Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ՝ օրըս մունաթ չըքաշէ

բնագիր
Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ՝ օրըս մունաթ չըքաշէ

Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ՝ օրըս մունաթ չըքաշէ.
Թէգուզ հազար դարդ ունենամ՝ դարըս մունաթ չըքաշէ.
Ղաստ անիմ, բարու հանդիբիմ՝ չարըս մունաթ չըքաշէ.
Գըլուխըս չարէն ռադ անիմ՝ սարըս մունաթ չըքաշէ.
Էրեսըս հայալու պահիմ՝ արըս մունաթ չըքաշէ:

Հիռու տիղացէն գալիս իմ՝ խիլքի զարար շահ իմ բերի.
Հուջրէս լիքն է անգին լալով, ջավահիրչուն ահ իմ բերի.
Հընդու միջէմէն դուս էկած ղիմէթով մաթահ իմ բերի.
Տեսնողըն թահրըն չի գիդի՝ մէ հեստի քարգահ իմ բերի.
Հէստի տիղ դուքան բաց անիմ՝ զարըս մունաթ չըքաշէ:

Մէ բիռըս փռանգի ատլաս է, տալիս է շովղ ու շափաղաթ.
Մէ բիռըն՝ զար-ղալամքարի, տիղ ունէ վունցոր մագաղաթ.
Մէ բիռըս Չինումաչինն կու առնէ թամամ, փարաղաթ.
Մէ բիռըն ենգիդունիա է, մէ բիռըն՝ փարչայի խալաթ.
Վո՛ւնց ձիվիլ գ’ուզէ, վո՛ւնց կըտրիլ՝ կարըս մունաթ չըքաշէ:

Մէ բիռըն՝ ղըրմըզ ու զափռանգ, մէ բիռըն էլ զանջափիլ ա,
Մէ քանի բիռըս՝ դարիչին, մէ բիռըն էլ ղարանփիլ ա,
Բերնիրըն վըրայ չէ գալիս, հակնիրըս է սիլա-սիլա.
Անտակ ծովի միջէն հանած ակնիր ունիմ՝ լալ ու թիլա.
Մարգարիտըս շադա-շադա՝ շարըս մունաթ չըքաշե:

Շատ մարդ էստունք կու իմանայ, կ’օսե.«Հալբաթ սա զանգին ա».
Չին գիդի, թէ ուշք ու միտքըս հազար մէ բաբաթ հանգին ա,
Մարիփաթով քաղցըր լիզուն դիփունի վըրայ անգին ա.
Սայաթ-Նովէն էնդուր գուլայ՝ գըլուխըն մահու ճանգին ա.
Աստուաձ սիրողն ինձ ազատէ՝ եարըս մունաթ չըքաշէ:

թարգմանություն
Կուզեմ կյանքս անցկացնել որ՝ օրըս սևերես չըլնի

Կուզեմ կյանքս անցկացնել որ՝ օրըս սևերես չըլնի,
Թեկուզ հազար վիշտ ունենամ՝դարըս[1] սևերես չըլնի,
Ջանք անեմ, բարու հանդիպեմ՝ չարըս սևերես չըլնի,
Գլուխս չարից ազատեմ՝ որ այն սևերես չըլնի,
Երեսս ամոթխած պահեմ՝ պատիվս սևերես չըլնի:

Հեռու տեղիցը գալիս եմ՝ խելք խաթարող շահ եմ բերել,
Թարեքս լի անգին լալով, ակնագործին ահ եմ բերել,
Հնդկաստանի մեջից ելած արժեքավոր իր եմ բերել,
Տեսնողն կերպն չգիտի՝ այնպիսի դազգահ եմ բերել,
Մի այնպես տեղ խանութ բացեմ՝ ծախսս սևերես չըլնի:

Մի բեռս ֆռանկի ատլաս է, տալիս է շողք ու ճառագայթ,
Մի բեռս ոսկե գործվածք է, դիտվում է որպես մագաղաթ,
Մի բեռս Չինմաչինը կառնի լրիվ՝ գիտցիր հաստատ,
Մի բեռս ճերմակ կերպաս է, մի բեռն էլ՝ ընտիր խալաթ,
Ոչ ձևել կուզի, ոչ՝ կտրել՝ կարս սևերես չլինի:

Մի բեռս կարմիր ներկ, շաֆրան, մի բեռն էլ պղպեղի պես,
Մի քանի բեռս դարչին է, մի բեռն էլ մեխակի պես,
Բեռներիս կապը չի կապվում՝ հակներս է տռզածի պես,
Անտակ ծովի միջից հանած ակներ ունեմ լալ-ոսկու պես,
Մարգարիտս շարան-շարան՝ շարս սևերես չըլնի:

Մարդիկ կասեն «Սրա համար լալ ու գոհար ջրի գին է».[2]
Չեն իմանում ուշքս, միտքս հազար մի կարգին հանգին է,
Շենք-շնորհքով, քաղցր լեզուն ամենքի համար անգին է,
Սայաթ-Նովեն լաց է լինում՝ գլուխը մահի ճանկին է,
Աստված սիրողն ինձ ազատի՝ յարս[3] սևերես չըլնի:


  1. Դար — այստեղ՝ վիճակ
  2. Բնագրի «զանգինը» մեծահարուստ է նշանակում: Ջանացել ենք պահպանել ենթատեքստը (Ի. Ս.):
  3. «Յարս»՝ այստեղ մեր կարծիքով օգտագործված է բանաստեղծական ձիրքի, տաղանդի իմաստով: Համեմատության համար տես հայերեն 65-րդ խաղի 10-րդ տողը. «Ո՞վ կու հարցնե թե եար չունիս, խաղիրըդ եար, Սայաթ-Նովա» (Ի. Ս.):