Իմ բաժակի մեջ - ջրում զիլ զուլալ,
բուրում է ճյուղը
ցաքի։
Մեր հանդերից է։
Երբ երեխա եմ եղել,
ցաքի մեջ պահված մանուշակներն եմ սիրել,
հանելիս
ճեռքս ճանկռել է փուշը,
ու քաղցրացել են մանուշակները։
Երբ երեխա եմ եղել,
այս ցաքը չունեցած շորս պատռել է
ու ճանկռել է
ինձ։
Ճանկռել է՝ ինչպես կրծքի երեխան
մոր դեմքն է
ճանկռում։
Այս ցաքը նման է
երգի -
կոշտ ու ճշմարիտ։
Եվ նուրբ։
Այս ցաքի վրա - փշերի ծայրին -
Գեղմ կա
մանկության։
- Ցաք, որ փշերից ո՞վ խլեց-տարավ
կարկատանները հովիվ
Արտեմի
կամ
Առանդիկի, -
ասում եմ ու նոր, իմ նոր «կոստյումից»,
որքան էլ տանը հանդիմանեն ինձ,
պոկում մի ծվեն,
տալիս եմ
ցաքին:
Իմ բաժակի մեջ - ջրում զիլ-զուլալ
բուրում է ճյուղը
ցաքի։
Եվ որքան նման է երգի,
եւ որքան նման չէ երգի։