Դարբնից թագավոր

Դարբնից թագավոր


Նա դարբին էր, երիտասարդ, գեղեցիկ էր, գանգրահեր,
Ամուր, ուժեղ թիկունքներով, քաջակորով, անվեհեր։
Դարբնոցի մեջ ծանր մուրճը դողդողում էր նրա ձեռքին,
Իսկ հարվածից ծանր սալը կարծես խրվում էր գետին։
Նա մի փոքրիկ խրճիթ ուներ և մի սիրուն նշանած,
Որից սիրված և սիրում էր՝ հոգին, սիրտը նվիրած։
Ամուսնական միայն թագը, քահանայի օրհնություն
Նրանց կապելու սպասում էին սերտ կապերով հաստատուն։
Եվ երջանիկ ապագայի մտազբաղ հույսերով
Յուր դարբնոցում աշխատում էր քաջն ավելի եռանդով։
Հանկարծ տխրեց։ Հայրենիքի հայտնվեցավ թշնամին.
Վտանգի մեջ էր Հայրենիքը և յուր սիրուն սիրուհին...
Եվ բորբոքվեց զորավիգն, քաջ դարբընի տաք արյուն,
Եվ նրա սրտում Հայրենիքի հանկարծ բռնկեց սեր անհուն։
Նա թող տվեց սալ, մուրճ, կռան,— գնո՜ւմ եմ,— ասաց սիրուհուն,
Առավ սուրը, գնաց դաշտը — դեմ հանդիման թշնամուն։
Սարսափում էր ահեղ դաշտը նրա ծանր ոտքի տակ,
Նրա հուժկու, ահեղ ձայնից դղրդում էր ողջ բանակ։
Եվ նրա ճարպիկ հարվածներից, որպես հասկը մանգաղից,
Ընկնում էին հառաչելով թշնամիքը ահալից...
Սակայն բախտը նրան մատնեց.— գերեց նրան թշնամին,
Այո՛, գերեց խարդավանքով, որպես աղվեսն առյուծին։
Գերեց տարավ յուր երկիրը՝ ձեռքը, ոտքը շղթայած,
Որպես անարգ դատապարտյալ, որ մահին է մատնված։
Եվ նա գնաց, բայց անտրտունջ, լուռ, մտազբաղ ու տրտում,
Որպես որսած ահեղ առյուծ երկաթյա պինդ վանդակում։
Եվ այն երկրին տիրապետող թագուհի էր մի այրի.
Մանկամարդ էր և գեղեցիկ, որպես հուրի հրաշալի։
Գերի քաջին տարան նրա մոտ։— Նա հիացավ նրա տեսքով.
Եվ հրամայեց, որ ազատեն նրան շղթայից, ասելով.
«Թեպետ շղթան շատ սազում է վեհությանդ, ո՛վ դու քաջ,
Բայց այս թագն ավելի է, ավելի է և՛ իմ աջ։
Եղի՛ր դու իմ ամուսինս և թագավոր դու եղիր.
Դու իմն ես, ես քոնն եմ, քոնն է և՛ իմ ողջ երկիր»։
Եվ վեհ քաջի չսպասելով պատասխանին, թագուհին
Հրամայում է, որ հագցնեն արքայական ծիրանին։
Եվ հանելով թագն յուր գլխից, շուտ ծածկում է նրա գլխին,
Եվ յուր սպիտակ, փափուկ ձեռքը ուժով դնում է նրա ձեռքին...
Եվ այդ օրից քաջ դարբինը ապրում է նրա պալատում,
Նա գերի է, որպես թռչուն ոսկիապատ վանդակում։
Ոչինչ իսպառ չէ գրավում նրա սիրտը, նրա հոգին,—
Ո՛չ ծիրանին և ո՛չ թագը, ո՛չ իսկ հուրի թագուհին...
Նա շրջում է լուռ ու մռայլ, որպես օրը աշնային.
Նրա մտքում — Հայրենիքն է, յուր դարբնոցն, յուր սիրուհին։

23 հունիսի 1887.