Սոխակը նստած վարդենիի տակ,
Երգ էր հորինում հազար բյուր տեսակ,
Սեր, հույս, բերկրություն և ազատություն
Նորա երգերիցն էին դուրս փայլում։
5
Օրն էր Մայիսի, արփու շողերը
Հալածել էին ձյուն ու պաղերը,
Մայր–բնությունը խնջույք էր արել,
Աշխարհ արարած մեջլիս հրավիրել։
Ծիծառ, դեղձանիկ, կարմրալանջ, սարյակ,
10
Արտուտ, դրախտապան, կանեփուկ, տատրակ,
Ըշտապով թողին Հարավ հեռավոր,
Եկան Հայաստան, անդ էր մեջլիսը։
Սարից փլեցին հեզիկ սյուգերը,
Բացին ամոթխած վարդի թշերը,
15
Սառած ակերը փշրեցին շղթան
Ուրախ կարկաջմամբ սարն ի վայր իջան։
Սոխակը նստավ վարդենիի տակը,
Երգեր հորինեց, հազար բյուր տեսակ,
Սեր, հույս, բերկրություն ու ազատություն
20
Նորա երգերից էին դուրս բղխում։
Արևն էր ցոլուն, երկինքը պայծառ,
Դաշտի մեջ սըփռած ծաղկունք, թուփ ու ծառ,
Հովը հանդարտիկ, ջրերը խոխոջուն,
Գարնան գալուստը են ամենք տոնում։
25
Մենակ նստած բուն ի անլույս ծըմակին,
Անհաղորդ մնաց բնության հրավերքին.
Մութ գիճին ծակեն բու՜ բու էր վայում,
Զահլա էր տանում, աղպաթ էր խառնում:
«Ի՞նչ է գծվել այս հիմար բլբուլը,
30
Ի՞նչ է հավաքել չորս դին այս բույլը,
Ի՞նչ է տեսել որ խելքն է թըռցրել,
Ի՞նչ է մթնումը ձեն գլխին գըցել»։
Լըսեց խռպոտ ձայնն՝ աշուղ անցավոր,
Ասաց «Դու՝ եղբայր բու չես հանցավոր.
35
Բըլբուլը հըլու այն մըթնոլորտին,
Որ պատած ունի նորա ամեն դին.
Քեզ վերա էլ այն է միայն ազդում,
Ինչ քո բոլորիքն են շրջապատում.
Նըրան հովանի հոգին բերկրական,
40
Քեզ թախծաբեր են սարսուռք գեճ մըթան»։