Գևորգ Մարզպետունի/Քաղցր հիշողություններ թագադրության և նշանադրության

Զ
ՔԱՂՑՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԱԳԱԴՐՈԻԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

— Շարունակի՛ր, — ասաց թագուհին։

Սեդան առաջ քաշեց աթոռակը, և յուր դիրքը նորից ուղղելով՝ շարունակեց զրույցը։

— Արքայորդու հաջողությունները ոգևորում Էին քեզ։ Առանց նրան տեսած լինելու, դու հիանում էիր այդ դյուցազնով։ Քանի-քանի անգամ կրկնել տվիր ինձ այն պատմությունները, որ լսել էի Մարզպետունի իշխանից։ Երևում էր, որ մի գաղտնի զորություն շարունակ քո սիրտը քաշում էր դեպի նրան։ Արքայորդու ձեռնարկությանց ամեն մի հաջողությունը լցնում էր հոգիդ ցնծությամբ։ Հիշո՞ւմ ես, Աղստևի հաջողության լուրը բերող գարդմանացի զորականին մի արտավար հող ընծայել տվիր։

Հարկավ, իշխան Սևադայի սրատես աչքերից չէին կարող ծածկվիլ այս բոլորը։ Եվ նա, որ յուր ուրախությունը քո իղձերը կատարելու մեջ էր տեսնում, անուշադիր չպիտի թողներ քո զգացումները, մանավանդ որ նրանք չէին հակառակում յուր փառասիրական նպատակներին։

— Եվ երևի այդ պատճառով էլ շտապեց նույն նպատակներին հակառակող արգելքը բառնալու…

— Այո՛, Սևորդյաց օրիորդը ամուսնացրեց Ցլիկ-Ամրամի հետ։ Եվ ճշմարիտ, սա, մինչև անգամ, մի հայրենասիրական գործ էր։ Արքայորդին միանգամ ընդմիշտ այդ աղջկա կապանքներից ազատվելով՝ ավելի եռանդով զբաղվեց յուր գործերով։ Սիրո շղթաները շատ անգամ ամենածանր կապանքներն են, որոնք արգելում են տղամարդուն փառքի ասպարեզում շահատակելու…

— Բայց շատ անգամ էլ նրանք թևեր են տալիս նրան, — ընդհատեց թագուհին։

— Այո՛, միայն թույլ արարածներին, նրանց, որոնց մեջ մաքրած է բնական աշխուժի կրակը և որոնց դեպի գործունեություն մղում է միայն արհեստական գրգիռը, ինչպես երկչոտ զորականին քաջություն է տալիս գինին… Այո՛, իմ թագուհի, արքայորդուն չվնասեց այդ դեպքը, նա շարունակեց յուր հաղթական արշավանքները, մինչև որ բոլոր թմրածներին ցնցեց։ Նրա օրինակից խրախույս առան և ա՛յն իշխանները, որոնք հագարացոց սրից ահաբեկ, իրանց փրկությունը միայն բերդերի մեջ Էին որոնում․-Գագիկ բռնավորը, Սյունյաց տերերը դուրս եկան ամրություններից և սկսան նույնպես հալածել թշնամուն։ Հայոց երկրին տիրեց ընդհանուր ոգևորություն, խաղաղության արևը ծագեց, ժողովուրդը շունչ առավ…

— Երջանիկ օրեր Էին…

— Այո՛, մանավանդ որ այդ փայլուն հաղթանակներից հետո արքայորդին հոր գահն ու գավազանը ժառանգեց։

— Ա՜խ, ինչո՞ւ հիշեցրիր ինձ այդ բոլորը, Սեդա… Ինչո՞ւ հիշեցրիր երջանկության այն ժամերը, որ ես անցրել եմ այնտեղ …

— Դվինում, այնպես չէ՞։

— Օ՛, և ինչպե՛ս բախտավոր էի ես… Ինչո՞ւ, Սեդա, ինչու՞ աստված մարդուն տալիս է երջանկություն, և հետո խլում այն նրանից …

— Աստուծո կամքն անքննելի և խորհուրդներն անհասանելի են։

— Հիշում եմ։ Երբ առաջին անգամ հայրս հայտնեց, թե հայոց իշխանները վրաց թագավորի և ափխազաց Գուրգենի հետ միասին պիտի ժողովվին Աշոտ արքայորդուն թագավոր պսակելու և թե մենք, իբրև Գարդմանա տան տյարք, ներկա պիտի լինինք այդ հանդիսին, ուրախությունից, քիչ մնաց, խելքս պիտի թռչեր… Օ՛, միայն այդ ժամերը… ո՛չ, նրանցից գոնե մի քանի վայրկյան վերադարձնեին այժմ ինձ… Ինչպիսի՜ ուրախությամբ, ի՜նչ աննման ոգևորությամբ էի պատրաստվում ես արքայի թագադրության ներկա լինելու, երևակայել չես կարող։ Երբ բերին ինձ այն գոհարներն ու ոսկյա զարդերը, որ հայրս պատրաստել էր տվել հատկապես այդ հանդեսի համար, հրճվեցա ինչպես մի մանուկ, որ հանկարծ գեղեցիկ խաղալիքներ է ստանում, և վազելով փարեցի հորս պարանոցով և համբույրներով նրա երեսը ծածկեցի։ Ես, հո գիտես, կարոտ չէի այդ զարդերին և դրանք գին չունեին իմ աչքում իբրև քարեղեն, այլ ուրախացա այն պատճառով, որ գիտեի, թե նրանց շնորհիվ ավելի շքեղ և ավելի վեհ պիտի երևամ այն հանդիսում, ուր ներկա պիտի լինի համայն հայոց իշխանապետությունը և ուր շուքով ու պերճությամբ պիտի փայլեն վրաց ու ափխազաց արքայազուն ընտանիք… Օ՛, ինչպե՜ս ցանկանում էի, որ բոլոր իշխանազն կանանց մեջ ամենից բարձր հանդիսանայի ես, որ ամենքի աչքերն ինձ վրա նայեին, որ ամենքը ինձնով զբաղվեին և որ այդ ամենը Աշոտ-Երկաթը տեսներ… — Եվ հայրդ այդ բոլորը նկատում էր․ ուստի և ինքն էլ աշխատում, որ Գարդմանա տունը հայոց մյուս իշխանական տներից ավելի գերազանց երևա Դվինում՝ թե՛ հարստության և թե՛ զորության կողմից։ Այդ էր պատճառը, որ նա Գարդմանա հզոր բանակը յուր հետ միասին բերավ Ոստան։ Գարդմանում միայն բերդապահ գնդերը մնացին։

— Եվ, իրավ, Սեդա, Դվինում արքայավայել ընդունելություն արին մեզ։ Ծնողներս ոչինչ չէին հայտնում, բայց ինձ թվում էր, թե արքայի մերձավորներին հայտնի է անշուշտ մի խորհուրդ մեր ապագա միության մասին։ Աչքի էր ընկնում մանավանդ այն հանգամանքը, որ հայոց իշխանական ընտանիքներից միայն մեզ հարմար էին բնակության տեղ պատրաստել արքունական պալատում։ Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորին կաթողիկոսարանում ընդունեցինք իսկ ափխազաց Գուրգեն իշխանին՝ Աբաս արքաեղբոր ապարանքում։

— Երևի այդտեղից էլ սկսվեցավ կաթողիկոսի բարեկամությունը Ատրներսեհ թագավորի հետ։

— Այո՛, ինչպես որ իմ տագր Աբասի բարեկամությունը՝ ափխազաց Գուրգեն իշխանի հետ։ Բայց առաջինի բարեկամությունը գոնե վնաս չբերավ մեզ, մինչդեռ երկրորդը յուր ծանր հետևանքներն ունեցավ։

— Միակ պատճառը դարձյալ մի աղջիկ։ Եթե Աբաս արքաեղբայրը չամուսնանար Գուրգեն իշխանի դստեր հետ, ծանր հետևանքները տեղի չէին ունենալ։

— Հարկավ․ հայ աղջիկը գժտություն չէր գրգռիլ հարազատ եղբարց մեջ։ Բայց մի ափխազուհու համար ինչ արժեք ուներ մեր երկրի խաղաղությունը։ Բայց թողնենք այդ․․․ ի՞նչ էի ասում։

— Պատմում էիր, թե ձեզ ընդունեցին արքայի պալատում․․․

— Այո՛, այնտեղ ընդունեցին։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի անձկությամբ էի փափագում տեսնել երիտասարդ թագավորին, ա՛յն դյուցազնին, որ այնքան կարճ ժամանակում ընկճեց, խորտակեց թշնամու զորությունը, մաքրեց երկիրը բռնավորներից, ազատեց ժողովուրդը ստրկությունից, գրավեց ու գերեց իշխանների սիրտը և նրանց բոլորին ոգևորեց, այնքան, որ միմյանց դեմ ունեցած ամեն գժտություն մոռանալով՝ եկան ժողովվեցան յուր շուրջը, արքայական թագով յուր արժանավոր գլուխը պսակելու։ Առաջին անգամ, երբ պիտի ներկայանայինք իրան, սիրտս տրոփում էր ուրախությունից և երկյուղից։ Ուրախ էի, որ վերջապես պիտի տեսնեմ այնքան ժամանակներից ի վեր ցանկացածս դյուցազնին և․․․ վախենում էի, թե միգուցե նա անտարբերությամբ ընդունե ինձ․․․ Օ՛, Սեդա, չգիտե՜ս, թե ո՛րքան հպարտ էի ես այն ժամանակ․ ամոթից կարող էի մեռնել․․․

— Եվ ինչո՞ւ, թագուհի, միթե արքայորդին կզլանա՞ր յուր իշխանազն հյուրերին պատշաճավոր հարգանք նվիրելու։

— Բայց ես, Սեդա, չէի կամենում հասարակ հյուրերի կարգը դասվիլ․ ես ուրիշ ընդունելություն էի սպասում նրանից․ ինչո՞ւ, չգիտեմ, ես այնպես էի համոզված՝ թե անպատճառ նրա ապագա ամուսինը պիտի լինիմ․․․ Հպարտ, հանդուգն միտք էր այս, այնպես չէ՞․ բայց իմ երազներն իրականացան․․․ Արքայական դահլճի ավագ դռան առաջ ընդունեց նա մեզ։ Եվ հանկարծ, ի՞նչ պատահեց ինձ, գիտե՞ս… այժմ եմ միայն կարողանում պատճառը բացատրել… — երբ արքայորդուն տեսա կանգ առա մուտքից մի քանի քայլ հեռու․ նա հորս հետ գրկախառնվեցավ, մորս ձեռքը համբուրեց, բայց ես չմոտեցա նրան․ սպասեցի, որ ինքը հառաջեր դեպի ինձ… Ի՞նչ զգացում էր այս, Սեդա, կարո՞ղ ես բացատրել։

— Ինձ թվում է, թե Գարդմանա Տան տոհմական հպարտության զգացում և ուրիշ ոչինչ։

— Չէ, սխալվում ես․ հոգիս երևի գուշակեց, որ նրա սիրտը, ուր կամենում էի մուտ գործել, գրավված է ուրիշի սիրով… և այդ էր պատճառը, որ այդ պերճահասակ, վեհադեմ, դյուցազնոգի և քաջությամբ ու իմաստությամբ այնքան հառաջադեմ արքայազնի հանդիպումն ինձ չճնշեց։ Սկզբում, ճշմարիտ է, իմ աչքերը գրավվեցան նրանով․ մի քանի վայրկյան ես հափշտակված դիտեցի նրան, որովհետև ավելի գեղեցիկ և ավելի աննման էր, քան որքան նկարագրել էիր դու․ բայց հենց որ յուր հայացքն ուղղեց ինձ, ես նորեն իմ նախկին հպարտ դիրքն ընդունեցի։ Սակայն նա մոտեցավ ինձ սիրաժպիտ և քաղցրահայաց․ ողջունեց այնքան հարգանոք և այնպես վայելչաբար, որ ես իսկույն զինաթափ եղա… Եվ մենք, մայր Սեդա, համարձակվում ենք հպարտությունից խոսել… Ի՞նչ․ կի՞նը․ մի՞թե կարող է նա հպարտ լինեի մի՞թե կարող է նա արժանապատվության զգացումով դյուցազնանալ։ Մի քաղցր հայացք, մի անուշ ժպիտ՝ ա՛յն տղամարդու կողմից, որին յուր սրտի խորքում սիրում է կինը, և, ահա՛, ամեն բան վերջացավ․ նա կդառնա այդ տղամարդու և՛ գերին, և՛ ստրուկը … Այնպես չէ՞, Սեդա։

— Դժբախտաբար այդպես է, սիրելի թագուհի, — ասաց Սեդան խոր հառաչելով։

Խեղճ կինը, երևի, հիշեց յուր անցյալը և մտաբերեց նմանօրինակ դեպքեր յուր կյանքից։

— Արքայորդին առաջնորդեց մեզ դահլիճ, ուր նստած էր մայր-թագուհին։ Ի՜նչ բարի, ի՜նչ հրաշալի կին էր նա։ Թեպետ թագավոր ամուսնու նահատակությունը ժամանակից առաջ ընկճել էր խեղճին, սակայն նախկին գեղեցկության հետքերը նշմարվում Էին տակավին յուր ազնվաշուք և վեհապանծ դեմքի վրա։ «Ե՛կ, իմ հպարտ օրիորդ, վաղուց կամենում էի տեսնել քեզ, որ այնքան համառությամբ մեր բոլոր իշխաններին մերժեցիր…», ասաց նա ծիծաղադեմ և գրկելով ինձ՝ ջերմությամբ համբուրեց։ Մինչև այսօր էլ իմ միակ սիրելի զարդը այն ոսկի մանյակն է, որ նա տվավ ինձ, իբրև նշանտուքի առհավատչյա… Տո՛ւր ինձ այդ մանյակը, Սեդա, ես կամենում եմ նորից նայել նրան, — հրամայեց թագուհին։

Սեդան վեր կացավ և բերավ այն մանյակը, որ մի երկու ժամ առաջ հանել Էին նաժիշտները թագուհու պարանոցից։

— Տե՛ս, փոքր է նա, բայց գողտրիկ, գեղեցիկ։ Երբե՛ք, երբեք չպիտի բաժանվեմ նրանից, և երբ մեռնեմ․ Սեդա, անպատճառ ասա՛, որ դնեն այդ իմ դագաղում…

— Սիրելի թագուհի, ինչ տխուր բաների վրա ես մտածում․ թող մեռնեն քո թշնամիները կամ նրանք, որոնք բեռն են աշխարհի համար։

— Բայց չէ, ի՛նչ եմ ասում, նա ինձ չէ պատկանում։ Այո՛, այն վայրկյանը, որ այս մանյակը իմ պարանոցը պատեց, կյանքիս մեջ ունեցած ամենաերջանիկ վայրկյանն էր։ Օ՛, երբե՛ք, երբե՛ք չպիտի մոռանամ սրան։

— Ինչպե՞ս․ մայր-թագուհին հենց առաջին այցելության ժամանա՞կ նվիրեց այդ,-հարցրեց Սեդան հետաքրքրությամբ։

— Ոչ․ ես դեռ չպատմեցի։ Երկու օրից հետո կատարվեց արքայական հանդեսը։ Սուրբ Գրիգոր կաթողիկեն լծված էր ծայրե ի ծայր։ Այդտեղ Էին՝ Հովհաննես կաթողիկոսը, բոլոր նախաթոռ եպիսկոպոսները, արքայազուններ, նախարարներ, իշխաններ, ազատ տիկնայք, իշխանուհիք և իշխանազն օրիորդներ։ Բայց այդ բոլորի մեջ միակ ընտրյալը, միակ գեղանին Աշոտ դյուցազնն էր։ Բոլորի հայացքը նրան էր հառած, բոլորի ժպիտը նրան էր ուղղված, բոլորի միտքը նրանով զբաղված։ Եվ հանդեսի սկզբից մինչև վերջը գեղանի իշխանուհիների աչքերը չհեռացան նրանից։ Օ՛, ես դեռ չգիտեիք թե ի՜նչ իրավունք ունիմ նրա վերաբերմամբ, բայց և այնպես նախանձում էի, որ նա գեղեցիկ և հրապուրիչ էր այդքան շատ աչքերի համար… Օրհնության վսեմ աղոթքները միտքն մեղմեցին մի փոքր մեր հափշտակության խանդը և ստիպեցին մեզ սուրբ հայրերի հետ միասին աղոթել նորապսակ թագավորի կենաց և հաջողության համար։ Օ՛հ, ի՜նչպես վսեմ, ի՜նչպես ջերմեռանդություն ներշնչող Էին այդ աղոթքները։

— Երանի՜ քո աչքերին, թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը, և ականջներին՝ որոնք լսել են այդ օրհնությունները․ չմեռնեի և արժանանայի մի օր… Բայց ի՞նչ եմ ասում․ աստված թող իմ թագավորի կյանքը երկարե…

— Այո՛, Սե՛դա, վսեմ և սրտաշարժ մի հանդես է դա։ Զարմանում եմ, թե ինչպե՛ս այդ հանդեսով օծվող թագավորը կարողանում է խոտորիլ ուղղության ճանապարհից, և ինչպե՜ս այդ հանդեսին երդվող իշխանները դավաճանում են նրան։

Երբ կաթողիկոսը արքային յուր հարցերն անելուց հետո դարձավ և, հարցրեց ժողովրդին՝ «Խնդրե՞ք կալ ի ներքո սորին իշխանությանն, որպես խոստացավն պահել զձեզ․ և ուղիղ հավատով կամի՞ք հաստատել զսորա թագավորություն․ և կատարիցե՞ք զսորա հրամանն՝ հնազանդությամբ», — -բոլոր եկեղեցին միաբերան գոչեց․ «Այո՛, այո՛, տեր մեր է և թագավոր մեր»։

Բայց այսօր քանի՞սն են նրան, հնազանդ և ո՞ր իշխանը չէ ապստամբ։

— Ախ, սիրելի թագուհի, պատմի՛ր, աղաչում եմ, ինչպե՞ս են թագավոր պսակում․ իսկ աղոթքներից ոչ մեկը չե՞ս հիշում…

— Դրանք շատ երկար են, Սեդա, պատմել անկարելի է․ պետք է տեսնել, լսել։ Ամենից առաջ սուրն են տալիս թագավորին…

— Սո՞ւրը։

— Այո՛, անպատճառ սուրը․ հետո արքայական մատանին, ապա թագը։

— Իսկ աղոթքնե՞րը։

— Ամեն մեկի համար առանձին են կարդում։

— Օրինակ՝ ի՞նչ են ասում սուրը տված ժամանակ․ այդ շատ հետաքրքրական է․ իրավունք են տալիս նրան կոտորելու, այդպես չէ՞։

— Անշուշտ։ Բայց… Ի՞նչ էի ուզում հիշել, մոռացա… Սպասի՛ր… Հա՜, նրա հայացքը․ այդ էի ուզում հիշել, Սե՛դա։ Չէ՞ որ նա ոչ ոքի չէր նայում․ բոլորը կամենում էին նրա առաջին հայացքը հափշտակել․ բայց ո՞վ էր այն ընտրյալը, որին արքան յուր անդրանիկ հայացքը պիտի նվիրեր․ հայտնի չէր։ Երբ եպիսկոպոսները սուրը մատուցին և կաթողիկոսը բարձր ու հնչեղ ձայնով կարդաց «Ընկալ զսուրս զայս ի ձեռանե առաքելական եպիսկոպոսացս, և սովավ թագավորեսցես ի փրկություն եկեղեցվո և ժողովրդյանս, որ ընդ ձեռամբ քո հովվին։ Ա՛ծ զսուր ընդ մեջ քո, հզոր, և թագավորյա՛ այսու ճշմարտությամբ․ և բարձրասցիս սովավ ի վերա անիրավաց և անհավատից և խնդրեսցես զվրեժ քո հայնցանե, որք զչարն գործեսցեն… և փրկեսցես սովավ զազգ քո և զեկեղեցի և օգնական լիցիս այրյաց և որբոց, և ազատարար գերելոց և մխիթարիչ վշտացելոց…» և այլն, թագավորը բարձրացրեց աչքերն առաջին անգամ և յուր հայացքը սևեռեց ինձ վրա… Ինձ թվաց, թե նա ասում էր ինձ․ «Այս բոլորը քեզ հետ միասին պիտի կատարեմ…»։ Եվ ամենքն այդ տեսան, և շատերն ինձ նախանձեցին… Այո՛, նրա այդ միակ, ինձ բարձրացնող և հպարտացնող հայացքի համար արքայազուն իշխանուհիները իրանց կյանքը կտային․ և սակայն նա միայն Գարդմանա օրիորդին ընծայեց այդ պարծանքը… Ի՛նչ էի զգում ես այդ վայրկյանին, չեմ կարող բառերով արտահայտել․ երկինքը կարծես երկրի վրա իջավ կամ թե ես վերնային գավառները բարձրացա…

— Տեսնո՞ւմ ես, թագուհի, այդ բոլորը մոռացել էիր դու…

— Սպասի՛ր, մի՛ ընդհատիր ինձ… Այնուհետև, Սեդա, ես այլևս ոչինչ չէի լսում, բոլոր էությունս պատել էր մի երանական և հափշտակող զգացում։ Մայր-թագուհու շշունջը հանկարծ սթափեցրեց ինձ․ ես նրա մոտ էի կանգնած․ — Ծունր իջիր ինձ հետ և աղոթի՛ր աստծուն, որ նա երկարե իմ և քո թագավորի կենաց օրերը, — ասաց նա ինձ մայրական սիրաշունչ ձայնով… Եվ մենք միասին ծունր իջանք․ ես աղոթեցի ջերմեռանդությամբ․ աղոթեցի այնպես, որպես չեմ աղոթել երբեք իմ կյանքում․ և արտասուքը հոսեց աչքերիցս ինչպես աղբյուր… ուրախությա՞ն արցունք էր դա, թե՞ ապագա վշտերի նախազգացման, չկարողացա իմանալ։

Երբ հանդեսն ու պատարագը վերջացավ և դպիրներն սկսան մեղեդիները երգել, թագավորին մոտեցան համբուրելու նախ եպիսկոպոսները, հետո մայր -թագուհին, վրաց թագավորը, ապա իշխանները և վերջը իշխանազուն տիկնայք և օրիորդները։ Օրիորդների մեջ առաջինը ես համբուրեցի թագավորի աջը և շրթունքներս դողդողացին… Երբ հեռացա, զգում էի, որ երեսս վառվում է, շտապեցի մորս հետ միասին խույս տալ դեպի ժողովրդի հետին շարքերը, որոնք վայրկենաբար ճանապարհ Էին բանում մեր առաջ և օրհնանքներ ուղղում իմ անվան։ Թագավորը դուրս եկավ եկեղեցուց՝ շրջապատված եպիսկոպոսներով ու իշխաններով։ Հեծավ արքայական ոսկեսար երիվայրը, որի վրա բարձրացրած պահում Էին ծիրանեգույն ոսկեկար հովանին։ Թագավորին շրջապատեցին առաջին սպարապետը, աջ ու ձախ կողմից թագակիրն ու նշանակալը և ապա թիկնապահների զրահազգեստ գունդը։ Նրանց հետևեց արքայազուն և իշխանազուն ազատանին։ Իսկ թե ի՛նչ էր կատարվում կաթողիկեից դուրս, քաղաքի փողոցներում, անկարելի է նկարագրել․ ամբողջ Դվինը մի աչք, մի շունչ և մի հոգի դարձած՝ յուր թագավորի ելնելուն էր սպասում։ Երբ սպարապետի դրոշը երևաց, մի որոտընդոստ դղրդյուն կարծես Դվինը շարժեց․ որոտում էին փողոցները, որոտում Էին հրապարակները, բուրգերը, աշտարակները և մինչև անգամ քաղաքից դուրս գտնվող մարտկոցները, և ամենքը միաբերան օրհնում և փառաբանում Էին նրան։ Երբ վերադարձանք պալատ, գնացինք իսկույն թագավորին շնորհավորելու։ Այդտեղ Էին բոլոր նախագահ իշխանները և արքայազուն տիկնայք։ Մեր շնորհավորանքը մատուցանելուց հետո մայր-թագուհին նստեցրեց ինձ յուր կողքին․ ոսկեկար օթոցի վրա և մտերմական զրույցով սկսավ ինձ զբաղեցնել։ Ի՛նչ էր գտել նա իմ մեջ․ չգիտեի, բայց տեսնում էի, որ հոգվով ու սրտով կապված է ինձ հետ։ Ընդունված սովորության հակառակ երկար պահեց նա մեզ յուր մոտ։ Եվ երբ հեռանում Էինք հանեց պարանոցից այս մանյակը և անցնելով իմ պարանոցը՝ ասաց․ «Սա Վասիլ Արշակունի կայսեր ընծան է Աշոտ առաջնո թագուհուն․ ես նվեր ստացա այս նրանից, և ինքս էլ հանձնում եմ քեզ՝ իբրև ապագա թագուհուն։ Քո հաջորդը թող քեզնից ժառանգե այն և Արշակունյաց վերջին շառավղի նվերը թող անկորուստ մնա Բագրատունի թագավորաց ընտանիքում»։ Այս ասելով գրկեց ինձ և ջերմագին համբուրեց։ Արդեն ամեն բան որոշված էր։ Ես ուրեմն արքայի նշանածն էի։ Այնուհետ և, ինքդ կարող ես գուշակել, թե երջանկության ի՛նչ հովեր Էին գուրգուրում ինձ Դվնո արքայական պալատում։ Բայց, ավա՜ղ, վախենում եմ հավատալ, թե այդ բոլորից միայն մնալու են քաղցր հիշատակներ… և այս մանյակը, որ առաջին անգամ գրկեց իմ պարանոցը կենացս ամենաերջանիկ վայրկյաններում…