ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹԸ

Ա

Ձմեռն էր` գիշերը երկար։

Գյուլնազ տատիկը՝ գլուխը քուրսու վրա դրած ննջում էր։

Մանուկները վրա թափվեցան, քունը փախցրին և ստիպեցին, որ իրանց համար մի հեքիաթ ասի։ Նա էլ սկսեց.

— Եղել է չի եղել՝ մի սիրուն արտուտիկ։
Կտուցը սուր՝ մեր Արշակի քթի նման.
Թևերը փափլիկ՝ Շողիկի կռների նման։
Բմբուլը խուճուճ՝ Տիգրանի մազերի նման,
Ահա այսպես սիրուն էր արտուտիկը։

— Բա ինձ նման ոչինչ չունե՞ր,— ասաց Վանին։

— Բա ի՞նձ,— ձայն տվավ Հռիփսիկը։

— Ինձ էլ չասացիր,— լաց էլավ Նազիկը։

— Սպասեցեք, սպասեցեք, երեխեք, դեռ չեմ վերջացրել, ամենքիդ էլ բաժին կտամ,— ասաց տատիկը և շարունակեց.

— Աչիկներն այնպես նախշուն էին, ինչպես Վանիկի աչքերը։

— Կատարն այնպես կարմիր էր, ինչպես Հռիփսիկի թշերը։

— Ոտներն այնպես բարակ էին, ինչպես Նազիկի մատները։

— Ես ոտները չեմ ուզում,— ասաց Նազիկը։

— Ախ, Նազիկ ջան, ես ուզում էի ասել տոտիկները,— ասաց տատիկը։ — Չեմ ուզում ես, տոտիկներ էլ չեմ ուզում։

— Բա ի՞նչը կուզես։

— Աչիկներն եմ ուզում։

— Աչիկներն ինձ է տվել տատիկը, քեզ չեմ տալ,— գոչեց Վանին։

— Նազիկ, կուզե՞ս, կատարը դո՛ւ վերցրու, տոտիկները՝ ես,— ասաց Հռիփսիկը։

— Չեմ ուզում. ես աչիկներն եմ ուզում,— պնդեց Նազիկը։

— Վանի, դու կատարը վե՛ր առ, ես տոտիկները, իսկ Նազիկը՝ աչիկները։

— Ի՞նչ եմ անում կատարը, տատիկն ում ինչ որ տվել է, ա՛յն էլ նրանը։

— Ճշմարիտ է ասում Վանին,— ամեն կողմից գոչեցին երեխեքը։

Նազիկը գոհ չմնաց, և վեճը երկար շարունակվեց։ Բայց տատիկը չէր լսում․ նա գլուխը դրել էր բարձին և քնել, էլ չէին կարող զարթեցնել։ Վեր կացան, իրանք էլ մտան տեղերը։


Բ

Մյուս երեկոյին երեխեքը էլի հավաքվեցին տատիկի մոտ, որ շարունակե հեքիաթը։ Նա էլ սկսեց.

— Անցած գարնանը մեր պարտեզի ծառի վրա մի սիրուն կկու կար։ Ես նստած էի ծառի տակին, և դուք մեկ-մեկ եկաք ինձ մոտ։

Երբ որ Արշակը ներս մտավ, կկուն կանչեց.— Կո՜ւ-կո՜ւ։
Եկավ Շողիկը, կկուն կանչեց՝ Պո՜ւ-պո՜ւ։
Եկավ Տիգրանը, ասաց՝ Դո՜ւ-դո՜ւ։
Եկավ Վանին՝ ասաց՝ Գո՜ւ-գո՜ւ։
Եկավ Հռիփսիկը, ասաց՝ Բո՜ւ-բո՜ւ։
Եկավ Նազիկը՝ կկուն է՛լ ոչինչ չասաց, թռավ գնաց։

— Օ՜խ, օ՜խ, Նազիկ, օ՜խ, օ՜խ, կկուն քեզ համար ոչինչ չի ասե՜լ— միաբերան ձայն տվին երեխեքը։

Նազիկը շատ նեղացավ, թե ինչու կկուն իր համար ոչինչ չի ասել և սկսեց լաց լինել։

Տատիկն ասաց.— Նազիկ, գիտե՞ս՝ ինչու կկուն քեզ համար բան չասաց։ Նա վախեցավ քեզ բան ասել։ Ինչ որ ասեր, դու չպիտի հավանեիր, ուրիշն էլ իրանը քեզ չէր տալ, ինչպես անցած երեկոյին։

— Տատիկ ջան, տատիկ, որ մեկ էլ կկուն գա, ասա՝ ինձ համար էլ մեկ բան ասի,— աղաչեց Նազիկը և այնուհետև շատ խելոքացավ։

1902