Գործակատարի հիշատակարանից/X
նույն օրն ևեթ ճանապարհվեցի, թողնելով բոլոր գործերը տակն ու վրա։
Աբրահամ աղային ես իսկապես գտա մահամերձ դրության մեջ։
— Այդ ի՞նչ է պատահել ձեզ, աղա, ի՞նչ քամբախտություն հասցրեց ինձ աստված, — գոռացի ես լացի ձայնով, ընկնելով նրա մահճակալի վրա և համբուրելով նրա ճակատը։
— Խաչի, մեռնում եմ, — պատասխանեց նա թույլ ձայնով։
«Ջհաննամը որ մեռնում ես, մի քիչ էլ վաղ պիտի մեռնեիր», — ասացի ես մտքումս։
— Աստված ոչ անի, ի՞նչ ես ասում, աղա։
— ՉԷ, մեռնում եմ, Խաչի, այն անխղճմտանքը տունս քանդեց, — շարունակեց Աբրահամ աղան տնքտնքալով, գլուխը բարձրացնելով բարձի վրայից։
— Ո՞վ է ձեր տունը քանդել, աղա, ի՞նչ եք հրամայում, — հարցրի ես զարմացած։
— Հրեա Շաբաթը տունս քանդեց, նա՛... քառասուն հազար... քառասուն հազար... ա՛խ...
Աբրահամ աղան չկարողացավ ավարտել յուր խոսքը, նրա թուլացած գլուխն ընկավ կրկին բարձի վրա։ Ես նկատեցի նրա աչքերում արտասուք։
— Ի՞նչ քառասուն հազար աղա, ասացեք, տեսնեմ ի՞նչ է արել անիրավ Շաբաթը։
— Փողերս կուլ է տալիս... հաշա է անում... ասում է պարտական չեմ։
— Ի՞նչ փողեր։
— Այս տարվա ֆոտոգենի փողերը, ասում է տվել եմ Խաչիին, կերավ այն անխղճմտանքը... էն, էն...
Մի փոքր միջոցից հետո եկավ բժիշկը, ես նրանից հարցրի ինչ է Աբրահամ աղայի հանկարծակի հիվանդության պատճառը։
— Կաթված, — պատասխանեց բժիշկը կարճ ու կտրական։
— Հույս կա՞ որ առողջանա։
— Հազիվ թե մինչև երեկո ապրի։
«Աստված տա, որ չապրի», — ասացի մտքումս խորը հառաչելով։