ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Ա)

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

1

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ են իմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝

— Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.

Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:

Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանեն ժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով և ման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:

Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթե ժողովուրդը գիտե, որ Աթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

— Էս ընկեր Իվանի ձին է…

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավ անցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձև տալու անմիտ սովորույթ:

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսք էր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ...(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

— Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:

Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցալ տարվա աերոպլանը:

2

Խաղաղ և իր քեֆին ապրում է այս փոքրիկ քաղաքը, որ գրպանի քարտեզի վրա չի էլ նշանակված թեկուզ որպես միջակետ: Կարծես դիտմամբ հեռացել է այս անկյունը խուլ, որ իրեն չխանգարեն, շատ եռ ու զեռով, ժխորի աղմուկով իրեն չնեղացնեն:

Ապրում է իր քեֆին, կատարում է այն ամենը, ինչ հարկ է, աշխատում է նմանվել մեծ քաղաքներին և օրինակ դառնալ շրջակա գյուղերի համար: Փոքրիկ այդ քաղաքը գավառի կենտրոնն է, նրան են նայում հարյուրավոր գյուղեր՝ թառած լեռան կատարին, խոր ձորերի մեջ ընկած գյուղեր:

Դրսի աշխարհի հետ ունեցած կապը փոստն է, որ գալիս է անկանոն, բեռը կես ճամփին թողնում, որ հետո վերադառնա բերի. կապը ծուռ ու մուռ խճուղին է, որ լղար եզան պես կողքի ճաղերն է ցցել, կապը՝ հեռագրի մի բարակ թելն է, որ անցնում է տասնյակ վերստեր անմարդաբնակ սարերով, կտրում հավիտյան ձյունապատ լեռների կատարներ, իջնում անդնդախոր ձորեր և հասնում հեռավոր երկաթուղուն: Շատ հաճախ է գիծը կտրվում. ձյան հյուսեր, սարի քամի, փոթորիկ պոկում են սյունը տեղից: Սարերով անցնելիս մեկ էլ հանկարծ հանդիպում ես հեռագրասյուների ուղիղ շարքին ու բարակ երկաթալարին, որ կանչում է ասես հուսակտուր ու խեղճ՝ մեծ քաղաքին հաղորդում, որ այնտեղ, երկաթուղուց հարյուրավոր Վերստեր հեռու, լեռներով փակված մի գետահովտի վրա անհոգ ընկած գավառական փոքրիկ քաղաքում ևս կա մոլեկուլյար աշխատանք, այնտեղ էլ են շինում, այնտեղ էլ է բաբախում թեկուզ մի երակ, որ տանում է դեպի սիրտը՝ լայնարձակ Միությունը Խորհրդային: Մարդ այնպես խղճահարվում է, երբ ձյունապատ լեռան գլխին՝ ժխորից հեռու, հանկարծ լսում է, թե ինչպես նվվում են երկաթի թելերը հեռագրի, ինքդ էլ ուզում ես կանչես, որ մեծ ճամփով անցնող գնացքը մի օր էլ շուռ տա ուղին իր և մխրճվի քնած լեռնապարն այս, լեռները վախենան, բազմանան գործարանները, խաղաղ ու հանդարտ գետահովիտում այս վառվեն հսկա լապտերները քաղաքի:

Ամեն ինչ դանդաղ է, խաղաղ գավառական այս խուլ անկյունում: Շտապելու հարկ չկա. կենտրոնից հեռու լինելը, մարդաշատ քաղաքի կարիքներին անհաղորդ լինելը ստեղծում է անհրաժեշտ միջավայր, ուր առատորեն զարգանում է գավառացու մտավոր կարճությունը, նրա մեղկ և կենդանական կյանքը, որկրամոլ և թուլամորթ լինելը: Կատարյալ քաղքենի, օրինապաշտ, պինդ փարած հնօրյա ադաթին՝ նավասարդին ու ձմռան երկար գիշերների զրույցներին:

3

Լեզո՛ւն, կենդանի խոսքը այս խուլ անկյունում...

Յոթ տարի է անցել Հոկտեմբերից, և դեռ մարդիկ կան՝ հին պիսարներ, որոնք հայերենը համարում են գյուղացու լեզու, անվայել «իրենց» շրջանի համար: Քա՜րը գլխին, թող համարեն. բայց զայրանում ես, երբ ժողովում են այդ ասում, և մեշչանական տիղմի մեջ սնված, չինովնիկի մունդիրի տակ աճած մի էքս-գործավար, որ այսօր մատենավար է սոսկական, — և անգամ թեկուզ Խորաշխի վերստուգիչ հանձնաժողովի,— զայրանում ես, (երբ ընդհանուր ժողովում ձայն է խնդրում և խոսում...ռուսերեն, երբ լսողների կեսից ավելին իրենց քաղաքից ուրիշ քաղաք չեն գնացել):

Եվ այն էլ ի՛նչ ռուսերեն...

Իր ելույթը պատճառաբանում է ազատ ցանկությամբ և մայրենի լեզու չիմանալով, այնինչ ստում է, հորինում:

Այդ Կարապետ Հախնազարիչը թեկուզ սոսկ մատենավար է, բայց նրանից շատ բան է կախված: Իրեն այնպես է դրել մանավանդ եկող-գնացող գյուղացիների մոտ, որ կասես վարիչն ինքն է, չափազանց պատասխանատու մի պաշտոնյա:

Մարդու խելք չի հասնում, երբ քննում է մեր խուլ անկյան «անքննելի» բաները: Ասես մի մեծ հեղեղից փախել և կորած, մոլորած այս մժեղ քաղաքում հանգիստ են առել նրանք, մրուրը հնի, ոտից ցգլուխ կեղծիք, կաշառք և ցածություն:

Իրեն պատասխանատու չի համարում և ոչ մի դեպքում: Եթե մեղադրես, կարդարանա հազար տեսակ, իսկ առիթը չի փախցնի «իր բազմանդամ ընտանիքի» համար մի կատեգորիա էլ ավել կորզելու, չնայած աշխատանքն էլ մի զատ չի, կես կատեգորիա արժե:

Նա ջուխտ ոտով ու կենտ գլխով անցյալի մեջ է թաղված, սիրով (իհարկե ծածուկ) է պատմում սրան-նրան, թե այսինչ պրիստավի ժամանակ իրենք ոնց կերան, ոնց «մեծավորը» մատը թափ տվեց և գյուղացիք խոնարհվեցին: Ինչ խոսք, որ ներկա կարգերին հավան չի. անկետա լեցնելիս էլ «համակրող» գրելիս նայում է չորս կողմը, և տասն անգամ գույնը թռչում է, էլի գալիս:

Կարապետ Հախնազարիչը առիթը չի փախցնում կծելու, չնայած գիտե և քսվել, պոչը թափ տալ: Եթե նա վերաստուգիչի անդամ է, այդ որոշ «պալիտիկա» է, իր ակտիվ լինելն է ուզում ցույց տալ, գուցե մի օր պետք գա: Եվ անհաշտ հակառակորդ է նորին, իսկ պետական լեզուն հո նրա աչքի փուշն է: Որ մորթես, նա չի ասի երբեք «գործկոմ», այլ անպատճառ՝ «իսպալկոմ»: Հայերեն խոսելիս էլ խառնում է այնքան ռուսերեն, որ շիլաճաշ է դուրս գալիս՝ անհամ, անհոտ:

4

Մեր փոքրիկ քաղաքում ուշադրության արժանի բան դեռ շատ կա:

Ինչպես ամեն քաղաք, մերն էլ ունի բուլվար ու հրապարակ: Ճիշտ է, մեր բուլվարում նստարան չկա, բայց լավ յոնջա է բուսնում՝ պառկիր կանաչի վրա ինչքան քեֆդ ուզի:

Շատ անգամ՝ մանավանդ գարնան, կարելի է տեսնել բուլվարի մի անկյունում նստած քաղաքի նախկին «հայրերին» (այժմ պարապ, հոգեպահուստով ապրող) անուշ զրույց անելիս: Բուլվարի մյուս անկյունում մի գյուղացի իր էշն է թողել կանաչ ուտելու, ինքն էլ դինջանում է կողքին:

«Հայրերի» խումբը ուշադրություն է գրավում: Առաջ հարուստ էին, խանութատեր. մեկը մի քարվանսարա ուներ, մյուսը՝ բաղ ու հող, տոկոսով տված փող: Հիմա չկա, բայց մրմուռը կա, զայրույթը մնում է: Նրանք երդվյալ հակահեղափոխականներ են, չնայած որ նրանց ուժը տկար է, խոսքերը ծիծաղ հարուցող:

Բայց մարդիկ ապրում են քաղաքականորեն, դեռ չեն մեռել: Նրանք սնվում են...պրովոկացիայով, իրենց հնարած լուրերով, սրանից-նրանից թերատ լսած ու հասկացած խոսքերով: Հերիք է, որ մի լուր իմացան. մեկը ծաղկեցնում է, մյուսը եզրակացության հանգում, մեկէլը ապացուցում, որ «սրանք» երկար կյանք չունեն:

Յոթ Հոկտեմբեր է անցել, Եվրոպան իրար է անցել՝ Խորհրդային Միությունը շուտ ճանաչելու, իսկ փոքրիկ մեր քաղաքում (որ քարտեզի վրա լվի ծերտի չափ էլ չէ) դեռ համառում են և հավատում «սպիտակ ձիավորին», հակահեղափոխության սուրբ Գևորգին, որ պիտի գա...Ավան ապոր՝ բանկում թողած մանեթները ետ տալու:

Կարապետ Հախնազարիչը գործն ավարտելուց հետո շտապում է նրանց մոտ, հավաքվում են և զրուցում, հուսադրում ու հորինում: Կարապետ Հախնազարիչը լուրջ հայտնում է, որ այսօր վռազ ժողով են հրավիրել նրանք, մի բան կա երևի:

— Երևի մի բան կա...

Մրմռում է խումբը ցմահ հակահեղափոխության, և հույսը, իբրև ձմռան անզոր արև, մի անգամ էլ շողում է նրանց պառավ դեմքերին...