Գավառական նամականի (Բ)
ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Բ)
1
Ձմռան էն թունդ ցրտերն են այժմ: Ցուրտ քամին ասես ուզում է մարդու մարմինը ծակել ու թափ անցնել: Ձեռներդ կապտում են ցրտից: Երջանիկ ես, եթե մի օջախի մոտ կարող ես մեկնվել կամ թոնիրի մեջ ոտներդ կախել ու տաքանալ:
Անօգ մի կին, վարձու աշխատանքով ապրող՝ ջրկիր, լվացարար, թե տան ծառա, անօգ մի կին ամեն օր կուժն ուսին՝ այս ցուրտ ձմռան բոկոտն անցնում է մեր փողոցով՝ «խանումի» համար ջուր է տանում:
Կրունկները սառել են, ճաքճքել, դարձել հաստ պադոշ՝ անզգա, առանց նյարդի: Այդ ավելցուկ մսի կտորներով մարմինն իրեն պաշտպանում է ձմռան ցրտից: Համարյա կիսամերկ է, ուռած, կապտած մարմնով: «Խանումը» նրան իր տան ներքնահարկում մի անկյուն է տվել ապրելու. դրա փոխարեն ծառայում է, ջուր բերում, լվացք անում:
Ամուսինը հաշմանդամ է, կինն է նրան պահում: Երեք ամիս աշխատելուց հետո նա կարողացել է չորս արշին բյազի արժեք ետ գցել: Մնացել է շիվար, չգիտե իր մերկությո՞ւնը ծածկի այդ չորս արշինով, թե՞ բարուր պատրաստի մանուկի համար, որ մուշ-մուշ քնել է կիսամերկ մոր արգանդում և չի զգում, թե մայրը ձմռան ցրտին «խանումի» համար ջուր է բերում:
Իբանիյեսը իր գրքերից մեկում շատ սիրուն նկարագրում է Մադրիդի աղքատներին, որոնք ապրում են քաղաքից դուրս և աղբակույտերը փորփորում մի բան գտնելու հուսով: Նրան եմ հիշում և նրա աղքատներին, երբ տեսնում եմ ձմռան ցրտին բոբիկ ոտքերով «խանումի» համար ջուր տանող կնոջ:
2
Գյուղը շա՞տ է փոխվել:
Հին կապերը թուլացել են, տեղ-տեղ մի թեթև հարվածի են սպասում, որ իսպառ վերանան: «Ամբողջ աշխարհն եկավ մեր առաջով անց կացավ», — պարծենկոտ ասում է ամեն մի թեկուզ փոքր գյուղ, որ ձիու հանգիստ ճանապարհ էլ չունի:
Մի չնչին օրինակ. ամեն ինչի հետ փոխվում է և գյուղացու տարազը: Առաջ չուխան էր ու մոթալ փափախը, բայց հիմա կեպկա էլ են դնում, շլյապա էլ: Ֆրենչն ու գալիֆեն մեր պապենական չուխայի հետ այժմ գյուղում կռիվ ունեն: Երիտասարդությունը «փրենջ» է ուզում. ի՞նչ խոսք, որ գյուղի դերձակները «փրենջը» ըստ իրենց «հայացնում» են: Մեր գյուղերում իսպառ վերացել է հին տարազով հարս գնալու սովորույթը, հինգ տարուց ավելի է մի դեպք չի եղել, որ «բերանը» ծածկած հարս տանեն:
Նոր կենցաղը գյուղում դեռ թույլ նվաճումներ է անում, սակայն գյուղն արդեն հակված է նորին: Հեղափոխական-կնունքը կամ, ինչպես գյուղում են ասում «կոմսոմոլի մկրտություն»-ը անցյալ տարի ավելի քիչ կողմնակից ուներ, քան այս տարի: Անկուսակցական գյուղացին էլ է տանում իր մանուկին կոմսոմոլի «տերտերի» մոտ:
Այդ բանն առանց «շերտավորման» ու պայքարի չի լինում: Գյուղի պառավ կանայք, որոնք հարս ունեն և թոռներ և որոնք ավանդապաշտ են ու հնի փեշից պինդ բռնած, — արգելում են, որ հարսները «կոմսոմոլի կնունքին» տանեն իրենց մանուկին:
— Աման, մեր օջախը միք հարամի:
Վերիշեն գյուղում կոմսոմոլի կնունքին այս տարի հարսները քիչ չեն կռվել պառավների հետ: Շատերը ծածուկ են տարել իրենց երեխաներին նոր ձևով մկրտելու: Մի այսպիսի դեպք է պատահել այս տարի այդ գյուղում. ծիծաղաշարժ է, բայց խիստ բնորոշ:
Մի կին որոշում է ինչպես էլ լինի իր մանուկին նոր ձևով կնքել: Երբ լուր է առնում, թե գյուղում արդեն նոր կնունք կա, ուզում է տանի: Սկեսուրը վրա է հասնում և արգելում. ահագին աղմուկ, աղաղակ: Հարսը համոզվելու է ձևացնում ու մի քիչ անց մանուկի հետ ծլկվում: Բայց կնունքն արդեն վերջացած է լինում: Ճանապարհին մարագի մոտ նա հանդիպում է մկրտություն կազմակերպողներին, դիմում է նրանց և խնդրում է իր մանկան էլ կնքել: Եվ հենց մարագի մոտ, փողոցում, կնքում են մանուկին:
Մեր գյուղերում դեռ շատ են նրանք, ծնոտն ու բերանը սպիտակ լաթի կտորով ծածկած, խոսելիս՝ ամաչկոտ ու անհամարձակ, սկեսրոջ և ամուսնու կրկնակի ահի տակ մեծացած մունջ հարսեր: Սակայն քիչ չեն և շրջապատի խավարին հաղթել կամեցող և «քաղաքի» կնոջ պես՝ «քաղաքավարի» ապրել ցանկացող գեղջկուհիներ:
3
Բռունը մի փոքրիկ գյուղ է, բլուրի արևկող լանջին: Ամեն անգամ, երբ լսում եմ գյուղում տարվելիք աշխատանքի մասին, միտս եմ բերում այդ փոքրիկ գյուղը՝ բլուրի լանջին:
Այս ձմռան էր, գյուղ-ժողով կար: Կիսամութ, ծխով լցված մի սենյակում գյուղացիք իրար կողքի ծալապատիկ նստոտել են գետնին, նստարան չկա: Սեղանի վրա պլպլում է սև նավթի ճրագը և մրով սենյակը լցնում: Սենյակում էլ նստելու տեղ չկա. այդպես լավ է, տաք է լինում, խոնավ գետնին ոտքերդ չեն պաղում:
— Հընգերնե՛ր, խնդրեմ նախ և առաջ տուվեցեք մին նախագահ...
Գյուղխորհուրդն է. ուրեմն ժողովը սկսված է համարվում.
— Արուսյակից հարմար նախագահ չկա, — ձայնեց մեկը, հետո երկրորդը և այդ ձայնը դարձավ մի կատարյալ օվացիա:
Քվեարկությունն ավելորդ է արդեն:
Առաջին անգամ ես այդտեղ տեսա կնոջ՝ գյուղի համայնական ժողովի նախագահ: Ի՞նչ ծածկեմ, առաջին պահ տարակուսանք ունեի և թեթև կասկած ժողովի աջողության մասին: Բայց ժողովից հետո ես ինձ հանդիմանում էի կասկածիս համար:
Հետո գյուղացիք ինձ շատ բան պատմեցին ընկերոջ մասին: Նա դպրոցի միակ ուսուցիչն է, ակտիվ մասնակցություն ունի գյուղի անց ու դարձին, կոոպերատիվին ու նոր դպրոցի շինության: Աշխատում է գյուղում կազմակերպել լիկկայան, որի միակ դասատուն ինքն է լինելու: Գյուղացիք պատմում էին, որ ընկ. Արուսյակը ոչ միայն պարապում է դպրոցի երեխաների հետ, այլև հոգս է տանում նրանց առողջապահության, դեղ է ձեռք բերում չքավոր աշակերտության համար: Դեպք է եղել, երբ ինքն է դեղ պատրաստել աշակերտների մեջ տարածված «քոսի» դեմ:
— Առավոտից մինչև արևամուտ դաս է տալիս. բա նրա գլուխը չի՞ ցավում էդքան աշխատանքից...
Հիշեցի մի հին պատմություն՝ «Խորհրդավոր միանձնուհի», բայց ընկեր Արուսյակը «միանձնուհի» չէ, այլ մի անխոնջ մշակ, որի կարևոր աշխատանքն արժանի է հիշատակման ու խրախուսանքի:
Եվ ամեն անգամ, երբ մտաբերում եմ Բռունը՝ բլուրի արևկող լանջին, սիրտս անկեղծ ուրախությամբ է լեցվում, որ մենք այսօր համեստ աշխատավորուհիներ ունենք, ցրված մեր հեռավոր գյուղերում, որոնք մի-մի քլունգ առած անդադար փորում են հիմքերը գյուղական խավարի:
4
Մեծ քաղաքներում պոետներ շատ կան, որոնք հորինում են «Երկաթե երգեր», գրում «Վուլկան» ու «Տիտան», մի խոսքով մի ամբողջ «Հրաբխոպոեզիա»: Իսկ ո՞վ է գրել այն մասին, որ Հերիքնազը այժմ դելեգատկա է, նա, որ երկու տարի առաջ չգիտեր ոչ գրել, ոչ կարդալ ու մինչ այդ իր օրում գրքի երես չէր տեսել:
Հերիքնազն այժմ էլի առաջվա պես է ապրում՝ սրա-նրա տան խմոր է հունցում, բուրդ լվանում, ջուր է բերում կամ լվացք անում: Ժամանակ չունի շատ պարապելու, երեխաների հոգսն ու կարիքը շատ է: Դրա համար էլ նա օրընդմեջ է հաճախում ետկեսօրյա դպրոց, մի օր աշխատում է՝ երկու օրվա համար: Ու դասերը սերտում է փոքրիկ ճրագի աղոտ լույսի տակ, երեխաներին քնեցնելուց հետո միայն:
— Անցյալ օրը դասի ժամանակ, — պատմում է ետկեսօրյա դպրոցի մի դասատու, — դուռը կամացուկ բացվեց ու դասարան մտավ մի թմբլիկ մանուկ՝ ուռած թշերով, ոտնամանի մեկը ձեռքին: Ներս մտավ ու զարմացած սկսեց նայել մեզ. իր տեսածը նրա համար օտարոտի էր: Մանուկը նայեց մի քիչ, պռոշ արեց, որ լա, երբ հանկարծ աշակերտուհիներից մեկը «վույ քոռանամ» ասեց ու արագ մոտեցավ մանուկին: Հերիքնազն էր, մայրը մանկան:
— Ես այս պատկերը չեմ մոռանա. նստել է Հերիքնազը նստարանին, մանուկը գրկին: Մի ձեռքով երեխան է գրկել, մյուսով գրատախտակից թվաբանության խնդիրն է ընդօրինակում իր տետրակում: Երբ նրան կանչեցի գրատախտակի մոտ խնդիրը լուծելու, փոքրիկն էլ հետն եկավ, մոր փեշից բռնած: Մայրը խնդիր է լուծում, իսկ մանուկն աչքերը չռած մերթ մորն է նայում, մերթ ինձ...
***
Քույրեր են՝ նա, որ դեռ ցուրտ ձմռան բոկոտն ջուր է տանում «խանումին» և նա, որ մանուկը գրկած գրատախտակի մոտ խնդիր է լուծում: Քույրեր են՝ և նա, որ արևածագից մինչև արևամուտ դաս է տալիս դպրոցում, և ամաչկոտ հարսը գյուղի, որ ուզում է նոր ձևով կնքել իր մանկան, թեկուզ փողոցում, մարագի մոտ: