ԵՐԳ ՄԱՔԱՌՄԱՆ


Մատնել եմ ինձ սուրբ կրակին ներշնչանքի.
Իմ մեջ մի այլ ձայն է ապրում, դրսում մի այլ,
քաշքշվում եմ ձայների մեջ իրարամերժ,
ինչպես, ասեք, ինքս ինձ հետ ես միանամ,
այս մութը, որ աչք է թափում, կունենա՞ վերջ...
Մատնել եմ ինձ սուրբ կրակին տառապանքի։

Տառապանքը խորանում է վայրկյաններով,-
ճաքճքում է վստահության շուրթը պաղից,
ցամաքում է լճակը լուրթ լեռան ցավից,
բացվող օրը՝ փորձարկվող ռումբ, անլուր վախից
չոքել է եւ աղերսում է լույս, ամոքում...
Տառապանքը խորանում է վայրկյաններով։

Բռնեմ ամուր, ամուր բռնեմ վայրկյաններից.
հողը ճիշտ է, քարը ճիշտ է եւ ցավը՝ ճիշտ,
մնացյալը՝ սուտ է մի մեծ, անհերքելի...
ծաղկում ծուփ-ծուփ, դալարում են կարոտ ու վիշտ՝
մխանքիս մեջ մնալով միշտ անմեկնելի...
Բռնեմ ամուր, ամուր բռնեմ հող ու քարից։

Ճեղքեմ քարը ու մտնեմ ներս՝ պապունց տունն է.
Մհերի դուռ հույսը իրեն վերագտնի,
թախիծն առվի ժպիտ դառնա ու զրնգա,
շողը՝ իրեն քոլին տվող մայրամուտի
աչքում զարթնի, արեւ դարձած մեր տունը գա...
Ճեղքեմ ցավը ու ներս մտնեմ, պապունց տունն է։