Դավիթ-բեկ
 Ժ
ԺԲ 

խոսում էին, թե օրիորդին բռնությամբ ցանկանում էին կնությալ տալ Լևանին, որին նա ատում էր, և հուսահատությունից մտածեց ջրախեղդ լինել։ Միևնույն ժամանակ ավելացնում էին, թե օրիորդը ծածուկ սիրում էր «մեկին», որի հետ ամուսնանալ չէր կարող․ իսկ ո՞վ էր այդ «մեկը», — ոչ ոք չգիտեր։

Թամարի հետ զբոսնող օրիորդները նույնպես այլ և այլ կերպով էին պատմում անցքը․ մի քանիսը ասում էին, թե նա ինքն իրան գետը գցեց, մյուսները ասում էին, թե անզգուշությունից ընկավ։ Սալոմեն, որ նրա մոտ էր դժբախտությունը պատահելու րոպեում, պատմում էր, թե օրիորդը մոտեցավ գետեզրին, նայում էր ջրի վրա, հանկարծ գետեզրի այն մասը, որի վրա կանգնած էր նա, փուլ եկավ, և նա գլորվեցավ գետի մեջ։ Այդ տեղը բավական բարձր էր ջրի մակերևույթից, երևում էր, որ տակից ջրով ողողված էր։ Նա ավելացնում էր, թե ինքն էլ անպատճառ միևնույն դժբախտությանը կհանդիպեր, եթե ուղիղ Թամարի մոտ կանգնած լիներ։

Սալոմեի պատմությունը ամենից ճիշտն էր և ավելի հավանական, մանավանդ, որ պատանի Դավիթը հաստատում էր միևնույնը։ Նա թաքցնելով նպատակը, որ բերեց իրան օրիորդների խումբի մոտ, մնացած պատմությանը այս ձևն էր տալիս․ թե ինքը թփերի մեջ որոնում էր մի ոչխար, որ այնօր կորել էր․ հանկարծ նրա ականջին հասավ օրիորդների արձակած ճիչն ու աղաղակը, վազեց դեպի այն կողմը․ տեսավ Թամարի գետը ընկնիլը, իսկույն նետվեցավ ջրի մեջ․ նրան բռնեց ուղիղ այն ժամանակ, երբ տակավին ջրի տակը չէր խորասուզված և կարողացավ երկար պահել մակերևույթի վրա։ Եվ եթե չհաջողվեց իսկույն դուրս հանել, պատճառն այն էր, որ գետի այն տեղումը հոսանքը սաստիկ սրընթաց էր։

Ինքը Թամարը, երբ մի քանի օրից հետո բոլորովին ուշի եկավ, ոչինչ չէր հիշում, ոչինչ պատմել չէր կարողանում, թե ինչպես պատահեց իր հետ վտանգը։ Նա բախտավոր էր համարում իրան նրանով միայն, որ ազատվեցավ Դավթի ձեռքով, և այն օրից իր անձը համարում էր նրա սեփականություն, և այն օրից պատանին բոլորովին պաշտելի դարձավ նրան։

Մեծ պարոնը և նրա տիրուհին Թամարին պատահած դժբախտության առաջին օրը, միանգամայն զբաղված լինելով իրանց հիվանդով, բոլորովին մոռացել էին նրա ազատչին։ Երկրորդ օրը, թեև հիվանդը դեռևս իրան լավ չէր զգում, մեծ պարոնը իր դրանիկներից մեկին ուղարկեց կանչելու Դավթին։ Նրան գտան ոչխարների հոտ մոտ, իր հովվական հագուստով։ Երբ հայտնեցին, թե մեծ պարոնը կանչում է, պիտի վարձատրե նրան, այդ միջոցին բարեսիրտ Սիկոն, ուրախության արտասուքը աչքերում, գրկեց պատանուն, ասելով․

— Դե՜, հիմա գնա, աստված բարի ճանապարհ տա, ես քեզ միշտ ասում էի, որ վերջը թավադ կդառնաս․ տեսա՞ր, կատարվեցավ իմ խոսքը։

Այդ խոսքերը այն աստիճան անկեղծ, սրտաշարժ էին, որ պատանին նույնպես չկարողացավ զսպել իր արտասուքը, և համբուրելով իր բարեկամի ձեռքը, ասաց․

— Ես ավելի ուրախ կլինեի, սիրելի Սիկո, եթե ինձ թողնեին միշտ քեզ մոտ մնալ, միշտ քեզ հետ լինել այս լեռների մեջ։

Հովվապետը նրան ճանապարհ դրեց, բավական հեռանալով իր հոտից։ Երբ բաժանվում էին, դարձյալ գրկեց պատանուն, ասելով․

— Տե՜ս, Դավիթ, չմոռանաս Սիկոյին։

— Շուտ-շուտ քեզ մոտ կգամ, Սիկո, — պատասխանեց նրան պատանին բարեկամական մտերմությամբ, — քեզ չեմ մոռանա։

Մեծ պարոնը նստած էր իր պալատի սրահում, որի ճակատը բաց, առջևից ցած վանդակապատով կտրած, մի ծածկոց էր․ այդ կացուցանում էր նրա ամառային դիվանատունը։ Այնտեղ մերկ հատակի վրա, որ ծեփած էր հասարակ կավով, դրված էր մի մեծ թախտ, կոշտ-կոպիտ շինված անգույն փայտից, և ծածկված պարսկական գորգով ու մի քանի բարձերով։ Նրա վրա նստած էր մեծ պարոնը իր անբաժան խորհրդականների հետ։ Այնտեղ էր տիրուհին, այնտեղ էր Թամարի խորթ մայրը, որոնց մեկը նստած էր մեծ պարոնի աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում։ Նրանցից ներքը շարված էին Արչիլը, Լևանը, Զաքարա և Ալեքսի թավադի որդիները։ Ժառանգը այդ ժամանակ, նրանց աչքի առջև, բակում խաղ էր անում մի փոքրիկ եղջերուի հետ, որ նրան ընծա էին բերել։ Բակում ման էին գալիս մի քանի հնդկահավեր և աղբերի միջից ճճիներ, պողոճներ էին որոնում։ Նրանց արուն փքված, կնճիթը երկարացրած, թևքերը գետնին քսելով, սիրային ախորժ հոգեզմայլության մեջ պտտվում էր իր նազելի էգերի շուրջը, երբեմն իր կոկորդային կռնչյունով աղմկելով բակի գերեզմանական լռությունը։

— Ձեր հնդկահավերն անցյալ տարի չավելացա՞ն, — հարցրեց Լևանը, որ վաղուց մի առարկա էր որոնում տիրուհու հետ խոսելու համար։ — Չավելալցան, — պատասխանեց տիրուհին հոգվոց հանելով․ — Կեկելի աչքը քարը կծակե (նրա խոսքը պառավ իշխանուհու մասին էր)․ անցյալ տարի ոտը կոտրվեր ու այստեղ չգար․ մտավ բակը, տեսավ երկու տասնից ավելի ճտեր բակումը ման էին գալիս․ «Վո՛ւյ մե, ասաց, այդ ի՛նչ սիրուն ճտեր են»․ նրանից հետո խեղճ ճտերը մինը մյուսի ետևից սկսեցին սատկել։

Այդ միջոցին մեծ պարոնի մարդիկը ներս մտան, իրանց հետ բերելով Դավթին։ Պատանին համարձակ կերպով առաջ եկավ, և գլուխ տալով, կանգնեց փայտյա վանդակապատի առջև, որ բաժանում էր բակը սրահից։

— Աստված է վկա, լա՛վ տղա է երևում, — խոսեց Արչիլը, ոտքից ցգլուխ նայելով պատանուն։

— Հա՛յ է․․․ — ասաց Լևանը, այնպիսի մի արհամարհական եղանակով, կարծես, հայը լավ լինել կարող չէր։ Նրա սիրտը ծակում էր այն նախանձը, թե ինչո՞ւ այդ «հայը» կարողացավ ազատել Թամարին, իսկ ինքը ոչինչով չկարողացավ օգնել նրան։

— Հայ է, բայց ղոչաղ տղա է, — պատասխանեց տիրուհին, որին դուր չեկավ Լևանի նկատողությունը։

— Հայ էլ կա, հայ էլ կա․ ամեն հայ խո մեկը չէ՞, — պատասխանեց Զաքարա և Ալեքսի թավադի որդիները։ Նրանք միշտ միասին էին խոսում։

Իր խորհրդականների հիշյալ նկատողությունից մեծ պարոնը արդեն բավական նպաստավոր գաղափար կազմվեց Դավթի վերաբերությամբ, և դառնալով նրան, ասաց․

— Դու մահից ազատեցիր Թամարին, Դավիթ, ասա՜, ի՞նչ ես ցանկանում, որ ես տամ քեզ քո քաջության փոխարեն։

— Ես ձեր ողջությունն եմ ցանկանում, մեծ պարոն, — պատասխանեց պատանին սյունեցու համարձակությամբ։ — Ես ինձ այսքանով ևս բախտավոր են համարում, որ կարողացա մի փոքրիկ ծառայություն անել իմ տիրոջը։

Մեծ պարոնի բոլոր խորհրդականները զարմացած միմյանց երեսին նայեցին։ Պատանու համեստ, խելացի պատասխանը բոլորին հաճո թվեցավ, բացի Լևանից։ Նրանք չէին կարող երևակայել, որ մի հայ, որ մի հովիվ ընդունակ լիներ այսպես խոսելու։

— Պահանջիր, որդի, ինչ որ ցանկանում ես, ես կտամ քեզ, — կրկնեց մեծ պարոնը։

Պատանին իսկույն չպատասխանեց։ Նա մտածում էր՝ չոքել իր տիրոջ առջև, նրա ոտները համբուրել և հայտնել նրան, թե ինքը սիրում է Թամարին և Թամարն էլ սիրում է իրան․ թե աշխարհի բոլոր փառքը, բոլոր հարստությունը իր աչքում արժեք չունեն, միայն թե Թամարը իր կինը լիներ։ Բայց նա այդ չխնդրեց․ նա իրան դեռ այնքան անարժան էր համարում, որ Թամարի մասին մտածելն անգամ թվում էր նրան չափազանց անհամեստություն։

— Մեծերի կամքը սուրբ է, — պատասխանեց պատանին, երբ մեծ պարոնը մյուս անգամ դարձավ նրան․ — ինչ որ շնորհելու լինի իմ տերը, ես գոհ կլինեմ և աղոթող նրա թանկագին կյանքի համար։

— Աստված է վկա, այդ տղան լավ տղա է, — դարձյալ խոսեց Արչիլը։ — Երկար հարցուփորձ պետք չէ, Դավիթը թավադության արժանի է, — ավելացրեց նա։

— Արժանի է, — կրկնեց տիրուհին, հաստատելով Արչիլի խոսքը։ — Պանդուխտ է, օտարական է, այստեղ ոչ ոք չունի, ես նրան կվերառնեմ մեր տանը, որպես իմ որդու ընկեր և նրա դաստիարակ։ — Տեսնո՞ւմ եք, ի՛նչ խելացի տղա է․ այսքան խելք մեր վարդապետներն էլ չունեն։

Պատանին հովվի օգնականից հանկարծ դարձավ մեծ պարոնի ժառանգի ընկեր և դաստիարակ, մի քանի խելացի պատասխանների պատճառով, որ նա դուրս էր բերել Տաթևի վանքից։ Նրա ուրախությանը չափ չկար, թեև նա զգուշությամբ թաքցրեց։ Ոչ թավադությունը և ոչ էլ ժառանգի հետ ընկերակցությունը չէին հրապուրում նրան։ Նա ուրախ էր այն անսպասելի բախտով, որ պիտի ընդունվի մի տան մեջ, ուր բնակվում է Թամարը։

Պատանու ուրախությունը նկատեց միայն Թամարի խորթ մայրը, որին հայտնի էին Դավթի սիրային հարաբերությունները օրիորդ հետ։ Եվ նա, որ մինչև այն րոպեն լուռ էր, արդարացրեց տիրուհու ցանկությունը, ասելով․

— Այդ լավ կլինի, շատ լավ կլինի, եթե այս տղային կընդունեք մեր տան մեջ։ Ես էլ իմանում եմ, որ Դավիթը շատ խելացի տղա է․ նա մինչև անգամ գրել կարդալ էլ իմանում է։

Վրացու կինը իր խելքով միշտ բարձր է տղամարդից․ այդ իսկ պատճառով կանանց վճիռը իսկույն իրագործվեցավ։ Մեծ պարոնը հրամայեց տանել պատանու հագուստը փոխել և իր հանդերձարանից նրան լավ խալաթներ ընծայել։ Հետո նա հրամայեց գրել Դավթի թավադության հրովարտակը, որպեսզի, իբրև ազնվական, նա արժանավորություն ստանա մտնել իր դրանիկների կարգը և ընդունված լինել պալատում։ Բայց ի՞նչ սատանայական խորամանկություն էր, որ դրդեց Թամարի խորթ մորը համաձայնվել տիրուհու հետ, — այդ մենք կտեսնենք հետո։ Իսկ Դավթի հրովարտակը գրելու համար դեռ բավական դժվարություններ կային։ Այնտեղ, դիվանատան մեջ նստած խորհրդականներից և ոչ մեկը գրագետ էր։ Մեծ պարոնի քարտուղարը, նրա միակ գրագիրը՝ Գաբրիել սարկավագը այնտեղ չէր։ Իսկ Գաբրիելին գտնելը նույնպես հեշտ բան չէր։ Մարդ ուղարկեցին նրան որոնելու։

Գաբրիելին գտան մի գյուղացու խրճիթում, գինու լիտրան կշտին դրած, նստել էր։

— Կգրեմ, ցավդ տանեմ, կգրեմ, ասում էր նա տանտիրոջը, — մի այնպիսի գիր գրեմ, որ եթե քարի վրա դնես, քարը կծակե։

Գաբրիելի հրաշալի գիրը, որ պիտի քարը ծակեր, շարժեց տանտիրոջ ուրախությունը, որը շնորհակալությամբ դարձավ դեպի սարկավագը, ասելով․

— Գրի՜ր, ցավդ առնեմ․ կինս մեկ շաբաթից ավել գժվածի նման է, գլխումը խելք չի մնացել։

— Ո՞րտեղից խելք մնա, — գոչեց պառկած հիվանդը ցնցոտիների տակից, — մեռնում եմ, մեռնում․․․

Հիվանդի միայն ատամն էր ցավում և ծնոտի մի կողմը փոքր-ինչ ուռած էր։ Գաբրիելը մի այնպիսի զորավոր գիր պիտի գրեր, որը կապելով ծնոտի վրա, համ ուռուցքը պիտի խափանվեր, համ էլ ատամի ցավը պիտի կտրվեր։

Երբ Գաբրիելը լսեց, որ իրան պալատում կանչում են, վերկացավ, տանտիրոջը ասելով․

— Երեկոյան գիրը կբերեմ, ցավդ առնեմ, բայց տասնևերկու հատ ձու պիտի պատրաստ ունենաս, մինչև չստանամ չեմ տա, առանց դրան չի լինի։ Նա ուշադրությամբ շարժեց գինու լիտրան, և նկատելով, որ միջի հեղուկը բոլորովին սպառվել է, դուրս եկավ գյուղացու խրճիթից և սկսեց դիմել դեպի պալատը։

Գաբրիլի հայտնվելը պալատում շարժեց ընդհանուր ծիծաղ։

— Էլի գլորվում է Գաբրիելը, — նկատեց Արչիլը, նրան հեռվից տեսնելով։

— Եթե այդ հարբելը չունենար, նրա հատը ողջ Վրաստանում չէր գտնվի, — ասաց մեծ պարոնը․ — անիծածը ծովի չափ գիտություն ունի։ Ի՞նչ ասես, որ նա չէ կարդացել․ Սաղմոս, «Ղարամանիանի», մինչև անգամ «Վեփրիս տըղավոսանի»։ Քանի օր առաջ մի նամակ էի ստացել Աբխազեթից, վանքի բոլոր վարդապետներին կանչել տվի, բոլորն էլ էշի նման կանգնեցին, մնացին․ ոչ մեկը կարդալ չկարողացավ․ հենց որ Գաբրիելը առեց ձեռքը, ջրի պես վազեց։

Գաբրիելը գլուխ տվեց, և որպես վայել էր պալատի քարտուղարին, բարձրացավ, նստեց թախտի վրա։

— Դե՜, Գաբրիել, գրիչդ ու թանաքամանդ քոքիր, — ասաց նրան մեծ պարոնը, — գրելու բան ունես։

Գաբրիելը պղնձե թանաքամանը, գոտիի մեջ խրած, միշտ պատրաստ էր։ Նրան ման էր ածում իր հետ քարտուղարը ոչ միայն իբրը ապացույց իր անհուն գիտության, այլ առավել որպես նշան այն բարձր պաշտոնի, որ նա վարում էր պալատում։ Նա ուներ ճիշտ այն թանաքամանների ձևն ու նմանությունը, որ մինչև այսօր գործ են ածում Էրզրումի և Վանի կողմերի հայերը։ Նրա երկայն, խողովակաձև փողի մեջ կային եղեգնյա գրիչներ, գրչահատ և փոքրիկ պղնձե գդալ՝ մեջը ջուր ածելու համար։ Այդ թանաքամանը, որ գուցե երկրորդն էր ամբողջ Մցխեթի մեջ, մեծ պարոնը ընծա էր ստացել մի տեղից և իր կողմից ընծայել էր քարտուղարին։

Որովհետև ամիսների ընթացքում հազիվ էր պատահում մի բան գրել, այդ պատճառով Գաբրիելի թանաքամանը միշտ ցամաք էր լինում։ Այդ հանգամանքը բոլորին ծանոթ լինելով, Թամարի խորթ մայրը, առանց խնդրելու, վեր կացավ և մի ամանով ջուր բերեց, որ նա ածե թանաքամանի մեջ։ Թեև այդ գործողության համար թանաքամանի խողովակի մեջ փոքրիկ գդալ կար, բայց Գաբրիելը գործը ավելի հեշտացնելու համար ձեռքը կոխեց ջրի ամանի մեջ և բռնեց թանաքամանի վրա․ թրջված մատերից ջուրը սկսեց կաթկաթել նրա մեջ։ Այնուհետև թրջված ձեռքը սրբեց իր փարաջայի փեշով։

Թանաքամանը կազմ և պատրաստ էր․ մնում էր եղեգնյա գրիչներից մեկի բթացած ծայրը սրել․ երբ այդ աշխատությունն էլ վերջացավ, քարտուղարը մի առանձին հպարտությամբ դարձավ դեպի ատյանը, ասելով․

— Հիմա թուղթ տվեցեք, որ գրեմ։

Այդ ամենադժվար խնդիրն էր․ թղթի մասին դեռ ոչ ոք չէր մտածել։ Ամբողջ պալատում ման եկան, ամեն տեղ որոնեցին, ոչ մի պատառ թուղթ չգտան։ Հետո ուղարկեցին վանքը․ այնտեղ էլ չգտնվեցավ։ Բայց վանահայրը այնքան հնարիմաց էր, որ մեծ պարոնի մարդուն ձեռնունայն հետ չդարձրեց․ նա կտրեց մի հին գրչագիր գրքի կազմից մի թերթ մագաղաթ և ուղարկեց։ Հրովարտակների գրելու ձևը Գաբրիելը «հայր մերի» նման անգիր գիտեր․ հարկավոր էր միայն հարցնել անունը, հոր անունը, մնացածը նրան հայտնի էր։ Պատանի Դավթին կանչել տվին հոր անունը հարցնելու համար։ Այժմ լվացված, հագնված, զարդարված Դավիթը այլևս առաջվա հովիվ Դավիթը չէր։ Նա իր նոր հագուստի մեջ երևում էր մի վայելչահասակ, շնորհալի պատանի, որ իսկույն իր վրա դարձրեց բոլորի ուշադրությունը։

— Քրիստոս վկա, այդ տղան հենց մորից ծնված է թավադ լինելու համար, — գոչեց Արչիլը ծափահարելով։

Արչիլի ենթադրությունը սխալ չէր․ Դավիթը իսկապես ազնվական ծագումից էր, թեև ինքը չգիտեր այդ։ Նա տոհմակից էր Սյունյաց երկրի Օրբելյանների հետ, բայց նրա հայրը աղքատանալով, հասարակ գյուղացիների կարգն էր ընկել։

Քարտուղարը մագաղաթի թերթը դրեց մի կտոր տախտակի վրա, և տախտակը դնելով իր ծնկի վրա, այսպիսով կազմվեցավ նրա գրասեղանը։ Սկսեց գրել։ Որքան և վարժ էր նա գրելու մեջ, այսուամենայնիվ, մի քանի ժամ տևեց, մինչև ավարտեց իր գործը։ Երբ բոլորովին պատրաստ էր, սկսեց կարդալ միևնույն ձայնով, միևնույն եղանակով, որպես կարդում էր նա եկեղեցում ավետարանը։ Հետո մագաղաթի թերթը իր թանաքամանի հետ դրեց մեծ պարոնի առջև։ Մնում էր կնքել նրան։ Մեծ պարոնը մատը թաթախեց թանաքամանի մեջ, նրանով մրոտեց իր մեծ, քառանկյունի կնիքը, որ մի թելով միշտ կախ տված ուներ գոտիից, և կնքեց հրովարտակի ճակատը։ Նրանից հետո ինքը քարտուղարը, Արչիլը, Լևանը, Զաքարա և Ալեքսի թավադի որդիները, — Վրաստանի այդ հինգ առաջնակարգ պետական մարդիկը, — վավերացրին իշխանական հրովարտակը իրանց կնիքներով։

— Եկ, զավակս, — ասաց մեծ պարոնը, դառնալով դեպի պատանին և մագաղաթի թերթը մեկնելով նրան․ — բարով վայելես։

Դավիթը մոտեցավ, չոքեց մեծ պարոնի առջև և, նրա հագուստի դրոշակը համբուրելով, ընդունեց հրովարտակը։