Գնում եմ ես էլ։ Խաղ էր կյանքս մի,
Տանուլ տվեցի, անցա գլխիկոր։
Այժմ մենակ եմ։ Կառչել եմ կայմին,
Նավս՝ ճոճվում է ծովերի մեջ խոր։
Սուզվում եմ, ահա... Ձկները վաղուց
Սրտիս պես համեղ կեր չեն համտեսել,
Չգրված երգիս բույլը մի պտղունց
Ալյաց շուրթերին կարող է հոսել։
Մնացեք բարյավ... Եվ ինձ ներեցեք՝
Ամենի համար, ինչ եղավ կյանքում։
Ինձ հետ տանում եմ անանուն մի վերք՝
Դաջված հոգուս մեջ, ամենախորքում։