ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը։

— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը։

— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես,— պատասխանեց տերը։

— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է։

— Ոչխարը։

— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ։ Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ։ Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես։

— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս։

— Շերամը ո՞րն է։

— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում։

— Հա՜, իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով։

— Նա ինքն է։

— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար։ Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս։ Այնպես չէ՞, պարոնս։

— Այո, այդ կողմից դու ուղիղ ես. մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ...

Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա։

1902