Մենք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Գարնան սխալը)

Վարդան Հակոբյան

Ձեռքի անունից
ԳԱՐՆԱՆ ՍԽԱԼԸ


Ճանապարհները գնում - գալիս են
անտառի միջով,
        ծառերը՝ կանգուն,
ծառերը՝
խրված անդորրության մեջ։
Հրաշալի է անտառում, գիտեմ.
Մի ծիտ ճյուղերին թառել-երգում է,
Մի հավք այս կանաչ,
         կանաչ գարնան մեջ,
չգիտեմ ինչպես, մի չոր խոտ գտել -
կտուցին առած,
ճյուղեր է փնտրում իր բույնի համար։
Մի ծաղիկ զարթնել բոխենու տակ հին,
վայրի առվի մեջ
նայում է իրեն ու չի ճանաչում,
տղա եւ աղջիկ մեն-մի ծառի տակ
խորասույզ եղան կանաչում թավիշ
ու մատաղ խոտի բույրով են շնչում...
Հովը ծառերի օձիքը բռնել
եւ «ստիպում» է,
        որ իր հետ երգեն...
Օրը անտառում հիանալի է՝
թե անգամ ծառ չես,
թե խոտ չես անգամ...
Ջինջ ու անսուտ է ապրումը ծառի -
ե՛ւ մտածումը,
ե՛ւ ջուրը,
հողը...
Ամեն-ամեն ինչ բնական ու թարմ,
ամեն-ամեն ինչ պարզ ու անխաթար։
Նախանձելի՜ է...
         Միայն թե՝ ափսո՜ս,
ինչո՞ւ ծառերը քայլել չեն կարող։
Ես համաձայն չեմ, որ այդպես լինի,
դա պիտի փոխել - իսկույն, անհապաղ,
դա գարնան դեմ է,
        դա... շա՜տ է սխալ։
Օգնեմ ձեզ, ծառեր՝ միասին քայլենք։