ԳԻԾ


Ճանապարհն ավարտ ունենում է միայն այն ժամանակ, երբ
գնում ես ո՛չ քո ճանապարհով։ Փողոցը թեքվել է
ծառերի վրա եւ
անատամ ծամում է տերեւները լխկած աշնան։

Չեմ ուզում լինել (տե՛ս՝ Դոստոեւսկի, «Դեւեր», էջ՝ 407) Դոնի
կազակն այն, որը պարում է սեփական գերեզմանի վրա,
ուզում եմ լինել նա, ով իր իսկ մաշկը
կտակում է հետնորդներին՝ նրանից թմբկաթաղանթ շինելու
եւ դհոլի վրա գիշեր-ցերեկ հայրենի երկրի հիմնը հնչեցնելու համար՝
մեռելներին անգամ արթնացնող խրոխտ ու զմայլագին զարկերով։

Դաժանության բարությունը՝ ահա քեզ
փշերի պոեզիա, որ
չի հանդուրժում ոչ մի ապատրիդ, որովհետեւ Արա Գեղեցիկի
թուրը հրով չի օծվում, երբ նա իր թագն է անգամ կրակի մեջ նետում,
որովհետեւ Արա Գեղեցիկի թուրը հրով չի օծվում,
երբ նա իր աչքերն է անգամ կրակի մեջ նետում,
գերագույն զոհաբերությունը նրա պարանոցից
               կախում է Մասիսը՝ որպես ծանրաքար։
Իսկ երբ փորձում է բանաստեղծություն գրել քաղաքական գործիչը,
Ներոնի գլխատված մայրն աչքիս առաջ
անմիջապես սկսում է թպրտալ ինքն իր արյան մեջ՝ անօգնական ու հզոր։

Այն, ինչ անցել է, կրկին վերադառնալու է, այնպես
                                    որ՝ շտապիր դիմավորել։
Միայն թե՝ ի սեր Աստծո, մի ապրիր այնպես, որ
ապրումը ետ գնա քո ապրումով, մի երազիր այնպես,
                                որ երազը ետ գնա քո երազով,
մի խոսիր այնպես, որ խոսքը ետ գնա քո խոսքով,
                                         ով գիտե՝ մինչեւ ուր։

Ահա եւ Նյուտոնը՝ ձուն ձեռքին, ժամանացույցը՝ եռման ջրում։
                                    Խոսքը խռովարար է, լռությունը՝
միշտ չէ, որ հաշտարար է։

Ես բացում եմ իմ տան դուռը (այս երբ տեղ հասա) եւ
               հայտնվում եմ միանգամից վայրի անտառում, ուր
ծառերը շարականված գետի ափերին շարվել են,
                                       ինչպես սպիտակ
փետուրներ՝ թռչելու համար լայնորեն բացված Սիրմուղ
                                       հավքի թեւերին։

Ճանապարհը գիծ է, որ
քաշում են ոտքերը։ Բայց ամեն գիծ, մինչեւ
կհասնի կտավին, ինչ-որ չափով կորչում է վրձնի մեջ։