Գաղտնիք Ղարաբաղի
Գլուխ Ը

Ը

«Գաղտնիք»-ի մեջ ինչ որ ավելի հետաքրքիր է, ինչ որ իսկապեա կարող է պատմական արժեք ունենալ,— դա է մելիքների տոհմային ազգաբանությունը։

Ղարաբաղի մելիքությունները ներկայացնող հինգ իշխանական տների ազգաբանությունը, հանդերձ իրանց մանրամասն ճյուղագրության, զետեղված են «Գաղտնիք»—ի մեջ (եր.180—208)։

Կարդալով այդ ճյուղագրությունները, մարդ զարմանում է, թե «Գաղտնիք»—ի հեղինակը որտեղի՞ց և ի՞նչ աղբյուրներից առել է անունների այն երկար շարքը, որոնց սկիզբը կապվում է Աղվանից ամենահին թագավորների հետ, իսկ վերջը հասնում է մինչև մեր ժամանակները:

«Գաղտնիք»—ին նայելով, Ղարաբաղի բոլոր մելիքական տները թագավորական ծագումից են, և բոլորն էլ միևնույն տոհմից։

Այդ ճյուղագրություններին նախանձախնդիր և ջերմ փափագով որոնող է եղել Ղարաբաղի միտրոպոլիտ Բաղդասար եպիսկոպոս Հասան—Ջալալյանը։ 1828 թվին, սեպտեմբերի 20—ին նորին սրբազանությունը մի նամակով դիմում է «Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանին և, ի միջի այլոց հայտնում է.

«…Ես մտադիր եմ տպագրել տալ Ղարաբաղի և Աղուանից բոլոր պատմությունները և հրապարակավ տալ աշխարհին Ղարաբաղի հարազատ մելիքների ծագումը, որի առաջին օղակն սկիզբն առած է Առանից (Աղուանից առաջին իշխանից) և վերջին օղակն հասած է մեր օրերն։ Բայց որովհետև դու երկար ժամանակ արտագրած ես այդ բոլոր պատմությունները Գանձասարի Ներսես կաթողիկոսի մոտ, որովհետև քո գիտությամբ թաքցրած են այդ անգին գանձերը (ընթերցողներին հայտնի երեք տեղերում) և որովհետև այժմ իմ ձեռքում չունի այդ ձեոագիրները՝ վասն որո դիմում եմ քեզ։ Լուսահոգի Սարգիս կաթողիկոսն[1] վախճանվելու ժամանակ ինձ պատվիրեց փութով տպագրել տալ այն ձեռագիր պատմությունները. երբ հարցրի, թե ո՞ւր են այդ ձեռագիրներն,— նա պատասխանեց.— «Այդ գրքերը երեք տեղերում թաքցրած են… Աճապարիր Ազրայելի («Գաղտնիք»—ի հեղինակի) մոտ ղրկել Փիլ—Առուշանը և տեղեկանալով հանել տալ այդ ձեռագիր պատմությունները որպեսզի չոչնչանան հողի կերակուր լինելով…»: Արդ, սիրելի Բեկնազարյան, եթե դու անկարող կլինես փութով Ղարաբաղ, մեզ մոտ գալ՝ գոնե նամակաբերիս ձեռնով գրիր ինձ այն ձեռագրերի թաքստյան երեք տեղերը, բայց հականե հանվանե և մերձակա նշաններով և գտնելը դիրացնող առարկաները մատնանիշ անելով» (եր. 386, 387)։

«Գաղտնիք»-ի հեղինակը այդ նամակը ստանում է այն ժամանակ, երբ արդեն հիվադ էր և նույն հիվանդությամբ վախճանվեցավ նա:

Բայց չնայելով, որ նա գիտեր ձեռագրերի թաքստյան տեղերը, այսուամենայնիվ, պատվիրեց որդուն, Ապրես Բեկրնազարյանին, պատասխանել մի այսպիսի անորոշ ձևով.

«Իմ մահից հետո Փիլ-Առուշանի ձեռոք գրիր Բաղդասար սբազանին, որ, ես ականատես եղած չեմ այն ձեռագրերի թաղած տեղերին, այլ միայն հաճախակի լսած եմ Մելիք-Մեժլումից, Մելիք-Աբովից, Պարխամազ-Հովսեփից, Տելի-Մահրասայից և Տենոմազ-Պելլուից, որ գրերի առաջին մասն թաղած է Գանձասարի Խոթա վանքի միջև մի քարայրում, որի մուտքն փակված է քարուկիր պատով, երկրորդ մասը Ջրաբերդի մելիքարանի (՞) տակ, իսկ երրորդ՝ Հոռեկա վանքի մոտերում» (արի ու գտիր). (եր. 389):

Այդ երկու նապակներից երևում է, որ մինչև 1828 թվականի սեպտեմբերի 2-ը, ոչ Բաղդասար միտրոպոլիտը և ոչ էլ «Գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը չեն տեսել թաղած պատմագրերը և նրանից օգուտ չեն քաղել:

Այդ երկու նամակներից երևում է և այն, որ Բաղդասար միտրոպոլիտի գլխավոր նպատակը՝ թաղած ձերագրերը գտնելու վերաբերությամբ, կայանում էր առավելապես նրանում, նախ որ տպագրել տա, որպեսզի գրականության սեփականություն դառնան, երկրորդ իչպես ինքը գրում է, որ կարողանա «հրապարակավ, ցույց տալ աշխարհին Ղարաբաղի հարազատ մելիքներին ծագումն, որի առաջին օղակն սկիզբն առած է Առանից և վերջին օղակն հասած է մեր օրերը»:

Ապացուցանել Ղարաբաղի մելիքներին վաղեմի հնադարյան ծագումը, որ նրանք շառվիղում են Աղուանից առաջին թագավոր Առանից-այդ խնդիրը Բաղդասար միտրոպլիտի հետաքրքրության համար ոչ միայն պատմական նշանակություն ուներ, այլ առավել գործնական նշանակություն ուներ։ Ինչո՞ւ։

Ռուսները նոր են տիրել Ղարաբաղը։ Ազնվականների և ժառանգությունների որոշելու խնդիր էր ծագել։ Թուրք խաները և թուրք բեկերը, մի կողմից, հայոց բեկերը և հայոց մելիքները մյուս կողմից, սաստիկ մաքառում են միմյանց հետ։ Յուրաքանչյուրը աշխատում է յուր տոհմային գերազանցությունը և յուր իրավունքները ապացուցանել նոր տիրող կառավարության առջև[2]: Այդ բոլորը ստիպում էր Բաղդասար միտրոպոլիտին ավելի հիմնավոր տեղեկություններ ունենալ մելիքների ծագման մասին, մանավանդ այն պատճառով, որ այդ ժամանակ թե Բաղդասար միտրոպոլիտի, որպես Աղուանից բարձր հոգևոր ներկայացուցչի, և թե էջմիածնի կաթողիկոսի տված վկայությունները հայոց ազնվականների ծագման մասին՝ կառավարությունը ընդունում էր իբրև վավերական վկայական։

Բայց ի՞նչ ենք տեսնում։

Հենց միևնույն տարվա մեջ, երբ Բաղդասար միտրոպոլիտը յուր առաջարկություններով դիմում է «Գաղտնիք»-ի հեղինակին, այդ գիրքը արդեն գրված և վերջացված էր, և նրա մեջ կարգով արձանագրված կային Ղարաբաղի բոլոր տիրապետող մելիքների թե ազգաբանությունը և թե նրանց ծագման ճյուղագրությունները, ճիշտ նույն ձևով, որպես պահանջում էր Բաղդասար միտրոպոլիտը,— այսինքն՝ սկսյալ Աղուանից առաջին թագավոր Առանից և հասցրած մինչև Բաղդասար միտրոպոլիտի օրերը։ Բոլորը պատրաստ էր։ Եվ «Գաղտնիքի»-ի հեղինակին մի այլ ավելի բարեհաջող առիթ չէր կարող ներկայանալ, քան թե այն, որ առաջարկում էր Բաղդասար միտրոպոլիտը։ Սրբազանը թե տպարան ուներ և թե միջոցներ նրա պատմությունը տպագրելու համար։ Բայց «Գաղտնիք»-ի հեղինակը յուր պատմության մասին լռում է (երևի նա Մակար վարդապետի համար էր պահում…) և փոխանակ յուր ձեռքում ունեցած արդեն պատրաստի պատմությունը սրբազանին ուղարկելու, նրան ցույց է տալիս գետնի տակ թաղված երևակայական պատմությունների երևակայական տեղերը… Այդ այդպես:

Իսկ մյուս կողմից՝ գտնում ենք նույն ազգաբանությունները, նույն ճյուղագրությունները, նույն ձևով կազմված Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունների մեջ։ Եվ ե՞րբ — շատ տարիներ առաջ, քան նրա նամակով «Գաղտնիք»-ի հեղինակին դիմելը։ Եթե նրա մոտ կար այդ, այլևս ի՞նչ կարիք ուներ Բեկնազարյանին դիմելու։

Ահա՛ մի հանելուկ ևս, որ լուծելու համար պետք է նախ կարդալ երկուսի համեմատությունները։

Ես դնում եմ առաջ Բաղդասար միտրոպոլիտի կազմած Աղուանից թագավորների, Աղուանից իշխանների և Հասան-Ջալալյանների տոհմի ազգաբանությունը, իսկ հետո նույն ազգաբանությունը, որ տպված է «Գաղտնիք»-ի մեջ։

Ազգաբանութիւն և ծննդաբանութիւն ազգին Հասան-Ջալալեանց հանեալ և հավաքեալ ի պատմութեանցն Հայոց և Աղուանից և ի յարձանագրեաց ի խաչքարաց և ի պատմութեանցն և ի տապանաքարաց, եղելոց ի վանսն Գանձասարայ և ի շրջակայ նորին վանորայս և տեղիս հանդերձ թուաբանութեամբ, զորս համառոտ շարահիւսեցի ես Բաղդասար միտրոպոլիտ Աղուանից Հայոց որդի Դանիել-բեկ իշխանի և թոռն Մելիք-բեկ իշխանի Հասան-Ջալալեանց նախկին տերանքն երկրին Արցախոյ գավառին Խաչենոյ, յաղագս տեղեկութեան ներկայ և ապագայ սերնդոց, տոհմայնոց և ազգականոց իմոց։

Գրեցաւ ի ՌՄՂԸ թուին Հայոց և ի 1849 ամի տեառն:

Ի ծննդոց Հայկազանց կարգեցաւ՝

1. Առան նախագահ Աղուանից։
Իսկ որք ըստ կարգի կացին թագաւորք տանս Աղուանից ի մեծ ազգեն Արշակունեաց՝ անուանք են այսոքիկ՝
2. Վաչական քաջ Ա.
3. Վաչէ Ա.
4. Ուռնայր.
5. Վաչական Բ.
6. Մրհաւան. Զ ?
7. Սատոյ.
8. Ասայ.
9. Եսուաղեն։
10. Վաչէ Բ.
11. Վաչական Գ. բարեպաշտ։

5[3]

Ի նոյն պատմութեան (Կաղանկատուացւոյ) 3 պրակն է և 22 գլուխն այսպէս է գրեալ.— Ստուգութեամբ այսպէս ծանեաք սակս Հայկազանց խնամաւորել Միրհրական տոհմին և պատուաստութեամբս այսուիկ առի գոյգ ունել զպետութիւն արևելեաց կողմացն Աղուանից։ Անուանք արքայիցն, որոք վերագոյն գրեցան ի թաջէն Վաչականայ մինչև ցբարեպաշտոն Վաչական՝ տասն թաքաւորք լեալ, յորոց ըստ թուոյ աւուրց տարւոյն եկեղեցիս միայն (ինքն) բարեպաշտն Վ աչական շինեաց յարևելս։ Եվ զկնի մահու նորա սկսաւ նուազիլ ազգն այն։

6

Եվ Միրհարնն, որ ի Սասանեան տոհմէն էր եկեալ ի պարսից հաստատեցավ ի նախարարութիւն ի վերայ աշխարհինս Աղուանից, և անուանք նոցա որդի ի հորէ առնելով, են այսոքիք՝ Միհր, Արմայել, Վարդ, քաջն Վարդան, որ հավատացեալ ի Քրիստոս, և որ շինողն Գարդմանայ բերդին։ Վարդան ծնանի Վարդ, Վարդ ծնանի զՎարազ Գրիգոր առաջին իշխանն Աղուանից։ Գրիգոր ծնաւ գչորս որդիս՝ Վարազ Բերոժ, Ջուանշիր, Եղուտ Խոսրով և Վարազման։ Եվ ի սոցանէ յերեց որդւոյն շարելով ըստ կարգին անուանքն բերցուք ի յայտ առ Հայկազեանս, և այլք կացցեն։

7

Եվ են այսոքիկ՝ Վարազ Բերոժ, Վարազ Տրդատ, Վարդան, Ներսեհ դժնդակ, Ներսեհի որդի Գագիկ, Գագիկայ որդի Ստեփաննոս և Ապրսամիկ քոյր իւր։ Զայս Վարազ Տրդատ և որդի նորա և եղբօր որդի նորա Ստեփաննոս, Ներսեհ Փիլիպեան՝ ազգակիցն նորա սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դատոյի վանք։ Ապա յայն աղէտիցն զառն զգացեալ արիութիւն կնոջն սպանելոյ՝ առեալ զմնացեալ դուստր իւր Սպրամ՝ գիշերահէն դաժանելի ուղեվորութեամբ՝ մատանէ ի բերդն Խաչենոյ, և բարուրս խորհեալ տան իւրում՝ ամուսնացուցանէ զՍպրամ ընդ Ատրներսեհի՝ Սահլի որդւոյ, որ էր ի տոհմեն Հայկայ և տեր Սիւնեաց, որոյ բռնազբոսութեամբ կալեալ էր զգավառն Գեղամայ. և որդին իւր Ատրներսեհ հանդիպեցաւ կնոջ զգաստի, որբ երկյուղածք յԱստուծոյ և բարեպաշտք զիւրյանցն ցուցանէին զկեանս և աշխարհի քաղցունք։

8

Ատրներսեհ իշխանն շինէ զբերդն Հանդու (Հանդաբերդ) և զապարանս իւր եդեալ ի գյուղն որ կոչի Վայունիք, ուր և բաղանիքն արքունական են և բերդն այն (այժմ կոչի Ջերմուկի ղալա, իսկ գյուղն Քաղաքատեղ ի գավառին Ջրաբերդու)։ Եվ Ատրներսեհ իշխանն ընդ այլ իշխանաց Հայոց տարան յերկիրն Պարսից յերեք հարյուր և երեք թուին Հայոց յ854 ամի տեառն։ Եվ կալով նորա ընդ ամս բազումս, տիկին Սպրամ առաւել հաճախէր ի բարեգործութիւնս, և մեծածախ տենչմամբ շինէ զՆորավանս ամենապայծառ զարդուք՝ ի գավառին Սոտէից ի նահանգին Գեղարքունւոյ։

9

Ատրներսեհ իշխանն իսկոյն գայր՝ զերծեալ ի կողմանցն Տաճկաց, և ի խաղաղութեամբ ի առ ժամայն լուծանէ զկեանս։ Ատրներսեհ ծնանի զԳրիգոր և զԱպուսեթ։ Գրիգոր իշխանն շինէ զբերդն Հաւքախաղացին ի գաւառին Խաչենոյ, և զայն կողմն ձգէ զձեռս իւր իշխանութեան՝ յերեք հարիւր քառասուն թուին Հայոց յ891 ամի տեառն։ (Եւ բերդն Հաւքախաղացին այժմ կոչի Սաղսաղանու Ղալայ, և հեռի է ի Գանձասարու վանից և ի Խօխանաբերդէն ութն ժամու ճանապարհաւ)։

10

Գրիգոր իշխանն Ատրներսեհեան ծնանի զհինգ որդիս՝ Ապուալի, Ատրներսեհ Բ., Սահակ Սևադայ, Սմբատ և Վասակ։ Երէց որդի Գրիգոր իշխանին՝ Ապուալի իշխանն Աղուանից հայկազնի՝ սպանաւ յիւրմէ հարազատեն Սմբատայ յերեքհարւիր քառասուն և վեց թուին Հայոց յ897 ամի տեառն, և եղև այն սուգ մեծ իւրայնոցն զարմից։ Եվ եղբայր նորա Ատրներսեհ թագաւորեաց ի վերայ Աղուանից յ359 թուին Հայոց յ910 ամի տեաոն։

11

Իսկ երրորդ որդի իշխանին (Գրիգորի) Սահակ Սևադայն եղե երևելի և մեծ իշխան քաջ յաջողակ՝ առհասարակ տիրեաց Գարդմանայ գաւառին (որ ի նահանգին Գանձակայ) և Քաւսայ և Փառնայ[4] գաւառաց, այլև աւազակապետաց Ձորագետոյ և Արցախոյ բովանդակ եղև իշխան և տիրապետող։ Եվ խնդրող իսկ գրագիտութեան՝ և դպրոցս ի տան իւրում կարգեաց. ընդ որում և բազմաջան հնարիւք թագաւորն հայոց Սմբատ մարտուցեալ՝ ոչինչ կարաց ստերիւրել զնա ի կամս իւր։ Եվ զկնի մահուան Սմբատայ թագաւորին հայոց։ Աշոտ որդի նորին թագաւորեաց ի վերայ հայոց և վասն քաջագործութեան նորա Աշոտ Երկաթ կոչիւր. և այս Աշոտ թագաւորն հայոց էառ ի կնութիւն իւր զդուստր Սահակ Սևվադայ հզոր և մեծ իշխանին Աղուանից և Արցախայ յ371 ամի թուին հայոց և յ922 ամի տեառն։

12

Սահակ Սևադայ մեծ իշխանն Աղուանից ծնանի զԳրիգոր Բ. և զԴաւիթ։ Գրիգոր Բ. իշխանն ծնանի զՍևադայ Բ., որ իշխանիկ կոչիւր և զԱտրներսեհ Գ.։ Իսկ Սևադայն Բ. ծնանի զչորս որդիս՝ Յովհաննէս, Գրիգոր Գ., Փիլիպպոս և Ատրներսեհ Դ.։ Իսկ զերէց որդին իշխանիկ (Սևադայ Բ-ի) զՅովհաննէս, որ և Սենեքերիմ կոչեցավ, ընտրեաց աջն բարձրելոյն՝ կոչելով զնա ի թագավորութիւն, և զվաղնջուց խափանեալ թագաւորութիւն տերն ամենակալ ի ձեռն սորա նորոգեաց, զոր և թագաւորն պարսից մեծամեծ զարդուք պատուէ և տայ նմա զթագ հօր իւրոյ զնորին երիվարն[5]։ Իսկ Փիլիպպոս թագաւորեաց ի վերայ Աղուանից ի ՆԺ թուին հայոց, յ961 ամի տեառն։ Փիլիպպոս ծնանի Գրիգոր Դ., Գրիգոր Դ. ծնանի զՍակառ, որ Վախտանգ կոչիւր, Սակառ Վախտանգ ծնանի զՎախտանգ Բ., Վախտանգ Բ. ծնանի զՀասան։

13

Հասան իշխանն Սակառ-Վախտանգեան եղև երևելի և մեծ իշխան և էառ ի կնութիւն իւր զՄամայ զդուստր Կիւրիկէ թագաւորին հայոց Բագրատունւոյ ի հինգհարիւր և ութսուն թուին հայոց ի 1131 ամի տեառն։ Հասան իշխանն ծնանի զՎախտանգ Գ., զՎասակ Սմբատ, զԳրիգոր և զայլս։ Վախտանգ Գ. իշխանն Հասանեան եղև երևելի իշխան և էառ ի կնութիւն զԽորիշահ դուստր Սարգիս իշխանին և քոյր Զաքարիա և Իվանէի մեծամեծ իշխանացն հայոց, և ծնանի զՀասան-Ջալալ, զԶաքարիայ, զԻվանէ, զԴօլի և զՄարիամ:

14

Ջալալ-Հասան որդի Վախտանգայ Գ. և թոռն Հասանայ եղև երևելի և մեծ իշխան ի ՈՂԲ թուին հայոց և ի 1243 ամի տեառն, և էառ ի կնութիւն իւր զՄամքան թոռն Սհնեքերիմ թագաւորին Սիւնեաց՝ զդուստր Գրիգոր իշխանին Սիւնեաց։ Ջալալ-Հասան ծնանի զԱթաբէկ և զԻվանէ և զդստերս երիս` Ռուզան, Նանայ և Մինա-Խաթուն։ Ռուզան եղև կին Բուղայի որդւոյ Չարմաղան խանին թաթարաց, Նանայ եղև կին Ումեկ հայոց իշխանին Տըփխիսեցւոյ, և ի ծնանի զՎախտանգ, Վախտանգ ծնանի զԱրղութ,Արղութ ծնանի զՄեհրապ։ Մեհրապ ծնանի զՇահնշէն։ Եվ զկնի մահուան Ջալալ-Հասան իշխանին, Մինա-Խաթուն եղև կին Տարսայիճ իշխանին Սիւնեաց, և ծնանի զդուստր Ջալալ և զդուստր Ափսայ (Ասփայ), ի Չի ամին հայոց և ի 1271 ամի տեառն։

15

Աթաբեկ որդի Ջալալ-Հասանայ եղև երևելի ի ՉԾԵ թուին հայոց, ի 1306 ամի տեառն, ծնանի զՋալալ Բ., որ Պարոն կոչիւր, և զԻվանէ, Իւանէ ծնանի զՎախտանգ Դ., Վախտանգ Դ. ծնանի զԱթաբակ Բ., Աթաբակ Բ. ծնանի զԱյտին և զԽիմշէ։ Պարոն Ջալալն Բ. երեց որդի Աթաբեկին ծնանի զՅովհաննէս Ա. կաթողիկոսն, զՊարոն Աղբաստ, զՊարոն Պաստամ, զՄէժլիս, զԱմիր Հասան և զտեր Վարդան։ Յովհաննէս Կաթողիկոսն վախճանեցաւ ԶԺԹ թուին հայոց, ի 1470 ամի տեառն։

16

Պարոն-Աղբաստ որդի Պարոն-Ջալալ իշխանին ծնանի զՊարոն Սայտուն, Պարոն-Սայտուն ծնանի զԱրիստակէս կաթողիկոս, զՀատիր-Մէլիք, զՎելիջան բէկ Ա., զՄէզիք:— Արիստակէս կաթողիկոսն վախճաննեցաւ ի ՋՀԵ թուին հայոց, ի 1521 ամի տեառն:

17

Հատիր-մէլիք իշխանն, որդի Պարոն-Սայտունին, ծնանի զՍարգիս Ա. կաթողիկոս և զՄեհրաբ-բէկ։— Սարգիս կաթողիկոսն վախճանեցավ ՋՂԵ թուին հայոց ի 1546 ամի տեառն։— Մեհրաբ-բէկ որդի Հատիր-Մէլիք իշխանին՝ ծնանի զԳրիգոր Ա. կաթողիկոս, զՋալալ-բէկ Գ. և զԲաղդասար-բէկ Ա։— Գրիգոր կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌԻԲ թուին հայոց, ի 1573 ամի տեառն։

18

Բաղդասար-բէկ որդի Մեհրաբ-բէկին ծնանի զԴաւիթ կաթողիկոսն և զԴաւիթ-բեկ։— Դաւիթ կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌԻԳ թուին հայոց, ի 1574 ամի տեառն. Դաւիթ-բէկ՝ որդի Բաղդասար-բէկին՝ ծնանի զՅովհաննէս Բ. կաթողիկոս և զՄուշբէհ-բէկն։— Յովհաննէս Բ. կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՀ թուին հայոց և ի 1621 ամի տեառն։

19

Ջալալ-բէկ Գ. որդի Մեհրապ-բէկին՝ ծնանի զՎելիջան-բէկ Բ. և զԱղաբէկ։ Այս Ջալալ-բէկ եղև երևելի և մեծ իշխան ի ՌԼԵ թուին հայոց, ի 1586 ամի տեառն, հանդերձ երկու եղբորորդւովքն իւր և ընդ այլ իշխանաց հայոց և Աղուանից գնացին ի տեսութին առաջին և մեծ Շահ-Աբաս արքային պարսից և ի նմանէ յոյժ պատուեցան խիլայիւք, նաև Ջալալ-բէկն ի նոյն Շահ-Աբաս արքայէ էառ զֆէրման յանուն իւր եղբորորդի Յովհաննէս, Բ., կաթողիկոսին Աղուանից և դարձաւ ուրախութեամբ ի տուն իւր։ Վէլիջան բէկ Բ. որդի Ջալալ-բեկին Գ. ծնանի զԳրիգոր Բ. կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՃԲ թուին հայոց, ի 1853 ամի տեառն:

20

Բաղդասար—բէկ Բ. որդի Վէլիջան—բէկին Բ—րդի և թոռն Ջալալ—բէկին Գ—րդի ծնանի զԵրեմիայ կաթողիկոս, Արիստակէս եպիսկոպոս զՎէլիջան բէկ Գ. և զՄուլքի—բէկ։ Երեմիայ կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՃԽԹ թուին հայոց և ի 1700 ամի տեառն։ Վելիջան—բեկ Գ. ծնանի զԵսայի կաթողիկոս և զՅովհաննէս: Եսայի կաթողիկոսն վախճանեցաւ և ՌՃՀԵ թուին հայոց և ի 1726 ամի տեառն։

21

Մուլքի—բէկ որդի Բաղդասար բէկին Բ-րդ ծնանի զՄէլիք—Գրիգոր և զՄէլիք—Ալլահվերդի Ա.։ Մէլիք—Գրիգորն զիւր մելիքական իշխանութիւն ետ իւր եղբոր Մէլիք—Ալլահվերդւոյն ի վերայ Խաչենոյ գավառին, և ինքն հրաժարեցաւ յիւր մարմնաւոր իշխանութիւնէն և օծաւ վարդապետ և եղև առաջնորդ սրբոյն վանիցն Գանձասարու ի ժամանակս տիրապետութեանց օսմանցւոց և Նադիր-շահի պարսից արքային, յորոց ֆէրմանսն յայտնի գրեալ երևի, որ առ մեզ գտանին։ Գրիգոր վարդապետ վախճանեցաւ ի ՌՃՂԷ թուին հայոց և ի 1748 ամի տեառն։

22

Յորդւոյ Մուլքի-բէկին՝ ի Մէլիք-Ալլահվերդւոյն Խաչենոյ ծնանի եպիսկոպոս և Մէլիք-բէկ Ա., իսկ Մէլիք-բէկ իշխանն ծնանի զՅովհաննէս Գ. կաթողիկոս և զՍարգիս Բ. կաթողիկոս։ Յովհաննէս կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՄԼԵ թուին հայոց և ի 1786 ամի տեառն։ Սարգիս կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՄՀԷ թուին հայոց և ի 1828 ամի տեառն։— Եւ միւս վեց որդիք նոյն Մէլիք-բէկ իշխանին են սոքա՝ Գաբրիէլ-բէկ, Դանիէլ-բէկ, Միսայէլ-բեկ, Իսրայէլ-բէկ, Ջալալ-բէկ, Դ., և Ալլահղուլի-բէկ։

Ա. Գաբրիէլ-բէկն ծնանի զԵրեմիա եպիսկոպոս և զԳրիգոր-բէկ: Գրիգոր-բէկն ծնանի զՋալալ-բեկ Ե. և զդուստր Խորիշահ: Ջալալ-բէկ Ե. ծնանի զՍարգիս-բէկ և զՄինա-Խաթուն դուստրն: Բ. Միսայէլ-բէկն ծնանի զԱպրես-բէկ և զԱսլան-բեկ: Ապրես-բէկն ծնանի զԱթա-բէկ Գ., զԳրիգոր-բէկ և զՋաւատ-բեկ: Աթա-բէկն ծնանի զՄովսես և գայլս: Գրիգոր-բէկն ծնանի զԻվանե և գայլս: Դ. Ջալալ-բէկն ծնանի զԱթաբակ, զԱռստամ-բէկ և զԽորիշահ դուստր։ Առստամ-բէկն ծնանի զԵսայի և զայլս, որք գտանին ի Բոլնիս։

Ե. Ալլահղուլի-բէկն ծնանի զԱռուշան-բէկ և զՋհանգիր-բէկ։ Առուշան-բէկն ծնանի զերիս որդիս, որք գտանին ի Բոլնիս։

23

Վեցերորդ որդի Մէլիք-բէկ իշխանին Դանիէլ-բեկն ծնանի զԲաղդասար միտրոպոլիտ և զՄէլիք-Ալլահվէրդին Բ. Խաչենոյ Գաւառին։ Մէլիք-Ալլահվերդին Բ. ծնանի զԵրեմիայի քահանայ, զՄովսես վարդապետն, զԱբրահամ-բէկն և զՅովսէփ-բէկն։ Մելիք Ալլահվերդին վախճանեցաւ ի 1276 թուին հայոց և 1827 ամի տեառն։ Եւ Մովսես վարդապետն վախճանեցաւ ի ՌՄՂԸ թուին հայոց և ի 1849 ամի տեառն։

Երեմիայ քահանայն ծնանի զվեց որդիս, որք են՝ Վախտանգ, Ջալալ, Շամիր…

Աբրահամ-բեկն ծնանի զմէլիք-բեկ և զԱլլահվերդի-բէկ:

Յովսէփ-բեկն ծնանի զՎելիջան-բէկ և զԴանիել-բեկն:

24

Այլ և յառաջին Մելիք-բեկ իշխանեն Հասան-Ջալալեանց, որպես ի վերոյ գրեալ եմ և սոքանեն կենդանիք արուականքն ի սերընդոց և ի տոհմականաց Հասան-Ջալալյանց:

Բնագրի վրա յուր իսկական ձեռքով ստորագրել է Միտրոպոլիտ Բաղդասար Հասան-Ջալալյանց:

Թագավորք Աղվանից

Ա. Առան Սիսական, Հայոց Վաղարշակ թագավորից հաստատված.
Բ. Քաջն Վաչական Ա. Արշակունի ազգից.
Գ. Վաչե Ա.
Դ. Ուռնայր.
Ե. Վաչական Բ.
Զ. Միհրավան.
Է. Սատո.
Ը. Ասա,
Թ. Արովաղեն կամ Եովաղէն.
Ժ. Վաչե Բ., որ հիմնում է Պարտավ քաղաքը (?):
ԺԱ. Վաչական Գ. բարեպաշտ:

Սասանեան հեթանոս նախարարք

Ա. Միրհանից ծնվում և իշխում է
Բ. Արմայելն Արմայելելից
Գ. Վարդն Վարդից
Դ. Քաջն Վարդանն, որն ընդունում է քիստոնեական հավատը և մկրտվում Աղուանից Վիրո կաթողիկոս ձեռքնով և հիմնում Կովկաս սարի տակ մի ավան և յուր անվամբ կոչում Վարդաշեն (?): Վարդանով կրկին շարունակվում է քրիստոնյա նախարարության շղան:

Քրիստոնյա նախարարք.

Ա. Քաջն Վարդանից ծնվում և նախագահում է
Բ. Վարդը Ա. սորանից
Գ. Վարազ-Գրիգոր Ա., որից
Դ. Վարդը Բ. (?), որից
Ե. Վարազ-Գրիգոր., Բ., որից ծնվում են Վարազ-Պերոժ, Ջիվանշիր, Եղուտ-Խոսրով և Վարազման…
Ջ. Ջիվարիշիրին հաջորդում է յուր եղբայր
Է. Վարազ-Պերոժն, որից ծնում և տեղակալում է.
Ը. Վարազ-Տրդատ, որից
Թ. Վարդան Գ., որից
Ժ. Ներսեհ Դժնդակ…, որից
ԺԱ. Գագիկն, որից
ԺԲ. Ստեփանոս, որ Վարազ Տրդատի հետ սպանվում է Ներսեհ Դժդակից Դատի վանուց ձորում, ահա այս է «Դժնդակ» կոչվելու պատճառն: Գագկա կինն ունենալով միյայն Ապրամ անվաբ մի դուստր՝ գիշերով փախչում է Խաչենի բերդն (Կաչաղակաբերդ (?) և այդ դուստրը ամուսնացնում Բագրատունի (?) Սմբատ իշխանի (?) թոռան Ատրներսեհի հետ։
ԺԳ․ Ատրներսեհն շինում է Հանդաբերդը և յուր պալատը հաստատում Վերին Խաչենում ջերմուկների կողմում․ Սորա անդրանիկն։
ԺԴ. Գրիգոր Ա. շինում է Հավքախաղաց բերդը և յուր իշխանությունը ավելի զորացնում այդ անառիկ բերդով, որից ծնվում և հաջորդում է…
ԺԵ. Սահակ-Սևադա, որ քաջ տղամարդ լինելով տիրում է Գարտման, Քավոա և Փառնա գավառներին և սկսում է տարածել սոցա մեջ գիր, դպրություն և ուսում: Սահակ Սևադայից...
ԺԶ. Գրիգոր Բ., որ Գուշատակ ևս է կոչվում, որից
Ժէ. Փիլիպպոս (?), որից
ԺԸ. Սևադա Ա. (?), իսկ սորանից Հովհաննես (?), որ Սենեքերիմ ևս է կոչվում։ Վերջինս յուր բնական հանճարով, ռազմագետական տաղանդով և կառավարչական խորագիտությամբ, հաջողում է պարսից կառավարության միջոցավ ձեռք բերել Աղվանից թագավորությունը և թագը, որ վաղուց մեռած էր։
Ա. Սենեքերիմ (?) թագավորից ծնվում և իշխում է՝
Բ. Գրիգոր (?) թագավորն, որով կրկին մեռնում է Աղվանից թագավորությունն։ Գրիգոր թագավորից ծնվում են երեք որդիք՝ Վախտանգ թագավորազն, Սմբատ թագավորազն (?) և Վասակ թագավորազն (?):

Ծագումն իշխանաց և մելիքաց Ջալալյան տոհմին.

Ա. Վախտանգ թագավորազնին տեղակալում է յուր անդրանիկն
Բ. Հասան-Մեծն, որն ծնված էր քուրդ իշխանի Արզու դստերից, Հասան-Մեծին տեղակալում է
Գ. Վախտանգ Սակարն (?), որն ամուսնացած էր քուրդ իշխանին Սարգիս որդու Խորիշահ դստեր հետ.
Վախտանգ Սակարն (?) ծնվում է
Դ. Ջալալ-Դոլա Հասան, որն ամուսնացած է Մեծ Սյունյաց Տարսայիճ (?) իշխանի Մամքան դստեր հետ, որից ծնվում և հաջորդում է
Ե. Աթաբեկ Ա, որից
Զ. Պարոն Ջալալյան, որից
Է. Աթաբեկ Բ-ն (?), որից
Ը. Այտին բեկն (?), սորա փոքր եղբայր
Թ. Աղբաստն (?), որից
Ժ. Հատիր մելիքն (?), որից
ԺԱ. Մեհրամ բեկն (?), որից
ԺԲ. Ջալալ-բեկն, որից
ԺԳ. Վելիջան բեկ Ա., որից
ԺԴ. Բաղդասար բեկն, որից
ԺԵ. Վելիջան բեկ Բ., որից
ԺԶ. Մուլքի բեկն (?), որից
ԺԷ. Մելիք Գրիգորն, որին հաջորդում է փոքր եղբայրն
ԺԸ. Մելիք-Ալլահվերդին
ԺԹ. Մելիք-բեկ Մելիք-Գրիգորյան (?)
Ի. Դանիել-բեկ, որից ծնվում է Բաղդասար վարդապետը։

Այդ երկու համեմատություններից պարզ երևում է, թե որքան վարպետ է Մակար վարդապետը ուրիշի ապրանքը սեփականել իրան, և, որպեսզի հրապարակի վրա չճանաչվի, գույնը փոխել է և այնպես վաճառել։

Այդ երկու համեմատություններից երևում է և այն, որ Բաղդասար միտրոպոլիտի կազմած ազգաբանությունը ավելի հարուստ է յուր մանրամասնություններով, ավելի լիակատար է, իսկ «Գաղտնիք»-ի հեղինակինը միայն համառոտ քաղվածք է նրանից, այն ևս սխալներով[6]։

Այդ սխալները առաջ են եկել նրանից, որ Մակար վարդապետը գրելու ժամանակ աչքի առաջ չէ ունեցել Բաղդասար միտրոպոլիտի հորինած լիակատար ազգաբանությունը, որը դեռ ոչ մի տեղ տպված չէ, այլ օգուտ է քաղել Սարգիս եպիսկոպոս Զալալյանի քաղվածքից, որ նույն սխալներով տպված է նրա ճանապարհորդության մեջ[7]։

Իսկ այդ դեպքում ևս կատարվում է այն բազմաթիվ հրաշքներից մեկը, որոնցով այնքան հարուստ է «Գաղտնիք»-ը։

Այդ գրքի հեղինակը վախճանվում է 1828 թվին։

Իսկ Բաղդասար միտրոպոլիտը յուր ազգաբանությունը հորինել է 1849 թվին։ Կնշանակե «Գաղտնիք»-ի հեղինակի մահից 21 տարի հետո։

Ուրեմն, կամ պետք է ընդունել, որ «Գաղտնիք»-ի հեղինակը յուր մեռնելուց 21 տարի անցնելուց հետո հարություն է առել և օգուտ է քաղել Բաղդաստր միտրոպոլիտի կազմած ազգաբանոթյունից, կամ մի ուրիշը գողացել է այդ աշխատությունը, գույնը փոխել է և Բեկնազարյանների անունով հրապարակ է հանել։

Այդ վճիռը թողնում եմ ընթերցողների դատաստանին։ Բայց ես խոստացա ցույց տալ մի «օյինբազություն…»։

Եթե Բաղդասար միտրոպոլիտը ուներ այդ ազգաբանությունը, ուրեմն ինչո՞ւ էր նա յուր նամակով դիմում «Գաղտնիք»-ի հեղինակին և նրանից խնդրում միևնույնը: Այդ ի՞նչ էր նշանակում։

Ահա՛ ինչ է նշանակում. գուցե մի օր, ո՞վ է իմանում, Բաղդասար միտրոպոլիտը գերեզմանից կբարձրանա և գտնելով «Գաղտնիք»-ի մեջ յուր աշխատությունը, կբռնե Մակար վարդապետի օձիքից և նրան կասի.
— Այդ իմ աշխատությունն, այդ ո՞վ է գողացել:

Այն ժամանակ Մակար վարդապետն իրավունք կունենա նրան պատասխանելու.
— Սրբազան, քո աշխատությունը որտեղի՞ց կարող էր լինել. եթե դու ունեիր այդ աշխատությունը, այլևս 1828 թվին ինչո՞ւ էիր դիմում Աբրահամ Բեկնազարյանին և նրանից խնդրում…

Եվ Մակար վարդապետը ամենայն վստահությամբ ցույց կտար սրբազանի նամակը:

— Այդ նամակը կե՜ղծ է…— կպատասխանե սրբազանը։— Ես այդ աշխատությունը ունեի ոչ թե 1828 թվին, այլ նրանից շատ առաջ, 1800 թվականներում, երբ դեռ վարդապետ էի և Հաղպատա վանքում նստած աշխատում էի[8]։

Այսքանը բավական համարելով մենք գուցե մի ուրիշ ժամանակ կրկին կվերադառնանք Մակար վարդապետի կազմած մյուս տիրապետող մելիքների տոհմային ազգաբանությանը, որոնց մեջ երևում է հայր սուրբի վերին աստիճանի անբարեխղճությունը: Այդ մյուս ազգաբանությունները կամ լցված են մի շարք երևակայական անուններով, կամ մելիքների տոհմերը խառնված են միմյանց հետ և կամ եղբայրը եղբոր հայրն է դառնում, իսկ հայրը՝ թոռ, բոլոր ճյուղագրությունների մեջ տիրում է մի գիծ միայն, այն ևս ուղիղ գիծ, որդի ի հորե. այլ շառավիղներ չկան:

Երբ «Արձագանքի» մեջ տպվում էր իմ հետազոտությունը, իմ բարեկամներից յուրաքանչյուրը միևնույն հարցն էր կրկնում. «Մի՞թե արժե մի այդպիսի հիմարության մասին այդքան գրել»: Եթե միայն հիմարություն լիներ, ես ոչինչ չէի գրի, բայց խարդախությունը այն ևս գրական խարդախությունը, պետք չէ,որ մնա անպատիժ։

«Գաղտնիք»-ը դեռ լույս չտեսած դարձրեց յուր վրա կրիտիկայի ուշադրությունը և ոչ մի աշխատություն մեզանում այնքան խոսել չտվեց յուր մասին, որպես այդ գիրքը։ Դա շատ բնական էր։ «Գիժը մի քար նետեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել»։ Դեռևս շատ խելոքներ պիտի տանջվեն «Գաղտնիք»-ի նենգավոր գաղտնիքները երևան հանելու։

Ամեն կեղծության վրա շատ են նայում, շատ են հետաքրքրվում: Իսկ «Գաղտնիք»-ը, հակառակ յուր արդար վրդովմունքով զայրացած հարվածողների, ունեցավ և պաշտպաններ։

Իմ խոսքը, իհարկե, այն հացկատակ կրիտիկոսների մասին չէ, որոնք շողոքորթության բուրվառը ձեռքում բռնած, մի բաժակ օղիի համար միշտ պատրաստ են խնկարկել ամեն մի կեղտոտություն, ամեն մի անբարոյականություն։ Իմ խոսքը ավելի կրթված, զարգացած և, մինչև անգամ, բարձր ուսում ստացած պարոնների մասին է, որոնք ավելի լուրջ կերպով պետք է վերաբերվեին դեպի մի գրական խարդախություն, որի օրինակը մինչև այսօր չի տեսնվել։

«Գաղտնիք»-ի հեղինակը, հարստահարելով ուրիշների աշխատանքը, ճարպկություն ունեցավ հարստահարելու և այնպիսի հարգելի անձանց անունները որոնք հազիվ թե հանձն կառնեին վկա լինել մի խաբեբա գործի։

Վերջացնում եմ հոդվածս, ավելացնելով, որ իմ հետազոտությունների մեջ ես հասա հետևյալ եզրակացություններին.

1. «Գաղտնիք»-ի մի զույգ պատրվակյալ հեղինակները—հայր և որդի Բեկնազարյանները—երևակայական անձնավորություններ են։ Նրանք երբեք գոյություն չեն ունեցել ոչ իբրև մատենագիրներ և ոչ իբրև անհատներ։

2. «Գաղտնիք»-ը Մակար Վարդապետի աշխատությունն է։ Միայն յուր գիրքը ավելի հրապուրիչ դարձնելու համար, կամեցել է մագաղաթի վրա ներկայացնել և նրան մի հին, վաղեմի գրվածքի ձև տալ։ Հետևապես «Գաղտնիք»-ի բնագրի գրաբար լեզվով գրված լինելը, Մակար վարդապետի թարգմանելը, հետո բնագիրը կորցնելը,— այս բոլորը պետք է հայր սուրբի հնարած ստեղծաբանությունը համարել։
3. Այդ գիրքը իբրև մի պատմական աշխատություն ոչ մի նոր աղբյուր չունի և չէ ցույց տայիս։ Նա օգուտ չէ քաղել մինչև անգամ ժողովրդական ավանդություններից։ Նա չէ բովանդակում յուր մեջ որևէ պատմական փաստ, որ մեր գրականության մեջ նոր լիներ: Իսկ ինչ որ նոր է,— Մակար վարդապետի առակախոսություններն են միայն։

4. Բուն պատմական անձնավորությունները — Ղարաբաղի իսկական մելիքները — իրանց գործերով և քաջություններով՝ կորչում, անհետանում են այդ գրքի մեջ։ Իսկ դրանց փոխարեն դրվում են Մակար վարդապետի ստեղծած հերոսները, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։

5. «Գադտնիք»-ի լեզուն, ոճը, շարադրությունը մեր տասնութերորդ դարու գրվածքների ոչ պարզությունը ունի և ոչ բնավորությունը։ Նրա մեջ հաճախ հանդիպում են այնպիսի բառեր և այնպիսի դարձվածքներ, որ մեր նոր գրականության արդյունքն են։

5. «Գաղտնիք»-ի գաղափարները, նկրտումները և պատմական երևույթների բացատրությունները՝ ամբողջապես առնված են «Խամսայի մելիքություններից»։ Եվ այդ ապացույց է մի կողմից նրա հեղինակի կույր հետևողությունը, իսկ մյուս կողմից՝ երևան է հանում նրա կեղծությունը։ Մեր հին ժամանակների պատմաբանները գրում էին բոլորովին կրավորական կերպով, առանց կրիտիկաբար վերաբերվելու փաստերին։ Քննադատական պատմությունը նոր ժամանակների գործ է։

7. Իբրև մի պատմական անհարազատ աշխատանք, այդ դիրքը զուրկ է ամեն հավատարմությունից։ Նրա մեջ փաստերը կամայական կերպով աղավաղված են։ Ամբողջ գրքի մեջ գործում է մի խարդախ գրչի արհեստականություն միայն։ Նրա մեջ չէ երևում ժամանակի մարդը յուր բնական բարքով, վարքով և սովորություններով։ Նրա մեջ երևում են այլանդակ հրեշներ և հեքիաթների հերոսներ միայն։

8. «Գաղտնիք»-ը մի գրական նենգավոր ավազակություն է։ Նրա մեջ մտցրած են այլոց աշխատությունները, առանց հեղինակների անունները հիշելու։ Բայց գողության հետքերը կորցնելու համար իսկական հեղինակների փոխարեն հիշվում են այնպիսի անուններ, որոնք կամ երբեք գոյություն չեն ունեցել կամ ոչինչ չեն գրել։

9. «Գաղտնիք»-ը ոչ միայն գրականական որևէ արժեք չունի այլ մինչև անգամ վնասակար է։ Անհմուտ ընթերցողին նա կարող է մոլորեցնել, և սուտը, կեղծը, անհավատալին ճշմարտի տեղ մատակարարել: Այդ գրքի հորինվածքի մեջ այնքան չի պիտի զարմանալ հեղինակի տգիտության վրա, որքան նրա անպատկառ հանդգնության վրա, որով նա վստահություն է ունեցել կարծելու,թե յուր աններելի վարմունքը գաղտնի կմնա «Գաղտնիք»-ի մեջ։ Մի այլ ավելի հարմար անուն հազիվ թե կարելի էր գտնել…

10. Այդ բոլորից հետո «Գաղտնիք»-ի վարագույրի հետևում ծածկված հեղինակին մնում է, իբրև կրոնավորի, իբրև կրոնուսույցի իբրև ճշմարտության և բարոյականության քարոզի, ձեռքը դնել սրտին, երեսը դարձնել դեպի ընթերցող հասարակությունը և «հրաժարիմք ի խաբեութենե» ասել, և յուր հայոց գրականության ասպարեզում նետած գայթակղության քարը մեջտեղից վերցնել…

  1. Սարգիս կաթողիկոսն Սարգիս միտրոպոլիտի ազգականն էր, նույնպես Հասան—Ջալալյան տոհմից, վախճանվեցավ 1828 թվին և նրա հետ վերջացավ Աղուանից կաթողիկոսությունը:
  2. Հենց այդ ժամանակներում Միրզա-Ջամալը և Միրզա-Ադիգեոզալը գրեցին Շուշի նորաբուսիկ խանի պատմությունը, որոնց ծագման սկիբը հասցրին մինչև Սամար-Ղանդի թագավորները, իսկ Բաքուի Միրզա-Մուհամմեդ-խանի որդի Աբասղուլի բեկը գրեց Շիրուանի խաները և Դաղստանի տիրապետողների պատմությունը:
  3. Ես թողնում եմ 1, 2, 3, 4-րդ մասը, որ հեղինակը զանազան պատմագիրների վրա հիմնվելով, գրում է իբրև ներածություն։
  4. Այդ երկու գավառների անուններն շատ տեղերում, գրչագրերի վրիպումներով միախառնելով գրում են ի միասին Վօստիփառնա։
  5. Մինչև այստեղ հեղինակը հետևել է Կաղանկատուցւո պատմությանը։
  6. Սխալները մենք նշանակեցինք հարցական նշաններով։
  7. «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան», մասն Բ., եր. 352, 354։
  8. Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունները թե յուր իսկական ձեռքով գրած սևագրությունները, որ նա հորինել է Հաղպատա վանքում, և թե մաքուր արտագրած օրինակները, որ կազմել է հետո, ցանկացողները կարող են տեսնել մեզ մոտ։