Գևորգ Մարզպետունի/Թե ի՛նչ արգելքներ էին սպառնում այդ բախտին

Գևորգ Մարզպետունի
Ե - Թե ի՛նչ արգելքներ էին սպառնում այդ բախտին
Ե
ԹԵ Ի՛ՆՉ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԷԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՅԴ ԲԱԽՏԻՆ

— Արքայորդու զորքը մինչև Գարդման հասնելը, — շարունակեց Սեդան, — ընդհարում էր ունեցել Բերդաձորում գտնվող հագարացի զորաց մի գնդի հետ, որին և ջարդել ու ցրել էր։ Այդ կռվի մեջ, սակայն, ծանր վերք էր ստացել արքայորդու զինակիցներից մինը, որ ստիպված էր մի առ ժամանակ մնալ մեր ամրոցում, մինչև յուր վերքը կբուժվեր։ -Դա Մարզպետունի իշխան Գևորգն էր։ Իշխան Սևադայի հրամանով այլև իմ սրտագին ցանկությամբ, ինքս սկսա խնամ տանել մեր հիվանդ հյուրին, որին դարմանում էր բանակի հմուտ վիրաբույժը։ Իշխանի վերքը աջ թևի վրա էր։ Նա թեպետ անվտանգ, բայց առողջանալու համար ժամանակի պետք ուներ։ Եվ ահա՛ այդ պատճառով, որպեսզի պարապությունը ձանձրույթ չպատճառե նրան, ես հաճախ մոտը նստում և ժամերով հետը խոսակցում էի։ Գևորգ իշխանը սիրելի և բարեսիրտ անձն էր․ շուտով նա մտերմացավ ինձ հետ։ Պատերազմական շատ անցքերի ու դեպքերի պատմություններն անելուց ետ, նա շատ տեղեկություններ հաղորդեց ինձ նաև արքայորդու մասին, տեղեկություններ, որոնք իմ համակրությունն ու հիացմունքը հետզհետե գրավում էին դեպի մեր ապագա թագավորը։

Մի օր, այսպիսի մի զրույցի ժամանակ, ասացի ես Գևորգ իշխանին․

— Կարծեմ Գարդմանա օրիորդը ապագա արքայի ամուսինը պիտի լինի։

— Ինչո՞ւ համար ես այդպես կարծում, — հարցրեց նա։

— Իշխան Սևադան այդպիսի մի ցանկություն հայտնեց, — ասացի ես, — իսկ մեր իշխանը մինչև որ հաստատ հույս չունենար, այդ զրույցը չէր անիլ։

— Այդ ցանկությունը չի իրագործվիլ, — նկատեց Մարզպետունին խորհրդավոր եղանակով։

— Ինչո՞ւ, — հարցրի ես զարմացած։

— Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող, — պատասխանեց նա։

Ճշմարիտն ասած, ես շատ տխրեցի։ Գևորգ իշխանը արքայորդու մտերիմն էր․ և որքան որ կարողացել էի ճանաչել՝ նա լուրջ և խոհեմ մարդ էր․ ուրեմն թեթևամտությամբ չէր կարծիք հայտնում։ Այս հայտնությունն ինձ մտատանջության մեջ ձգեց։ Ի՞նչ պատճառ կարող էր արդյոք արգելք լինել այս միությանը՝ մտածում էի ինքս ինձ, և սակայն մի բան գուշակել չէի կարողանում։ Շատ մտածելուց ու մտատանջվելուց հետո վերջապես որոշեցի, ի՛նչ կերպ ուզում է լինի, իմանալ իշխանից այդ գաղտնիքը։

Մի օր, երբ վիրաբույժի կարգադրած դարմանը իշխանի վերքին դնելով թևը խնամքով փաթաթում էի, նա ժպտալով ասաց․

— Չգիտեմ, թե ինչո՛վ պիտի փոխարինեմ քո երախտիքը․ քույր Սեդա։

— Ոչ մի երախտիք չունիմ քեզ վրա, իշխան, — ասացի ես, — եթե հայ զինվորը կռվի դաշտում վերք է ստանում, հայ կնոջ պարտավորությունն է՝ կապել ու դարմանել նրան։ Այդ պարտքը մենք պիտի կատարենք մինչև անգամ կռվի դաշտում։ Իսկ մեր տան մեջ այդ անելը ոչ մի նեղություն չէ պատճառում մեզ։

— Չէ, քույր Սեդա, ես շնորհապարտ մնացի քեզ, և շատ գոհ կլինեի, եթե ինքդ ասեիր ինձ, թե ինչո՛վ փոխարինեմ այդ շնորհը։

Ես ժպտացի։

— Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա, — հարցրեց կրկին իշխանը։

— Ես իմ արածների մեջ ուշադրության արժանի մի շնորհ չեմ տեսնում, — ասացի ես, — բայց եթե դու ցանկություն ունիս մի բարիք անելով շնորհապարտ կացուցանել ինձ, ապա ես կասեմ թե ի՛նչ բարիք եմ սպասում քեզանից։

— Ասա՛, քույր Սեդա, ասա՛, աղաչում եմ, — թախանձեց իշխանը։

— Հայտնի՛ր ինձ այն գաղտնիքը, որ արգելում է արքայորդուն ամուսնանալ իշխան Աևադայի դստեր հետ, — խնդրեցի ես նրան։

Իշխանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց։

— Կարծեմ խնդրածս ծանր շնորհ չէ, այնպես չէ՞, հարցրի ես։

— Օ՛, ծանր, շատ ծանր խնդիր է, քույր Սեդա․ կրկնապատիկ շնորհապարտ կմնայի, եթե ետ առնեիր խնդիրդ։

— Ո՛չ, կա՛մ այդ խնդիրը, կա՛մ ոչինչ, — թախանձանոք պնդեցի ես։

Իշխանը գլուխը շարժեց և ժպտալով ասաց․

— Այդ գաղտնիքը ես չեմ հայտնել նույնիսկ իմ ամուսնուն՝ Գոհար իշխանուհուն։ Ների՛ր ինձ, քույր Սեդա, դու պատվական կին ես, բայց ես կասեմ, որ առհասարակ վախենում եմ գաղտնիքներ հայտնել կանանց։

— Ա՜խ, իշխան, այդ հին նախապաշարմունք է, որ շարունակ ժառանգություն է մնում հորից որդուն, — ասացի ես, — կանայք իսկապես ավելի գաղտնապահ են, քան տղամարդիկ։

Իշխանը ծիծաղեց։

— Դու այդպես չես ընդունում, — հարցրի նրան։

— Մենք այնպես մտերմացել ենք, քույր Սեդա, որ ես․ ազատ կարող եմ իմ մի քանի կարծիքները հայտնել քեզ, — ասաց իշխանը ժպտալով, — կանայք պինդ պահում են միայն իրանց սիրային գաղտնիքները, իսկ մնացյալի համար նրանց բերանը դուռ չունի։

Ես ծիծաղեցի, որովհետև համաձայն էի իշխանի հետ, բայց միևնույն ժամանակ ավելացրի․

— Կապացուցանեմ քեզ, իշխան, որ մինչև այսօր ճանաչածդ ոչ մի կնոջ չեմ նմանում ես։

— Բոլոր ինձ պատահած կանայք այդպես են խոսել իրանց մասին, — նկատեց իշխանը շարունակ ծիծաղելով, — նրանցից ոչ մինը չի կամեցել նմանվել յուր քրոջը, բայց ես իմ կյանքում դեռ չեմ պատահել մի կնոջ, որ տարբեր լինի մյուսից որևէ մի բանով։ Միակ տարբերությունը եղել է այն, որ ամենից լավագույնը հենց ամենից թույլն է եղել։

— Դու այդպես խիստ ես խոսում․ որպեսզի ես վշտանամ և ետ առնեմ խնդիրս, — ասացի իշխանին, — բայց ես չեմ վշտանում այլև իրավունք եմ տալիս քեզ ճշմարտությունը խոսելու և միևնույն ժամանակ պնդում եմ՝ որ ես իմ օրինակով կապացուցանեմ, թե կա՛ն աշխարհում կանայք, որոնց վրա կարելի է վստահիլ։

— Ես սպանում էի քո այդ խոստման, քույր Սեդա, որ խնդիրդ կատարեմ և պարտքից ազատվեմ, — ասաց իշխանը լրջությամբ․ — այժմ կհաղորդեմ քեզ այն գաղտնիքը, որ հայտնի է միայն ինձ, իբրև արքայորդու մտերմին ու նիզակակցին և, հուսով եմ, որ այդ գաղտնիքը քո սրտի մեջ էլ կմեռնի։

— Անշուշտ, — հարեցի ես։

— Արքայորդին չի կարող ամուսնանալ իշխան Աևադայի դստեր հետ այն պարզ պատճառով, որ նա սիրում է ուրիշին, որին և նվիրված է հոգով ու սրտով, — ասաց իշխանը գրեթե շշնջալով։

— Ո՞ւմ, մայր Սեդա, ո՞ւմ Ցլիկ-Ամրամի կնոջը, այնպես չէ՞․ ասա՛ շուտ այնպես չասա՞ց իշխանը․․․ -տեղից վեր թռչելով կարծես շնչասպառ բացականչեց թագուհին։

— Իսկույն, սիրելի, իսկույն․ մի՛ շտապիր, մի՛ վրդովվիր․ այդպիսով եղածից ոչինչ չես փոխիլ, այլ միայն քեզ կտանջես։

— Ա՜խ, Սե՛դա, համբերությունս սպառում ես, ասա՛, ի՞նչ ես ծանրացնում։

— Ասու՛մ եմ, էլի՜։

— Ուրեմն Ցլիկ-Ամրամի կնոջը, այնպես չէ՞։

— Ո՛չ։

— Հապա՞։

— Ցլիկ-Ամրամն այն ժամանակ մինչև անգամ ամուսնացած չեր։

— Ո՞ւմն էր սիրում ուրեմն։

— Սևորդիների նահապետ Գևորգ իշխանի դստերը։

— Գևորգ իշխանի՞․ ա՛յն, որ յուր Արվես եղբոր հետ միասին Ափշինի ներքինապետից Փայտակարանում նահատակվեցա՞վ։

— Այո՛, թագուհի։

— Էհ, այդ միևնույն անձն է։ Գևորգ նահապետի դուստրը, որ մի օր արքայորդու հարսնացուն էր, այսօր արդեն Ցլիկ-Ամրամի կինն է․․․

— Այո՛, այդպես է․․․

— Եվ իմ թագավոր ամուսնու սիրուհին․․․

— Կամաց․․․ սիրելի թագուհի, մեզ կարող են լսել։ Նաժիշտները շատ անգամ լրտեսում են։

— Ա՛խ, Սեդա, այսուհետև այլևս ի՜նչ զգուշություն․․․ իմ վիշտը ուրեմն հայտնի է ամենքին․․․

— Դեռ ոչ, թագուհի՛ ․․․ դեռ․․․

— Լա՛վ, պատմի՛ր․ հետո ի՞նչ ասաց իշխանը։

— Այն ասաց, որ արքայորդին սիրում էր այդ աղջկան։

— Այդ իմացա։ Բայց հետո չհարցրի՞ր թե ինչպե՞ս է սկսվել այդ չարաբաստիկ սերը։

— Ինչպե՛ս չէ, հարցրի և նա հետևյալն ասաց․

— Գևորգ Նահապետի մահվանից առաջ Աշոտ արքայորդին դեռ պատանդ էր Ափշինի մոտ։ Նույն այն ներքինապետը, որ Սևորդյաց նահապետին սպանեց, մտերիմ բարեկամ էր Սմբատ թագավորին։ Վերջինս երբ Նահապետի մահվան լուրը լսեց, մեղադրական դրեց ներքինապետին՝ այնպիսի անմեղ մարդը սպանելուն համար։ Ներքինապետը որպեսզի թագավորի սիրտն ամոքե, Ատրպատական վերադառնալուն պես, Ափշինից ծածուկ, ազատեց Աշոտ արքայորդուն և մի քանի իշխանազն հայ կանանց և ուղարկեց Սմբատին։ Թագավորն իհարկե շնորհակալ եղավ ներքինապետին։ Իսկ Աշոտ արքայորդուն անմիջապես ուղարկեց Ուտիք՝ Սևորդյաց սգավոր իշխանուհուն մխիթարելու։ Այստեղ ահա երիտասարդ Աշոտը տեսնում է Սևորդյաց գեղանի օրիորդին և վրան սիրահարվում։

— Եվ հաստատապե՞ս սիրահարվում։

— Այո՛, և իբրև ապացույց՝ Մարզպետունի իշխանը հիշում է մի դեպք, որ արժանի է ուշադրության։

— Այսի՞նքն։

— Երբ Յուսուփի հրամանով բռնավոր Գագիկ Արծրունին յուր և հագարացի զորքերով ընկնում է Սմբատ թագավորի ետևից՝ նրան բռնելու կամ սպանելու համար, Սմբատ թագավորը յուր զորքերը տալիս է Մուշեղ և Աշոտ որդիների ձեռքը և ուղարկում նրանց Գագիկի դեմ։ Երկու եղբայրները հանդիպելով բռնավորին՝ սկզբում զորավոր ջարդ են տալիս հագարացի զորքերին։ Բայց վերջը Սևորդիների գունդը, որին զորավարում էր Աշոտը, դավաճանում է յուր զորապետին և խույս տալիս կռվի ճակատից։ Այդպիսով հայոց բանակը թուլանում է և հաղթվում է, իսկ Մուշեղը, որ առյուծի պես էր կռվում, գերի է ընկնում թշնամու ձեռքը։

Մարզպետունի իշխանն ասում էր, թե այդ դեպքը մինչև անգամ չսառեցրեց Աշոտին դավաճան Սևորդիներից և նա նրանց հետ միասին վերադարձավ Ուտիք, չնայելով որ եղբայրը գերի էր տարվել Դվին։

— Ուրեմն այդպես, վաղո՞ւց է սկսվել իմ դժբախտությունը․․․

— Հապա ես որ ասում էի, թե անցյալի մեջ են ծածկված քո ցավերի արմատները։

— Բայց հետո՞, հետո ինչպե՞ս եղավ, որ Աշոտը թողեց Սևորդյաց օրիորդին և ինձ, դժբախտիս հետ ամուսնացավ։

— Պետական շահերը, սիրելիս, պետական շահերն այդպես էին պահանջում․․․ Աշոտը միայնակ էր զորավոր թշնամիների առաջ։ Իսկ Սահակ Սևադան յուր գարդմանացի զորքերով կարող էր արքայական բանակն ստվարացնել․․․

— Եվ ուրեմն Սևադայի աղջիկը զոհ պետք է լիներ այդ պետական հաշիվների՞ն․․․

— Աստուծո տնօրինությունն էր այդ։

— Ի՞նչ աստուծո տնօրինություն, մայր Սեդա, իսկապես դու ես իմ դժբախտության պատճառը։

— Ե՞ս․ ի՞նչ ասացիր թագուհի, Սեդան յուր Սահանույշի դժբախտության պատճա՞ռը․․․ Օ՛ մի՛ ասիր․․․ մի՛ ասիր․․․ այդ մի անեծք է․․․— հուզված բացականչեց Սեդան։

— Այո՛, մայր Սեդա, դու ես պատճառը, բայց մի՛ վշտանար։ Եթե դու Մարզպետունի իշխանից լսածդ իսկույն ևեթ հայտնեիր հորդ, նա կզգուշանար և Աշոտ թագավորի պետական հաշիվներին չէր զոհիլ յուր աղջիկը։

Սեդան լուռ և խորհրդավոր նայեց թագուհուն և ոչինչ չպատասխանեց։

— Այնպես չէ՞, Սե՛դա։

Դայակը լուռ էր։

— Ինչո՞ւ չես պատասխանում, — հարցրեց թագուհին։

— Երանի՜ կլիներ, թագուհի, թե այդ լիներ իմ հանցանքը։

— Հապա, ուրիշ ի՞նչ ես արել։

— Դժբախտաբար ես խոստմնազանց եղա, Մարզպետունի իշխանին տվածս խոսքը չպահեցի, և նրա հաղորդած գաղտնիքը հայտնեցի հորդ հենց այն օրը, որ Մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից։ Ի՞նչ անեմ, խնդիրը քո ապագա բախտին էր վերաբերում, չկարողացա լռության տալ։

— Եվ ի՞նչ ասաց հայրս։

— Ծիծաղեց․ մանավանդ երբ ես երկյուղ հայտնեցի, թե Սահականույշը ապագայում կդժբախտանա, եթե այդ միությունը կայանա։

— Ինչո՞ւ համար ծիծաղեց։

— Ասաց, թե բոլոր երիտասարդները մինչև ամուսնությունը ունենում են հազար և մի այդ տեսակ կապեր, որոնք ոչնչացնում են օրինավոր ամուսնության սուրբ պսակի զորությամբ․ թե արքայորդու այդ սերն անցողական տպավորության արդյունք է և անշուշտ առաջացել է նրանից, որ Սևորդյաց օրիորդը՝ տխրության օրերում, սգավոր հանդերձների մեջ, ներկայանալով արքայորդուն՝ շարժել է նրա գութը, իսկ սերը շատ անգամ ծնվում է, ասաց, այնտեղ, ուր ապրում է կարեկցությունը։ Եվ թե վերջապես արքայորդին կզբաղվի շուտով յուր պետական գործերով և կմոռանա այդ օրիորդին։ Իսկ մինչև այն՝ ես կպատրաստեմ ճանապարհը այնպես, ինչպես հաճելի է ինձ։

— Եվ հետո ի՞նչ արավ նա։

— Անմիջապես գնաց Ուտիք՝ Սևորդյաց գավառը և համոզեց Գևորգ նահապետի կնոջը՝ ամուսնացնել յուր դուստրը մի քաջ իշխանի հետ, որպեսզի նա խնամի յուր կալվածները, որովհետև Գևորգ նահապետի միակ ժառանգը սյդ աղջիկն էր։

— Հետո՞։

— Սևորդյաց իշխանուհին ընդունեց այդ խորհուրդը շնորհակալությամբ։ Միևնույն ժամանակ նա խնդրեց մեր իշխանին, որ նա ինքը տնօրինե այդ գործը։ Իսկ Սևադա իշխանը ժամանակ չկորցրեց․ նա համոզեց Տաշրաց սեպուհ Ցլիկ-Ամրամին և ամուսնացրեց նրան այդ իշխանազնուհու հետ։

— Իսկ այդ աղջիկն ինքը ի՞նչ արարած էր ուրեմն, որ արքայորդու նման դյուցազնի սերը փոխում էր Ցլիկ-Ամրամի հետ․․․։ Իմ թագավոր ամուսինը նվաստանում է իմ աչքում, Սեդա, երբ մտածում եմ, թե նա այդ կնոջն է սիրում․․․

— Այդպես չպետք է դատել, թագուհի։ Առաջին՝ ամեն իշխանազն օրիորդ այնպես ազատ չէ մեծանում, ինչպես մեծացել է Գարդմանա օրիորդը, որին մինչև անգամ տրված էր փեսա ընտրելու իրավունքը, երկրորդ՝ Ամրամ սեպուհը մի հասարակ մարդ չէ․ թե՛ քաջությամբ, թե՛ գեղեցկությամբ և թե՛ հարստությամբ նա ետ չի մնալ մեր արդի ամենանշանավոր իշխաններից, երրորդ՝ եթե Սևորդյաց օրիորդը մինչև անգամ խելագարված սիրում լիներ արքայորդուն, այնուամենայնիվ, դժվար չէր նրա սերը սառեցնել, քանի որ մեջտեղ Սևադա իշխանը կար՝ յուր ճարտար ու համոզիչ լեզվով․․․

— Նրա սերը չէին կարող սառեցնել․ Աշոտին մի անգամ սիրողը չէր կարող այլևս դադարել սիրելուց․ երևի այդ աղջկանը հուսահատեցրել են, անհնարին համարելով նրա ամուսնությունը արքայորդու հետ։

— Երևի։

— Այդ հաստատ է, և ապացույցն այն է, որ նույն սերը շարունակվում է տակավին, չնայելով որ ամուսնացած են թե՛ Աշոտը և թե՛ նահապետի աղջիկը։

— Ինձ էլ այդպես է թվում։

— Եվ այդպես, ուրեմն, Սահակ Աևադան ինքը յուր ձեռքով սեփական տունը քանդեց․ «զգուբն, զոր փորյաց և պեղյաց՝ ի նույն անկցի ի խորխորատ, զոր և գործյաց»․․․ ահա՛ սրա համար է ասել մարգարեն։

— Այո՛, դժբախտաբար, այսպես եղավ վախճանը․․․ Բայց ո՞վ կկարծեր․․․

— Ա՜խ, Սեդա, գոնե մի կերպով հասկացնեիր ինձ այդ գաղտնիքը։

— Թագուհի՛ ․․․ հապա իմ տված խոստո՞ւմը․․․ Կարո՞ղ էի միթե դրժել նրան։

— Ա՛յ կին, չէ՞ որ հորս հայտնելով՝ դրժել ես արդեն։

— Հո՞րդ․․․ Այդ ուրիշ է, թագուհի, նա տղամարդ էր․ նա հեռատեսություն ուներ։

— Եվ ա՞յս է հեռատեսությունը․ ինքդ հո տեսնում ես վախճանը։

— Մենք կանայքս շատ մոռացկոտ ենք․ ներկայի փոքրիկ դառնությունները հեշտությամբ մոռացնել են տալիս մեզ անցյալի բյուրավոր քաղցրությունները․․․ Սևադա իշխանը մեծ փառք պատրաստեց յուր դստեր համար․ այդ փառքը վայելեց իմ թագուհին․․․

— Այո՛, և, սակայն, ներկան մոռացնել տվավ անցյալը։

— Ինձ թվում է, թե առավել արդարացի կլիներ, եթե ներկայի փոքրիկ վշտերը աշխատեինք մեղմացնել անցյալի քաղցր հիշատակներով։

— Որո՞նք են դրանք, Սեդա, ես չեմ հիշում․ ես քաղցրություն չեմ տեսել իմ ամուսնական կյանքում։

Սեդան խորհրդավոր եղանակով ժպտաց։

— Դու ծիծաղո՞ւմ ես, մայր Սեդա․ հապա հիշի՛ր, թվի՛ր այդ քաղցրությունները, գուցե ես այնոնք մտաբերելով իմ այժմյան ցավերը մոռանամ։

— Օ՛, շատ երկար կտևե այդ, թագուհի․ դու պետք է հանգստանաս։

— Ոչ, ասա՛, պատմի՛ր․ իմ հանգստությունը քո զրույցների մեջ եմ գտնում․ այս գիշեր քունը չի մոտենալ աչքերիս․ պատմի՛ր, ես լսում եմ։

Այս ասելով թագուհին նորից պառկեց՝ հոլանի թևը բարձերին և ձեռքը ծնոտին հենելով։ Սեդան վեր կացավ և ծածկեց նրան մի նրբագործ շղարշով։

— Եվ այդպես, ուրեմն, մոռացել ես դու բոլորը, իմ սիրելի թագուհի, այժմ կհիշեցնեմ․․․

— Հապա՛։

— Մտաբերո՞ւմ ես այն օրը, երբ դու և մեծ իշխանուհին վերադարձաք Խաչենից։

— Հիշում եմ․ երկու օր էր ինչ Մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից։

— Եվ ես պատմեցի քեզ բոլորը, ինչ որ ձեզանից հետո անցել էր Գարդմանում։

— Այո՛, և ես շատ վշտացա, որ արքայորդուն չէի տեսել։

— Եվ ինչպե՜ս նրա մասին արած իմ նկարագրությունները ոգևորում էին քեզ։

— Հիշում եմ։

— Հենց այդ օրը սուրհանդակ հասավ Բագրևանդից, որ հայտնում էր, թե Յուսուփը Աշոտի գալը լսելով խույս է տվել դեպի Ատրպատական․ իսկ արքայորդին հասնելով Բագրևանդ՝ զորեղ կռիվ է ունեցել Յուսուփի թողած զորքերի հետ, որոնց և իսպառ ջարդել ու ցրել է․ իսկ նրանց գլխավոր իշխաններին բռնելով՝ տիկ է հանել և ամրոցների աշտարակներից կախել։ Այս առաջին վրեժն էր, որ քաջ որդին լուծեց յուր հոր սպանիչներից։ Այս լուրը սարսափ էր գցել հագարացիների վրա։

— Հիշում եմ․ և ինչպե՜ս մեզ ամենքիս ոգևորում էր այդ։ Ես ինքս մեծագին նվեր տվի սուրհանդակին այդ անդրանիկ բարելուրի համար։

— Այնուհետև հետզհետե գալիս էին լուրեր, թե արքայորդին մտավ Շիրակ, անցավ Գուգարք, թե ամեն տեղ զորավոր կռիվ է մղում հագարացիների դեմ, ջարդում, ոչնչացնում է նրանց, բերդերն ու քաղաքներն առնում, գերիներն ու բանտարկյալներն ազատում, ավերակ ամրոցները վերանորոգում, ամեն տեղ պահապան զորքեր կարգում և արշավանքը առաջ է տանում։

— Հիշում եմ․․․ Ասում Էին, որ Յուսուփը, լսելով արքայորդու քաջագործությունները, սարսափել էր, վախենալով թե գուցե նա յուր սուրը դարձնե դեպի Ատրպատական, ուր որջանում էր ինքը։

— Այդպես ասում Էին․ բայց արքայորդին դեռ սեփական երկիրը պետք է մաքրեր հագարացի հրեշներից։ Այդ էր պատճառը, որ Գուգարքը նվաճելուց և Վասակ ու Աշոտ Գնթունի իշխաններին հանձնելուց հետո՝ նա անցավ Վրաստանի սահմանը, Տփխիսն ազատելու։ Այդտեղ էլ հագարացիք մեծ ուժ ունեին։ Վրացի ազգերը հեծում Էին նրանց բարբարոսական լծի տակ։ Մեր դյուցազնը ինչպես մի կատաղի փոթորիկ հասավ Տփխիս։ Նրա հուժկու բանակի առաջ, որ ստվարացել էր հետզհետե, հագարացոց զորությունը չկարողացավ դիմանալ։

Հայերը ջարդեցին նրանց, ցրեցին, արաբացի իշխանները գերելով՝ շղթայի զարկեցին, իսկ Տփխիսը ազատելով՝ վերադարձան Ուտիք։

Այստեղ էլ, ինչպես գիտես, ուտիացիք Էին ապստամբել։ Սակայն նրանց նվաճելու համար մեծ աշխատանք գործ չդրավ արքայորդին։ Մի քանի սրիկայական գնդեր ցրելուց հետո ամենքը խաղաղեցան, մանավանդ որ վիթխարի Մովսեսը վերակացու կարգվեցավ նրանց վրա։

Փառավոր էր արքայորդու հաղթությունը Աղստևի խորաձորում, ուր ընդհանուր բանակից վերցրած վեց հարյուր զինվորներով միայն սպառսպուռ ջնջեց այդտեղ թաքնված հագարացիների վերջին զորաբանակը։ Ասում Էին, որ նրանցից չէր ազատվել մինչև անգամ մի զորական, որ գույժ տաներ Յուսուփին իրանց կրած պարտության համար։

— Այդ բոլորը ես բերան գիտեմ, Սե՛դա, դու ինչո՞ւ համար ես կրկնում, — հարցրեց թագուհին։

— Ցույց տալու համար այն բնական ճանապարհը, որով առաջացել է Գարդմանա օրիորդի դժբախտությունը, — պատասխանեց Սեդան խորհրդավոր եղանակով։