ԴԱՐՁ ԴԵՊԻ ՄՈՒՍԱՆ

Ա՜խ, ինչո՞ւ դու էլ, իմ գողտրիկ Մուսա,
Հեռացար ինձնից, ձգեցիր մենակ,
Ինչո՞ւ էլ հոգուս չես ազդում ավյուն,
Ո՛չ էլ իմ սրտին տալիս ես կրակ։

Գրիչս Ժանգոտել, քնարըս լռել,
Արտիս մեջ սերըն ու խանդը սառել,
Հին հիշատակներ մոռացման տված
Աչքս սև մահվան դեմքին եմ հառել։

Ապրում են մարդիկ առաջվա նման,
Վայելում ուրախ կյանքը հեշտարար,
Ամեն տեղ բերկրանք, խնդում ու ծիծաղ,
Ամեն տեղ սիրո գողտրիկ տուր և առ…

Ես միայն տխուր, ճակատս կնճռոտ
Շրջում եմ մարդկանց մեջն ինչպես ուրու`
Փախչելով լուսից, կյանքից, վայելքից,
Տանջվել եմ ուզում ամենքից հեռու…

Պտրում եմ մռայլ, մենավոր վայրեր,
Գերեզմանական խաղաղ լռություն,
Որոնում լուսնի տխրամած շողեր,
Մահվան գրկի մեջ նիրհող բնություն,

Ուր կարողանում մտածել միայն
Սրտերը մաշող վշտերի մասին,
Քննել գաղտնիքը չարի գոյության
եվ խորհուրդը յուր տված վնասին։

Գիտենալ ինչու՞ նա աշխարհի մեջ
Թագավորում է ազատ, համարձակ,
Թե ծերի սրտում և թե՛ պատանու
Սահման գրավում այդքան ընդարձակ։

Ինչու և՛ կնոջ մանկամարդ սիրտը,
Խոստացող լինել՝ սրբության խորան,
Ծնում է նույնպես ահավոր չարիք,
Լարում է անմեղ ընկերին դարան։

ինչո՞ւ և այնտեղ, ուր սիրո ծառը
Ուռճացել, ծաղկել, պտղում էր բարին,
Սողում էր օձը մահաբեր շունչով
Եվ թունավորում պտուղը ծառին։

Ինչո՞ւ… բայց զուր հարց, երբեք չիմացա
Թե ինչո՞ւ բարվո ուղին է անձուկ,
Իսկ չարինը լայն, ազատ, վարդալից,
Անշուշտ դա Վերին խորհուրդն է ծածուկ։

Թողնեմ ուրեմն չեմ ուզում այլևս
Հետամուտ լինել այդ գաղտնիքներին,
Չեմ ուզում հիշել վշտերը կյանքիս,
Ո՛չ էլ դավաճան գործերը չարին…

Դառնում եմ, ահա՛, նորից դեպի քեզ,
Դեպի Պառնասի բարձունքը խաղաղ,
Առաջվա նման պատկառոտ ու հեզ,
Կրծքումըս դարձյալ նույն սիրտը մատաղ։

Տենչում եմ քո սուրբ ձեռից ճաշակել
Վշտի մոռացման նեկտարը անգին,
Նորից ստանալ հավատ, հույս ու սեր,
Նորից անմեղին փարիլ ջերմագին.

Եվ առուգացած քո մաքուր շունչով
Ներբողել սերըն արդար սրտերի,
Բարվույն,գեղեցկին սիրահար հոգվով՝
Վերանալ, սուզիլ խորքը եթերի…

Բաց ինձ, ուրեմն, քո սիրտը փափուկ,
Սեղմիր, ջերմ կրծքիդ իմ սիրտը սառած
Վանիր նրանից թե վիշտ, թե տաղտուկ,
Թե ժանդ ցավերը հինուց մթերած.

Եվ թող իմ հոգին ճախրելով ազատ՝
Վերանա երկինք, թե իջնե դժոխք,
Ամեն տեղ երգե հույս, սեր ու հավատ,
Չհիշե, չարին, չկարդա նզովք…: