Գարուն (Ղազարոս Աղայան)
Տարին չորս եղանակ ունի, բտյց ամենից սիրունը, ամենից դուրեկանը գարունն է։
Ինչ որ մեռած ու թմրած է լինում ձմեռը, գարնանը կենդանանում ու արթնանում է։
Սառած գետինը տաքանում է և սկսում է կանաչել: Փետացած ծառերը բացվում, փթթում են։ Սար ու ձոր ծլում, ծաղկում է։
Երբ որ տեսնում ես գույն-գույն ծաղիկները արևի տակ փայլելիս, կարծում ես, թե փոքրիկ մանուկներ են ժպտում երեսիդ, ճխում, ճչում, խնդում, ծիծաղում։ Եվ երբ նորեկ երգեցիկ թռչուններն էլ ձայն ձայնի տված, ծլվլում են, կարծում ես, թե բոլոր արարածները ձեռք ձեռքի տված, սլար են գալիս, ցնծում, զվարճանում, գարնան գալը շնորհավորում։
Ով ասես՝ որ անհամբեր չի սպասում գարնան գալուն։ Թե՛ մարդ, թե՛ գազան, թե՛ անասուն և թե թռչուն՝ ամենքն էլ գարնան գալուն են սպասում, ամենքն էլ ուզում են, որ գարունը շուտով գա և իրանց անուշ արև և քաղցր օրեր տա։
Ձմեռվա վերջերին ամենի կերակուրը պակասում է.—ընտանի կենդանիներին խոտ ու հարդ է պետք — չկա։ Նրանք նիհարում են և մինչև անգամ սովամահ են լինում։ Թեպետ լեզու չունին, որ մեզ նման պարզ ասեն, բայց ամեն անգամ իրանց տիրոջը տեսնելիս՝ այնպես աղիողորմ ձայնով մայում, թառաչում են, որ տիրոջ սիրտը կտոր-կտոր է լինում։
Ի՞նչ անե խեղճ տերը։ Էլ մարագումը հարդ չի մնացել, էլ ամառվան դրած ահագին դեզը չկա։
Սրանից լավ վիճակի մեջ չեն լինում և վայրենի անասունները, գազաններն ու թռչունները, և ոչ էլ այն մարդիկը, որոնց ձմեռվա պաշարը հատած է լինում, էլ ոչ վառելու փայտ ու ածուխ են ունենում և ոչ ուտելու հաց։
Ահա ամենքի այս տեսակ հուսահատած ժամանակը գալիս է գարունը և իր հետ բերում նոր կյանք և ուրախություն։
Այնուհետև ձյունը հալվում է, կապված ճանապարհները բացվում են, գնալ գալը՝ թե՛ ձիով և թե՛ սայլով հեշտանում է։
Այնուհետև ով ինչ որ չի գտնում իր գյուղումը, գնում է ուրիշ գյուղից է բերում։ Ով որ քաղաք տանելու և վաճառելու բան ունի, հիմա կարողանում է տանել։ Քաղաքումն էլ աժանանում է ապրուստի պաշարը։
Ահա թե ինչու գարունը սիրելի է բոլոր արարածների համար, մանավանդ մանր ու մրսկան երեխանց համար։ Գարունը մտնում է մարտի իննին և շարունակվում է երեք ամիս։ Գարնան ամիսներն են — մարտ, ապրիլ և մայիս։
1831