Դավիթ-բեկ
 ԼԳ
ԼԵ 
ԼԴ

Բարգյուշատի վիճակի Եղվարդ գյուղը Արծվանիկից (այսինքն Ֆաթալի խանի և մելիք Ֆրանգյուլի բնակության տեղից) մեկ ու կես մղոն հազիվ հեռավորություն ունե։ Եղվարդի մոտ գտնվում է մի նեղ դաշտ, որ մինչև այսօր կոչվում է Նարգիզլու-զամի։ Այդ անունը նշանակում է նարգիզների կամ շուշանների դաշտ։ Եվ իրավ, այդ ծաղկազարդ դաշտը արժանի է իր անունին։ Շրջապատած անտառախիտ լեռներով և գեղեցիկ, կանաչազարդ բլուրներով, այդ դաշտը ներկայացնում է երկրի շքեղ բնության հիանալի տեսարաններից մեկը։

Պատմությունը լռում է այդ դաշտի մասին[1]։ Բայց ժողովրդական ավանդությունը շուշաններ և նարգիզներ բուսեցնող դաշտի մասին բոլորովին այլ կարծիք է հայտնում։ Նա ասում է, այդ շուշանները, այդ նարգիզները բուսնիլ սկսան այն օրից, երբ հայոց քաջերի արյան կաթիլները թափվեցան այդ դաշտի վրա։ Նա պատմում է այն սարսափելի կռվի բոլոր մանրամասնությունները, որ տեղի ունեցան մեկ ու կես դար առաջ։

Լուսնկա գիշեր էր։ Նարգիզների դաշտում միայնակ թափառում էր բաց, թավահեր գլխով, բոբիկ ոտներով, երկայն, սպիտակ կտավյա շապիկը հագած մարդը։ Նա թափառում էր դիակների մեջ, որպես Եղիշեն Ավարայրի դաշտում։ Դեպի ամեն կողմ տիրում էր մահվան լռությունը։ Հրացանների ձայնը, սուրերի շառաչյունը, մարդիկների կատաղությունը բոլորովին դադարել էր։ Լսելի էին լինում միայն դեռ չհանգստացած վիրավորների դառն հառաչանքները։

Նա անցնում էր, ինչպես մի ուրվական, դանդաղ, չափավոր քայլերով։ Դիակների մեջ մեկին որոնում էր նա։ Նրա աչքերը, որ սովոր չէին լաց լինելու, այժմ լցված էին արտասուքով, — դառնության և սրտմցության արտասուքով։ Նա իր շուրջը սփռված էր տեսնում խաբեության և ստոր դավաճանության հազարավոր զոհերը։ — Դավաճանություն մի հայի իր ազգակից եղբայրների դեմ։ Այդ էր նրան բարկացնում։

Երկար թափառում էր նա։ Երբ որ խնդրած դիակը գտնել չկարողացավ, իր քայլերը ուղղեց դեպի մերձակա բլուրը, բարձրացավ նրա գագաթի վրա, սկսեց նայել դեպի իր շուրջը։ Լուսնի լուսով, այդ բարձրահասակ մարդը, իր երկայն, սպիտակ շապիկով, նկարված էր բլուրի գագաթի վրա, որպես մի սպիտակ արձան։ Նա ականջ էր դնում, հետազոտում էր բոլոր ձայները, որ լսվում էին նրա շրջակայքում։ Հետո կամաց-կամաց ցած իջավ բլուրից, բռնեց Արծվանիկի ճանապարհը, սկսեց առաջ ընթանալ։

Այժմ ավելի շտապով էր փոխում իր քայլերը․ ստեպ նայում էր դեպի երկինքը, որպես մի մարդ, որ ժամանակը չկորցնելու համար շուտ-շուտ նայում էր ժամացույցին։ Քանի րոպեից հետո նա անհետացավ մթին ձորերի մեջ։

Շտապով գնում էր նա։ Այսպես անցավ մի քանի ձորեր, մի քանի բլուրներ։ Հանկարծ կանգ առեց։ Մի ձայն գրավեց նրա ուշադրությունը․

— «Եթե մինչև արևի ծագելը կարողանայի դուրս գալ այստեղից․․․»։

Այս խոսքերը գրավեցին նրան դեպի այն կողմը, որ կողմից լսվում էին։ Նա տեսավ մի մարդ, երկու ձեռքով գլուխը բռնած, թուփերի միջով սողում էր։

— Ո՞վ ես, — հարցրեց նրանից։

— Վիրավոր եմ։

— Տեսնում եմ, որ վիրավոր ես, բայց ես այդ չեմ հարցնում։

— Երբ վիրավորին տեսնում են, էլ ուրիշ բան չեն հարցնում, շտապում են օգնել։

Նրա պարանոցը ետևի կողմից կիսով չափ կտրված էր․ արյունը դեռ հոսում է․ երիտասարդը երկու ձեռքով պինդ բռնել էր գլուխը, որ ցած չընկնի։ Անծանոթը իսկույն դուրս բերեց իր մախաղի միջից մի քանի կտավիք և փաթաթեց վերքը։ Արյունը դադարեց։

— Այդ դրության մեջ դու ինչպե՞ս հասար մինչև այստեղ, — հարցրեց անծանոթը։ — Գիտե՞ս որքան ճանապարհ ես անցել։

— Գիտեմ, ավելի քան մեկ մղոն։ Այդ դրության մեջ էլ առաջ կգնայի, մինչև շունչս կտրվեր․․․

— Հիմա դու ինձ կասե՞ս, թե ով ես։

— Ես Մելիք-Փարսադանյան Բալի զորապետն եմ[2]։ — Լսել եմ քո անունը։ — Ձեզ այստեղ թողնել չէ կարելի, ո՞ւր կցանկանայիք, որ տանեին ձեզ։

— Հալիձոր գյուղը, իմ հոր տունը։

Անծանոթը մտածության մեջ ընկավ․ ինքը տանել, հասցնել վիրավորին իր հոր տունը չէր կարող, որովհետև այն ժամում նա ուրիշ ավելի կարևոր, ավելի անհրաժեշտ հոգսեր ուներ, իսկ այնպես անխնամ թողնել նրան, նույնպես չէր կարելի։ Վիրավորը, կարծես, նկատեց անծանոթի մտատանջությունը և ասաց նրան․

— Այդ անտառների, այդ մացառների մեջ անկարելի է, որ մեր զինվորներից չգտնվեն․ աղետալի կռվից հետո մնացածները ցրիվ եկան այդ լեռների ծմակներում։ Իմ մոտ այնքան ձայնի ուժ չէ մնացել, որ կարողանամ կանչել նրանց։ Դուք միայն ձայն տվեցեք «Բեկ», նրանք որտեղ որ են, կհայտնվեն, այս մեր այս գիշերվա նշանաբանն է։

Անծանոթը թողեց վիրավորին, բարձրացավ մի ժայռի վրա, և մի քանի անգամ իր սուր, ձգական ձայնով կրկնեց նշանաբանը։ Ծառերի միջից հայտնվեցան երկու հոգի։

— Տարեք ձեր զորապետին, որտեղ ինքը ցանկանում է, — ասաց նրանց, ցույց տալով վիրավորին։

Նրանք մոտեցան և գրկեցին զորապետին։

— Ես չի պիտի գիտենամ, թե դուք ո՞վ եք, — հարցրեց վիրավորը, — որ ձեր երախտիքը անմոռաց պահեմ իմ սրտում։

— Ես անուն չունեմ, — պատասխանեց անծանոթը․ — ինձ կոչում են իմ կարգի անունով․ ես մի դերվիշ եմ։

Դերվիշը հեռացավ և շարունակեց գնալ Արծվանիկի ճանապարհով։

Կռիվը սկսվեցավ վաղ առավոտյան, Եղվարդ գյուղի մոտ, Նարգիզների դաշտում։ Մելիք Ֆրանգյուլի գլխավոր դավաճանությունը նրանումն էր, որ նա թշնամու ուժերը անհամեմատ շատ փոքր էր ցույց տվել Թորոս իշխանին։ Մինչև անգամ թաքցրել էր, որ Աղասի խանը (Ֆաթալի խանի կրտսեր եղբայրը) իր առանձին զորախմբով պիտի օգնե եղբորը։ Այսուամենայնիվ, հայոց զորքերը աներևակայելի հերոսությամբ կռվում էին, թեև թվով տասնապատիկ փոքր էին, քան թշնամու զորությունը։ Դերվիշը, գալով պատերազմի դաշտը, խիստ վաղ հայտնեց Թորոսին մելիք Ֆրանգյուլի խաբեության մասին, բայց իշխանը չհավատաց նրա խոսքերին և պատասխանեց․

— Եթե նա կդավաճանե ինձ, ես դարձյալ մի մեծ կորուստ չեմ ունենա․ շատ-շատ այդքան միայն կարող է անել, որ իր երկու հազարով կանցնե թշնամու կողմը։

Թորոս իշխանը իր զենքի հաջողության արբեցության մեջն էր գտնվում։ Ոչինչ չէր վհատեցնում նրան, ոչինչից երկյուղ չուներ, երբ նկատում էր, որ մահմեդականների բազմությունը, հունձքի որաների նման, հազարներով տապալվում էին հայոց սրերի և գնդակների առջև։

Աղասի խանը, վերք ստանալով, սպանվեցավ։ Նրա զորախումբը, որ բաղկացած էր ավելի քան ութ հազար հոգուց[3], մեծ մասամբ ջարդվեցավ։ Ոչ սակավ ջարդվեցան և Ֆաթալի խանի զորքերը․ նրանք սկսեցին հետզհետե տեղի տալ կռվի դաշտից։

Իր երկու հազարով կռվում էր մահմեդականների հետ և մելիք Ֆրանգյուլը։ Նա բռնլ էր մի առանձին ամուր դիրք, որտեղից հարձակումներ էր գործում։ Նա բավական հեռու էր հայոց զորաբաժիններից, այդ պատճառով ոչ ոք չէր նկատում, որ նրա զինվորները առանց գնդակների, դատարկ հրացաններ էին արձակում թշնամու վրա։

Երեկոյան պահուն, երբ արեգակը մայր մտնելու մոտ էր, պարսիկները բոլորովին կոտորված, սկսեցին փախչել։ Հայոց զորքերը հետամուտ եղան և հալածում էին նրանց։ Այդ առիթ տվեց ուշադրություն չդարձնել այն հարմար դիրքերի վրա, որ սկզբից բռնել էին հայերը։ Նրանք բարձրություններից իջան նեղ դաշտի մեջ, որ երկու կողմից սեղմված էր լեռներում։ Այդ միջոցին դավաճանը կատարեց իր չար դիտավորությունը։

Երբ պարսիկները փախչում էին և հայերը հալածում էին նրանց, ետևից վրա հասավ մելիք Ֆրանգյուլը և սկսեց հայերին ջարդել։ Նույն ժամանակ հետ դարձան և փախչող պարսիկները, երկու կողմից հայերին մեջտեղ առեցին, սկսվեցավ սարսափելի կոտորածը։ Տեղի դիրքը նպաստեց նրանց, որովհետև դա մի նեղ դաշտ էր, ինչպես ասեցինք, երկու կողմից սեղմված լեռներով, իսկ առջևից և ետևից բռնված էր թշնամու զորքերով։ Հայերը մնացին երկու կրակների մեջտեղում։ Մի կողմից պարսիկները, իսկ մյուս կողմից՝ մելիք Ֆրանգյուլը իր նման հայերով․․․

Կոտորածը դեռ շարունակվում էր, մինչև գիշերային խավարը բոլորովին պատեց կռվի դաշտը։

Ինքը Ֆաթալի խանը վերք ստացավ․ նրա եղբայր Աղասի խանը սպանվեցավ։ Սպանվեցավ և հայոց զորքերի գլխավոր հրամանատարը՝ Թորոս իշխանը։ Այդ հզոր առյուծի ամբողջ մարմինը պատած էր վերքերով, բայց դեռ կռվում էր։ Նա ընկավ քաջի և հերոսի մահով։

Հայոց մյուս զորապետներից Մելիք-Փարսադանյան Բալին վերք ստացավ պարանոցի վրա (դրան տեսանք մենք)։ Իշխան Ստեփաննոս Շահումյանը գերի բռնվեցավ։ Նրա ձին գնդակահար լինելով, ցած ընկավ և տակով արեց իշխանին․ այդ միջոցին պարսիկները վրա հասան և գերեցին նրան։ Զորապետներից ազատվեցավ Մելիք-Նուբարը, որը միայն հազար և չորս հարյուր հայ զինվորների հետ ողջ մնաց սարսափելի կոտորածից․․․[4]։

Տողատակեր

խմբագրել
  1. Պատմությունից այդքանը միայն հայտնի է, որ կռիվը կատարվեցավ Եղվարդ գյուղի մերձակայքում։
  2. Էր ընդ կոտորեալսն՝ նաեւ Բալի զօրավարն, որդի Մէլիք-Փարսադանին, որոյ պարանոցն կիսով չափ հատեալ ընկեցեալ էին ի բացի մերձ ի Խոտանան։ Ուստի յետ սակաւուց իբրեւ ուշաբերեալ լինէր, կալեալ ձեռօք զգլուխն ի վերայ իւր երթայր մտանէր ի մացառս վայրացն մինչեւ մութ գիշերոյն, եւ ի գիշերի յուղի անկեալ գայր, եւ յետ երից աւուրց ի Հալիձոր հասանէր։
    Պատմ․ Դաւիթ-բէկին եր․ 41։
  3. Պատմությունը այդ ճակատամարտի մեջ թշնամու զորությունը 80 հազար հոգուց բաղկացած է ցույց տալիս․ չափազանցություն կա թվի մեջ։
  4. «Բայց Մէլիք-Ֆրանգիւլն Երիցվանիկ (Արծուանիկ) աւանին, որ եւ ասք Կարմիր-վանք ի Կողմանս Բարգիւշատայ, գրեաց առ Թորոսն այսպէս․․․ (նամակի օրինակը մենք թողեցինք)։ Այլ զայս ամենայն անօրէն մտօք, նենգաւոր խորհրդով գրէր, զի ի ծուղակս թշնամւոյն զնա անկանիցէր, առ ի հաւատարիմ ցուցանել զինքն Սուլթանին (Ֆաթալի-խանին)։ Եւ ոչինչ փոյթ եղեւ նման լինելն անհաւատարիմ, նենգաւոր, թշնամի աստուծոյ իւրոյ, և ժողովրդեանն մատնիչ է սատակիչ․․․
    Եւ հաւատաց Թորոս բանից նորա, եւ ել գնաց միամտութեամբ եւ եհաւ ի յԵղւարդ, որ է ի սահմանս Բարգիւշատայ ինքն եւ ամենայն զօրքն իւր, է բանակեցաւ անդ։ Եւ եկն առ նա Ֆրանգիւլն երկու հազարաւ, եւ եկաց ի մի կողմն Թորոսին։
    Եհաս անդը եւ Բաթալի Սուլթանն (Ֆաթալի-խանը) եւ եղբայր նորին Աղասի խանն բազում զօրօք, քան որչափ էր ընդ Թորոսին, կրկնապատիկ, եւ եռապատիկ, եւ առաւել եւս իբրու ութսուն հազարաւ։ Եվ իբրև ճակատեցան ընդդէմ իրերաց զօրքն Սուլթանին եւ զօրքն Թորոսին, զօրքն Սուլթանին փախստեալ լինէին, եւ սոքա զհետ լինէին նոցա։
    Եւ մինչդեռ վանեալս առաջի տանէին զնոսա, անօրէն Ֆրանգիւլն զարս արձակէր զկնի Սուլթանին․ եւ ասէ, զի՞նչ գործէք, զիա՞րդ փախչիք, դարձարո՛ւք ի կրունկս, զի ահա ես ընդ ձեզ եմ, դուք ի յառաջոյ, եւ ես զկնի սոցա, խորտակեսցուք զսոսա։ Ես արարին այնպէս, եւ պաշարեցին զզօրսն Թորոսին ի յառաջոյ, եւ զկնի, եւ սկսան կոտորել, եւ զԹորոս սպանին, եւ միայն հազար չորեքհարիւր արք գերծեալ ի նոցանէ անկան ի Չաւնդուր, եւ մնացեալքն ամենեքեան անկան անդ։
    Ահա զայպիսի մեծ անօրէնութիւն գործեաց Ֆրանգիւլն, եւ ոչ այսչափ միայն, այլ եւ առաւել հաճոյանալոյ վասն Սուլթանին, և ցուցանելոյ հաւատարիմ զինքն, ուրացաւ նաեւ զհաւատն»։
    Պատմ․ Դաւիթ-բէկի եր․ 22, 23, 24։