Գրողների համահայկական առաջին խորհրդաժողովում

Մել լեզուն, մեր ոգին Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Գրողների համահայկական առաջին խորհրդաժողովում)

Վարդան Հակոբյան

Անկրկնելի վեհություն

ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

Սփյուռքի հարազատ քույրեր եւ եղբայրներ, Արցախի համար ամենաօրհասական ժամերին դուք մշտապես եղել եք մեզ հետ, մենք մշտապես զգացել ենք ձեռ շնչառությունը մեր թիկունքին եւ մեր մեջ։ Ու դրա համար է, որ զինվորը, որի միջով անցնում էր գնդակը, դարձյալ չէր ընկնում, դարձյալ շարունակում էր մարտնչել, որովհետեւ նրա մեջ ձեր ապրեցնող ոգին էր։ Եվ հետո, երբ նույն այդ զինվորը կանգնում է Մասիսների դիմաց, նրա հայացքը խոսում է Մասիսի հետ եւ այդ հայացքը շատ նման է աստվածաշնչյան համբուրված էջի...


Բառը զինվոր է, առաջին գծի զինվոր, եւ ես ուզում եմ, որ ոչ միայն միասին լինենք, այլեւ ես ուզում եմ, որ մենք միշտ լինենք միաբան։ Եվ ողջունելով այս խորհրդաժողովը, ես ուզում եմ հավատալ, որ այդ միաբանության օրինակը կտան առաջին հերթին գրողները։ Եվ ապա ես կուզենայի, որպեսզի աշխարհի բոլոր ծագերում ցրված մեր գրչեղբայրները, քույրերը իրենց ուշադրությունն անպայման դարձնեին այսօրվա մեկ ուրիշ մեծագույն պատերազմի. դա գաղթեղեռնն է։ Ես հավատում եմ բառի ուժին, եւ դրա համար, օգտվելով առիթից, դիմում եմ ձեզ, որովհետեւ ոչ մի բան աշխարհում հային չի կարող հաղթել եւ չի հաղթի, եւ հզոր է հայը, բայց գաղթեղեռնն արդեն բավականին տխրեցնում է մեզ, եւ ես տեսնում եմ, որ շատ տխուր է բոլորիս համար։ Եվ տխուր է, երբ տխուր է Երեւանը։ Ես ուզում եմ, որ մեր այս խորհրդաժողովն իսկապես իր գործառնական նշանակությունն ունենա, մշակվեն կոնկրետ մեխանիզմներ, որոնցով մենք պիտի գործենք։ Պիտի գործենք եւ պիտի շարունակենք պահպանել մեր հաղթանակը, որովհետեւ հաղթանակ պահպանելն ավելի մեծ հաղթանակ է, քան հաղթելը։

Արցախն այսօր ուժեղ է, Արցախն այսօր հզոր է, Արցախն այսօր անհաղթելի է, քան երբեւէ։ Եվ Արցախն աշխարհի ամենահզոր պետությունն է՝ եւ չճանաչված պետությունն է, եւ ամենաուժեղը, անհաղթելի, որովհետեւ այնքան դեսպաններ ոչ մի երկիր ոչ մի երկրում չունի, որքան ունի Արցախն ի դեմս ձեզ։