ՍԵՐՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ

1

Տխրամած խցիս անկյունը նստած՝
Աղոթում էի ես ջերմ հավատով,
Հեռու աշխարհի ունայն փառքերեց,
Բարվույն հետամուտ, չարից անվրդով։
Հանդերձս անշուք, տնակս աղքատ,
Չունեի ես կահ, կարասի ու գանձ,
Անկողինս լոկ խղճուկ փսիաթ,
Կերակուրս ջուր և ցամաքուկ հաց։

Չէի տրտնջում, այդ էլ բավ էր ինձ,
Իբր աշխարհատեաց մի կրոնավորի,
Սիրտս միշտ խաղաղ, մտքերս անբիծ՝
Կատարում էի պարտքս անթերի։
Ոչ մի ճգնություն և ոչ մի զրկանք,
Դեռ չէին զորել ճնշել իմ հոգին,
Ոչ էլ մահառիթ որևէ վտանգ
Կարող էր դրժել տալ ինձ իմ ուխտին։

Իբր սրբանվեր անապատական
Հավատում էի հանդերձյալ կյանքին,
Հուսալիր հոգվով սպասում նըրան—
Հավիտենական բարվույն ու փառքին։
Երջանիկ էի ես այդ ժամանակ
Իբրև նորատի և անհոգ մանուկ.

Անծանոթ էին ինձ ներքին տանջանք
Սրտամաշ հառաչ, գաղտնի արտասուք…

Արևն ինձ համար ծագում էր ուրախ,
Բնությունն՝ անվերջ ժպտում երեսիս.
Լուսինն՝ ինձ մտքեր թելադրում խաղաղ,
Գիշերը հանգիստ քուն բերում աչքիս…


2

Սակայն… ո՜հ, անե՜ծք այն չար վայրկենին,
Որ հոգվույս նախկին հանգիստը խլեց,
Եվ որ պահապան իմ հըրեշտակին
ճակատիս գիրը ջնջել արգելեց։
Եվ կարող էի միթե գուշակել
Թե՝ մենաստանի սրբարանի մեջ,
Ուր հսկումն, աղոթքը, մրմունջ ու տաղեր
Վառում են մեր մեջ լոկ «երկնային սեր».
Ուր աշխարհային հրապույրները
Չեն հաղթահարում մարդկային հոգին,
Ուր սրտերի մեջ լռում կրքերը,
Սուրբ զգացմունքներ վառվում են ուժգին.
Թե օծյալ, սրբյալ այդ վեհավայրում,
Մի զույգ աչերի կրակոտ նայվածքեն
Պիտի բորբոքեր իմ դժբախտ սրտում
Սիրո և հրո մի անշեջ գեհեն…:


3

Հիշում եմ. ամռան երեկո էր այն,
Վարդավառ տոնի նախատոնեքին,
Ուխտավորների ստվար բազմությամբ
Լցված էր վանքի մեր եկեղեցին:
Եվ ահա այդտեղ, խորանի առաջ,
Տեսի ես նըրան խնկարկման ժամին.
Չէ՛ր նա հոգեղեն, ա՛յլ հոգի անմահ՝

իջած երկնքից մարմնով մարդկային։
Հասակը մատաղ, դեմքը վայելուչ,
իբրև ցողածին գարնան առավոտ,
Հայացքը անմեղ, ժպիտը վարդի՝
Աղոթում էր նա շրթամբ պատկառոտ.
Հրաշագեղ աչերն հառած դեպի վեր,
Շուշան դաստակներ սեղմած պերճ կըրծքին,
Տեսա, հիացա, քիչ մնաց ձեռքես
Խնկալիր բուրվառն ընկնում էր գետին…

Կանգ առի հանկարծ. կարծես ականջիս
Երկնային մի ձայն շշնջաց թաքուն՝
— «Մի հանդգնիր դու խանգարել նըրա
Ջերմեռանդ սրտի աղոթքը զեղուն…»։

Եվ արձանացա ես նըրա առաջ
Ինչպես մի ապուշ, անշարժ ու անքայլ,
Աչքերս անթարթ, բերանս կիսաբաց
Դիտում էի յուր դեմքը լուսափայլ։
Եվ ահա շրջեց նա յուր սեգ աչեր,
Նայեց ինձ մեղմով… հուզեց ողջ հոգիս,
Եվ յուր երկնային լուսալիր բբեր
Շանթեր մխեցին խորքերը սրտիս։

Ի՞նչ պատահեց ինձ, չեմ հիշում, հանկարծ
Աղոթող մարդիկ չքացան աչքես,
Լռեցին, կարծես, դպիրք երգասաց
Եվ խոր հառաչանք դուրս թռավ սրտես։
Փոքր մի ևս, և ես ծնկաչոք
Պիտ խոնարհեի գեղանու առաջ
Երկրպագելու այն «հրաշակերտին»,
Որ մեր աշխարհին շնորհել էր Աստված,
Սակայն հիշեցի իմ ահավոր ուխտ.
Դողացի ինչպես անարգ հանցավոր.
Թողեցի տաճարն, ելա սրտաթունդ,
Ինձ լալու համար ընկա լեռ ու ձոր…։

4



Մութը պատել էր։ Երկնքի վրա
Փալփլում էին անհամար աստղեր.
Եվ խավարապատ լեռների ետքից,
Ծագում էր լուսնի շառագույն լապտեր։

Նայեցի, վանքում լռել էր արդեն,
Ոսխտավորների տոնական աղմուկ.
Ամեն տեղ մարել կրակ ու ճրագ,
Եվ մարդիկ հոգնած քուն մտել խորունկ։

Տխուր, վշտակոծ ելա անտառից,
Քայլերս ուղղեցի դեպի մենաստան,
Որպեսզի գիշերն ազատ փորձանքից,
Եվ խաղաղ խցում առնեմ օթևան։

Բայց ո՞ր հանցանքիս համար, չգիտեմ,
Հալածում էր ինձ իմ բախտը դաժան.
Այնտեղ, ուր եկա հանգիստ պտրելու,
Ինձ նոր տանջանքներ եկան հանդիման։

Վանքից դուրս` կանաչ կա մի դարևանդ.
Ուր սավառնում են խրոխտ նոճիներ,
Եվ ուր բխում է աղբյուր ադամանդ,
Հեզիկ սահելով դեպ հեռու ձորեր.
Ուր կան վարդենիք և մրտենիներ,
Եվ ուր ծաղկում է վայրենի շուշան,
Ուր քանի մի լուռ, տխուր շիրիմներ,
Ծածկում են հին հարց նշխարք սրբազան։
Այդտեղ, մամռապատ մի ժայռի վրա
Գեղանի աչերն հառած դեպ լուսին`
Ես դարձյալ տեսի… հ՞ո, երազ չէր սա.
Տեսի, այո՛, նույն հրաշալի կուսին…

Ինչպես Ադինյան դարաստանների,
Մի հրաշակերտյալ մարմարե արձան,
Կանգնած էր այդտեղ նա լուռ և տխուր,
Ժպիտը սառած շուրթերի վըրան։

Ո՞ւմն էր սպասում նա այդտեղ մենակ՝
Այդ խորհրդավոր, գիշերվա պահուն,
Ո՞վ պիտի հծծար նրա ականջին,
Վշտի՞, թե՞ սիրո շշունջներ թաքուն…
Ո՞վ էր այն ընտրյալն, որին գրկաբաց
Ու սիրաժպիտ տի նա ընդուներ,
եվ որին բախտի ձեռքը անարդար,
Կշռել էր այդքան մեծագին նվեր…
Չկարողացա գուշակել իսկույն,
բայց և հառաչել չհանդգնեցա,
Այլ սգատերև նոճյաց ստվերում,
Անշունչ ու անշարժ արձան մի դարձա:

—«Մի՛ մի՛, թաքչիր դու, բարի վանական,
եկ, մոտեցիր ինձ առանց երկյուղի».
Խոր լռության մեջ լսվեցավ հանկարծ,
Գեղալուր ձայնը երկնային կուսի։

Սիրտս թունդ ելավ, հոգիս այլայլվեց
Այս անակընկալ դյութական ձայնից,
եվ ողջ էությունս ասես թե թմրեց
Մի երանական քաղցր զգացումից։
Առաջ անցա ես, բայց անհամարձակ.
Մերձենալ նըրան ես չը իշխեցի.
Իբրև երկնային մի ոգու առաջ
Դողղողացող շրթամբ ձայն արձակեցի,
—«Ո՞վ ես դու, ասա, աստուծո կամոք
երկնքից իջած ոգի՞ կամ հրեշտա՞կ,
Որ մեկին սև մահ, մյուսին՝ կյանք պիտ տաս,
Թե՞ մեր աշխարհի մահացու զավակ…»։

Ժպտաց գեղանի. և լուսին լուսով
Լուսավորված դեմքն ու շրթանց կամար
Ծածկվեցան վարդի շուշան շողերով.
Խոսել ըսկսավ ինձ հետ հեզաբար.

—«Չեմ ես հրեշտակ և ոչ էլ ոգի,
Այլ մի մահացու, մի սին ուխտավոր,
Որ ակամայից հանցանք գործեցի՝
Գերելով սիրտը սրբասուն մի հոր։
Տեսա ես այսօր թե ինչպես հեգիս
Հայացքը հոգիդ խռովեց հանկարծ,
Թե ինչպես հուզված թողեցիր պաշտոնդ
Ելար տաճարից, հեռացար անդարձ։
Սիրտս շարժվեցավ, գթացի ես քեզ,
Զի հուզմանդ պատճառ չէր ինձնից անհայտ,
Բոլոր օրը քեզ պտրեցի վանքում,
Ցանկացա քավել հանցանքս անպարտ.
Բայց իմ աշխատանքն անցավ ապարդյուն,
Չհանդիպեցի ես քեզ ոչ մի տեղ,
Ուստի երբ, ահա, գիշերը հասավ,
Եկա քո դարձին ըսպասել այստեղ։
Ների՛ր, այժմ ինձ, ով հայր սրբասուն,
Ների՛ր, որ սրտումդ հուզեցի հրապույր,
Եկ և ի նշան ներմանդ անկեղծ,
Տուր իմ ճակատին սուրբ սիրո համբույր…»։
Ասաց և ժայռից իջավ գեղանին,
Պարզեց դեպ ինձ յուր շուշան բազուկներ.
Այլևս ոգի չէր նա այդ ժամին՝
Այլ դյուցազնուհի սիրույն անվեհեր…։

Մոտեցա իսկույն և բազկատարած
Սիրաշունչ գիրկս բացի գեղանուն,
Սեղմեցի նըրան թռթռուն սրտիս,
կամեցա համբույր տալ վառ շուրթերուն։
Հանկարծ ղողանջեց վանքի զանգակը,
Սարսուռը պատեց մարմինս ու հոգիս,

Վեր թռա տեղից… Եվ սա երազ էր,
Անողորմ բախտը ծաղրել էր խեղճիս…։

Եվ տեսնի ինձ դեռ անտառում պառկած,
Գլուխս մամռոտ ժայռերին հենած,
Լույսը բացվում էր, թռչունը երդում,
Զանգակը տխուր ղողանջում վանքում…
Հրավիրում էր նա միաբաններին`
Ժողովվիլ տաճար, աղոթել աստծուն,
Եվ նրանք, հարկավ, աղոթում էին,
Բայց չէին հիշում անառակ որդուն.
Որին բախտն անգութ դարձուց խաղալիք
Եվ անկարեկիր ծաղու նշավակ,
Որի սիրտը հեգ գերեցին վանքում
Եվայի դստեր աչեր սևորակ…»

____



Իսկ ես այդ օրից դարձա «խելագար»
Այդ անունը ինձ տվին սուրբ հայրեր.
Եվ արտաքսվեցա իմ վանքից իսպառ,
Ապավեն եղան լեռներ ու ձորեր։
Եվ թափառում եմ ես բոլոր տարին
Կիսամերկ բոկոտն, անպատսպարան,
Հոգվող հանելով լուռ արտասվելով`
Պտրում եմ ՆՐԱՆ և միայն ՆՐԱՆ…։