Ես արթնանում եմ, երբ քնում եք դուք
Եվ գիշերն ամբողջ անխոնջ ու անքուն,
Երբ փողոցներով չի անցնում ոչ-ոք —
Քայլում եմ, քայլում անկյունից-անկյուն:
Քայլում եմ և լուռ մտածում եմ ես,
Որ չունեմ ձեզ պես ոսկիներ, գանձեր,
Բայց գիշերների մենակության մեջ
Ձեր ոսկիների հսկողն եմ դարձել:
Հսկում եմ, հսկում, որ ոչ-ոք չգա
Եվ չգողանա ոսկիները ձեր:
Հանդարտ է շուրջս՝ ձայն, շշուկ չկա,
— Իմ կյանքն էլ, մի՞թե, այսպես չի՞ անցել:
Ես չեմ շտապել առավոտ ծեգին,
Ոսկի չեմ դիզել, չեմ գանձել ոչինչ.
Նայել եմ միայն հեռու աստղերին,
Որ ահա նորից հե՛զ թարթում են ինձ:
Նայում եմ լուսնին: Հսկում եմ արթուն:
Աշխարհը — անհո՛ւն, աստղազարդ տեսիլ:
Իսկ երբ արթնանաք — կգնամ ես տուն —
Եվ անո՛ւշ, անո՛ւշ կքնեմ ես էլ...
1916