Տեղ գյուղի վարձակետը
ՏԵՂ ԳՅՈԻՂԻ ՎԱՐՁԱԿԵՏԸ
Զանգեզուրում Տեղ գյուղն աչքի է ընկնում դաշտային մշակույթների (հացաբույսերի) գերակշռությամբ՝ գյուղատնտեսական մյուս ճյուղերի հանդեպ։ Գյուղն ունի երեք հազարի չափ հարթ և պարարտ հողեր։ Գավառում հայտնի է «Տեղվա» ցորենը, իբր ամենալավ սերմացու։ Մնացած գյուղերում ընդունված է, մանավանդ բերքապակաս տարիներում, ցորեն ձեռք բերել Տեղվա շրջանից։
Այդ հանգամանքներն են, որ ստիպել են Զանգեզուրի հողաբաժնին՝ հատուկ ուշադրություն դարձնել Տեղ գյուղի վրա։ Գյուղում հարմար շենքեր չլինելու պատճառով կառուցված է վարձակետի համար հատուկ շինություն[1]։ Բացի այդ, գյուղի փողոցները նեղ ու ծուռ են և թույլ չեն տալիս գյուղի մեջ եղած շենքերից մեկնումեկը հարմարեցնելու վարձակետի համար։
Վարձակետի շենքի երկարությունն է 15 արշին, լայնությունը՝ 9 արշին, բարձրությունը՝ 7 արշին։ Գյուղն ընդառաջ գնաց վարձակետի կառուցման աշխատանքներին՝ ոչ միայն բանվորական ձեռքեր տրամադրելով, այլև ծածկի համար հատկացնելով հարկավոր քանակությամբ թիթեղ։
Վարձակետն ունի սերմզտիչ, շարքացաններ, գութաններ, երկաթե փոցխեր, քամհարներ և այլն։ Ամենից ավելի աշխատել են սերմազտիչն ու շարքացանները։ Վարձակետը բացվել է սեպտեմբերի 1-ից։ Միայն սեպտեմբեր ամսում երեք շարքացաններն աշխատել են 27 տնտեսության համար։ Տեղ գյուղում միայն պատերազմից առաջ երկու դեսյատինի վրա շարքացանք է արված։ Գյուղացիները չեն մոռացել շարքացան մեքենայի թողած էֆեկտը։ Այդ հանգամանքը պակաս չազդեց շարքացանների հաջողության վրա։
Գործի սկզբին, գյուղի մի շարք գիտակից երիտասարդներ առաջ ընկան, շարքացանն օգտագործելով։ Օրինակը վարակիչ էր, ամսի վերջին շարքացանների համար հերթ էին գրվում։ Վարձակետի շարքացաններից ամենից շատ աշխատել են «Պրայցների» շարքացանները, հետո «Ելվորտինը» ։
Սերմզտիչի հաջողությունն ապահովված պիտի համարել: Գյուղատնտեսական և ոչ մի գործիք այնքան արագ չի շահում գյուղացու վստահությունը, ինչքան սերմզտիչը։
Միջին հաշվով՝ մի սերմզտիչն օրական մաքրել է 35—40 փութ ցորեն։
Սերմելու սեզոնում սերմզտիչներն աշխատում էին և գիշերով, լամպի լույսի տակ։ Սերմացու էին բերում ոչ միայն շրջակա գյուղերից, այլև Քյուրդիստանից։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում վարձակետը լիովին արդարացրել է այդ ամիսների ծախսերը, դեռ մի քիչ էլ ավելին։ Բանն այն է, որ անհրաժեշտ քանակությամբ գործիքներ չկան. առաջիկա գարնան սկզբում շարքացանները չպիտի հերիքեն։ Առնվազն տասը շարքացան է հարկավոր Տեղի վարձակետի համար։
Սերմացու ցորեն և գարի մաքրելուց հետո սերմզտիչն այժմ մաքրում է ձավար։ Այդ փորձը շատ հաջող արդյունք է տվել։ Մինչև այժմ մաքրված է 200 փթից ավելի ձավար։
Սերմզտիչների անհրաժեշտությունն է՛լ ավելի հրամայական է դառնում։ Ձմեռվա ընթացքում սերմզտիչները հազիվ կարող են մաքրել շրջակա գյուղերի ձավարը։
Մյուս գործիքներից շատ հարգ ունի երկաթե «զիգ-զագ» փոցխը։ Դժբախտաբար, մյուս գյուղերում, ուր հողերը քարքարոտ են, զիգ-զագն այնքան էլ հաջող չի գնում։ Ատամները շատ հաճախ ծռվում են, փոցխն անհավասար է փափկեցնում, մաքրում, քարի հանդիպելիս դեմ է առնում և այլն։ Քամհարը հաջողություն չունեցավ։ Նրա աշխատանքը շատ է դանդաղ և պակաս արժեքավոր, որպեսզի հնարավոր լիներ որոշ արդյունք տալու։ Բայց և այնպես, առաջին տարվա անհաջողությունը քամհարի համար վերջնական վճիռ չի դեռ։
Տեղ գյուղի փորձը վարձակետի կարևոր նշանակության մի ապացույցն է:
Վարձակետի վարիչը ոչ միայն գիտակ մարդ պիտի լինի, գործին ծանոթ, այլև նվիրված, գործը սիրող։ Մեր վարձակետերը հսկայական անելիքներ ունեն։ Գյուղատնտեսական պրոպագանդայի այդ ստորին կետերում պիտի կենտրոնացնել ոչ միայն գործիքներ, նոր սերմեր, գրականություն և այլն, այլև լավ ուժեր, չխնայելով նյութական միջոցներ, գուցե կիրառելով և պարգևատրման ձևեր։
Այժմ գավառական գյուղատնտեսական կազմակերպությունների առաջ մի խնդիր կա դրված՝ ուսումնասիրել գյուղատնտեսական գործիքների պահանջը, կարիքի չափը, գործիքների տեսակը և այլն։ Վարձակետերի փորձի հաշվեառումը կթեթևացնի այդ գործը, մանավանդ որ վարձակետերի շուրջն աստիճանաբար հավաքվում են գյուղատնտեսական նոր ձևերը սիրող գյուղացիներ։
- ↑ 1