Գյուղատնտեսական կազմակերպության մի տարին Զանգեզուրում

Գյուղատնտեսական կազմակերպության մի տարին Զանգեզուրում

ԳՅՈԻՂԱՏՆՏեՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ ՄԻ ՏԱՐԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՈՒՄ

Զանգեզուրը Հայաստանի լեռնային գավառներից է, հեռու՝ շուկաներից, և զուրկ՝ բանուկ ճանապարհներից։ Մի քանի գյուղերից բացի, ուր կան փոքր տարածությամբ սարահարթեր, մնացած շրջաններում լեռներ են և ապառաժներ։ Մակերեսի խորդուբորդ լինելը, ձորերն ու սարերն ստեղծել են գյուղատնտեսական մշակույթների բազմազանություն։ 10 վերստ տարածության վրա կարելի է հանդիպել գյուղի, որտեղ շերամ են պահում, և գյուղի, ուր կեռասենի էլ չի ծաղկում։ Հետամնաց է Զանգեզուրի գյուղական տնտեսությունը։ Հաջող տարիներում անգամ Զանգեզուրի գյուղացին կարիք ունի դրսի օգնության։

24 թ. է միայն, որ Զանգեզուրում գյուղատնտեսական կազմակերպություն է հիմնվել։ 24 թ. գավառում աշխատել են 3 ագրոաշխատավոր, 25 թ. ավելանում է ևս մեկը։ 25 թ. աշնանը հնարավորություն է ստեղծվում ունենալու շրջանային գյուղատնտեսներ։

Ի նկատի ունենալով, որ Զանգեզուրն անասնապահական գավառ է, աշխատանքի մեծ մասը կատարված է անասնապահության զարգացման ուղիով։ Խոտացանության ասպարիզում 25 թ. գարնանը 14 գյուղում, մի շարք գյուղական տնտեսություններում, առաջին անգամ ցանված է վիկա (գլուլ), որ հաջող բերք է տվել. ամենաքիչը՝ մի դեսյատինից 195 փ., ամենաշատը՝ 470 փութ, փորձնական նպատակներով ցանված է մի քանի գյուղերում և անասունների կերի բազուկ։ Բացի այդ, գավառում բաշխված է յոնջայի սերմ։

Ծխախոտագործությամբ պարապող գյուղերում այս տարի բաժանված են ծխախոտի ընտիր սերմեր։ 37 տնտեսությունների, փորձնական նպատակով, տրված են բանջարանոցային զանազան սերմեր։

Քաղաքի շրջանում տնկված է 1200 պտղատու ծառ։ Ղափանի շերամապահական կայանի համար տնկված է 300 թթենի։ 13 գյուղում ցույց են տրված պատվաստման ձևեր, պատվաստված է 123 ծառ։

Ամսվա ընթացքում եղել է բեղմնավորման մի կայան, որտեղ եղել է 3 արտադրող ձի և 2 ցուլ, բեղմնավորված են 91 մատակ, 3 գյուղում կազմակերպված է կովերի ցուցադրական կերակրում։

25 թ. մարտ ամսից Ղափանի շրջանում աշխատել է շերամապահական հրահանգիչ։ Հանքերում բացվել է շերամապահական կայան։ Այդ շրջանում սպառվել է 400 տուփ սերմ։ Հրահանգիչը պարբերաբար զրույցներ է կազմակերպել և գործնական ցուցմունքներ տվել բոլոր տնտեսություններին։ Արդյունքը եղել է շատ հաջող։ Ղափանի շրջանն այս տարի տվել է 1400 փութ բոժոժ։ 1926 թ. մեծացվելու է շերամապահական կայանը, բացվելու է և մի նոր կայան քաղաքի շրջանում։ Գավառում աշխատել է և մի մեղվապահական հրահանգիչ։

Առաջին վարձակայանը կառուցվել է 25 թ. հուլիսին, Տեղ գյուղում։ Վարձակայանն ունի 3 շարքացան, 2 քամհար, փոցխ, սերմզտիչ, գութաններ և այլն։ Առաջին անգամ սերմզտիչը Զանգեզուրում աշխատել է 25 թվին։ Միայն Տեղ գյուղում մի ամսվա ընթացքում շարքացաններն աշխատել են 23 օր։ Սակայն գյուղատնտեսական գործիքների պահանջը շատ է, իսկ եղած գործիքները քիչ են, միջոցներ են ձեռք առնված՝ բաց անելու նոր վարձակայաններ և ձեռք բերելու նոր գործիքներ։

Գյուղատնտեսության վնասատուների՝ մկների դեմ ապրիլին կռիվ է մղված 600 դես. վրա, բացի այդ, սեպտեմբերին այդ աշխատանքը շարունակված է և ավարտված մոտ 2000 դես. վրա։ Այդ աշխատանքը կատարված է կենտրոնից եկած հատուկ հրահանգիչների միջոցով։ Առաջին անգամ սրսկված է խաղողի չորս այգի. սրսկումը դրական արդյունք է տվել:

Գավառում 23 գյուղ ենթարկված է մանրազնին գյուղատնտեսական ոսումնասիրության։ Գյուղատնտեսական զրույցներ և դասախոսություններ են կազմակերպված 43 գյուղում, զանազան նյութերի շուրջը։ Մի գյուղում միայն՝ Վերին Շենում, ձմեռվա ընթացքում կազմակերպվել են միամսյա կաթնատնտեսական կուրսեր, որին մասնակցել են 26 հոգի։

Հաշվետու տարում սպառվել է 700 գյուղատնտեսական գրքույկ: Բացի այդ՝ գավառում կազմակերպված է մրցանակաբաշխություն շրջանային 3 կենտրոնում։ Վերին Շենում կազմակերպված է կաթնատնտեսական մեծ արտել։ Մասնակցություն է ցույց տրված Բազարչայի և Բորիսովկայի կաթնատնտեսական արտելներին։ Ագրոաշխատավորները մասնակցել են հողաշինարարական աշխատանքներին, ագրոպրոպագանդայի հանձնաժողովին, կազմակերպված են ագիտդատեր և այլն: 25-26 թ. աշխատանքների համար անցյալ տարվա համեմատությամբ 3 անգամ ավելի գումար է հատկացված։ Այդ հանգամանքը խոշոր գրավական է, որ 27 թ. գյուղատնտեսական աշխատանքները Զանգեզուրում է՛լ ավելի կուժեղանան, և գյուղացու տնտեսությունն արագ և ռացիոնալ հիմքերով կզարգանա։