Հ Ա Ն Ա Վ Ա Ն Ք

Նախարարն անցավ Քասախ գետի ափով և այնտեղ, ուր գետը խոր անդունդի մեջ վշշում է, պղտոր ալիքները զարկում ժայռերին, քերում ժայռերը, հունը և ավելի խոր թաղվում ժայռերի մեջ,— բարձր ժայռերի գլխով անցավ նախարարը և որոշեց կառուցել մի հոյակապ տաճար։

Գուցե այդպես չի եղել, գուցե եպիսկոպոս է անցել և ցանկացել Քասախի ափին տեսնել մի վանք, որ խոյանա տիրակալ քարափի գլխին, պատուհանները նայեն ձորին, գետի ալիքներին, փրփրոտ սահանքներին, և կամարների տակ դպիրները կարդան շարական ու սաղմոս, ծլնգան զանգերը, և վանահայրն աղոթքի մեջ մոռանա աշխարհը, նախարարի հարճին...

Հանավանքի քարերը չեն պատմում այդ մասին:

Բայց քարերի վրա գրեր կան այն մասին, որ Հանավանքը հնձաններ է ունեցել, խաղողի այգի, ձիթահան ու ջաղաց, որ իշխանները «հոգու փրկության» համար գյուղեր են նվիրել վանքին՝ արջառներով գեր, անտառներ՝ երեներով լի, գյուղեր և գյուղերում՝ հեթանոս ռամիկ Հանավանքի քարերի վրա հիշված է այդ մասին:

Քարափի գլխով նախարարը յոթերորդ դարում անցավ և երբ իր կամքը հայտնեց համհարզներին, նա չմտածեց, որ դարեր հետո միայն Քասախը պիտի մնա, ժայռերը ձորի և շինականը ռամիկ, որ իր շալակով կրեց հսկա քարերը Հանավանքի:

Դարեր անցան, շինականը բազմացավ, և այնտեղ, որտեղ անտառներ կային, անտառներում երեներ, մնացին քարեր, փափուկ հողեր, որովհետև շինականին լավաշ հաց էր հարկավոր:

Ցամաքեց գետինը չբեր կնոջ արգանդի պես։ Առուներից հիշողություն մնաց և փոքրիկ ձորակներ, ձորակների մասին ավանդություն հին օրերից, թե կար ժամանակ, երբ ձորով փրփուր առուներ էին անցնում, անտառում պախրան կռանում էր՝ առվակից ջուր խմում։

Շինականը շատացավ, իշխանական անտառի ծառերը դարձան մարագի գերան, մարագները վառվեցին, բնակչությունը պահվեց քարանձավներում, և երբ արևը դարձյալ շողաց խաղաղ կամարի վրա, շինականը դուրս եկավ քարանձավից, ցորենը ծլեց փափուկ հողում, և գետնափոր տներում ձմռան ցուրտ գիշերներին շինականը դարձյալ շատացավ:

Երբ առուների ջուրը պակասեց, կացնահար եղան վերջին վազերը, թմբերը հավասարվեցին, հնձանները պարապ թողին: Անձրև եկավ, ձյուն ու քամի, անձրևը ծեծեց հնձանի պատերը, և հնձանները հավասարվեցին հողին, ինչպես խաղողի այգում թմբերը։

Հնձաններից էլ մնաց հիշողություն, ինչպես յոթերորդ դարու նախարարից:

Հանավանքի կտուրի վրա փշեր բուսան, փշերը հնադարյան կրաշաղախը ճեղքեցին, քարերը տեղահան արին, և ժաժքի մի գիշեր գմբեթը փլվեց, քարերն ընկան Քասախի մեջ, գետը փրփրաց և ծածկեց քարերը, որ դարեր առաջ շինականը պոկել էր, իր մեջքի վրա վերև բարձրացրել։

Լուսաբացին պառավ կանայք ավելի ջերմեռանդ համբուրեցին վանքի ծխից սևացած քարերը, այծերը մկկացին և ճարպիկ ոստյունով ընկած քարերի վրայով բարձրացան վանքի կտուրը, կտուրին բուսած թփերը կրծելու: Տարիներ անցան։ Գյուղը տզի պես փակչել էր հայրենի հանդին։ Կուչ էր գալիս, երբ հարվածում էին, մտնում էր պատյանի մեջ, որպես խխունջ, երբ լորձունքոտ շոշափուկները դիպչում էին տհաճ իրի՝ խանի սարվազին, սինոդի տուրքին, պրիստավի կնուտին։

Կուչ եկած ապրում էր գյուղը Հանավանքի պարիսպների տակ, անջուր հողերում հաճար ցանում, հաճարի բլիթներ ուտում, լղար եզան աղբից հարդախառն աթար շինում, աթարը ծեփում ուրարտական պարիսպների քարերին և հեթանոս պապերի դագաղ-կարասներում պահում աղած վարունգ։

***

Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքում մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, Հանավանքից մի շինական հերու գարունքին աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա։

Շինականը ման եկավ վանքի չորս կողմն ընկած քարերին, նայեց սրբատաշ քարերին և մտքում դրեց կալ ու մարագ շինել վանքի քարերից, հողակտորն էլ՝ բոստան։ Եվ երբ կռացավ նայեց ձորին՝ տեսնելու, թե ճամփա կա՞ ձորից կժերով ջուր առնելու ամռան շոգին կալվորի համար,— երբ նայեց ձորին, նա չիմացավ, որ յոթերորդ դարու նախարարն էլ այդտեղ, քարափի վրա ցանկացավ տեսնել վանքը կամարակապ, նա չիմացավ, որ վանահայրն այդ քարափից նայել է Քասախի պղտոր ալիքներին և կարոտել նախարարի հարճին, կարոտել և կարդացել սաղմոս։

Հով էր քարափի գլխին, շինականին հովը դուր եկավ։ Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Եվ ինչքան լա՜վ է, որ հնում պարիսպներ են կառուցել վանքի շուրջը։ Հարևանի այծերը չեն գա, բոստանի կանաչը չեն կրծի: Պարիսպների ետև, կալ ու մարագի կողքին, տուն կշինի քարափի գլխին և կապրի` հարևանի աչքից հեռու պարիսպների ետևում:

Տանը, երեկոյան, մտմտաց մեկ էլ, ծանր ու թեթև արեց ցերեկվա իր ցանկությունը և հարմար գտավ։ Հարկավոր համարեց հենց մյուս օրը ծառեր տնկել, բոստանը փորել, պարսպի փլված տեղում մի դուռ կախել, որ այծերը չկրծեն բոստանի կանաչը:

Շինականն ամենից առաջ բոստանատեղը պատեց։ Քարեր շատ, նախշերով քարեր` նռով ու ողկույզներով, քարեր` քամուց, արևից գիրը տեղ-տեղ խանգարված քարեր։ Ինչ որ ձեռն ընկավ, առավ պատը շարեց, ուրարտական մի պարիսպ, մարդաբոյ շարեց, բահն առավ, սկսեց փորել: Հողի տակից կղմինդրի կտորներ էին դուրս գալիս, ջարդված կարասի, քարեր։ Բահով շպրտեց ջարդված կարասին, քարերից մաքրեց բոստանատեղը և ավելորդ քարերը գլորեց ձորից ցած։

Իրիկնադեմին քարի վրա նստեց, ծխեց։ Ձորից հով էր գալիս և շոյում քրտնած ճակատը։ Ծխեց, նայեց վանքի կիսավեր պատերին, խաչքարերին։ Շինականին ավելորդ թվաց հին Հանավանքը։ Ի՜նչ լավ բոստան կլիներ, սեխ ու ձմերուկ, քանի՜ հարյուր տարի դինջացել է Հանավանքի հողը։

Լիներ, նորից մի ժաժք լիներ, ինչպես առաջ, և եղածն էլ թափեր ձորը, մոռացվեր վանքի տեղը։ Դուրս կգար իր բոստանից, պարիսպը կընդարձակեր, վանքի տեղն էլ կմաքրեր, իր սահմանի մեջ կառներ և կողքի հին դամբարանները, քարերը կիսով չափ թաղված հողի մեջ, գիրն անընթեռնելի:

Կառներ իր սահմանների մեջ և իշխանական գերեզմանների վրա կցաներ սոխ ու սխտոր, ծիրանի կտնկեր և ծիրանու արմատները կիջնեին ներքև, կմտնեին իշխանական ոսկրների մեջ, և ոսկրները համեղ ծիրան կտային։

Վանքը շվաք չէր գցի իր բոստանի վրա...

Շինականի վրա գյուղում թոնթորացին, խոսք եղավ Հանավանքում, թե չպիտի թողնեն, որ բոստան անի, տեղը հնուտ է, սրբավայր։ Խոսք եղավ և այն մասին, որ գյուղում բոստանատեղ չկա։ Շինականը բախտավոր է, հարմար հող է ճարել։ Թոնթորացին, հետո լռեցին։

Շինականի կինը հավան չէր մարդու արածին, բայց չբողոքեց։ Առավոտը կանուխ գնաց, համբուրեց խաչքարերը, երկու բարակ, իր մատների պես բարակ ու դեղին մոմեր վառեց, չոքեց՝ աղոթքի, բայց ոտնաձայն լսեց, հեռացավ։

Ժամհարն էր, եկավ վանքի մի անկյունում դարսած խոտից մի խուրձ տանելու։ Վանքի դռանը վառած մոմ ժամհարը վաղուց չէր տեսել։ Հանգցրեց մոմերը, գրպանը դրեց։ Երեկոյան գոմում տավարին ապուռ տալիս պետք կգար։

***

Ձմեռը բիբարով տոլման ավելի համեղ էր շինականի համար։ Ուտում էր, մեծ պատառներ կուլ տալիս և ամանը մեկնում կնոջը։

— Թե կա, մի քիչ էլ գցի...

Բիբարը կծում էր լեզուն, տաքանում էր ստամոքսը, և դուր էր գալիս վանքատեղի բոստանի բիբարը։ Եվ ոչ մի վանահայր անցած դարերում ձմռան օրերին չի ստացել այնքան խաղաղ հաճույք, ինչքան շինականը՝ իր ցանած բիբարը բերանում։

Երբեմն գնում էր տնկած ծառերին նայում: Մի քանի տարի էլ կալ ու մարագը կլինի, և ամռան շոգին, կալից բեզարած կպառկի ծառի ոտքի տակ։ Ձորից հովը կբերի Քասախի ալիքների սառնությունը, միրգը կհասնի ամռան արևի տակ։ Բայց այդպես չեղավ, մրգերը չհասան։

Թուղթ եկավ, մեջը գրած, որ Հանավանքը հնուտ է, արգելվում է վարուցանքս անել, ծառ տնկել, քարերը տանել տնատեղի համար։

Գարունքին, երբ հերվա պես ձյունը հալվեց Արայի լեռան փեշերից, եկան հողերը բաժին անելու։ Քարակույտեր դրին հնուտ հողերի և գյուղի սահմանի վրա։ Բոստանի ծառերը հանեցին։

Եվ այն, ինչ միտք էր արել հերու գարունքին, քարափի գլխից Թասախին նայելիս, կալն ու մարագը և տունը պարիսպների ետև, այդ ամենը շինականին հալվող ձյունի պես թվաց։

Կախված դուռը կրնկահան արեց, հանեց։

Այծերն էլի բարձրացան կիսախարխուլ պատերի գլխին բուսած մացառները կրծելու։ Քարից քար էին ցատկոտում։ Եվ երբ շաղախի մի կտոր վայր էր ընկնում, արձագանքը զրնգում էր կամարների տակ, աղավնիները թռչում էին, օդում պտույտներ անում և իջնում նորից։ Շինականը երբ կրնկահան արեց դուռը, նայեց Հանավանքին: Ավելորդ թվաց նրան վանքը քարափի գլխին և համեղ բոստանի բիբարը...