* * *


Յոթը պոեմ
(ինտիմ)
Արուսին
1936-VI-13-14
Երևան
Գրեց՝ սիրով մեղսակարոտ
դպիրն երգահան Յե․․․ Չ․․․ց։

Մոտտո 1։
Ուլյալում, ուլալո՛ւմ
Էդգար Պո

Քեզ համար է գրել Ուայլդն իր "Սալոնեն"
Եվ Էդգար Պոն քեզ իր պոեմում անհուն
Կոչել միստիկ անվամբ - Ուլյալում։ -

Քեզ են երգել մի օր Մալարմե և Վերլեն, -
Եվ - Տերյանից հետո - ահա սիրով անտիկ -
Քեզ Չարենցն է երգում իր պոեմներն ինտիմ․․․՝

16.VI.1936
Երևան
+Յե․․․ Չ․․․ց+



* * *


Պոեմ առաջին

Տխրություն եվ ձոն

Դու - բոդլերյան պոեմ,-
Արո՛ւս սոնետ ես դու
Մարդու համար արդի։-

Թույլ տուր քնքուշ շոյեմ
Շրթունքներով իմ թույլ
Թավշե թերթերը քո
Կոնքերը վարդի․․․

12.VI.1936
Երևան
Գիշեր



* * *


Երկրորդ պոեմ

Սեր-մազոխական

Մեխվել է մամնիդ լուսե
Իմ սիրտը, որպես դաշույն։-
Թույլ տուր, Արո՛ւս քեզ լիզեմ
Որպես մի շուն։-

Տուր շրթունքներդ վարի
Լիզեմ իբրև վարդ․․․
Արո՛ւս, եղիր բարի,-
Ամոքիր ինձ արդ։—



* * *


Ախ, դեռ հպարտ էիր դու,
Չէ՛իր դեռ թեք,-
Եվ տալիս էր խնդում
Քեզ— արևը շեկ։ —

Քեզ ո՞վ — խոնավ շրթերով —
Մաշեց այնքան,-
Որ թեզվեցիր դու անզոր
Եվ ընկար- անկամ․․․

Էլ ո՛չ մի շոգ չշիջեց
Տեգըդ, որ բարձրանա։-
Միայն մշուշն հիշեց
Քո բարձր ու անահ-

Ոսկե հասակը կանգուն՝
Գգված հովերից,
Երբ՝ ծարավով անգոհ՝
Դու խինդ էիր վերին։-

Ախ, եթե քեզ գգվեր
Մի շող արևող-
Եվ քո հասակը ձգվեր՝
Կրկին արևոտ․․․

Բայց․․․ մշուշն է միայն
Քեզ արդ համբուրում․․․
Միայն նա՛ է, միայն նա՛
Քեզ ոլորում որերում․․․



* * *


Ախ, իմ եղեգ ոսկեձայն,
Իմ հուր՝ հանգած արդեն։-
Դու ել չես բարձրանա,-
Քեզ չեն գգվի էլ վարդեր․․․

Ինչքան էլ շոգ լինի արդ
Արևի լեզուն,-
Էլ չես կանգնի հպարտ՝
Հրերով կիզուն․․․

Էլ ոչ մի, ոչ մի նոր շոգ
Քո շնչով չի ցնծա,-
Օ, իմ մանկիկ անոգ,
Եղեգ իմ ոսկեձայն․․․

1936.13.-14-
Գիշեր-գիշեր․



* * *


Պոեմ յոթերորդ- վերջին։
Անկարելի Սեր
(Սոնետ)։

Օ, խեղճ հոգի՛ սա այսպե՛ս է․․․
Պոլ Վերլեն

Դուք երազվել ես ինձ իմ որերում այն դեռ,
Երբ ընդջրյա մեղսոտ շուշանների նման՝
Իմ իրանյան հոգու պարտեզներում ամա
Դեռ նոր էին բացվում մութ կրքերի վարդեր։

Ինձ հարազատ էին և սիրելի արդեն
Ձեր երգերի հետ՝ ձեր մեղսահմա
Անտի(կ)ական սիրո գեղեցկությունն անմահ,
Որ գաղտնաբույր հրով ինձ կախարդեց։

Ով ֆավնակիրք Վերլեն և մանկամարդ Ռեմբո,
Ձեր երգերի նման՝ ձեր կրքերի տարբեր՝
Երկու անհաշտ բուրմունք էլ իմ մեջ վառվեց։

Եվ- անհնար սիրո այդ կրկնաթույն տենդում-
Իբրև Ռեմբո- որքան եմ ես ինձ տրվել-
Եվ ընդունել ես ինձ՝ իբրև Վերլեն․․․

17-18
առավոտ
Յես Չ․պ․մ․