Գորտն ու կովը

Գորտը գորտին ասավ. — Քե՜ռի,
Խնդրեմ էս կողմ մի ետ դառի.
Տես՝ ո՞ւռել եմ,
Փուքն առե՞լ եմ,
Ուղի՜ղն ասա,
Կովին հասա՞ :

— Զուր է, վե՜րջ տուր,
Կովն ո՛ւր, դո՜ւ ո՛ւր:
Հիմի՞, քե՜ռի,
Ուռա՞ իսկի:
Շատ չեն զոռի,
Նույնն ես, սըսկի՜:

Մի տե՛ս, քեռի՜…
— Նույնն ես, լռի՜,
Աշխարհ կանցնի,
Եթե գորտը
Կովին հասնի:
— Ա՜յ, տե՜ս, քե՛ռի…
— Թեկուզ մեռի,
Դու բաց աչքով
Չես դառնա կով:
Գորտը ուռավ,
Փքվեց նորից,
Խիստ փուք առավ
Ճաքվեց զոռից:

Ով որ փքվի,
Նա կչքվի: