ԳԵԼՆ ՈՒ ԳԱՌԸ

 Ով զոռ ունի, հենց անճարի գլխին
    Է քացի տալիս, հանում աչքն, հոգին։
    Իր արած մեղքն էլ նրա վզին դնում։
    Օրինակ շատ կա էս մեր աշխարքումն։
Գառը մեկ շոք օր աղբրի վրա
Ջուր էր խմում, որ քոռաղադինա
Մեկ սոված գել էլ՝ էն կողմը կամաց
Հոտ առավ, եկավ գառին մոտացավ։
Բայց էլի բանը օրենքով ուզեց
Բռնի, ու հանկարծ գառին ձեն տվեց։
    «Հա՞յ դու անզգամ, վատթար կենդանի․
    Ի՞նչպես սիրտ արիր՝ իմ խմելու ջրի
    Համն ապականել, էսպես պղտորել՝
    Էդ մուռտառ դնչովդ՝ էսքան ախպ, զիբիլ
    Սրա մեջը խառնել, իշտահս կոտրել։
    Նայի՛ր՝ թե ի՞նչ դառն օրի կհասնիս,
    Գլուխդ որ չուտեմ, ե՞րբ կպրծնիս»։―
«Քո՛ գլխիդ ղուրբան՝ մեղքս ինձ բաշխի՛ր,
Արածս լավ տե՛ս, հետո ինձ պատժի՛ր։
Քո ջուրն պղտորիլ ի՞նչպես կարող եմ,
Հարիր ոտ հեռու քեզանից ցած եմ։
Իմ հադդս ի՞նչ ա, որ էդ բանն անեմ,
Ու քո մեծության աչքիցը ընկնիմ»։―
    «Թշվա՛ռ՝ ուրեմն ե՞ս եմ սուտ ասում,
    Էդպես լիրբ՝ բերանդ ի՞նչպես ես ցրվում։
    Էս թողանք, անցած տարին դո՞ւ չէիր,
    Որ ինձ՝ հենց էս տեղ փիս խոսք ասեցիր,
        Սիրտս կոտրեցիր։
    Հենց գիտես, էստոնք ես մոռացե՞լ եմ,
    Ու դրա ջիգրը մեկ օր հա՞նիլ չեմ»։―
«Տե՛ր իմ և աստված՝ էս ի՞նչ լսեցի,
Տարիս թամամ չի. քեզ ո՞նց վնասեցի»։―
    «Բաս քո ախպերն էր»։― «Ախպեր էլ չունիմ»։―
    «Բաս խնամիդ, կամ կնքահերդ էր։— իմ
    Ասածս ասած է։ Ինչ որ էլ անես,
    Ազգականներիդ մեկը կըլեր։ Ես

    Կարճ քեզ ասում եմ, որ թե դու, թե ձեր
    Չոբանն ու շունը. բոլոր նոքարներ
    Իմ թշնամին եք, արինս եք ուզում,
    Որ խմեք, ու էս կանաչ տեղերումն
    Ձեր քեֆին ման գաք, մեզ փչացնեք.
    Բայց դուք մեր հունարն հլա տեսել չեք։
    Աստված է էսօր քեզ իմ ճանկս քցել,
    Բոլորի մեղքն էլ քեզանից ուզել»։―
«Ե՞ս ինչ եմ արել, որ ինձ ես բռնում»։―
«Կտրի՛ր՝ ա՛նգամ, ձենդ, քե՛զ եմ ասում։
Գլո՞ւխ ունիմ, որ քեզ հետ չանա տամ,
Քո արածն էն ա, որ ես էս անգամ
Սոված ըլելով քեզ ձեռք եմ քցել,
Ուզում եմ ուտել, փորս կշտացնել։
Ի՞նչ իմ բանն ա, որ նստիմ, քննեմ,
Կամ մեղք հարցնեմ, կամ քեզ ազատեմ»։―
    Ասեց ու գառի վզիցը բռնած՝
    Քաշեց մութ մերին, ատամներն սրած։