Մոծակի մահը

Ամպից խփեց հուր-կայծակ,
Կաղնուց ընկավ մի մոծակ:
Մոծակն ընկավ կաղնու մոտ՝
Թև ու թիկունք արյունոտ:

Ճանճերն եկան պըզզալով,
Տըզտըզալով, բըզզալով.
Եղբոր վրա շատ լացին,
Աղի արցունք մաղեցին.

— Ազիզ ախպեր, քաջ մոծակ,
Էլ չես թռչի թևարձակ.
Ա՛խ, խավարի մեր լույսը,
Կոտրվել է քո ուսը,
Դու տանջվում ես չարաչար,
Ափսո՛ս, չունենք ոչ մի ճար:

Մոծակն իրեն հավաքեց,
Նվազ ձայնով կտակեց.
— Իմ քուրիկներ աննման,
Փորեք դուք ինձ գերեզման,
Թաղեք կանաչ պուրակում,
Որտեղ դուք եք նվագում:
Ամեն ամեն իրիկուն,
Երբ դուք գնաք դեպի տուն,
Իմ հորքուրներ, մորքուրներ,
Ըզբոսասեր քույրիկներ,
Անցե՜ք, դարձե՜ք իմ մոտով,
Ինձ հիշեցեք կարոտով:
Ճանճերը շատ լաց եղան.
— Մեռավ, — ասին, — քաջ տղան
Ոչ թե չնչին մի ձագ էր,
Այլ մի կտրիճ մոծակ էր: