***

Տունն իմ մանկության թողել եմ հեռվում,
հեռու, հեռու տարիների հեռվում
եւ հիմա ուզում եմ վերադառնալ։
Մաքուր-ջինջ է՝
երեխայի տաք արցունքների պես,
հայտնություն՝ որպես, ուշ գիշերներին մորս պատմած հեքիաթները, որոնց
անվերապահորեն հավատում էի,
անխառն՝ որպես արշալույսները,
որ մեր լեռներն էին բացում,
անսուտ՝ որպես անարատությունը մանանայի,
որ մորս հայացքն էր թողնում ծաղիկներին,
որ խիստ էր՝ որպես մոլեգին սերը իմ Սարգիս հոր։

Մանկությանս տունը՝ ինձ միշտ անդավաճան,
իսկ ես նրան թողել եմ մոլորաբար,
Մանկությանս տունը՝ Մեծ ձորագետի մրմունջն ականջում,
քարերի մեջ իմ հիշողությունը՝ խորը պահված, որ հանկարծ չկորսվի,
շեմին՝
մայրս դեռ կանչում է, անդադար կանչում է ինձ տուն,
բակում, չափարի մեջ տնկված բիհրը
սկսել է բողբոջել
(Զառունց չափարի բիհրերն էլ են գիժ՝ ասում է Միշա քեռիս)
երազս՝ բարձր
լեռների երկնահաս գագաթներն է երիզում
ու գիշերները լուսնի արծաթով ողողում մեր հանդերի աղբյուրները,
արաժանը Ընդգմե տան կարասների մեջ
ամփոփում է հանդածաղկի դեղին ոսկին...
Մի աղջիկ ինձ հանեց իմ մանկության տնից
ու ես խաբվեցի՝ համարյա դեռ երեխա,
         հոգուս վերքերը վիրակապելով
փաթաթաններով սպիտակ ճանապարհների,
հայտնվեցի ուրիշ, ուրիշ, ուրիշ աշխարհներում։
Մանկությանս տունը, ուր ես դեռ սպասում եմ ինձ,թողել եմ հեռվում,
հեռու, հեռու տարիների հեռվում
ո՜ւ հիմա ուզում եմ վերադառնալ։
Գիտեմ,
որ բոլորը՝ ծնողներս, քույրերս ու Պատի եղբայրս, հարեւանները,
մեր քարերը, ծառերը, շունը չծերացող, Թառամնի ու Դերունց աղբյուրները
ինձ կընդունեն առաջվա կարգով՝ որպես դարձի եկածի,
եւ միայն մի երեխա, որ ես եմ՝ մանուկ ժամանակ,
չի հասկանա ինձ,
ինձ չի ների՝
ուրիշ, ուրիշ, անբացատրելի մի զգացումից, որ միայն սեր չէ։
Բայց եւ այնպես՝ ներեցեք, որ պիտի թողնեմ բոլորիդ,
Բայց եւ այնպես՝
ուզում եմ մի անգամ էլ տեսնել ինձ չներող այն երեխային,
բայց եւ այնպես՝ օգնեցեք ինձ,
ուզում եմ վերադառնալ իմ մանկությունը։