այդ թվականից հետո պետք է գտած լիներ միտրոպոլիտը Եսայի կաթողիկոսի «Աղվանից պատմությունը»։ Իսկ իմ գրապահարանի սեղանում այսօր կարելի է տեսնել Բաղդասար միտրոպոլիտի իսկական ձեռքով գրված քաղվածքները Եսայի կաթողիկոսի պատմությունից և այդ պատմության շարունակությունը, որ նա արել է այն ծամանակ, երբ ինքը տակավին վարդապետ էր, և յուր հորեղբայր Սարգիս վարդապետի հետ գտնվում էր Հաղպատա վանքում։ Ուրեմն այդ գրքի հետ ծանոթ էր նա նախքան 1820 թվականները, և ոչ Մակար վարդապետի հնարած գյուտից հետո։

    Այդ ծանոթությունը չպիտի մոռանալ, որովհետև դա կբացատրի «Գաղտնիք»-ի հեղինակի մի քանի խարդախությունները, որ կտեսնենք հետո։

  6. Եսայի կաթողիկոսի լիակատար պատմությունը մեր ձեռքը չէ հասել, նրա խիստ կրճատած համառությունը Բաղդասար միտրոպոլիտը 1839 թվին տպագրել տվեց Շուշի քաղաքում հետևյալ վերնագրով՝ «Պատմություն կամ հիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից, համառոտագրեալ ի սրբազնակատար կաթողիկոսեն Աղուանից ի տեր Եսայ-Հասան-Ջալալյանց, ի թվականին հայոց ՌՃԿ, իսկ ի թվականի տեառն մերոյ փրկչին Յիսուսի 1711»
  7. Ես 1840-ական թվականներն եմ վերառնում, որովհետև այդ ժամանակ է գոցվում «Գաղտնիք»-ը։