Դաշնակցականներին


(Ներբող քաղաքական)

Լծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
Որ սնվել է լոկ հրով ու արյամբ.-
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
Օ, դո՛ւք, արշինի՛ երկրպագուներ,
Ասպետներ ոսկու ու մաուզերի:
Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
Բազում սրերով զարկած աշխարքի
Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
Բռնակալների արնածոր կառքին:
Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
Որ հառնում էր այն դժնի օրերում-
Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
Այն ազգամիջյան սև նախճիրներում:
Դուք չէի՞ք, որ ողջ Ժողովուրդը իմ
Այն անօրինակ փորձության ժամին
Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:-
Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.-
Եվ դա - տերերի պայքարն է եղել
Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
Դա չդադարող պայքա՛րն է եղել
Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,-
Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի: -

Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
Դարերի՜ ավանդ մեր ժառանգության:-
Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
Այն հերոսական, հսկա պայքարի,
Որ ժողովո՛ւրդն է իմ երեկ վարել
Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛:
Դժգոհ է եղել իր վզին նստած
Բռնակալներից նա բազմապիսի,-
Դուք նրա վսեմ ընդվզումը այս
Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:-
Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
Լինելով անհաց վաստակի գործիք,-
Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:-
Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
Արհավիրքների հրե հորձանքում-
Դուք նրան դավել, մեջքի՜ց եք խփել
Ու տարել անվերջ անկումից անկում:-
Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,-
Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
Չի սազում նա ձեր արնոտ մռութին:
Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին․-
Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման,
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր․
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
Մեր երկրի անկախ արևի ներքո,
Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
Ոռնացե՜ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,-
Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա:-
Իսկ մինչ այդ՝ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ՝
Կերտում ենք ահա մի շենք վիթխարի,
Որ շիրիմն է ձեր լինելու հավետ:-
Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում,-
Եվ վաղվա անմար հավատով լցված՝
Երգում է քնարն իմ պղնձաձույլ․․․

1929