Գյուլբահարի համար
Կա մի գյուղ՝ քսան երդիկով, անունը Դրմբոն։ Առավոտ ծեգին քսան երդիկից ծուխ է բարձրանում, կրակը թանով ապուրն է տաքացնում։
Դրմբոնը ձորեր ունի դրնգան, սրածայր քերծեր, մի-մի շիշ փափախ, և ձորում դրնգան էշի զռռոցը զիլ արձագանք է տալիս՝ դմբ-դմբ դրնգան։ Եվ երբ ձորերում արձագանքը մի ապառաժից մյուսին է խփում, այծերը քարի ծերպին նոսր մացառի կանաչ տերևները չեն ուտում, խլշած նայում են ներքև, ձորի անդունդին և մկկում։
Կա մի գյուղ՝ Դրմբոն, ճանապարհից հեռու, առանց դպրոցի, Դրմբոնում մի տերտեր՝ տեր Մարուքը խնուսցի։ Երբ «փաշայի» գաղթականության ալիքը պղտոր, տարիներ առաջ լափին տվեց Դրմբոնի ձորերին և հեռացավ, պղտոր ալիքը դրնգան ձորերում թողեց մի տաշեղ՝ խնուսցի տեր Մարուքին։
Պատահել է ճիշտ այնպես, ինչպես մանկական հեքիաթումն է գրված. «Երկինքը փուլ եկավ, մի կտորն էլ պոչիս ընկավ»։ Եվ այդ կտորը տեր Մարուքն էր, որ ընկավ Դրմբոնի պոչին։
Մի ամիս, երկու ամիս հիվանդանում է տեր Մարուքը, հետո տեղը լայնացնում, դառնում Դրմբոնի ծխատեր քահանա։ «Մենք քեզ հոտ, դու մեզ հովիվ», ասում են դրմբոնցիք։ Տեր Մարուքը երջանիկ օրերում է ապրում, խժռում, ինչպես թրթուրը կաղամբի համեղ տերևը, անդաստանով, պատարագով լղարած կողերը ճարպակալում։
Դրմբոնում կա մի կին` Գյուլբահարն այրի, երկու որբատեր, տունը` մեկը քսան երդիկից, տեր Մարուքի քսան ծխից, — տունը գյուղի ծայրին։ Գյուլբահարը` մարդաթող, Գյուլբահարը` «գարնան ծաղիկ»։ Եթե ապրեր Թլկուրանցին Դրմբոնում, Գյուլբահարի համար երևի կասեր.
Թլկուրանցու փոխարեն տեր Մարուքն է մտքում ասում, թե ի՜նչ փափուկ միս ունի Գյուլբահարն այրի։ Ճարպոտում է տերտերը, եռում է արյունը երակներում, և զատկին մասունք տալիս նրա ձեռքը կամացուկ շոյում է Գյուլբահարի թշերը։
Մի տարի, երկու տարի։ Գյուլբահարն է տերտերի փոխնորդը լվանում, փարաջան կարկատում։ Փոխնորդը թևի տակ Գյուլբահարի մոտ գնալիս տերտերը մութին է սպասում, գիշերին` անլուսին։
Մեկ, երկու. հոգևոր հորդորը դառնում է մարմնավոր, և ամեն անգամ, Գյուլբահարի տնից վերադառնալիս, տեր Մարուքն ավելի ախորժով է սղալում միրուքը, մեջն սպիտակած, շրթունքները ծպպացնում։ Այդպես հանգստանում է ճանճը, սեղանի վրա մոռացված շաքարի կտորը լիզելուց հետո։
Մի օր էլ Դրմբոն կոմսոմոլ մի տղա եկավ, ասեց, խոսեց, դրմբոնցի ջահելները խմբով ճամփա դրին նրան։ Մյուս օրն արդեն կոմսոմոլը Դրմբոնում բջիջ ուներ։
Գյուղն առաջ էլ դժգոհ էր տեր Մարուքի Գյուլբահարի մոտ գնալուց։ Դժգոհությունը խուլ էր։ Դրմբոնը չէր հավատում, թե քահանան անդաստանից բացի Գյուլբահարի համն էլ գիտե։ Դրմբոնը նահապետական, վագոնի երեսը չտեսած, Դրմբոնը` առանց երկաթ գութանի, կոմսոմոլն էլ հին ադաթով, պապական նամուսով: Մի հարց, որպես սյուն, ցցվում է ջահելների առաջ․
— Մեր գյուղի պատիվը գաղթական տերտերն էսպես ոտնատակ տա՞... Այ նրա կարգին, ճակատի մեռոնին...
Դրնգում է կոմսոմոլը, արձագանք են տալիս լուսավորչական ծերերը: Յախշին` Դրմբոնի նախագահը, գործի է անցնում, հետևում են, պայման անում տեր Մարուքին բռնելու:
Զգույշ է տեր Մարուքը, զուսպ է, բայց սենյակի մթության մեջ ցանկությունները հաճելի «ելանեն, լեռնանան և իջանան, դաշտանան» ...
Չի լինում, չի դիմանում: Մի գիշեր էլ, «տաքության մեջ» հարևանի երեխին ուղարկում է Գյուլբահարին կանչելու, տերտերի մրսած մեջքին գավաթներ փակցնելու: Երեխան Գյուլբահարին է կանչում, հետո ծլկվում Յախշու մոտ:
Վառվում է տերտերի տան կավե ճրագը, Գյուլբահարն իր ձեռքով է կախում կարպետը պատուհանից և երբ հանգցնում է կավե ճրագը, Յախշին կապում է դռան ռիզան:
Ասես արջ է թաթը կոխել ծառի փչակում բուն դրած մեղվանոցում: Այդպես աղմկում է Դրմբոնը գիշերով, կանայք կտուրներից չանչ են անում Գյուլբահարին, մոթալ փափախների տակ հարյուր աչք է պեծին տալիս, մթնում մահակները շարժում:
Տեր Մարուքը` մթին սենյակում, թակարդ ընկած արջի պես մռռում է, խաչակնքում երեսին, իսկ դուրսը` գարնան վարար հեղեղի պես վշշում է Դրմբոնը, աղմուկից զրնգում են ձորերը...
— Այ ժողովուրդ կարգին խնայեք ... — Մուխսին է կանչում, գեղի ալևորներից` հարգով, պատվով:
Յախշին ետ է տալիս ամբոխին աղմկող, մինչև լուսաբաց պահակ է դնում տերտերի դռան: Եվ միչև լուսաբաց օջախի մոտ ջահելները խոսում են, պլան քաշում, թե ինչ անեն տեր Մարուքին:
Առավոտյան գյուղի մեյդանում, կաղնու շվաքի տակ, ուր ամռան շոգին նախրից ետ արած հորթերն են դինջանում, կաղնու շվաքի տակ, գեղական ժողովը որոշում է տեր Մարուքին գյուղից հանել:
Երեք օր բերնեբերան, ձորերի արձագանքի պես, գիշերվա լուրն է տարածվում: Խոսում են մոտիկ, հեռու հարևանները: Մեկը թե`
— Գնացի, որ երդը ծածկեմ, տեսա տերտերի տանը ճրագը հանգած: Երդից կռացա, փսփսոց էր գալիս, իմացա, որ տերտերը Գյուլբահարի հետ պոռնկություն է անում: Էդմիջոցին Յախշին գցում է ռիզան:
Մի ուրիշը պատմությունն ավելի է ծաղկեցնում.
— Վազեվազ գնացի տերտերի տունը և հեռվից տեսա, որ տերտերը դուռը ծեծում է. նաև տեսա, որ մի շվաք տան աջի կողքով անցավ դեպի վերև…
Մի օր էլ թուղթ եկավ Յախշու անունով, դատարանն էր կանչում: Ո՞վ էր սովորեցրել տեր Մարուքին գործը դատարանին տալ:
Էլի ժողով, էլի աղմուկ քարի գլխին ցինի բնի պես թառած Դրմբոնում:
— Սաղ գեղով վկա ենք, տեր Մարուքին հանենք մեր գյուղից...
Եվ քարվանը շարժվում է դատարան, ճանապարհին` աղմկելով, խոսքը մեկ անելով, մահակներով:
Դրմբոնը դատարանի կարգին ծանոթ չէ դեռ: Եվ երբ քարվանը ներս մտավ, Մուխսին, որ գիշերվա աղմուկին կանչել էր, թե կարգին խնայեք, Մուխսին տեսավ տեր Մարուքին դատարանի անկյունում, նստարանի վրա կուչ եկած: Եվ Մուխսին, թե` — Բա էս քո տեղն ա՜, տերտեր,— ասաց և սկսեց պատերից կախված նկարներին նայել։
Դատարանի լուսավոր սենյակի պատերին խառնիխուռն նկարներ են փակցրած։ Ահա մի պլակատ՝ կաթնարտելի մասին, թևավոր մի ուղտ, օդի ոլորտում թռչում է, տակը տպած «Կորչի իմպերիալիստական պատերազմը»։ Այդպես տպել են, բայց «պատերազմի» վրան դատարանի ցրիչը փակցրել է «դատարանը» և ստացվել է «Կորչի իմպերիալիստական դատարանը»։
Դրմբոնցիք նայում էին պատի նախշերին, Մուխսին բոթում էր Յախշուն— տես, ինչ նախշուն կով ա էն...
Դատավորը մեղադրականը կարդաց, և երբ Յախշին ասաց, թե չհասկացանք, դատավորը բացատրեց, որ խորհուրդը մեղադրվում է ինքնագլուխ և ապօրինի բանտարկության համար: Մի կուժ սառ ջուր թափվեց Մուխսու գլխին, և նա շշմածի պես նայեց պատերին, դատավորին, կոշտացած մատներով փափախը ճմռթեց, ինքն իրեն հարցրեց, թե'
— Էս ո՞նց ա, տեր Մարուքը գեղի պատիվը թափեց, հիմա Յախշին ա մեղավո՞ր...
Եվ երբ դատավորը Յախշուն հարցրեց, թե մեղավոր է ճանաչում իրեն, Մուխսին առաջ ընկավ.
— Մեղավորը տերտերն ա...
Յախշին խոսեց, Մուխսին, դրմբոնցիք: Մեկն ասաց, թե գյուղի կանայք են դրղել, որ Գյուլբահարի գլխին այդ խաղն անեն, թե չէ`
— Մենք էլ կսովորենք նրանից։
Այդպես են ասել Դրմբոնի կանայքը:
— Գյուլբահարն ինչպիսի՞ կին է, վարքի կողմից մաքո՞ւր է, թե ոչ,— հարցնում է դատավորը:
Դրմբոնցի մեկը, արծվաքիթ, քթում խոսող, տեղից կանչում է`
— Գյուլբահարին իսկի կարողանո՞ւմ ենք պահել, ետ տալ էդ ճանապարհից: Մի ուրիշը, որ խոսելիս ձեռքերը կրծքին է խաչում և խոնարհ գլուխ տալիս, մի իսկական դրմբոնցի, դատավորի հարցին, թե` առաջ էլ է՞ տեսել Գյուլբահարին տերտերի մոտ, —պատասխանում է.
— Մի անգամ եմ տեսել:
— Ի՞նչ էր անում...
— Չեմ կարա ասի, լեզուս պատ չի տա ասեմ:
— Ուրիշին հո չե՞ս ասել դրա մասին:
— Դե, հոգի ունեմ տալու: Երեք մարդու թաքուն ասել եմ, թե նրանք սաղ գեղով մին իմաց են տվել, մեղքը նրանց վզին լինի:
Դրմբոնցի չոբանին են հարցնում` անգետ, անբան, փափախը գլխին, երկու ոտքով քարի կտոր:
— Անունդ ի՞նչ է, — հարցնում է դատավորը:
— Ի՞մ, — պատասխանում է ծոր տալով և քիչ անց ասում:
— Քանի՞ երեխա ունես:
— Ի՞նչ գիտես:— Ե՞ս, — ասում է, մտքերը ժողովում, ասես նոր է իր երեխաների համրանքն անում:
— Ե՞ս — և պատմում է, որ այդ գործից հետո տեր Մարուքը ժողովրդին խնդրել է, թե`
— Ա հասարակություն, անց կացեք, ծեր քահանա եմ, սպիտակած միրուքիս խնայեցեք:
Դատավորը Յախշուց է հարցնում, թե ինչո՞ւ է ռիզան գցել, Մուխսին տեղից ձեն է տալիս.
— Բա թողեինք շնություն աներ, էգուց էլ սաղ գեղը վարակե՞ր...
Յախշին պատասխան է տալիս, որ ռիզան գցելու մասին ժողովուրդը որոշում ունի: Մի կոմսոմոլ ավելացնում է, թե Դրմբոնում կառավարության օրենքներին ծանոթ չեն:
— Էդ գործը մեր գյուղում շատ վատ բան ա, իսկ թե կառավարության օրենքին ընդունելի չէ, էդպես չենք անի... Տեր Մարուքն է խոսում։ Գյուլբահարն աղքատ կին է, տերտերն իր եկամուտից երբեմն բաժին է հանել նրան, շորերն է լվանալու տվել, իսկ ինչ որ ժողովուրդն է ասում, սխալ է, սուտ, ջահելների սարքած խաղ։
— Հայոց սինոդ որ իմանա, ինձ ի՞նչ կանի, — ասում է, նայում դրմբոնցիներին, «ծխատեր» քահանայի դիրքով։
Դատարանը Յախշուն մեղավոր ճանաչեց, բայց Դրմբոնի պայմաններն ի նկատի ունենալով՝ ներեց։ Աղմուկով հեռացան դրմբոնցիք հաղթանակից վերադարձող բանակի պես:
Միայն տեր Մարուքն էր, հարցական նշան, միտք անում, թե էլ որտեղ կա Դրմբոն, ժամի զանգեր ծլնգան, շարական ու մաշտոց և Գյուլբահար, Գյուլբահար..․